Կիսահաղորդչային սարքերի արտադրություններում մշտապես առկա են եղել երկու հիմնական տեխնոլոգիական խնդիրներ, որոնք կապված են բյուրեղների ծավալային և մակերևութային պարամետրերի ճշգրիտ վերարտադրման հետ՝ սարքերի տեխնիկական բնութագրերի կրկնելիությունը ապահովելու համար:
Բրեժնևի իշխանության վերջին տարիներին էլեկտրոնիկայում շրջադարձային փոփոխություններ տեղի ունեցան։ Դրանք պետք է գիտակցվեին, գնահատվեին, համարժեք քայլերով ստեղծված դրությունից դուրս գալու փրկության ելքեր գտնեին։ Բայց ոչինչ չարվեց, որովհետև դրան պատրաստ չէին ոչ ԽՍՀՄ կառավարությունը, ոչ կոմունիստական կուսակցությունն իր անդամների 20-միլիոնանոց բանակով, ոչ էլ անգամ «դորոգոյ» Լեոնիդ Իլյիչը:
Էլեկտրոնային տեխնիկայի մեջ լայն կիրառություն ստացան պինդմարմնային ինտեգրալ սխեմաները (ինտեգրալային էլեկտրոնիկա), ինչը բերեց կիսահաղորդչային դիսկրետ սարքերի կիրառության կտրուկ սահմանափակումների: Ինտեգրացիայի աստիճանի տեմպային բարձրացման պայմաններում պետք էր լուծել գիտական, տեխնիկական ու տեխնոլոգիական բնույթի բազմաթիվ նոր ու ծախսատար խնդիրներ. ինտեգրալ սխեմաների նախագծման համար անհրաժեշտ տեխնիկայի ու տեխնոլոգիաների ստեղծում, կիսահաղորդչային բյուրեղներում նանոչափերի հասնող տոպոլոգիական էլեմենտների ձևավորման նոր տեխնոլոգիաների ստեղծում, փորձարկումների կազմակերպում ու հուսալիության ապահովում, տեխնոլոգիական չափումների կազմակերպում, բացառիկ մաքրության սիլիցիումային թիթեղների ստացման նոր տեխնոլոգիաների ներդրում և այլն: Մի խոսքով, պետք էր ամեն ինչ սկսել նորովի՝ ձեռքի տակ ունենալով ընդամենը կիսահաղորդչային ֆիզիկայի վերաբերյալ տեսական գիտելիքներ ու փորձնական տվյալներ, նաև Ճապոնիայից բերված անհասկանալի մեծ ինտեգրալ սխեմաներ, որոնք կարելի էր միայն տեսնել ու շոշափել և ոչինչ ավելի: Կիսահաղորդչային արդյունաբերությունը թևակոխել էր զարգացման հերթական փուլ, որին պետք էր համարժեք արձագանք. այդ բնագավառում արդեն չէին կարող աշխատել տոպոլոգիական էլեմենտների ձևավորման հնացած տրաֆարետային ձևերն ու անգամ ֆոտոլիտոգրաֆիայի տեխնոլոգիաները: Պետք էր ստեղծել բոլորովին նոր տեխնիկա ու տեխնոլոգիաներ աննախադեպ փոքր չափեր ունեցող էլեմենտները սիլիցիումային բյուրեղների մեջ ստանալու համար: Առաջին հերթին պետք էր անցում կատարել դեպի էլեկտրոնային ու ռենտգենյան լիտոգրաֆիա, որովհետև կիսահաղորդչային ստրուկտուրաների տոպոլոգիական չափերը փոքրացնելու համար անհրաժեշտ էր աշխատել ավելի կարճ ալիքներով, ինչը չէր հաջողվի դժվարությամբ ստեղծված ու ամենուր կիրառվող օպտիկական տեխնոլոգիաների պարագայում: Ասել է՝ պետք էր հրաժարվել ֆոտոլիտոգրաֆիայից ու անցում կատարել դեպի ռենտգենյան և էլեկտրոնային լիտոգրաֆիա, այլ ճանապարհ չկար, քանի որ նանոչափերի հասնող էլեմենտների ստացման ճանապարհին կան հայտնի ֆիզիկական սահմանափակումները՝ պայմանավորված լիտոգրաֆիայի կամ տոպոլոգիական նկարների ձևավորման