Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը
07.04.2020 | 00:54
Մուրադ Մուրադյանի հետ ունեցած հանդիպումից հետո որոշեցի ուսումնասիրել նրա օրոք Երևանի կենտրոնում իրականացված պատշգամբաշինության պատմությունը՝ նկատի ունենալով հուզված պահին մարդու բերանից դուրս թռած ինֆորմացիան, որ յուրաքանչյուր պատշգամբի դիմաց հազարական ռուբլիներ են հավաքել, իհարկե, խոսքը կարող էր վերաբերել միայն կաշառքին: ժամանակի հայկական մամուլի էջերից պարզում ենք, որ 1976-80 թվերին Երևանի կենտրոնում, միջին հաշվով, տարեկան կապիտալ վերանորոգման են ենթարկվել 7400 պատշգամբներ, երբ 1974 թվին վերանորոգվել է ընդամենը 6 վթարային պատշգամբ: Սրանք տվյալներ են, որոնք հրապարակվել են Երևանի քաղկոմի պլենումի ժամանակ: Հետևաբար, պետք է ենթադրել, որ հավաքվել է 7400x1000 ռուբլի կաշառք՝ որպես մինիմում: Եթե այդ թիվը բաժանենք դոլարի այն ժամանակվա 0,61 կուրսին, ապա կստանանք 12 մլն 131147 դոլարի՝ կաշառք, որը Ջիմ Թորոսյանը պետք է ստանար ու հասցներ քաղաքապետին, նա էլ, իր «թվերին» նայելով, այն հասցներ վերադասին՝ Երևանի քաղկոմի քարտուղարին և այդպես շարունակ՝ մինչև վերև, վերևից էլ ավելի վերև, հավանաբար մինչև Մոսկվա-Կրեմլ:
Մուրադ Մուրադյանի կազմակերպչական տաղանդը այստեղ էլ դրսևորվեց լավագույն ձևով: Ստեղծել էր պատշգամբները նախագծելու ու կառուցելու հատուկ արվեստանոց՝ քաղաքի գլխավոր ճարտարապետ, արտասահմանյան մի քանի ակադեմիաների ակադեմիկոս Ջիմ Թորոսյանի գլխավորությամբ: Դա ընդունված պրակտիկայի խախտում էր, երբ, համաձայն քաղաքացիական կամ արդյունաբերական շինարարության համար մշակված միութենական ստանդարտների, շենքերի ու շինությունների նախագծման աշխատանքները կատարում էին մասնագիտացված նախագծային ինստիտուտները, իսկ բուն շինարարության գործը տրվում էր շինարարական տրեստներին։ Երևանում գործում էին «Երևանպրոեկտ», «Պրոմպրոեկտ» և այլ նախագծային ինստիտուտներ, որտեղ աշխատել էին Ալեքսանդր Թամանյանը և մեր մյուս մեծանուն ճարտարապետները: Մեծ էր նաև մասնագիտացված շինարարական տրեստների թիվը:
Երկու գործի միավորումը մեկ կազմակերպության հարկի տակ ուներ հստակ նպատակ. լուծել ապագա կոռուպցիոն գործարքների նպատակասլացությունը, ունենալ արդյունավետ ու անփորձանք գործող կոռուպցիոն սխեմա, զգուշավորություն չցուցաբերել, վախ ու երկյուղ չկրել սկսվող պետական-հակապետական գործարքի հաջողության վերաբերյալ:
Հիշեցնեմ, որ մինչև 1970-80 թվերը կոռուպցիան համարվում էր կապիտալիստական երկրների պաշտոնատար անձանց և հասարակական գործիչներին հատուկ բացասական երևույթ։ Բրեժնևի տարիներին կոռուպցիան արդեն դուրս էր եկել կապիտալիստական բնորոշումներից ու դարձել էր ԽՍՀՄ պաշտոնական անձանց և ՍՄԿԿ կուսակցական գործիչների ստվերային գործարքներից մեկը, դրվել էր երկրում իրականացվող ներքին տնտեսական քաղաքականության հիմքում:
