Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹՅՈՒՆ-3

ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹՅՈՒՆ-3
23.02.2012 | 00:00

Գուրգեն ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
(սկիզբը` նախորդ համարում)

«Հիմա էլ կեղծավոր շան որդիք պառվաբոզին հրեշտակ են ներկայացնում»,- մտածեց Հայկազունին և դարձավ դեպի Սարգսյանը.
-Ընկեր Սարգսյան, Դուք ներկա՞ էիք այն պահին, երբ օրիորդը վայր ընկավ աստիճանից,- դեմքին և ձայնին գործնական տեսք տալով՝ հարցրեց Հայկազունին:
-Իհարկե, ընկեր Հայկազունի, ես անմիջապես օրիորդի կողքին էի: Դուք գիտեք նրա անհանգիստ բնավորությունը, ցանկանում էր ամեն ինչ սեփական ձեռքերով անել: Տղաները փակցրել էին վերջին լոզունգը՝ «ԼԵՆԻՆԸ ՈՂՋ Է ԲՈԼՈՐ ՈՂՋԵՐԻՑ», արդեն հավաքում էին աստիճանը, երբ օրիորդը նկատեց, որ առաջնորդի անվան առաջին տառի վրա ծալք է գոյացել, և որոշեց անձամբ ուղղել այն: Ես չհասցրի միջամտել, խնդրեցի, որ ցած իջնի աստիճանից։ Դե, գիտեք օրիորդի վճռական բնավորությունը, չլսեց և վեր բարձրացավ: Նա ձեռքը մեկնեց լոզունգի ծայրին, ցանկանում էր շտկել ծալքը, բայց հավասարակշռությունը կորցրեց և մեկ ակնթարթ ձեռքով կախված մնաց լոզունգի ծայրից: Պաստառը պատռվեց, և օրիորդը վայր ընկավ մայթին թափված անցյալ տարվա լոզունգների վրա, ուղիղ «Դեղագործյանի» դեղատան մուտքի դիմաց: Պատկերացնո՞ւմ եք, ընկեր Հայկազունի, մինչև հոգին տալը օրիորդը լոզունգից պատռված մի ծվեն ամուր սեղմել էր բռունցքի մեջ:
-Ի՞նչ անցյալ տարվա լոզունգների մասին է խոսքը, - զարմացած հարցրեց Հայկազունին։
-Այն, որ մենք հավաքել էինք շենքերի պատերից, դրանք արդեն խունացած էին ու անընթեռնելի, օգտագործման համար պիտանի չէին: Քանի որ տեղադրում էին վերջին լոզունգը՝ բանվորները հները հավաքել էին, որ գործից հետո աղբանոց տանեին:
Գլխավոր բժշկի առանձնասենյակում քար լռություն էր տիրում: Սենյակի լռությունը համաչափ խախտում էր միայն պատի ժամացույցը, որն անտարբեր «ծանր կորստին»՝ անտրտունջ հաշվում էր ժամանակը:
Լռությունը խախտեց Հայկազունին.
-Մի՞թե հին պաստառները չթուլացրին հարվածը, Ձեր պատմածով` այնտեղ պաստառների մի ամբողջ կույտ է եղել:
-Պետք է ասեմ Ձեզ, ընկեր Հայկազունի, որ եթե պաստառներն այնտեղ թափված չլինեին, գուցե օրիորդը գլխով ասֆալտին չհարվածեր:
-Ինչպե՞ս թե, - զարմանքը չթաքցրեց Հայկազունին։
-Այո, այո, իհարկե, ընկեր պետ, փաստորեն, օրիորդը մեջքով ընկավ պաստառների կույտի վրա, գլխի տակ պաստառներ չկային, իրանը թեքվեց, և նա գլուխն ուժգին խփեց ասֆալտին: Սարսափազդու տեսարան էր, ընկեր պե՛տ, օրիորդը դեղատան մուտքի մոտ, մինչև շտապ օգնության մեքենայի հասնելը, խռխռացնում ու ամբողջ մարմնով ջղաձգվում էր: Դեղատան աշխատողները չկարողացան օգնել: Ընկնելուց հետո, չգիտես ինչու, խռխռոցի միջից միայն հասկացվում էր, որ օրիորդը ինչ-որ մեկին խնդրում էր, որ իրեն բաց թողնեն: Հոգին տալուց առաջ նա շատ հասկանալի արտաբերեց. «Թողեք ինձ, ես մեղավոր չեմ, մեղավոր չեմ»:
Սարգսյանը ահաբեկված էր։ Հայկազունին հասկացավ, որ նա իրեն անկեղծ էր պահում: Նրան օրիորդի մահը չէր վախեցրել, այլ արտաբերած վերջին նախադասությունը:
«Աչքիս Սարգսյանն էլ հավատացյալ դարձավ, պառվաբոզին վերջին պահին այն աշխարհից են այցելել ու դժոխքի բաժին դարձրել»,- մտածեց Հայկազունին՝ Սարգսյանին ուսումնասիրելով:
Բայց Սարգսյանը չհասկանալով՝ դժբախտ պատահարը վերածեց քրեական գործի: Այստեղից նոր հարցեր էին առաջանալու։ Ինչո՞ւ են բանվորներն աշխատել առանց տեխնիկական կանոնների պահպանման, չլիներ թափթփվածությունն աշխատանքի վայրում, ընկեր Սվետոզորովան, աստիճանից ընկնելով, գլուխը չէր ջարդի ու չէր մահանա:
«Լավ է, Ռենայի ընկնելու մանրամասները դատախազը չլսեց»,- մտածեց Հայկազունին։ «Ի՞նչ երանգներ կհաղորդեր նա այս հիմար գործին, Ղարաքեշիշյանին հաստատ կալանքի կվերցներ, որպեսզի ամբողջ հանրապետությունով մեկ թնդացներ Սվետոզորովայի անմահ հիշատակը»:
Սվետոզորովայի ու դատախազի բարեկամության մասին գիտեին բոլորը, որովհետև երկուսն էլ նույն ծառի պտուղներն էին: Դատախազն այս գործի մեջ նույնիսկ դիտավորություն էր փնտրելու, եթե նույնիսկ ոչնչի չհասներ՝ Ղարաքեշիշյանը կար ու կար: Փաստորեն, Սվետոզորովան հանդերձյալ աշխարհից էլ իր վատությունը կաներ: Ղարաքեշիշյանին չէր կարելի դատախազի ճանկը գցել։ Նա երեք անչափահաս երեխաների հայր էր, ու բավական էր արդեն, որ օրիորդի պատճառով մարդիկ տուժեին, և վերջապես կիսախելագար պառավն ինքն էր իր կամքով բարձրացել ու վայր ընկել: Դատախազը գործը հաստատ ուռճացնելու էր, որպեսզի տառապյալի ու զոհի կերպար հաղորդեր հանգուցյալին: Այս ամենը Հայկազունուն ստիպեց, որ նա ընդհատի Սարգսյանին, քանի դեռ վերջինս ավելի չէր խորացել իր բացատրությամբ:
-Ընկեր Սարգսյան, ամեն ինչ պարզ դարձավ, սա դժբախտ պատահար է, Դուք շատ հոգնած եք, և այժմ Ձեզ հարկավոր է հանգստանալ, որից հետո կզրուցենք: Ի դեպ, ես մեքենայով եմ, կարող եմ Ձեզ տուն հասցնել,- ասաց Հայկազունին:
Սարգսյանը շոյված էր Հայկազունու վերաբերմունքից ու հոգատարությունից: Լինելով զգայուն մարդ, նա հոգու խորքում իրեն մեղավոր էր ճանաչում այն բանի համար, թե ինչու չկարողացավ կանխել այս ամենը:
Մեքենան արգելակեց ներքին գործոց բաժնի դիմաց:
-Ընկեր Սարգսյան, համեցեք ինձ մոտ մեկ բաժակ սուրճի, սուրճից հետո Ազատը Ձեզ տուն կհասցնի,- ասաց Հայկազունին և պատասխանի չսպասելով՝ արագ դուրս եկավ մեքենայից:
Սարգսյանը լուռ, Սվետոզորովայի մահից ընկճված, հետևեց նրան:
Իր առանձնասենյակում Հայկազունին արագ բացատրեց Սարգսյանին գործի եղելությունը: Հասկացրեց, որ գրավոր բացատրության մեջ նշի, որ հին պաստառները միայն կասեցրին ուժգին հարվածը և ուրիշ ոչինչ:
-Ընկեր Սարգսյան,- սուրճն ըմպելով նրան դիմեց Հայկազունին,- մոռացեք օրիորդի ընկնելու հետագծի մասին, այդ ամենը փորձագետի գործն է: Եթե շարունակեք նույն ոգով, ապա հետագայում Ձեզ էլ մեղավոր կճանաչեն, քանզի տվյալ աշխատանքները Դուք էիք ղեկավարում:
Հայկազունին հասավ իր նպատակին, Սարգսյանն արագ ամեն ինչ ըմբռնեց և նույնիսկ վախեցավ:
-Ընկեր Հայկազունի, չէ՞ որ այս ամենը ես պատմեցի Ենոքյանի ներկայությամբ:
-Անհոգ մնացեք, նա Ձեր պատմածից միայն հասկացավ, որ Սվետոզորովան մահացել է դժբախտ պատահարից:
-Շնորհակալ եմ, ընկեր Հայկազունի, շնորհակալ եմ, մի բառի պատճառով ինձ էլ, Ղարաքեշիշյանին էլ կրակն էի գցելու:
-Լավ, մոռանանք այս ամենի մասին, ընկեր Սարգսյան, վաղն առաջնորդի 118-ամյակին նվիրված միջոցառումների պլանը կներկայացնեմ ձեզ:
(շարունակելի)

Դիտվել է՝ 24681

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