Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Մենք չենք գնա մեր դրոշը փոխելու սխալ ուղիով»

«Մենք չենք գնա մեր դրոշը  փոխելու սխալ ուղիով»
20.11.2012 | 12:30

Առաջին հայացքից այն ամենը, ինչ այս օրերին տեղի էր ունենում «հաղթական» լոզունգներով զարդարված Չինաստանի մայրաքաղաքում և Չինաստանի կոմկուսի 18-րդ համագումարում, շատ էր հիշեցնում սովետների երկրի «սրբազան ծեսերը». շողարձակ կարմիր աստղերի, հսկայական մուրճ ու մանգաղի ներքո վիթխարի բոսորագույն դահլիճում հավաքվել էր 2270 պատվիրակ, որոնք ներկայացնում էին լայնատարած երկրի բնակչության բոլոր խավերը (բացի այն, որ համագումարին ներկա էին երկրի յոթ ամենահարուստ մարդիկ, առաջին անգամ այնտեղ էին նաև վերջին տարիներին գյուղերից խոշոր քաղաքներ տեղափոխված «վերաբնակեցված բանվորների» բազմամիլիոնանոց շերտի 26 ներկայացուցիչներ): Նույնանման կոստյումներ հագած մարդկանց կուռ շարքերը համերաշխորեն «ձեռք էին տնկում» նախապես փորձարկված «միաձայն» քվեարկությունների ժամանակ, հիմներ էին երգում և հարգում մեռած ընկերների հիշատակը: Այդ թվում` Մաո Ցզեդունի, թեև շատ փորձագետներ նախօրեին բազմանշանակ նշում էին, որ չկային կուսակցական մի շարք փաստաթղթերում նրա աշխատությունների նախկինում պարտադիր վկայակոչումները: Հենց այստեղ էլ, թվացյալ միահամուռությամբ և հանգստությամբ, ընտրվեցին կուսակցության և երկրի ապագա, «հինգերորդ սերնդի ղեկավարները»: Սակայն արտաքին նմանությամբ հանդերձ, չին կոմունիստների համագումարը թե՛ մթնոլորտով, թե՛ մասնակիցների տրամադրվածությամբ մեծապես տարբերվում էր ԽՄԿԿ-ի լճացած, իրականությունից կտրված հավաքներից:
Իրավիճակը տարբերվում է ոչ միայն այն պատճառով, որ համաշխարհային ճգնաժամի պայմաններում Չինաստանը բավական հաջողությամբ շարունակում է զարգանալ, դարձել է աշխարհի երկրորդ տնտեսությունը և վճռականորեն տրամադրված է 2020 թ. հավասարվելու ԱՄՆ-ի տնտեսությանը: Եվ ոչ միայն այն պատճառով, որ արագ լուծումներն ու անակնկալներն առհասարակ ամենևին բնորոշ չեն ո՛չ ազգային նկարագրին, ո՛չ ղեկավարման ոճին, և այստեղից էլ միանգամայն օրգանական ու բնական են «դեմքը պահպանելու» դրսևորումները: Գլխավորն այն էր, որ հեռացող Հու Ցզինտաոյի զեկուցումը և ընդհանուր տրամադրությունը ևս ինչպես կուսակցության ներսում, այնպես էլ առավելապես երկրում, խոսում են այն բանի օգտին, որ Չինաստանը մտադիր չէ «կտրուկ շարժումներ» ու բեկումներ անելու, նա ուզում է մնալ այնտեղ, որտեղ գտնվում է, և միայն խորացնել իր նվաճումները:
Բայց, այդուամենայնիվ, համագումարի պատվիրակների հանգստության և միահամուռ քվեարկության հետևում թաքնված են ապարատային լարված պայքարը, «պեկինյան պալատի» խարդավանքները, «իշխանության ներսում եղած ճաքերը»: Բացի այդ, Չինաստանում իշխանության փոխանցման «արարողությունը» միշտ անցել է գաղտնի պայմաններում և, իհարկե, ինտրիգներ է առաջացրել, իսկ հիմա երկրի ղեկավարության փոփոխմանը, կարծես, ամբողջ աշխարհն էր հետևում: Ինչ-որ բան փո՞ւլ է գալիս: Խիստ կասկածելի է: Բայց դա բնավ չի խանգարում, որ «քաղաքական քողի» ներքո տեղի ունենան լուրջ, հիրավի տեկտոնիկ շարժեր, որոնք, անշուշտ, կարևորագույն ազդեցություն կգործեն առաջիկա տասնամյակում երկրում տիրող իրադրության վրա: Խիստ հատկանշական է, որ հավաքի ամսաթիվը չհայտարարվեց ընդհուպ մինչև հոկտեմբերի սկիզբը, իսկ դա, ինչպես ասում են Պեկինում, «իշխանության համար չինական վերնախավում տեղի ունեցող անչափ սուր պայքարի նշաններից է»: Հարկ է նշել, որ Չինաստանում ընդունված է ղեկավարման կոլեկտիվ ձևը. գլխավոր քարտուղարը ոչ թե միանձնյա ղեկավարն է, այլ սոսկ «հավասարների մեջ առաջինը» քաղբյուրոյի մշտական անդամների շարքում: Իսկ չգրված ավանդույթի համաձայն, կուսակցության և պետության ղեկավարն ընտրվում է երկու հնգամյա ժամկետով` մոտ 60 տարեկան հասակում: Առաջին ժամկետի ընթացքում նա պարտավոր է ընտրել իր երիտասարդ փոխանորդին, որպեսզի նա սովորի այն ամենը, ինչ պահանջվում է, իսկ երկիրն ու աշխարհը սովորեն նրան ընկալելու իբրև առաջնորդի: Չինաստանում չկա նաև անփոփոխ ցմահ իշխանություն: Շատ կարևոր է, որ 68 տարին լրացած ղեկավարության անդամներն ուղարկվում են կենսաթոշակի, որը կազմում է ամիսը մոտ 900 դոլար: ՈՒստի և երկրի ներկա ղեկավարությունը պետք է հեռանա` ՉԿԿ քաղբյուրոյի ամենազոր մշտական կոմիտեի ինը անդամներից յոթի կենսաթոշակային տարիքը լրացել է: Սակայն չինական քաղաքական գործիչը կենսաթոշակի անցնելուց հետո «կենդանի դիակի» չի վերածվում, ու մինչև կյանքի վերջը կուլիսային հսկայական ազդեցություն է ունենում: Սովորաբար նա գլխավորում է կուսակցության որևէ խմբակցություն (ֆրակցիա): ՈՒ էլի մեկ հետաքրքիր հանգամանք. Չինաստանում այդ խմբավորումները գոյություն ունեն տասնամյակներ շարունակ, և այն հանգամանքը, որ ոմանց հայրերը կես դար առաջ թիկունք են եղել միմյանց, որդիների համար եղել է միաբան լինելու շատ ծանրակշիռ և անգամ վճռորոշ հիմք:
Ներկա պայքարում հիմնական խաղացողները ՉԿԿ նախկին գլխավոր քարտուղար Ցզյան Ցզեմինի և այժմյան գլխավոր քարտուղար Հու Ցզինտաոյի շուրջը ձևավորված երկու խմբավորումներն են: Իսկ նրանց մրցակցությունը վաղեմի արմատներ ունի (2002 թ. Ցզյան Ցզեմինը հարկադրված էր իշխանությունը հանձնել Հու Ցզինտաոյին, քանի որ դա չինական բարեփոխումների պատրիարք Դեն Սյաոպինի կամքն էր, որին հակաճառել ոչ ոք չէր կարող համարձակվել, այդ թվում` նախկին քարտուղարը): Ընկեր Ցզյանը հենվում էր «շանհայյան» կլանի` կուսակցության Շանհայի քաղկոմի նախկին կադրերի վրա, որի ղեկավարն էր նա 80-ականների կեսերին: «Շանհայցիների» հետ դաշինքով են հանդես գալիս շատ «արքայազններ»` Չինաստանի նախկին ղեկավարների սերունդներ, որոնք հիմա մտադիր են իրենց ձեռքը վերցնել