Ո՞րն էր, տվյալ դեպքում, հիմնական գործող անձի` ակադեմիկոս Ջիմ Թորոսյանի առաքելությունը, որն էր Երևանի պատշգամբների նախագծման ու կառուցման գործերը մեկ անձի տնօրինությանը հանձնելու բուն նպատակը: Նախ, պետք էր կարողանալ պատշգամբաշինությունից օգտվող քաղաքացիներից շորթել այդ հազարական ռուբլիները կամ մոտ 1,6-հազարական դոլարները և, միաժամանակ, ստանձնել ալեհատ պատնեշի դերը՝ թիմակիցներին հեռու պահել «Սոցիալիստական սեփականության դեմ ուղղված հանցագործությունների», «Կաշառակերության» ու «Պաշտոնական հանցագործությունների» ծանր հոդվածներով մեղադրվելու և քրեական պատասխանատվության ենթարկվելու հեռանկարից:
Հազար ռուբլին այն մինիմումն էր, որ իջեցված էր վերադասի կամ կուսակցական ղեկավարության կողմից: Ջիմ Թորոսյանը բացառիկ հնարավորություններ էր ստացել այդ գումարները կրկնապատկելու, անգամ տասնապատկելու համար, երբ բնակիչները լրացուցիչ գումարներ էին հավաքում ու խնդրում, որ, լավության կարգով, իրենց պատշգամբները մի քանի մետրով առաջ տարվեն: Քանի որ պատշգամբների նախագծման գործը գտնվում էր Ջիմ Թորոսյանի տրամադրության տակ, նա կարող էր ավելի լավ նախագծեր առաջարկել՝ կախված հավաքված գումարի չափից, նախագծման աշխատանքները կատարել հետին թվով՝ շինարարական աշխատանքները ավարտելուց հետո: Գումարներ հավաքելու համար Թորոսյանն ուներ «վստահելի» անձանցից կազմված իր թիմը, որոնք շենքից շենք էին անցնում, բնակիչների ցանկությունները ի մի բերում, ավելի ընդարձակ պատշգամբների համար գումարներ հավաքում՝ հարմար տարբերակներ առաջարկելով:
Պատշգամբաշինությունը Երևան քաղաքում այնպիսի թափ էր հավաքել, որ դարձել էր նոր անեկդոտների թեմա. «Հայերին թույլ չեն տալիս, որ Մոսկվայի հյուրանոցներում ապրեն մեկ շաբաթից ավելի, ինչու՞: Պատասխան՝ որովհետև մեկ շաբաթ հետո նրանք սկսում են իրենց համարներին կից պատշգամբներ կառուցել»:
Պատշգամբաշինության գործը «վառվելու» մեծ վտանգ էր պարունակում, որովհետև կաշառք տվողների ու լրացուցիչ գումարներ հավաքելու գործը մասսայական բնույթ էր կրում, 7400 պատշգամբ և կաշառակերության նույնքան հնարավոր դեպք, շատ քաղաքացիներ էին տեսնում ու լսում, թե քաղաքում ինչ «գործեր» են արվում: Բոլորը չէ, որ համաձայնում էին Թորոսյանի խաղի կանոններին, շատ էին բողոքավորները, ովքեր դժգոհում էին, որ իրենց պատշգամբները թերի են կառուցվել, չեն կատարվել ներքին հարդարման այն աշխատանքները, որոնք առկա են շինարարության նախահաշիվներում, միայն ավարտել են բետոնային աշխատանքներն ու հեռացել: Արդ տարիներին մամուլը հեղեղված էր աշխատավորների նմանատիպ քննադատական ելույթներով, հրապարակումներից տեղեկանում ենք, թե ինչպես էին դուրս գրվում այդ հազարական ռուբլիները: Անցյալ դարի 80-ական թվերին մեկ տարվա ընթացքում 12 միլիոն դոլարի կաշառք հավաքելը կարող էր կոռուպցիայի բնագավառում միութենական մակարդակի հաջողված ցուցանիշ համարվել, որը վերաբերում