Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Նարցիսները լավագույն քաղաքական գործիչներ են

Նարցիսները լավագույն քաղաքական գործիչներ են
13.06.2020 | 10:17

Նա, ով զգում է իր գերազանցությունը մյուսների նկատմամբ, սիրում է արտահայտել իր կարծիքը, մասնակցել քաղաքականությանը: Լա՞վ նորություն է՝ գրում է Սեբաստիան Հերմանը Süddeutsche Zeitung-ում:

Կոպենհագենի բիզնեսի դպրոցից Զոլտան Ֆացեկասը և Պիտեր Հեյտմիտը Փենսիլվանիայի համալսարանից իրենց ուսումնասիրությամբ պարզել են, որ նարցիսականությունն ու քաղաքական ակտիվությունը փոխկապակցված են: Ինքնահիացման միտումը քաղաքական գործընթացներին մասնակցելու խթան է՝ բանավեճերին, հայտարարություններին, ցույցերին: Գիտնականները վերլուծել են ԱՄՆ-ում ու Դանիայում հավաքված 5000 մարդու ներկայացուցչական տվյալները: Նրանց ի թիվս այլ հարցերի՝ հարցնում էին՝ ինչպես են մասնակցում քաղաքական որոշումների ընդունման գործընթացին: Նրանք նաև խնդրել են հարցվածներին լրացնել անձի նարցիսականության հարցաշարը (NPI-40): Հիմնականում առավել ակտիվ էին նրանք, որ բարձր արդյունքներ ունեին NPI-40 տեստով, նրանք առավել հաճախ էին շփվում պատգամավորների հետ, ստորագրում էին հայտարարություններ, քաղաքական նպատակներով նվիրատվություններ էին անում և առավել ակտիվ էին քննարկումներում՝ թե օնլայն, թե օֆլայն: «Ընդհանուր պատկերը՝ քաղաքական գործընթացներին մասնակցում են մարդիկ, որ հավատում են իրենք իրենց և իրենց համարում են մյուսներից ավելի լավը»՝ գրում են գիտնականները: Այդ փոխկապը անկախ է քաղաքական հայացքներից՝ լինեն աջեր կամ ձախեր, առաջադիմականներ թե պահպանողականներ, նարցիսականության հակումի ու քաղաքական ակտիվության փոխկապակցվածությունը միատեսակ է:

Հետազոտությունը ցույց է տալիս, որ սեփական կարևորության և մյուսների նկատմամբ որոշակի գերազանցության զգացումը ոչ միշտ է վատ հետևանքների հանգեցնում: Ժողովրդավարությունը գոյություն ունի, որովհետև քաղաքացիները մասնակցում են քաղաքական կյանքին, ոչ թե քննարկումների ժամանակ լուռումունջ նստում են: Բայց դա երկու ծայր ունեցող փայտ է՝ եթե որոշումների ընդունման վրա ազդեն միայն իրենց եսի գերազանցության զգացում ունեցողները, իսկ սկեպտիկները լռեն, հասարակական բարեկեցությունը, իհարկե, կտուժի: Դասական նարցիսը նախևառաջ հետապնդում է միայն սեփական շահը:
Սեբաստիան Հերման, Süddeutsche Zeitung


Հ.Գ. Պատահաբար դուք նարցիս չե՞ք: Ափսոս: Եթե նարցիս եք, քաղաքականության դռները ձեր առաջ բաց են, բայց դուք մեծ հաջողության կհասնեք, եթե ձեր սիրելի էգոյին հավելեք աշխարհաքաղաքական գոնե տարրական գիտելիքներ ու կոնկրետ խնդիրներ կարողանաք բարձրացնել ու լուծել: Եթե նարցիս չեք, բայց ունեք բնական խելք ու վերլուծական միտք, քաղաքականության դռները նույնպես բաց են ձեր առաջ և կարող եք մեծ հաջողության հասնել, եթե ճիշտ պահին ճիշտ տեղում լինեք: Պարզապես դուք պոպուլիստ չեք դառնա և կմնաք ձեր խաիզմայի հույսին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9531

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