(Նախորդ մասը)
«Война войной, а обед-по расписанию»: Բազմիմաստ այս արտահայտությունը նոր իմաստ է ստանում մեր օրերում, երբ աշխարհը միասնական պատերազմ է մղում կորոնավիրուսի դեմ: Բոլորն են հասկանում, որ հիվանդությունը համամարդկային աղետի միայն երևացող կողմն է, հսկայական այսբերգի գագաթը, որի տակ թաքնված է անխուսափելի ու աննախադեպ համաշխարհային տնտեսական աղետը՝ իր բոլոր դրսևորումներով. գործազրկություն, սոցիալական ծայրաստիճան լարվածություն, որոշ երկրներում` նաև սով և պատերազմներ: Մենք պետք է կարողանանք ճիշտ գնահատել իրավիճակն ու մեր նրբագույն քայլերով դուրս գալ այս փորձությունից, դուրս գալ առողջացած ու հզորացած: Քայլերից առաջինը պետք է լինի Ռոբերտ Քոչարյանի «գործի» կարճումը, նրա հարցը, ԼՏՊ-ի, Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի հետ, թողնենք պատմաբանների գնահատանքին՝ թե ով ինչ արեց կամ ինչը չկարողացավ անել, հիմա նման հարցերով զբաղվելու ոչ ժամանակ ունենք, ոչ էլ հնարավորություն, հիմա կորոնավիրուսային այս պատային ծուղակից դուրս գալու ժամանակն է, այս խնդրի վրա է պետք հրավիրել մեր հասրակության ուշադրությունը: Այո, կորոնավիրուսից բացի, մեր հասարակությունը ունի նաև առողջացման ու նորմալ կյանքով ապրելու հնարավորություն, 30 տարի շարունակ մենք այդպես էլ չկարողացանք լուծել մեր իշխանությունների խնդիրը, որոնք իրար հաջորդեցին որպես պրոբլեմներ, բայց ոչ երբեք լուծումներ՝ մեր պետության ու ժողովրդի համար: Մենք պետք է կարողանանք լուծել, ո՛չ, մենք պարտավոր ենք լուծել մեր երկրի առաջ կանգնած հրատապ խնդիրները, կորոնավիրուսից հետո կազատվենք նաև այս անճարակ իշխանություններից:
Վիրտուալ տիրույթում հիմնելով «Հայկական տեխնոլոգիաներ» կամ «Ժողովրդական տեխնոլոգիաներ» անունը կրող և հեռավար ձևաչափով աշխատող գիտաարտադրական միավորումը, իմ մտքով անգամ չէր անցնում, որ այդպիսի բուռն արձագանք կլինի: Հեռախոսով ու ինտերնետով ինձ են դիմում հայրենիքի ճակատագրով մտահոգ մեր հայրենակիցները՝ Հայաստանի տարբեր մարզերից ու Արցախից, Ֆրանսիայից ու Ամերիկայից, Կանադայից ու Ավստրալիայից, հետաքրքրվում են մեր ծրագրերով, համատեղ աշխատանքի պայմաններով, ցանկանում են իրենց ներդրումն ունենալ, ձեռք բերել արևային սարքեր, ունենալ արևային էներգիայով աշխատող պահածոյի գործարաններ, ստանալ վիրուսի նկատմամբ մարդկանց իմունիտետը բարձրացնող հայկական արևային սննդատեսակներ և այլն: Վանաձորի մանկավարժական ինստիտուտի դոցենտ, քիմիական գիտությունների թեկնածու Էդիկ Խաչատրյանը առաջարկում է ավելի ճիշտ ձևակերպում տալ մեր նախաձեռնությանը, փոխել մեր նորաստեղծ (դեռևս նոր ձևավորվող) կազմակերպության անվանումը, «Հայկական տեխնոլոգիաները» միավորել «Ժողովրդական տեխնոլոգիաների» հետ ու հանդես գալով «Հայկական ժողովրդական տեխնոլոգիաներ» անվան տակ, և.... մտածել, բարձր ջերմաստիճանային ազդեցության շնորհիվ, բնակարաններում հակավիրուսային միջավայր ստեղծելու մասին: Դա հեշտությամբ կլուծվի, եթե սենյակի ջերմաստիճանը հնարավոր լինի բարձրացնել մինչև 80, 100 կամ 120 օC-ը՝ առանց քլորաջրի կամ հականեխիչ այլ հեղուկների օգտագործման: Երկու առաջարկությունն էլ գերազանց են, ընդունվում են միանգամից: Միջազգային մասնագիտական շրջանակներում հայտնի ֆերմեր Սևան Ջամալյանը (Էջմիածնի Գրիբոյեդով գյուղից) ավելի կոնկրետ առաջարկ ունի. ցանկանում է ունենալ հզոր արևային համակարգ՝ իր ջերմոցները տաքացնելու համար, մեկ ամսվա ընթացքում արդեն հասցրել է օգտագործել 200 հազար դրամի գազ, ի՞նչ հզորության արևային համակարգ է պետք գազին փոխարինելու համար: Ռաֆիկ Հովակիմյանը՝ Լոռու մարզի Օձուն համայնքից, առաջարկում է իրենց մոտ կառուցել արևի էներգիայով աշխատող պահածոների գործարան՝ տանձի, դեղձի, խնձորի չրեր և հոնի, մոշի ու ելակի մուրաբաներ պատրաստելու համար: Նման դիմումները շատ են, կարծես թե մեր սայլը փորձում է տեղից շարժվել ու թափ հավաքել, մեր նախաձեռնության շուրջն արդեն համախոհների հուսալի բանակ է ձևավորվում: Սևան Ջամալյանին ու արևային հզոր սարքերով հետաքրքրվող մեր քաղաքացիներին ուզում եմ հայտնել, որ արևային սարքերի պահանջվող հզորությունների ճշգրիտ հաշվարկը բավականին բարդ գործ է, դրա համար պետք է ունենալ օբյեկտի մանրամասն նկարագիրը՝ շինության մակերեսի, ծավալի, ջերմային դիմադրության և ջերմատեխնիկական այլ պարամետրերի քանակական տվյալներով, որոնք բարդ մաթեմատիկական հաշվարկներ և լրացուցիչ տեխնիկական չափումներ են պահանջում, այդ ամենը պետք է արվի առանձին-առանձին՝ յուրաքանչյուր շինության համար: Առաջարկում եմ նախնական (առաջին մոտավորության) հաշվարկների համար օգտագործել միայն ծախսված գազի համար կատարած վճարումների չափը՝ ըստ ամիսների: Սա ավելի հեշտ ու հասկանալի մոտեցում է: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար արևային սարքի մոտավոր (բազային) հզորությունները հաշվելու համար անհրաժեշտ տվյալները կփորձեմ ներկայացնել աղյուսակի տեսքով՝ հիմքում ընդունելով միայն գազի ամսական ծախսերը: Աղյուսակում ներկայացված թվերը կախված են տվյալ պահին գործող գազի սակագներից. 139 դրամ՝ յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց: Ռուսական գազի սպասվող թանկացումների դեպքում աղյուսակում բերված թվերը կփոխվեն հօգուտ արևային տեխնիկայի: Նման ձևով կարելի է հաշվարկներ կատարել նաև կոշտ վառելիքի (աթար, չոր փայտ, գորշ ածուխ) այրման դեպքում: Մեր ընթերցողներին խնդրում եմ իրենց թվերը տեղավորել հզորությունների միջանկյալ դիրքերում՝ նախապատվությունը տալով ավելի հզոր արևային տեխնիկայի կիրառությանը:
Մեր նախաձեռնությունից հետո 2020/04/10 հետվիրուսային տնտեսական ճգնաժամը հաղթահարելու այսպիսի մի առաջարկով հանդես եկավ նաև ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը՝ (ընդունենք, որ սա էլ «նախկինների» նախաձեռնությունն է): «Պետք է հնարավորություն տալ երկրի կայացած տնտեսական ընտանեկան «կլաններին»՝ Հայաստանում խաղի նոր կանոններով բիզնեսի զարգացման համար: Քրեական և այլ հետապնդումների փոխարեն պետք է խրախուսել նրանց կողմից նոր նախագծերի, նոր ներդրումների նախաձեռնությունը: Միայն այս ճանապարհը կբերի աշխատատեղերի բացմանը և մուծվող հարկերի ավելացմանը: Ցանկացած օտարերկրյա ներդրողի երկար ժամանակ է անհրաժեշտ լինելու՝ իրավիճակը հասկանալու, հաշվարկներ կատարելու համար, իսկ տեղական կապիտալի համար ամեն ինչ ավելի հեշտ է՝ ունեն բոլոր գործնական կապերը և իրենց ձեռնտու է բիզնեսի առավելագույն օրինականացումը՝ թե՛ ի շահ իրենց, թե՛ պետության: Մոտավորապես այս մոդելով է նախորդ դարի կեսերին շարժվել