էր ընդամենը Երևան քաղաքի կենտրոնական հատվածի պատշգամբաշինության ոլորտին: Ի՞նչ էր նշանակում 12 միլիոն դոլարի կաշառքը այդ տարիներին, եթե 10 հազար ռուբլի (մոտ 16 հազար դոլար) գումարած մեկ կոպեկից հետո Հայկական ՍՍՀ քրեական օրենսգիրքը պրիմ հոդվածով գնդակահարություն էր նախատեսում՝ յուրացման կամ կաշառակերության համար: Հաջորդ պետական ծրագիրը, կաշառակերության, յուրացումների ու չարաշահումների տեսակետից, ավելի բեղմնավոր էր լինելու, վերաբերելու էր կենտրոնի բնակարանների փայտե ծածկերը երկաթբետոնե շինություններով փոխարինելուն, որն այդպես էլ չձեռնարկվեց. Մոսկվան չէր համաձայնել: Սա կարող է համարվել միայն հավաքված կաշառքի մինիմումը: Բնակիչներից ավելի մեծ գումարներ էին հավաքվում, երբ ավելի ընդարձակ պատշգամբներ էին կառուցվում:
Երևանում այսօր էլ կարելի է հանդիպել 80-ական թվերին կառուցված պատշգամբների, որոնց նախագծային չափերը «երկարաձգվել» են 2-5 անգամ: Իհարկե, բնակարանային համատարած սղության պայմաններում մարդիկ պատրաստ էին ցանկացած գին վճարելու իրենց բնակմակերեսները կառուցվող պատշգամբների հաշվին ընդարձակելու համար, այն էլ քաղաքի կենտրոնում, բայց դրանք պետք է արվեին ոչ թե խարդախ, գողաբարո ձևերով, կաշառքով ու յուրացումների միջոցով, այլ լրիվ օրինական ճանապարհով՝ պետական վճարումների ձևով: Այս դեպքում քաղաքի բյուջեն հսկայական հավելյալ մուտքեր կունենար, որովհետև մարդիկ պատրաստ էին տասնապատիկ ավելի գումարներ վճարելու իրենց բնակմակերեսները պատշգամբների հաշվին ընդարձակելու համար, բայց դա չէր մտնում «պատշգամբային» բիզնեսի կազմակերպիչ պետական ու կուսակցական այրերի հաշվարկների մեջ, որոնք աշխատում էին միայն իրենց գրպանի համար, քաղաքային բյուջեի մասին մտածելու ժամանակ ու ցանկություն չկար:
Հատկանշական է, որ Երևանի կուսակցական ղեկավարությունը իր ուշադրության կենտրոնում է պահել պատշգամբաշինության գործը՝ քաղաքային պլենումների ժամանակ այն դարձնելով քննարկման կարևոր թեմա, դա պարտադիր օրակարգային հարց էր: Իսկապես, թերթերի հրապարակումներից իմանում ենք, որ Երևանի քաղկոմի պլենումը հերթական անգամ քննարկեց Երևան քաղաքի կենտրոնի պատշգամբների վերանորոգման խնդիրները, ինչու՞: Մի՞թե դա բխում էր աշխատավորների հոգսերի նկատմամբ հարազատ կոմունիստական կուսակցության ծայրագույն հետաքրքրությունից ու հոգատարությունից։ Ոչ, իհարկե ոչ:
Քաղաքի կուսակցական իշխանությունները տեղյակ էին, գիտեին, որ ամեն տարի 12 միլիոն դոլարի և բազմապատիկ ավելի կաշառք է հավաքվում և պետք էր քաղաքապետին, քաղաքի գլխավոր ճարտարապետին և այլոց հասցնել ու հասկացնել, թե ով է Երևան քաղաքի տերն ու տիրականը, ում առաջ է պետք հաշվետու լինել ու ժամանակին բերել հավաքված գումարները: Սա բխում էր ԽՍՀՄ-ում արդեն ձևավորված ներքին կարգ ու կանոնից: Բազմաթիվ մասշտաբային ծրագրերի գաղափարական հիմքում դրված էր խոշոր յուրացումներ կատարելու, նաև կաշառքով մեծ գումարներ վաստակելու գործը:
Այդ ավանդույթը շարունակվում է նաև մեր օրերում, պետության շահերից չբխող բոլոր կասկածելի գործերը, զարմանալի օրինաչափությամբ, դրված են մեր ներկա իշխանությունների կողմից իրականացվող աշխատանքային գործառույթների հիմքում: Երևանի քաղաքապետարանը, օրինակ, սրբորեն օգտվում է կաշառքներ հավաքելու գործում խորհրդային երկրի պաշտոնյաների մշակած սխեմաներից ու ձեռք բերած փորձից:
ԽՍՀՄ փլուզումից հետո տեղի ունեցած իրադարձությունները, տնտեսությունների քայքայումը, արդյունաբերական կապիտալի ոչնչացումը և այլն ունեն բազմաթիվ ընդհանրություններ, որոնք բխում են երկրի գործերի հանդեպ ոչ պետական մոտեցումից ու ոչ պետական մտածողությունից: ժամանակին Երևանի քաղաքային իշխանությունները նախաձեռնել էին «Կենտրոնի» թամանյանական շենքերի կապիտալ նորոգման գործընթացը՝ փայտե, հիմնականում փտած պատշգամբները երկաթբետոնե շինություններով փոխարինելու միջոցով: Եթե այս խնդիրը լուծվեր քաղաքացիների միջոցով, ապա հնարավոր կլիներ տասնապատիկ շատ գումարներ հավաքել և կառուցել ավելի ընդարձակ շինություններ՝ մասամբ լուծելով նաև բնակմակերեսների ընդարձակման խնդիրները:
Խնդրեմ ևս մեկ օրինակ՝ Նիկոլի թվից (պետք չէ շփոթել Ռուսաստանի Նիկոլ թագավորի կամ Նիկոլայ Երկրորդ ցարի հետ): Հակառակ Փաշինյանի խոստումներին ու հավաստիացումներին, կոռուպցիան մեր երկրում ամենևին էլ արմատախիլ չի արվել: Այս հարցը ինձ պարզ դարձավ, երբ նկատեցի, որ մեր քաղաքում շարունակվում է պատշգամբաշինության ու «խանութային» դռների ընդարձակման անչափ շահութաբեր գործը՝ հակառակ քաղաքապետ Մարությանի ու քաղաքի գլխավոր ճարտարապետի հավաստիացումներին, թե մեր քաղաքում դրանք այլևս բացառված են լինելու, նույնիսկ ապօրինի շինություններն են քանդվելու: Օրինականություններին կարոտ ու երազող մեր հպարտ քաղաքացիները կարող էին ականատես լինել, թե ինչպես էին Երևանի կենտրոնում, օրը ցերեկով, քանդում բազմաբնակարան շենքի կրող պատերը՝ սեյսմակայունության իջեցման ու բնակիչների անվտանգության հաշվին: Ինձ հաջողվեց այդպիսի մի նոր օբեկտ հայտնաբերել Մոսկովյան փողոցում՝ Բայրոնի փողոցի հարևանությամբ: Քանի որ այդ ընդարձակված դուռը գտնվում է Բայրոնի փողոցի հարևանությամբ, ապա ես կփորձեմ այն ներկայացնել Բայրոնի հայտնի բանաստեղության բառերով ու մի ձոն հղել կոռուպցիայի դեմ պայքարող Փաշինյան-Մարության դուետին. «կաշառակերությունը մեր քաղաքում, նոր կյանք առած, ծաղկում է՝ ինչպես առաջ»: ՈՒղղակի կաշառքի գներն են փոխվել: Փաշինյանին նորանոր հաջողություններ եմ մաղթում՝ կոռուպցիան արմատախիլ անելու ու այն նոր բարձունքների հասցնելու իր նախաձեռնություններում: Արդյունքները, ամեն դեպքում, կլինեն գոհացուցիչ ու խիստ եկամտաբեր, որովհետև այնտեղ հաշվարկներն արվում են միայն դոլարներով:
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