Հունիսի 29-ին Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհուրդը խորհրդակցություն էր անցկացրել‚ որից‚ ինչպես միշտ‚ շատ ժլատ տեղեկություն է ներկայացվել։ Ըստ հաղորդագրության՝ խորհրդակցության գլխավոր թեմաներից մեկը վերաբերում էր հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացներին առնչվող հարցերի քննարկմանը։ Ավելին ոչինչ գրված չէր։ Սակայն վերլուծական շրջանակների համար դա բավականին հետաքրքրական տեղեկություն էր. դա նշանակում է‚ որ հետխորհրդային տարածքի երկրների հետ կապված՝ Ռուսաստանում լուրջ ծրագրեր ու նախագծեր են մշակվում‚ որոնք արդեն հասունացել-հասել են այն փուլին‚ որ քննարկվում են Անվտանգության խորհրդի նիստում։
Սա այն ֆոնային նրբերանգն է‚ որը պետք է հաշվի առնել Հայաստանում ընթացող և ապագայում տեղի ունենալիք գործընթացները վերլուծելիս։ Երբ Ռուսաստանում խոսում են հետխորհրդային տարածքում երկրների հետ հարաբերությունների մասին‚ նշանակում է‚ որ Ռուսաստանն ակտիվացնելու է իր գործողություններն ու ներկայությունն այդ հանրապետություններում‚ անկասկած նաև Հայաստանում։
Առանձնապես ոչ մեկի համար գաղտնիք չէ‚ որ հայ-ռուսական միջպետական հարաբերությունները‚ երկու երկրների ղեկավարների փոխշփումներն ամենևին էլ լավագույն մակարդակում չեն։ Այս պարագայում ընդդիմադիր սեգմենտում տեղի ունեցող գործընթացները կարող են էլ ավելի մեծ հետաքրքրություն առաջացնել՝ հաշվի առնելով‚ որ Ռուսաստանը՝ առնվազն որպես տարածաշրջանային գերտերություն‚ Հայաստանում ակնհայտորեն ունեցել է‚ ունի և ունենալու է իր հետաքրքրությունները‚ գործիքակազմն ու մեր երկրի իշխանության ձևավորման‚ ներքին քաղաքականության վրա ներազդելու լծակները։
Այս համատեքստում Հայաստանում կորոնավիրուսային պանդեմիայի և սոցիալ-տնտեսական ճգնաժամի խորացմանը զուգընթաց առավել հետաքրքիր են դարձել ընդդիմադիր ճամբարում տեղի ունեցող զարգացումներն ու հեռանկարները։
Ի՞նչ է տեղի ունենում ընդդիմադիր ճամբարում։ Վերջին 1,5 ամսվա ընթացքում ընդդիմադիր քաղաքական ուժերը ոչ միայն փորձում են դիրքավորվել‚ կայանալ‚ իրենց խաղը խաղալ‚ այլև նկատվում էին համախմբման նշաններ։ Եվ հիմնականում կանխատեսվում էր‚ որ այդ կոնսոլիդացիան կարող է լինել մի ընդհանուր նպատակի շուրջ՝ կառավարության հրաժարական ու հակաճգնաժամային կառավարության օրակարգի ձևավորում։ Թե «Բարգաված Հայաստանը»‚ թե «Հայ հեղափոխական դաշնակցությունը»‚ թե «Հայրենիք»‚ թե «Մեկ Հայաստան» և թե «Ազգային օրակարգ» կուսակցությունները‚ ըստ էության‚ առանձին-առանձին գրեթե նույն օրակարգով հայտարարություններով էին հանդես գալիս։ Դրա գագաթնակետը դարձան ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ իշխանությունների ծավալած գործողությունները‚ երբ Ծառուկյանի կալանավորումը հետաձգվեց, կամ վերջինս դուրս մնաց իշխանությունների օրակարգից։ Պարզվեց‚ որ ընդդիմության համախմբման շուրջ կան խնդիրներ‚ և նախնական հնգյակից ընդդիմադիր ձևաչափում մնացին երեք ուժեր՝ ԲՀԿ-ն‚ «Հայրենիք» կուսակցությունը և ՀՅԴ-ն։ Մյուս երկուսը‚ ըստ էության‚ այս կամ այն ձևով հայտարարությունների մակարդակով հրաժարվեցին միասնական