Հարավային Կորեան»: Իհարկե, Հարավային Կորեան երբեք այդ մոդելով չի աշխատել, այնտեղ աշխատել են մեր մոդելով՝ աշխատանքի մեջ ընդգրկելով բոլոր գրագետ ու աշխատասեր քաղաքացիներին՝ նախապես կոմպյուտերային պարտադիր գրագիտություն տարածելով ու անձնական շահագրգռություն առաջացնելով երիտասարդության մեջ: Մեր հակավիրուսային-հակաճգնաժամային նախաձեռնության համատեքստում հարկ եմ համարում անդրադառնալ Արմեն Գևորգյանի հրապարակմանը: Ինչ-որ չափով ինձ համար հասկանալի ու ընդունելի կլիներ, եթե Արմեն Գևորգյանը առաջարկեր «տեղական կապիտալի» հաշվին ֆինանսավորել Ստյոպա Խոյեցյանի, պրոֆեսոր Սամվել Գևորգյանի, տեխնիկական գիտությունների թեկնածու Վահագն Հերունու, բազմաթիվ այլ հայ գիտնականների ու գյուտարարների, նաև իմ աշխատանքները՝ օգտակար գործերը հասցնելով մինչև պրակտիկ ներդրման: Բայց, իմ դիտարկմամբ, այստեղ դրվում է սեփական կապիտալը և օբյեկտները փրկելու խնդիրը: Օրինակ, «հատուկ ուշադրություն պետք է դարձվի տուրիզմի ոլորտին։ Հենց այդ պատճառով պետք է օգնել նաև հյուրանոցային համակարգերին, այդ թվում հարկային արձակուրդի ճանապարհով»: Ըստ միջազգային փորձագետների, տուրիզմը՝ որպես էկոնոմիկաների շահութաբեր ոլորտ, դեռ շատ երկար կգտնվի դեպրեսիայի մեջ, բայց այստեղ կա տնտեսական ընտանեկան «կլանների» կողմից հյուրանոցային ոլորտում կատարած սեփական ներդրումները փրկելու խնդիր: Արմեն Գևորգյանին մենք կընդունենք, որպես մեր նախաձեռնությանը մրցակից ֆիրմայի ներկայացուցիչի, կփորձենք որոշակի հեռավորություն պահել, որովհետև հավատ չունեմ, թե այդ ընտանեկան կլաններից մի օգտակար արդյունք կստացվի: Հայաստանի բոլոր ընտանեկան կլանների «տեղական կապիտալը» առաջացել է երկրի տնտեսական, գիտատեխնիկական պոտենցիալի, գործարանների ոչնչացման, դրսից եկած ներդրումները յուրացնելու հաշվին, նրանց վստահել, նրանց հետ համատեղ աշխատել, ինչ-ինչ հույսեր կապել չի կարելի: Մենք կգնանք մեր ուղենշած ճանապարհով՝ հույսներս դնելով միայն ազնիվ, ստեղծագործ աշխատանքով արդյունքների հասած մասնագետ մարդկանց վրա, բայց նաև կողջունենք բոլոր այն հաջողությունները, որոնք ձեռք կբերեն մեր հարազատ հայրենական ընտանեկան «կլանները», թող աշխատեն: Արմեն Գևորգյանի առաջարկությունն ընդունելուց առաջ պետք է հասկանալ, թե ում և ինչի հաշվին են առաջացել այդ տնտեսական ընտանեկան «կլանները»: Իհարկե, պետությանը սնանկացնելու ու ժողովրդին թշվառության մատնելու հաշվին, ինձ հայտնի չէ գեթ մի դեպք, երբ տնտեսական ընտանեկան որևէ «կլան» հաջողության է հասել գյուտարարության, նորարարության և ազնիվ այլ ճանապարհներով, ֆինանսական հաջողության հասնելու բոլոր «տեխնոլոգիաները» հիմնված են եղել պաշտոնական դիրքի չարաշահման վրա: Այսպես արտահայտվելու համար ես իմ հիմնավոր պատճառներն ունեմ:
Ակադեմիկոս Պարիս Հերունու «Արև» և երկրների հելիոֆիկացիայի իմ ծրագիրը կյանք չմտան հենց Արմեն Գևորգյանի պատճառով: 2003 թվին Կանադայի կառավարությունը որոշել էր արևային տեխնիկայի զարգացման համար Հայաստանին հատկացնել 50 միլիոն դոլար՝ օգնության ձևով: Դա լավ հնարավորություն կլիներ մեր ծրագրերը կյանքի կոչելու, երկրի տնտեսությունը ճիշտ ճանապարհով առաջ տանելու համար, բայց դա չստացվեց, ՀՀ նախագահի առաջին օգնական Արմեն Գևորգյանը դրան դեմ գնաց։