իշխանությունը: Իսկ Հու Ցզինտաոն հենվում է չինական կոմերիտմիությունից սերվածների վրա, որը նա ղեկավարում էր 80-ականների սկզբին: Եվ այն փաստը, որ նախկին ազգային առաջնորդներ այստեղ չեն լինում, ամեն մի նոր առաջնորդ, սովորաբար, լինում է երկրի երկու, երբեմն էլ երեք նախկին ղեկավարների փոխհամաձայնության արդյունք: Համարվում է, որ չինական իշխանության ապագա ուղղահայացի երկու առանցքային դեմքեր` ՉԺՀ-ի ապագա նախագահ Սի Ցզինպինը և ապագա վարչապետ Լի Կեցյանը (նրանք կհաստատվեն մարտին բարձրագույն օրենսդիր մարմնի` Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի նստաշրջանում) արդյունք են չինական վերնախավում ձեռք բերված պայմանավորվածության: Սի Ցզինպինը «արքայազնների» նշանավոր ներկայացուցիչ է, քաղաքացիական պատերազմի հերոսի որդի: Նրա թեկնածությունն ակտիվորեն պաշտպանում էին Ցզյան Ցզեմինը և «շանհայցիները»: Լի Կեցյանը «կոմերիտական» է, 80-ականներին աշխատել է Հու Ցզինտաոյի ղեկավարությամբ: Այսինքն, Սի-Լի զույգը կարող էր միայն փոխհամաձայնության արդյունք լինել («Ռոյթըր» գործակալությունը, վկայակոչելով սեփական աղբյուրները, հաղորդել է, որ ներկա ղեկավարության ցուցակը ստորագրել են չինական երեք ղեկավարներ` Հու Ցզինտաոն, նրա տեղակալ և փոխանորդ Սի Ցզինպինը և ՉԺՀ-ի նախկին առաջնորդ Ցզյան Ցզեմինը):
Արտասահմանի փորձագետները, իրենց համար սովոր աշխատակարգով, ջանում են չինական վերնախավը բաժանել ազատականների ու կոշտ գծի կողմնակիցների: Նախ և առաջ տնտեսական հարցերում տարբեր մոտեցումներով` ամեն գնով շարունակե՞լ աճի քաղաքականությունը, թե՞ եկամուտներն ուղղել սոցիալական ոլորտի զարգացմանը: Բացի այդ, կան նաև այլ գործոններ: Համաձայն «կուսակցական ազնվականության» որոշ աղբյուրների, դժվար է երկրի ճակատագիրը վստահել երիտասարդ տեխնոկրատներին, հնարավոր է նաև անձնական շահագրգռություն. «արքայազնների» ու նրանց ընտանիքների անդամների շրջանում քիչ չեն խոշոր բիզնեսի ներկայացուցիչները: Ինչ վերաբերում է կուսակցության ղեկավար դերին և քաղաքական ընդհանուր զիջողություններին, ապա այստեղ տարաձայնություններ, փաստորեն, չկան: Ամեն դեպքում, ամենայն հավանականությամբ, նոր առաջնորդն էլ է ստիպված լինելու խուսանավել նրա կազմում եղած տարբեր խմբակցությունների միջև, և ոչ ավելին:
Փորձագետների մեծ մասի կարծիքով, ներկա համագումարն առավել «նյարդայինն» էր ժամանակակից Չինաստանի պատմության մեջ, այն ուղեկցվում էր վերևներում տեղի ունեցող աննախադեպ «քննարկումներով» և մամուլում տեղ գտնող «արտահոսքերով»: Այսպես, անցած տարի պետական պաշտոններից կուսակցական գործիչ Բո Սիլայի պաշտոնանկությունն ու բրիտանացի գործարարի սպանության մեղադրանքով նրա կնոջ դատապարտումը դարձան Չինաստանում վերջին մի քանի տասնամյակի ամենաաղմկոտ քաղաքական սկանդալը: Ճանաչված քաղգործիչ Բո Սիլայը, ի դեպ, ծագումով «արքայազն», ձգտում