ձևաչափով հանդես գալուց‚ թեև կառավարության հրաժարականի և հակաճգնաժամային կառավարության ձևավորման օրակարգը բոլորի մոտ էլ առաջնային էր։ Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ սա բնական գործընթաց է‚ քանի որ տարբեր ծագումնաբանություն և քաղաքական վեկտոր ունեցող ուժերին բավականին դժվար է նստեցնել մի սեղանի շուրջ ու փաստաթուղթ ստորագրել տալ‚ եթե այդ պահին չկա երևացող ընդհանուր‚ թեկուզ տակտիկական նպատակ։ Այս դեպքում գոնե կարճաժամկետ շրջանում կարելի է համախմբվել‚ փորձել հարցը լուծել և արդյունք գրանցել։ Տվյալ դեպքում կա ընդհանուր նպատակ՝ հեռացնել Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմը‚ սակայն դեռևս մինչև վերջ չի հասունացել արդյունքի տեսլականը։ Այդ իսկ պատճառով յուրաքանչյուրը փորձում է ընդհանուր տիպի հայտարարություններ տալով‚ այնուամենայնիվ‚ մնալ իր իդեոլոգիայի և աշխարհաքաղաքական տեսլականի շրջանակներում։
Ակնհայտ է‚ որ ընդդիմադիր ուժերը երկու հիմնական բևեռի են բաժանվել։ Առաջինում «Բարգավաճ Հայաստանն» է‚ «Հայրենիքը» և «Դաշնակցությունը»։ Վերջիններս շարունակում են համատեղ հանդիպումները‚ քննարկումները՝ խորացնելով իրենց համագործակցությունը‚ ռեսուրսները միավորելու գործընթացը։ Պետք է նկատել‚ որ այս ուժերը Ռուսաստանի հետ սերտագույն հարաբերությունների կողմնակից են‚ որոնք ամենայն հավանականությամբ, ունեն իրենց սերտ արտաքին քաղաքական կապերը աշխարհաքաղաքական այդ բևեռի հետ։ Չի բացառվում‚ որ այդ բևեռին կարող են հարել նաև այն քաղաքական ուժերը‚ որոնք առնչություն ունեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Սա‚ սակայն‚ տեսականորեն‚ քանի որ դեռևս պարզ չէ‚ թե դատական գործընթացներում գտնվող Քոչարյանը կուզենա՞ որևէ դերակատարում ունենալ հայաստանյան ապագա պրոցեսներում։ Սակայն ակնհայտ է‚ եթե վերջինս միանա որևէ գործընթացի‚ ապա կմիավորվի թերևս այս բևեռի հետ։
Ընդդիմադիր մյուս բևեռի առանցքում‚ ամենայն հավանականությամբ‚ կլինի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր գլխավորած «Հանրապետական» կուսակցությամբ։ Սերժ Սարգսյանը տեսանելիորեն ակտիվացել է և առիթը բաց չի թողնում գործող իշխանություններին քննադատելու թե արտաքին‚ թե ներքին քաղաքական ասպարեզներում‚ թե սոցիալական ցանցերում։ Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ ՀՀԿ-ին մոտ կարող են լինել «Ազգային օրակարգն» ու «Մեկ Հայաստանը»։ Այս բևեռին մոտ է կանգնած նաև Միքայել Մինասյանը։ Այս բևեռն աշխարհաքաղաքական առումով ձգտում է ներկայանալ ավելի կոմպլեմենտար‚ սակայն ըստ ռուսական կողմի՝ ՀՀԿ-ն ու նրա ղեկավար Սերժ Սարգսյանն ավելի շատ դիտարկվում են որպես արևմտամետ‚ որ միշտ առիթն օգտագործել են‚ որպեսզի Հայաստանի աշխարհաքաղաքական ուղղվածությունը թեքեն դեպի Արևմուտք կամ գոնե փոքր-ինչ նվազեցնեն Ռուսաստանի դերակատարումը։
Այսպիսով՝ մենք ունենք ընդդիմադիր երկու ուղղություն‚ որտեղ տեղավորվում են այս դաշտում առկա ուժերը։