-50 միլիոնը բերեք, բայց դրանք ուրիշ տեղ կօգտագործենք:
Չեղավ, այլ տեղերում օգտագործելու համար չտվեցին: Հելիոֆիկացիայի ծրագիրը վաղուց արդեն պատրաստ է ներդրման համար, առայժմ միակ խոչընդոտը ֆինանսական միջոցների բացակայությունն է: Ֆինանսավորման բոլոր հնարավորությունները միանգամից արգելափակվել են իշխանությունների կողմից (պարզվում է` դրանք քիչ չեն եղել, կամաց-կամաց ինֆորմացիան ջրի երես է դուրս գալիս), ինչու՞: Դժվար է հասկանալ դրա տրամաբանությունը, խելքի շատությունից է դա գալիս, թե անխելքությունից, բայց դա այդպես է. մեր իշխանությունները մշտապես արգելափակել են Հայաստանում արևային տեխնիկայի զարգացման գործը՝ մեզ համար անհայտ պատճառներով ու պատճառաբանություններով: Այդպես եղավ Գորբաչովի 8 միլիոն դոլարով Սպիտակում հելիոտեխնիկական գործարան հիմնելու հարցում: Մի միկրոսկոպիկ հնարավորություն կար 2019 թվին՝ կապված ՀՀ նախագահի մրցանակի 10 հազար դոլարի հետ, որից ես կանխավ հրաժարվեցի, որովհետև այդ «մրցանակները» տրվում էին «ատկատներով», ուղղակի վաճառվում էին, բաժանվում: Մրցանակային այդ գումարները մեզ պետք կգային բարձր հզորության արևային սարքեր ստեղծելու ու ֆերմերային մի տնտեսությունում փորձարկելու համար: Հայաստանում նախագահի մրցանակները «ատկատներով» բաժանելու հանցավոր երևույթի մասին ես «փակ» ու «բաց» նամակներով դիմեցի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, մեկ տարի է անցել, բայց պատասխան չունեմ:
Մենք կուշտ ենք այդ տնտեսական ընտանեկան «կլաններից» էլ, իրենց «ատկատային» գործելաոճերից էլ, թող իրենց ֆինանսական հնարավորությունները օգտագործեն երկրի խնդիրները լուծելու համար՝ առանց մեր մասնակցության: Մենք կգնանք մեր ազնիվ ու հայկական ժողովրդական գիտության վրա հիմնված ճանապարհով՝ շեշտը դնելով տնտեսության սոցիալական ուղղվածություն ունեցող ոլորտների զարգացման վրա այնպես, որ մեր բոլոր քաղաքացիները եկամտաբեր բիզնեսներ կամ լավ վարձատրվող աշխատանք ունենան: Հետվիրուսային ժամանակաշրջանի համար առաջարկում ենք անցնել աշխատանքների կազմակերպման «հակավիրուսային» աշխատաոճին, երբ կենտրոնացված բազմամարդ արտադրությունները քաղաքներում կփոխարինվեն տնայնագործական փոքր ձեռնարկություններով, իսկ գյուղերում կձևավորվեն ընտանեկան վերամշակող արտադրություններ: Այս դեպքում արտադրության մեջ սկզբունքորեն կլուծվի մարդկանց «կորոնավիրուսային» սոցիալական հեռավորության վրա պահելու պարտադիր պայմանը:
Իր նոր ծրագրով Արմեն Գևորգյանն առաջարկվում է օգտագործել Հայաստանի «առաջատար տնտեսագետների ու պետական գործիչներ Վաչե Գաբրիելյանի, Վարդան Արամյանի, Հրանտ Բագրատյանի, Վահրամ Ավանեսյանի շատ մանրամասն արտահայտած գաղափարները: Շնորհակալ ենք, Հայաստանը փորձադաշտ չէ «առաջատար տնտեսագետների ու պետական գործիչների համար», 30 տարի շարունակ փորձել ու փորձարկել են և ահա դրանց տված արդյունքը՝ տնտեսական ճգնաժամ և կորոնավիրուսային անտանելի իրավիճակ: Հիմա եկել է մեր ժամանակը, մեր գործելու ժամանակը: «Առաջատար տնտեսագետների ու պետական գործիչների» շարքից ես կառանձնացնեմ Հրանտ Բագրատյանի ֆենոմենը: Կասկած չունեմ, որ նա փայլուն տնտեսագետ-գիտնական է, բայց նրա հետևից գնալը, նրա խորհուրդներով շարժվելը համարում եմ անթույլատրելի շռայլություն՝ երկու պատճառով.