համար օգտագործվող էլեկտրամագնիսական ճառագայթների ալիքի երկարությամբ, l/2 չափով: Արդեն Գորբաչովի տարիներին ճապոնացիները հաջողությամբ լուծել էին այդ խնդիրներն ու հատել ինտեգրալ սխեմաների տոպոլոգիական չափերի ցուցանիշը 20 նանոմետրի սահմանում՝ օգտագործելով համաշխարհային ճանաչում ստացած Hitachi, Toshiba, JEOL ֆիրմաների ստեղծած նոր տեխնիկան ու տեխնոլոգիաները: 2010 թվին ճապոնացիներին հաջողվել էր արտադրել ու վաճառքի հանել կիսահաղորդչային բյուրեղի մակերեսին մինչև 1,7 նանոմետրանոց տոպոլոգիական գծեր ստեղծող տեխնիկան՝ էլեկտրոնային լիտոգրաֆիայի մեթոդների կիրառմամբ, սա արդեն ֆանտաստիկայի ժանրից է:
1,7 նանոմետրը հավասար է 17 անգստրեմի, ինչը մոտենում է միջատոմային հեռավորությանը՝ 4-5 անգստրեմի սահմաններում: Կարո՞ղ էր արդյոք Խորհրդային Միությունը միանալ ու մաս կազմել տեխնոլոգիական այդ շքերթին։ Ո՛չ, չէր կարող։ Ոչ մի պարագայում չէր կարող: Խնդիրը ոչ միայն կոմունիստական դանդաղկոտության ու դոգմատիկ մտածողության մեջ էր, այլև… Այստեղ ավելի կարևոր էր ազգային միասնական մտածողության ու կոլեկտիվիզմի դաշինքը։ Ինչը չկար ու չէր էլ կարող լինել բազմազգ Խորհրդային Միությունում այն թվերին, երբ առաջ էին մղված գողության ու կաշառակերության, սաբոտաժի ու դիվերսիոն գործողությունների թեմաները:
Դիսկրետ էլեկտրոնիկայից ինտեգրալ էլեկտրոնիկայի անցումը Ճապոնացիները հաջողությամբ իրականացրին, որովհետև այդ ժողովրդի մոտ հնարավոր էր մեկ խնդրի շուրջ հավաքագրել հազարավոր նվիրյալ մասնագետների, որոնք պատրաստ էին աշխատելու հանուն Ճապոնիայի բարգավաճման:
Հարկ է նշել, որ հետխորհրդային երկրներում միկրոէլեկտրոնիկայի բնագավառում լավագույն ցուցանիշներն ունեցող Մինսկի «Ինտեգրալ» ԳԱՄ-ը 2018 թվականին կարողացել է ստանալ 350 նանոմետրանոց տոպոլոգիական գծեր՝ 17,5 անգամ ավելի, քան ճապոնացիների մոտ դա ստացվում էր 30 տարի առաջ։ Ավելի քան 300 անգամ մեծ էր նաև ճապոնական սխեմաների ինտեգրացիայի աստիճանը։ Դա նանոէլեկտրոնիկան է։ Մինսկը դեռևս աշխատում է միկրոէլեկտրոնիկայի տիրույթում: Ռուսաստանի ռազմական տեխնիկայում օգտագործվող կիսահաղորդչային սարքերի ու ինտեգրալ սխեմաների հիմնական արտադրողը մնացել է Մինսկի «Ինտեգրալը»: Ռուսաստանի ռազմական դոկտրինան արգելում է «օտար» էլեկտրոնային սարքերի օգտագործումը ռազմական արդյունաբերության մեջ: Այդօրինակ սահմանափակումները չեն տարածվում Մինսկի «Ինտեգրալի» վրա, որը մտել է «սեփական արտադրողների» ցանկի մեջ Ռուսաստանի արդյունաբերության անճարության պատճառով՝ ձևականորեն այն հիմնավորելով Ռուսաստան-Բելառուս ընդհանուր միություն ունենալու փաստով:
Եթե մի քիչ շեղվենք էլեկտրոնային արդյունաբերության թեմայից, ապա կհայտնվենք աշխարհաքաղաքական մի հետաքրքիր հորձանուտում, կտեսնենք ու կհասկանանք Ռուսաստան-Ճապոնիա խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունների կարևորությունն ու շահագրգռությունը Ռուսաստանի կողմից: Իմ կարծիքով Ռուսաստանը պատրաստ է Ճապոնիային վերադարձնելու Կուրիլյան կղզիներից երկուսը՝ հեռանկարում տեսնելով սեփական էլեկտրոնային արդյունաբերության համար Ճապոնական տեխնիկա ու բարձր տեխնոլոգիաներ ստանալու հնարավորությունը, մյուս երկու կղզիները տալ չեն կարող, որովհետև դրանց արանքով են ելումուտ անում Օխոտյան ծովում գտնվող ռուսական ռազմածովային նավատորմի ռազմանավերն ու սուզանավերը:
Համոզված եմ՝ Ամերիկան մշտապես դեմ է լինելու Ռուսաստանի կողմից նույնիսկ չորս կղզիների զիջմանը Ճապոնիային, որովհետև դա կանաչ ճանապարհ կտա Ճապոնիա-Ռուսաստան գիտական ու տեխնոլոգիական լայն համագործակցությանը, որի արդյունքում ճապոնական նանոտեխնոլոգիաները և նույն բարձր տեխնոլոգիաները կհայտնվեն Ռուսաստանում, իսկ Ճապոնիան լայնորեն կօգտվի ռուսական բնական ռեսուրսներից: Հիշենք՝ չնայած առկա սահմանափակումներին, ԽՍՀՄ-ը միշտ էլ կարողացել և ստացել է ճապոնական արտադրության ժամանակակից տեխնիկա:
Մերգելյանի ինստիտուտում, օրինակ, կար JEOL ֆիրմայի JEOL-7 տիպի մեկ էլեկտրոնային միկրոսկոպ: ԽՍՀՄ-ում արտադրվող էլեկտրոնային միկրոսկոպները մի քանի կարգով զիջում էին ճապոնականներին: Հայաստանում հիմնականում օգտագործվում էին Վիբորգի արտադրության ՌԷՄ-200 էլեկտրոնային միկրոսկոպները, որոնցով լավ արդյունքների հասնել հնարավոր չէր: Ճապոնական ու խորհրդային էլեկտրոնային միկրոսկոպները արդեն չկան. պարսիկները դրանք տարել են մեծ գին վճարելով:
Ճապոնական և գերմանական արտադրության գիտական ու տեխնոլոգիական սարքավորումները Հայաստանից դուրս բերվեցին ԼՏՊ-ի օրոք և նրա հարազատ եղբոր՝ Թելման Տեր-Պետրոսյանի թեթև ձեռքով: 1990 թվին Աբովյանի «Սիրիուս» գործարանի համար ձեռք էր բերվել Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության Carl Zeiss Jena գործարանի արտադրության չորս եզակի ֆոտոշտամպ՝ միկրոսխեմաների արտադրամասում ֆոտոլիտոգրաֆիայի գործը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Դրանք այդպես էլ չմոնտաժվեցին ու չաշխատեցին, այլևս Հայաստանում չեն (հիշեցնեմ, որ Carl Zeiss Jena-ն համարվում էր օպտիկական տեխնոլոգիական սարքավորումների գծով համաշխարհային լիդերը, որը ժամանակին ծառայել էր խորհրդային էլեկտրոնային արդյունաբերությանը՝ СЭВ-ի ծրագրերի շրջանակներում):
Ի՞նչ ասես, ո՞ր մեկն ասես ու առանց ափսոսանքի չհիշես անցյալը։ ՈՒղղակի քանդեցին-հոշոտեցին մեր գիտատար արդյունաբերությունը, վերացրին տարիներով ստեղծված գիտատեխնիկական բազան ու Հայաստանի տեխնոլոգիական պոտենցիալը՝ ստացած գումարները յուրացնելով ու ծախսելով տարբեր կերուխումային միջոցառումների վրա: Հելիոֆիկացիայի ծրագրի մեջ այս ամենը հաշվի է առնված, հաշտվել ենք այն մտքի հետ, որ վաղուց արդեն ոչինչ չունենք ու պետք է սկսել զրոյից՝ օգտագործելով Հայաստանում մնացած տեխնիկան, որ չի տարհանվել հնության կամ անպիտանության պատճառով։ Բայց դա անգամ չկա, չի աշխատում: Հելիոտեխնիկական սարքերի