էր հաճոյանալ հավասարության գաղափարներով և վերածնել Մաոյի պաշտամունքը (2009 թ. մայիսին նա քաղաքի գլխավոր համերգասրահում կազմակերպեց «նշանավոր գեներալների սերունդների» հանդիպում, որն անցավ «կուլտուրական հեղափոխության» լավագույն ավանդույթների ոգով): Նա բացահայտորեն արտահայտում էր իր թշնամանքը Հու Ցզինտաոյի շրջապատի մարդկանց նկատմամբ: Հիմա Բո Սիլային դատ է սպասում: Իսկ 2012 թ. մարտին քաղբյուրոյի անդամ, Հու Ցզինտաոյի մերձավոր Լին Ցզիհուայի 23-ամյա որդին Պեկինում ավտովթարի զոհ դարձավ իր «Ferrari 458 Spider» կեսմիլիոնդոլարանոց ավտոմեքենայով: Երիտասարդն ու նրա երկու ուղեկցուհիները ջարդուխուրդ եղած ավտոմեքենայից հանվեցին կիսամերկ վիճակում: Պատմությունը ծածկադմփոց արեցին, հասարակության արձագանքը ծայրաստիճան բացասական էր, իսկ հոր կարիերան ավարտվեց: Մայիսին «Bloomberg» գործակալությունը հրապարակեց Սի Ցզինպինի ընտանիքի ակտիվների մասին հետաքննության արդյունքները (անձամբ Սիի անունով ոչինչ չէին գտել, փոխարենը նրա ավագ քույրը 376 մլն դոլար կարողության տեր է): Այնուհետև, օգոստոսին համացանցը «պայթեց» ընկեր Սիի անհետանալու և նրա նկատմամբ հնարավոր մահափորձի վերաբերյալ հաղորդումներով: Իսկ վերջերս էլ «Նյու Յորք թայմս» թերթը հրապարակեց վարչապետ Վեն Ցզյաբաոյի ընտանիքի 2,7 մլրդ դոլարի ակտիվների գործով հետաքննության մասին մի տեղեկություն: Շատ ծավալուն, սովորական լրագրային ձևաչափը զգալիորեն գերազանցող հոդվածում խոսվում էր ոչ թե անձամբ վարչապետի, այլ նրա հարազատների, մասնավորապես կնոջ, որդու, 90-ամյա մոր ու եղբոր մասին (վարչապետի տիկնոջը, թանկարժեք զարդեղենի շուկայում ունեցած ազդեցության համար, օտարերկրացի գործարարներն անվանում էին «ադամանդի թագուհի»): Առաջ ՉԺՀ-ի իշխանությունները չէին պատասխանում արտասահմանից լսվող նման մեղադրանքներին, սակայն այս անգամ ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարեց, որ հրապարակումը «ստոր նպատակներ է հետապնդում», իսկ քաղբյուրոյի մշտական կոմիտեն ներքին հետաքննություն սկսեց` վարչապետի հարազատներն արդյո՞ք «հսկայական հարստություն» ունեն: Իրավիճակն առանձնապես անվայելուչ է այն պատճառով, որ թե՛ Վեն Ցզյաբաոն, թե՛ Բո Սիլայը մյուս չին քաղգործիչներից ավելի շատ էին խոսում կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Ընդ որում, Հու Ցզինտաոն իր զեկուցման մեջ կոռուպցիան բնորոշել է իբրև երկրի զարգացմանն սպառնացող հիմնական վտանգ, և հայտարարել, որ եթե կուսակցությունը վերջնականորեն խրվի կոռուպցիայի ճահիճը, ապա դա «Չինաստանի համար պետականության կորուստ կնշանակի»: Իրոք, չնայած կոռուպցիային պատերազմ հայտարարելուն և ունեցվածքի բռնագրավումով գնդակահարություններին, առայժմ չի հաջողվում Չինաստանում սանձել այն: Անգամ պաշտոնական «Սինխուա» գործակալությունը խոստովանում է, որ վերջին տասը տարում խնդիրը խորացել է, թեև 2007-2012 թթ. բացահայտվել է 639 հազար կոռուպցիոն գործ, և 669 հազար պաշտոնյա պատժվել է:
Բայց ինչպես էլ լինի, բոլոր նրանք, ովքեր հույս ունեին, թե չինական իշխանության ուղղահայացը փուլ կգա և երկրի քաղաքական կայունությունը կխաթարվի, լրջորեն սխալվել են իրենց հաշվարկներում: Կտրուկ քայլերն ու փոփոխությունները բացարձակապես անհարիր են չինական քաղաքական մշակույթին: Ավելին, եթե հին գլխավոր քարտուղարին շատերը հանդիմանում էին ավելորդ զգուշավորության համար, ապա Չինաստանի նոր ղեկավար Սի Ցզինպինը ևս ունի ավանդական կուսակցական անցյալ ու մինչև օրս գործել է գոյություն ունեցող քաղաքական համակարգի շրջանակներում: «Մենք չենք գնա մեր դրոշը փոխելու սխալ ուղիով»,- հայտարարեց նախագահ Հուն` դիմելով ոչ միայն պատվիրակներին, այլև ապագա ղեկավարներին: Դրա փոխարեն առաջարկվում է կատարելագործել «ժողովրդավարության»` երկրում առկա համակարգը, ապահովել «կուսակցական ղեկավարության, ժողովրդի տնտեսական դրության և պետության կառավարման օրգանական միասնությունը` օրենքներին համապատասխան»: «Մենք պետք է ավելի հավակնոտ նպատակներ առաջադրենք ու ավելի ջանադրաբար աշխատենք, շարունակելով մեր զարգացումը գիտական մոտեցման հիման վրա: Անհրաժեշտ է կատարելագործել հասարակության ներդաշնակությունը և բարելավել մեր քաղաքացիների կյանքը` հասնելու համար ժամանակի կողմից մեզ վրա դրված մեծ խնդիրների լուծմանը»,- հայտարարեց ՉԺՀ-ի նախագահը: Հու Ցզինտաոն կոչ արեց նաև արդիականացնել բանակը, առանձնապես ռազմածովային նավատորմը, պատրաստ լինել ոչ միայն պարզապես արդիական տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ մղվող տեղային պատերազմներին մասնակցելուն, այլև դրանցում անպայման հաղթանակ տանելուն: Միևնույն ժամանակ, գլխավոր քարտուղարն ընդգծեց Չինաստանի խաղաղասիրությունն ու ազդարարեց, որ չինական բանակը կանգնած է ամբողջ աշխարհի խաղաղության պահպանման դիրքերում: Եվ դա եղավ հեռացող առաջնորդի յուրօրինակ պատգամը նոր իշխանությանը:
«Ոչ մի արմատական փոփոխություն պետք չէ անել, մենք` նախորդ սերունդների ղեկավարներս, ուշադրությամբ կհետևենք ձեր գործողություններին»: Դրա համար Հու Ցզինտաոն դարձյալ մեծ հնարավորություններ կունենա: Նախ, մինչև մարտ Հուն դեռ մնալու է ՉԺՀ նախագահի պոստում: Երկրորդ, որ ավելի կարևոր է, նա առաջվա նման լինելու է կուսակցության կենտրոնական ռազմական խորհրդի նախագահը, որը բանակի անմիջական ղեկավարումն իրականացնող գլխավոր մարմինն է, և որը, ի դեպ, շարունակում է մնալ կուսակցության ենթակայության ներքո: Այնպես որ, ամենայն հավանականությամբ, Չինաստանում, չնայած վերևներում եղած հակասություններին ու վեճերին, դեռ երկար ժամանակ ամեն ինչ հանգիստ կլինի:

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 3032

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