ա) Վարչապետության տարիներին Հրանտ Բագրատյանը չկարողացավ, կամ, պաշտոնից ելնելով, չցանկացավ դեմ գնալ ԼՏՊ-ի վարած քաղաքականությանը, որը, սխալ հաշվարկների, թե արտաքին ուժերի ճնշման տակ, պարզապես ուղղված էր Հայաստանի տնտեսության քայքայմանը: Այս հարցում Հրանտ Բագրատյանը դարձավ ԼՏՊ-ի հանցակիցը՝ առավել մեծ պատասխանատվությամբ, որովհետև իր ճկուն խելքով նա կարող էր հաշվարկել դրա հետևանքները, բայց հնազանդվեց ՀՀ առաջին նախագահի կամքին՝ մասնակցելով մեր տեխնիկական ու գիտական պոտենցիալի ոչնչացման ծրագրերի իրականացմանը, մատների արանքով նայելով մեր գործարանների եղած-չեղածը կազմակերպված ձևով դուրս տալուն: Իրենց քայլերն արդարացնելու համար նա առաջ քաշեց իր պրիմիտիվ հիմնավորումը. թող տանեն, խորհրդային հաստոցները հիմնված են մետրական սիստեմի վրա, դրանց փոխարեն մենք կբերենք ամերիկյան նորագույն հաստոցները, որոնք աշխատում են դյույմային սիստեմով: Հիմա հարց եմ տալիս. պարոն Բագրատյան, որտե՞ղ են այդ ամերիկյան նորագույն հաստոցները, որոնք աշխատում են դյույմային սիստեմով, մի՞թե դուք չգիտեիք, որ «սկզբում ձին են առնում, հետո մսուրքը կապում», ով դեմ կլիներ, եթե ԽՍՀՄ-ի փլուզվելուց հետո Հայաստանի գործարաններն ու ֆաբրիկաները վերազինվեին ամերիկյան ճշգրիտ հաստոցներով ու նորագույն տեխնոլոգիաներով, ազատվեին ֆիզիկապես ու բարոյապես մաշված խորհրդային հաստոցներից ու տեխնոլոգիաներից, ուղղակի երազ ու երազանք կլիներ: Բայց ինչ եղավ Բագրատյան-Տեր-Պետրոսյան տանդեմի «աշխատանքի» արդյունքում. հիմա ոչ ամերիկյանը ունենք, ոչ էլ խորհրդայինը, ի՞նչ ենք անելու, ի՞նչպես ենք աշխատելու ու վերականգնելու երկրի տնտեսությունը հետկորոնավիրուսային շրջանում, երբ մեր բանվորները տեղ-տեղ ստիպված են ֆրեզերային աշխատանքները կատարել խարտոցներով՝ 1920-40 թվերի մակարդակով, երբ մենք ունենք ժամանակի ու տեխնիկական պոտենցիալի սարսափելի դեֆիցիտ և դեռ պետք է աշխատենք Հրանտ Բագրատյանի խորհուրդներով՝ օգտագործելով նրա տնտեսագիտական տաղանդը։ Խորապես շնորհակալ ենք:
բ) 1994 թվականի տնօրենների մի խորհրդակցության ժամանակ, որը վարում էր ՀՀ վարչապետ Հրանտ Բագրատյանը, ես ելույթ ունեցա շատ կոնկրետ առաջարկով.