արտադրության կամ հելիոարդյունաբերության համար ստիպված ենք նոր էջ բացել, ամեն ինչ սկսել զրոյից, նախագծել ու արտադրել տեխնոլոգիական սեփական սարքեր ու սարքավորումներ՝ հրաժարվելով ունիվերսալ հաստոցներից, այլ տեխնիկայից ու տեխնոլոգիաներից։ Այս նոր ճակատում են ձևավորվելու մեր մրցակցային առավելությունները. Հայաստանում կստեղծենք այնպիսի տեխնիկա ու տեխնոլոգիաներ, որոնք մրցակից երկրներում չկան ու դեռ երկար ժամանակ չեն լինելու, հուսով եմ, դա կլինի հայկական և համահայկական արդյունաբերություն կազմակերպելու ու հաջողությունների հասնելու մեր լավագույն հնարավորությունը:
Երբ այս հիշողությունների ֆոնին լսում եմ Նիկոլ Փաշինյանի ու նրա նախարարների մանկամիտ ելույթները՝ արդյունաբերությանը վերաբերող թեմաներով, մտածում եմ՝ ինչու՞ են նրանք շարունակում ջուր ծեծել, քամի անել ու մեր հասարակությանը թյուրիմացությունների մեջ գցել։ Մի՞թե այդ մարդիկ կամ, իրենց տերմինաբանությամբ, քաղաքական գործիչները ուրիշ անելիք չունեն, խոսում են ու խոսում, իրենց ուղեղին անհասկանալի բաների մասին դատողություններ անում։ Իսկ ժամանակները փոխվել են, ԽՍՀՄ փլուզումից ու նիկոլական հեղափոխությունից բացի աշխարհում շատ բան է փոխվել, բազմաթիվ տեխնոլոգիական հեղափոխություններ են կատարվել, 30 տարում համաշխարհային նոր տեխնոլոգիական լիդերներ են առաջացել, ժամանակակից տնտեսություն ու արդյունաբերություն կազմակերպելու համար պետք է հեռվից, շատ հեռվից գալ, նոր, աշխարհում դեռևս չտեսնված ու չլսված տեխնիկա ու տեխնոլոգիաներ ստեղծել, այլ ճանապարհ չկա, այլևս ժամանակ չունենք:
Ճապոնացիները, հարավկորեացիները և այլք գտան կիսահաղորդչային բյուրեղի մակերևութային լիցքերը «կապելու» և ինվերսիոն շերտերի բացասական հետևանքները շրջանցելու սեփական տեխնոլոգիաները, մեզ մոտ դա չստացվեց ու չէր էլ կարող ստացվել տարբեր պատճառներով: Նախ, արտասահմանյան ընկերություններում մշակված «ֆիրմայական» լուծումները հնարավոր չէր «թխել», որովհետև դրանք ստեղծվում էին արտադրող գործարաններում ու պահվում յոթ կողպեքի տակ՝ որպես «նոու հաուներ», որպես տեխնոլոգիական գերագույն գաղտնիքներ, չէին հրապարակվում ու պատենտավորվում: Պետությունների կողմից տեխնոլոգիական գաղտնիքների պահպանման գործը շատ կարևոր է, այն հազարամյակների պատմություն ունի. բրոնզի, երկաթի, վառոդի, մետաքսի, թղթի, ճենապակու, ատոմային ռումբի, հեռախոսի և շրջադարձային նշանակություն ունեցող մյուս բոլոր գյուտերի պահպանումը եղել է պետությունների գերխնդիրը: Բայց ամեն դեպքում դրանք տարբեր ձևերով, լրտեսական ճանապարհներով կամ դավաճանությամբ դուրս են բերվել ու տարածվել աշխարհով մեկ: ՈՒսանելի է հայելու գյուտի պատմությունը: Հնէաբանները պարզել են, որ առաջին հայելին գտնվել է Թուրքիայի տարածքում, դա ինչ-ինչ տեխնոլոգիաներով ողորկված օբսիդիանի մի կտոր է եղել: Հնէաբաններին պետք է հիշեցնել, որ «Թուրքիայի տարածքը» առաջացել է առաջին հայելին ստեղծողների երկրից 7 հազար տարի հետո ու, ամենակարևորը, այն կարող էր ունենալ միայն ու միայն հայկական ծագում, որովհետև օբսիդիանը Հայկական լեռնաշխարհում տարածված նյութերից է, որը մշակվել ու մշակվում է մինչ օրս՝ հայ վարպետների ձեռքով:
«Վերնիսաժում» կարելի է տեսնել հայկական տեխնոլոգիաներով մշակված հիանալի հուշանվերներ, որոնք պատրաստվում են օբսիդիանից: Ի միջի այլոց, մեր անկախության տարիներին այդ տեխնոլոգիաները զարգացել ու հասել են կատարելության բարձրագույն աստիճանի, օբսիդիանից հայելիներ այնտեղ չկան։ Եվ իզուր։ Արտասահմանյան զբոսաշրջիկներին հետաքրքիր կլիներ նման հայելիներ ունենալ ու իմանալ դրանց հայկական ծագման պատմությունը, դրա մասին պատմել իրենց երկրներում:
Ժամանակակից հայելու գյուտը վերագրվում է ֆրանսիացի Ջոն Պեկամին, ում հաջողվեց ապակու մակերևույթը ծածկել կապարի բարակ շերտով և ստանալ լույսի ավելի լավ անդրադարձում, քան դա ստացվում էր օբսիդիանից, բրոնզից, կապարից կամ անագից պատրաստված հայելիների մոտ: Նման հայելիների առաջին արտադրողները դարձան վենետիկցիները: 1835 թվականին գերմանացի պրոֆեսոր Յուստուս ֆոն Լիբիխին հաջողվեց կապարը փոխարինել արծաթի բարակ շերտով: Հերունու արևային էլեկտրակայանի հայելիները պատված են արծաթե անդրադարձնող թաղանթով: Մեր DVH տիպի կոմբինացված արևային համակարգերում օգտագործվում են ալյումինային հայելիներ, որոնք ունեն օրիգինալ ու առայժմ հրապարակման ոչ ենթակա կոնստրուկցիաներ ու պատրաստման յուրահատուկ տեխնոլոգիաներ: Այսօր աշխարհում արտադրվում են կրող և անդրադարձնող տարբեր նյութերից պատրաստված անթիվ-անհամար տեսակի հայելիներ, այստեղ տեխնոլոգիական առանձնակի գաղտնիքներ կարծես թե չեն մնացել, բայց հայելու շուրջ Վենետիկում այլ իրադրություն էր ստեղծվել: Դոժերի Հանրապետությունում (դոժը Վենետիկյան Հանրապետության ղեկավարի տիտղոսն է, դոժերը ունեին սահմանափակ իշխանություն, ինչով և, իմ կարծիքով, պայմանավորված է եղել նոր տեխնոլոգիաների բարգավաճումն ու եկամտաբեր բիզնեսների կազմակերպումը երկրի ներսում՝ 1100 տարի շարունակ-Վ.Հ.) 1407 թվին վենետիկցի Դանզիլո դել Գալլո եղբայրները ֆլամանդցիներից գնեցին հայելու պատրաստման արտոնագիրը և խստագույն միջոցներ ձեռնարկեցին այդ տեխնոլոգիաները երկրից դուրս չտանելու համար: 1454 թվին Վենետիկյան Հանրապետությունում հատուկ հրաման արձակվեց, որով հայելագործներին արգելվում էր լքել երկրի տարածքը իսկ նրանց, ովքեր արդեն հեռացել էին երկրից, ստիպում էին վերադառնալ՝ հարազատների նկատմամբ խիստ պատիժ կիրառելու պարտադրանքով, հրամանին չենթարկվողների հետևից մարդասպաններ էին ուղարկում: Արդյունքում հաջողվեց երեք դար շարունակ պահպանել հայելիներ պատրաստելու տեխնոլոգիական գաղտնիքները և դրանց ֆանտաստիկ բարձր գները: Այդ տարիներին հայելի ունենալը հասու էր միայն մեծահարուստներին, մի ողջ կարողություն էր համարվում: Ժամանակակից աշխարհում նոր տեխնոլոգիաները