Նկատենք‚ որ այն բևեռը‚ որի կազմում են ՀՅԴ-ն‚ ԲՀԿ-ն ու «Հայրենիքը»‚ ըստ էության‚ այն ուժերն են‚ որոնք‚ այսպես կոչված‚ թավշյա հեղափոխության ընթացքում և դրանից հետո էլ սատարում էին հեղափոխությանը։ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ոչ միայն ապահովեցին Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու գործընթացը խորհրդարանում‚ այլև սկզբնական ամիսներին կոալիցիոն կառավարության մաս էին կազմում։ Դեյուրե Նիկոլ Փաշինյանը հենց նրանց է պարտական վարչապետ դառնալու համար։ «Հայրենիք» կուսակցության և նրա առաջնորդ Արթուր Վանեցյանի մասին խոսելն էլ ավելորդ է։ Այս գործիչն ասպարեզ դուրս եկավ միայն իշխանափոխությունից հետո և երկրի առնվազն երկրորդ դեմքն էր։ Ուշագրավ է‚ որ այս ուժերը շատ արագ դուրս եկան իշխանությունից՝ համալրելով անհաշտ ու արմատական ընդդիմության շարքերը։
Այլ պատկեր է նախկինների շուրջ։ Վերջիններս‚ որոնք տարօրինակորեն շատ հեշտությամբ հանձնեցին իշխանությունը‚ ինչը կոնսպիրոլոգիական վարկածների տեղիք է տալիս‚ շատ երկար ժամանակ ինչ-որ պայմանավորվածությունների շրջանակներում կարծես թե անձեռնմխելի էին՝ ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի։ Պատահական չէ‚ որ շատերն ընդգծում են‚ որ հեղափոխության օրերին մերժեցին Սերժին‚ սակայն ազատությունից զրկվեց Ռոբերտ Քոչարյանը։ Սակայն ինչ-որ փուլից սկսած՝ կարծես թե իշխանության հանձնման-ընդունման պայմանավորվածությունները խախտվեցին‚ ինչի պատճառով կտրուկ փոխվեց ՀՀԿ-ի ու Միքայել Մինասյանի մարտավարությունը։ Իր տեսանյութերով Միքայել Մինասյանն ապամիֆականացնում է Նիկոլ Փաշինյանին՝ ինչ-որ չափով բացելով նաև թավշյա հեղափոխության իրական խոհանոցը։ Վերջին տեսանյութում Միքայել Մինասյանը‚ կենտրոնանալով ամեն ինչի վրա‚ այնուամենայնիվ չասաց‚ թե ով է եղել եփած ճաշի խոհարարը‚ այլ կերպ ասած՝ հեղափոխության իրական ճարտարապետը։
Նկատենք‚ որ խորհրդարանում կա մեկ ուժ՝ «Լուսավոր Հայաստանը»‚ որը թեև ֆորմալ առումով ընդդիմադիր է‚ սակայն Սահմանադրական դատարան չդիմելու պատմությունից հետո լյուստրացիայի ենթարկվեց‚ ու հասկանալի դարձավ‚ որ «Լուսավոր Հայաստանն» ընդդիմադիր անվանելը‚ մեղմ ասած‚ ճիշտ չէ։ Ըստ շատ վերլուծաբանների՝ սա դրական պրոցես է‚ քանի որ առաջիկա քաղաքական մարտերից առաջ շատ կարևոր է‚ որպեսզի դաշտը մաքրվի‚ և ընդդիմադիր ձևացող, սակայն իշխանամետ ուժերը բացահայտվեն։ Պատահական չէ‚ որ «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց‚ որ իր դեմ ամենակատաղի պայքարը մղում են նախկինները։ Ըստ էության‚ նա օգտագործեց նույն գործիքակազմը‚ ինչ իր գործընկերը՝ Նիկոլ Փաշինյանը։ Մարուքյանը‚ ընտրելով փաշինյանական մարտավարությունը‚ փորձեց ամեն ինչ սև-սպիտակի վերածել և արդարացնել իր անգործությունը՝ միամիտ լսարանին ասելով‚ թե չի ցանկանում ջուր լցնել նախկինների ջրաղացին։
Այսպիսով՝ ընդդիմադիր դաշտում տեղի է ունենում դիրքավորում։ Ընդ որում‚ այդ դիրքավորումները‚ ներքին զարգացումները‚ պատրաստությունները տեղի են ունենում իշխանության համար ոչ բարենպաստ արտաքին ֆոնի վրա‚ ինչը լրացուցիչ հնարավորություններ է տալիս ընդդիմությանը։ Եվ ընդդիմությունը չի կարող իրեն շռայլություն թույլ տալ ու չօգտվել իշխանության բացահայտ տապալումներից։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