-Եկեք աշխատավարձի պարտքի դիմաց (1990-ական թվերին կրիտիկական վիճակ էր ստեղծվել, մի քանի եռամսյակ չէին կարողանում աշխատավարձ տալ, մութ ու ցուրտ տարիներ, սով, հացի կիլոմետրանոց հերթեր) մեր բանվորներին տանք գործարանների հաստոցները իսկ ինժեներներին՝ լաբորատոր սարքավորումները, կունենանք հարյուրհազարավոր աշխատող ցեխեր ու լաբորատորիաներ, կլինենք անխոցելի ու անպարտելի:
Իմ առաջարկը Բագրատյանին դուր չեկավ.
«Ո՞նց տանք, դրանք պետական սեփականությունն են:
Դրանք այն օրերն էին, երբ Հայաստանի արդյունաբերական պոտենցիալ կազմող հաստոցներն ու սարքավորումները զանգվածաբար դուրս էին տարվում Իրան: Պարոն Բագրատյան, հիմա որտե՞ղ է պետության այդ սեփականությունը: Իմ առաջարկության հիմքում դրված էր հետևյալ պարզ գաղափարը. արդյունաբերական խոշոր գործարանների փոխարեն, Չինաստանի օրինակով, անցնում ենք աշխատանքների կազմակերպման տնայնագործական եղանակի: Եղած տեխնիկան, շան մսի գնով պարսիկներին վաճառելու փոխարեն, կարելի էր տրամադրել մեր բանվորներին ու ինժեներներին, որպեսզի իրենց տներում, իրենց տրամադրության տակ եղած շինություններում, գարաժներում կամ նկուղներում սեփական ցեխեր ու լաբորատորիաներ բացեին: Աշխատանքի կազմակերպման այդ ձևի շնորհիվ էր, որ չինացիները տնտեսական մեծ հաջողությունների հասան: Պետական մակարդակով պետք էր լուծել նաև մարդկանց եռաֆազ հոսանքով ապահովելու խնդիրը և մենք հաջողությամբ կշարունակեինք աշխատել կորոնովիրուսային այս ինքնամեկուսացման պայմաններում:
Մեր նախկին ու ներկա քաղաքական ու տնտեսական գործիչների հետ ճանապարհ անցնել չի լինի, նրանց բոլոր գործողությունները հակասում են տնտեսության զարգացման տրամաբանությանը: Այլ բան է Արցախը, որտեղ ավելի խելամիտ քայլեր են արվում: Այնպիսի համոզմունք է ձևավորվում, որ հելիոֆիկացիայի ծրագիրը սկզբում հնարավոր կլինի իրականացնել Արցախում։ Սկիզբը դրվելու է Արցախում: Նախ, շնորհավորենք Արայիկ Հարությունյանին՝ Արցախի նախագահի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Մեղքս ինչ թաքցնեմ, ես կարևորում էի Վիտալի Բալասանյանի հաղթանակը՝ որպես ավելի պետականամետ քաղաքական գործչի, բայց Արայիկ Հարությունյանն էլ կարող է Արցախում կարևոր գործեր անել՝ հաշվի առնելով տնտեսության զարգացման նրա կոնկրետ ու ռեալիստական կոնցեպցիան. «Արցախին արդյունաբերություն պետք չէ, Արցախին պետք է զարգացած գյուղատնտեսություն»:
Իհարկե, ի՞նչ արդյունաբերություն մի երկրում, որտեղ չկան դրա զարգացման նվազագույն պայմաններ։ Գյուղատնտեսությունը այստեղ կարող է արագ թափով զարգանալ և միջազգային շուկա հանել Արցախի էկոլոգիապես մաքուր մրգերը, չրերը, թթի դոշաբը, թթի օղին ու բանջարեղենը՝ ցուցադրելով օրգանիկ գյուղատնտեսության առավելությունները, հատկապես, եթե վերամշակման գործը կատարվի բացառապես հայկական արևային տեխնոլոգիաներով: Այստեղ ես տեսնում եմ համագործակցության լայն հնարավորություններ, եթե հաշվի առնենք այն կարևոր հանգամանքը, որ Արայիկ Հարությունյանը տեխնոկրատ է, տեխնիկական գիտությունների թեկնածու: Արայիկ Հարությունյանի հետ մեկ հանդիպում եմ ունեցել, երբ նա Արցախի վարչապետն էր: Հանդիպումը որքան անսպասելի, նույնքան էլ էկզոտիկ էր, պատահաբար հանդիպեցինք «Անի» հյուրանոցում:
-Արայիկ ջան, մի քիչ անհարմար տեղում ենք հանդիպել, բայց Ձեզ հետ շատ կարևոր գործ ունեմ:
Հյուրանոցի ճեմասրահում մի փոքրիկ զրույց ունեցանք, առաջարկեց քննարկել Արցախի հելիոֆիկացիայի խնդիրը, որը չճանաչված երկրի համար կունենա տնտեսական, սոցիալական, էներգետիկ անվտանգություն և, ինչը անչափ կարևոր է, քաղաքական նշանակություն: Արցախի ապագա նախագահը արագ ըմբռնեց հելիոֆիկացիայի գաղափարը, իր խորհրդականին հեռախոսով հանձնարարեց, որ հանդիպի ինձ հետ, հրավիրեց Արցախ: 2010 թ. եղա Արցախում, հանդիպեցի տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանի հետ, նախարարության լսարանին ներկայացրի հելիոֆիկացիայի ծրագիրը, որը լավ ընդունելության արժանացավ: Շատ չանցած այդ նախարարությունը փակվեց, իսկ Կարեն Եսայանի հետ մեր պայմանավորվածությունները հօդս ցնդեցին: Հիմա կփորձեմ նոր շփումներ հաստատել Արայիկ Հարությունյանի հետ: 2019 թվականի հոկտեմբերի 4-ին, տնտեսագետ Վահրամ Բայադյանի հետ, Շուշիի տեխնոլոգիական համալսարանում ուսանողների, ասպիրանտների ու դասախոսական լսարանին ներկայացրել ենք հելիոֆիկացիայի ծրագիրը, որը միանգամից ընկալվեց ու գնահատվեց: Շուշիի տեխնոլոգիական համալսարանը, իմ դիտարկումներով լավագույնն է մեր տարածաշրջանում, ունի իր գործի նվիրյալ, տեխնիկայի ու տեխնոլոգիաների հովերով տարված, գյուտարար-պրոֆեսոր-ռեկտոր: Հովհաննես Թոքմաջյանին, որը ժամանակին եղել է Երևանի պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորը, չես շփոթի նրան հաջորդող գործամոլ Արա Ավետիսյանի հետ: Այն հետաքրքրությունն ու ոգևորությունը, որը ես տեսա ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի ու կոլեկտիվի կողմից, մեծ հույսեր է ներշնչում, որ Արցախի հելիոֆիկացիան կկայանա ու կորոնավիրուսային վարակից շփոթված աշխարհին լույսի ու հույսի մի գեղեցիկ շող կպարգևի: Հարցը ոչ միայն պրոֆեսոր Թոքմաջյանի հեռատեսության մեջ է, որը նույն օրը հասցրեց հելիոֆիկացիայի խնդիրը քննարկման դնել Արցախի նախագահականում, պետնախարարի ու գյուղնախարարի մոտ: Մի հետաքրքիր զուգադիպություն եղավ, հելիոֆիկացիայի ծրագրի առաջ Աստված մի լայն դուռ էլ այստեղ բացեց: Պատկերացրեք մի այսպիսի զուգադիպություն. Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը հողին նվիրված ու հայրենիքի նվիրյալ Արայիկ Հարությունյանն է, ով մտածում է նաև Հայաստանի պարենային անվտանգությունն ապահովելու մասին: Համոզված եմ, նա շուտով կհամոզվի, որ հելիոֆիկացիան է լինելու Արցախին տեմպային զարգացման հնարավորություն տվող կարևոր գործոններից մեկը, որ կորոնովիրուսային աշխարհը դեռ կզգա Արցախի արևահամ ու արևամշակ մրգերի քաղցրությունը՝ որպես բալասան բոլոր չարիքների դեմ:
(շարունակելի)
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