սեփական երկրներում պահելու հարցում շատ բան չի փոխվել, գիտության ու տեխնոլոգիական ձեռքբերումները տարբեր միջոցներով ու օրենսդրական ակտերով դառնում են պետությունների ու հեղինակների սեփականությունը, հաստատվում են հեղինակային իրավունքի վկայականներով ու պատենտներով: Բայց դա չի խանգարում, որ նորաստեղծ տեխնոլոգիաները դուրս գան ստեղծող երկրներից ու հայտնվեն Չինաստանում, Թուրքիայում և «արտագրող» այլ երկրներում:
ԽՍՀՄ-ում կարգ էր հաստատված, որ էլեկտրոնային արդյունաբերության նոր տեխնոլոգիաներին վերաբերող գյուտերը պետք է ձևակերպվեին «Գաղտնի» գրիֆի տակ: Իմ գյուտերից շատերը, իմ կամքին հակառակ, ստացել են հեղինակային իրավունքի վկայականներ, որտեղ նշված են միայն հեղինակների անունները և ոչ մի բառ բուն գյուտերի վերաբերյալ: Այդօրինակ խստությունները լուրջ դժվարություններ էին ստեղծում գյուտերի հեղինակների համար հատկապես ներդրումների ժամանակ՝ փաստորեն սահմանափակելով դրանց կիրառությունը սեփական երկրում: Էլեկտրոնիկային վերաբերող արտասահմանյան գյուտերը ԽՍՀՄ էին բերվում հիմնականում ԿԳԲ-ի կանալներով (промышленный шпионаж): Պատենտներ կամ լիցենզիաներ գնելը, իրավական դաշտում գործելը խորթ էին կոմունիստական գաղափարախոսությանը գերի մնացած երկրի իշխանավորների համար: Պատենտներ գնելը հազվագյուտ երևույթ էր դարձել, ինչը չէր արվում երկու պատճառով.
ա) պատենտ գնելը թանկ հաճույք էր, ավելի էժան էր ստացվում, երբ դրանք ձեռք էին բերվում լրտեսական կանալներով, փաստորեն գողությամբ,
բ) գնված պատենտները առանձնակի արժեք չէին կարող ունենալ, որովհետև դրանց միջոցով հնարավոր չէր վերծանել նոր տեխնոլոգիաների նրբություններն ու արդյունք ստանալ:
Կար ժամանակ, երբ մեր էլեկտրոնային արդյունաբերության մեջ «թխելու» գործը հաջողությամբ էր ստացվում, երբ ընդօրինակվում էին դիսկրետ կիսահաղորդչային սարքերի կոնստրուկտիվ լուծումները: Ինտեգրալ սխեմաների զարգացումը կտրեց կոնստրուկտիվ և տեխնոլոգիական լուծումները «թխելու» ճանապարհը: Արդեն Բրեժնևի տարիներին անհրաժեշտություն էր առաջացել, որ էլեկտրոնային արդյունաբերության համար պետք էր գտնել կիսահաղորդչային սարքերի նախագծման ու արտադրության կոնստրուկտիվ և տեխնոլոգիական սեփական լուծումները։ Դրանք չեղան, չարվեցին, որովհետև արդեն ուշ էր։ Խորհրդային Միությունը հասել էր տնտեսական կոլապսի, երբ օրակարգ էր մտել բնակչությանը առաջին անհրաժեշտության առարկաներով, կարագով, մսով ու անգամ հացով ապահովելու խնդիրը: ԽՍՀՄ բոլոր քաղաքներում, հետագայում նաև Մոսկվայում ու Լենինգրադում լուրջ խնդիրներ էին առաջացել, առևտուրը կատարվում էր սահմանափակումներով, կտրոններով ու հալումաշ անող հերթերով: Նման պայմաններում ԽՍՀՄ-ը չէր կարող, նախկինի պես, անսահմանափակ միջոցներ տրամադրել Էլեկտրոնային արդյունաբերությանը՝ բեկում մտցնելով ընդհանուր տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտի զարգացման գործում: Մի այսպիսի պատմություն:
1980 թվին տ.գ.թ., իր գյուտերով ԽՍՀՄ-ում հայտնի գյուտարար Ռուբեն Մարտիրոսյանի հետ գնացել էինք Նովոսիբիրսկ, տեղի «Վոստոկ» ԳԱՄ-ի գլխավոր տնօրեն Յուրի Շելյուխինի հրավերով, դա «Պոզիստոր» ԳԱՄ-ից պատասխան այց էր, որը հետևեց Շելյուխինի պատվիրակության կողմից Աբովյան կատարած այցին: Նովոսիբիրսկ պետք է գնար միավորման գլխավոր տնօրեն Էդիկ Պետրոսյանը, բայց այդ առաքելությունը նա թողեց մեզ, որ մենք գնանք ու տեսնենք, թե Նովոսիբիրսկում ինչ կա-չկա, ինչը կարող ենք վերցնել ու ընդօրինակել: Ընդօրինակելու, ուրիշների տեխնոլոգիաները հասկանալու ու Հայաստան բերելու գործը Պետրոսյանը միայն մեզ էր վստահում, սա յուրահատուկ լրացուցիչ պարտականություն էր, որը օգտակար էր նաև մեր գյուտերը տարածելու համար: Եղանք «Վոստոկ» ԳԱՄ-ի արտադրամասերում, ծանոթացանք միկրոսխեմաների ու ռազմական նշանակության սենսորների արտադրություններին, Աբովյանի մակարդակին էին, առանձնակի տեխնոլոգիական նորություններ չունեին, բոլորս գտնվում էինք տեխնոլոգիական նույն մակարդակի վրա և դա ԽՍՀՄ-ում աշխատանքների կազմակերպման գլխավոր թերություններից էր, երբ ամեն ինչ ստանդարտացվում և ունիֆիկացիայի էր ենթարկվում՝ փաստորեն արգելելով ու արգելափակելով նոր, ֆիրմային տեխնոլոգիաների մշակումն ու կիրառությունը: Նոր տեխնոլոգիաների ստեղծման գործը ԽՍՀՄ-ում դրված էր Գորկի քաղաքի «НИИ технологии и организации производства» կամ «НИИТОП» միավորման վրա։ Ի՞նչ կարող էր անել արտադրությունից կտրված այդ ինստիտուտը, երբ կիսահաղորդչային էլեկտրոնիկայում տեխնոլոգիաները աճում էին օրերով ու ժամերով, իսկ մեզ մոտ գործում էին գիտության պլանավորման ու աշխատանքների կազմակերպման խորհրդային հին, իրենց դարն ապրած ձևերը։ Պետք էր մտնել նոր տեխնոլոգիաների ստեղծման դինամիկ պրոցեսների մեջ, փորձել մրցակից երկրներից առաջ անցնել, բայց դա չէր խրախուսվում, չէր արվում, որովհետև կոմունիստական գաղափարախոսությունն այսպես էր թելադրում. «тихо едешь, дальше будешь»:
Հայաստանից եկած հյուրերիս համար Շելյուխինը լավ ընդունելություն էր կազմակերպել, ցանկանում էր արժանի պատասխան տալ Պետրոսյանի կազմակերպած փառավոր ընդունելությանը: Նովոսիբիրսկյան այցից երկու ուշագրավ բան մնաց իմ հիշողության մեջ: Մեկն այսպիսին էր. միավորման փոխտնօրենը մեզ տարավ իր ամառանոցը: Գեղեցիկ անտառում մի փոքրիկ տնակ էր դա, դիմացը ելակի մարգեր։ Տանտերն առաջարկեց փորձել ու գնահատել իր մշակած ելակի համը։ Ես հաճույքով ընդունեցի առաջարկն ու մարգի երկարությամբ սկսեցի առաջ շարժվել: Քիչ անց ինձ խնդրեցին, որ հետ դառնամ, որովհետև մտել էի հարևանի տարածք: Զարմանալին այն էր, որ հարևանների հողակտորները, անգամ մարգերը, միացած էին իրար ու իրարից բաժանող ոչ մի նշան չկար, սահմանները բաժանող մի թել անգամ չկար: Հայաստանում այդպես չէ, գյուղերի ու ամառանոցների հողակտորները մեզ մոտ առանձնացվում են բաժանարար հզոր պատերով, հիմնականում քարից, որ իրարից բան-ման չգողանան: Երկրորդ անսովոր բանն այն էր, որ Նովոսիբիրսկի ռեստորաններում ու սննդի օբեկտներում 1970 թվից սկսած արգելված էր խորոված կամ բնական մսից պատրաստված այլ ուտեստ մատուցելը, միայն կոտլետ, պելմեններ կամ աղացած մսից պատրաստված այլ ուտեստներ: Մեզ տարան Օբ գետի ափին կառուցված հանգստատան ռեստորանը:
-Ձեր հնարավորությունները մենք չունենք, մինչև կյանքիս վերջը չեմ մոռանա հայկական խաշի ու խորովածի համը, մենք ձեզ այսօր կոտլետ ենք հյուրասիրելու,- և, ասես մեղանչելով, ավելացրեց,- առաջարկում եմ օգտվել մեր մատուցողուհիների ծառայություններից, ընտրեք ով որին ցանկանա, մեկը 18 տարեկան է, մյուսը՝ 21:
Կոտլետը կերանք, բայց սիբիրցի արտակարգ գեղեցիկ աղջիկների ծառայություններից հրաժարվեցինք։ Դա հարիր չէր մեզ նման հյուրերի համար, տեղին չէր լինի:
Հետագայում Ռուբենը հիշում ու ափսոսում էր, որ աղջիկներին թողած` կոտլետներով բավարարվեցինք, որ դա իր կյանքում «գործած ամենամեծ սխալն էր, պետք էր կոտլետներից հրաժարվել, այն շիկահեր աղջիկն ինձ շատ դուր եկավ, կարող էի նաև ամուսնանալ։ Դե, դու ամուսնացած ես, գեղեցկուհի կին ունես, քեզ դա պետք չէր։ Բայց ինձ պետք էր, կարող էի վերջապես ամուսնանալ»:
Բայց վերադառնանք «Սալյուտ» սխեմաների պատմությանը ու պարզենք, թե ինչպես էր ստացվում, որ Մինսկում կրկնակի ստուգում անցած դիոդների մատրիցաների խմբաքանակներից Աբովյանում 5-10 խոտան էր ի հայտ գալիս: Այդ անհավանական ֆենոմենի գաղտնիքը տարիներ անց ինձ բացահայտեց Մինսկ-Աբովյան համատեղ չափումներն իրականացնող խմբի ինժեներ-տեխնոլոգ Ժորա Միրումյանը:
-Նախօրոք վերցնում էի այդ սխեմաները, դնում միկրոսկոպի տակ ու բարձր լարումով դիոդները ծակում էի այնպես, որ բյուրեղի մակերեսին այրվածքի հետքեր չառաջանային, դրանք դնում էի խալաթիս գրպանն ու սպասում հարմար պահին, որ դրանք փոխարինեմ Մինսկի նոր սխեմաներով։ Այդպիսի պահերը ստեղծվում էին, երբ դուրս էինք գալիս ծխելու ու հետ վերադառնում։ Չափման համար ես նրան տալիս էի իմ գրպանի չաշխատող մատրիցան, իսկ նորը դնում էի խալաթիս գրպանը, մի քանի օրում կարողանում էի 5-10 չաշխատող նմուշ «ստեղծել», այդ ձևը որակի գծով միավորման գլխավոր տնօրեն Ստեփան Շիկանյանն էր մտածել, նման դեպքերում, միշտ ենք օգտագործել ու հաջողության հասել: Սա խորհրդային բացառիկ ժուլիկության միակ դեպքը չէր, այդպիսի մոտեցումներով հնարավոր չէր Խորհրդային Միությունում այնպիսի էլեկտրոնային արդյունաբերություն զարգացնել, որը դառնար տնեսության ու ընդհանուր արդյունաբերության և գիտության իրական լոկոմոտիվը։ Երկիրը կործանում էին ներսից՝ միրումյանների ու շիկանյանների ձեռքերով, առանց Միխայիլ Գորբաչովի օգնության: Վերջերս փողոցում հանդիպեցի Միրումյան Ժորային, կյանքից դժգոհ էր, բողոքում էր.
-Սովետի ժամանակ լավ էլ ապրում էինք, Գորբաչովի հերն անիծեմ, երկիրը քանդեց։
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