ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Ընդդիմության նկատմամբ իշխանության իրականացրած գործողությունները հետապնդել են միմիայն քաղաքական հաշվեհարդարի նպատակ»

«Ընդդիմության նկատմամբ իշխանության իրականացրած գործողությունները հետապնդել են միմիայն քաղաքական հաշվեհարդարի նպատակ»
07.11.2008 | 00:00

«ՏԱՍԸ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՂԵԼ Է ԼՂՀ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՁԳՁԳՈՒՄԸ»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է Հայ ազգային կոնգրեսի անդամ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
-Այսօր առավել շատ քննարկվող հարցը ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հռչակագիրն է։ Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականն այդ փաստաթղթին։
-Նախ` պետք է արձանագրել, որ 14 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվեց փաստաթուղթ, ինչը նշանակում է, որ այս երկրները որոշակի պարտավորություններ են ստանձնում, որոնք պետք է կատարեն։ Երկրորդ կարևոր խնդիրն այն է, որ կրկին շեշտվում են «մադրիդյան սկզբունքները», ինչն էլ ենթադրում է հարցի փուլային լուծում։ Տասը տարի առաջ, երբ Տեր-Պետրոսյանը ներկայացրեց ԼՂՀ հիմնախնդրի լուծման իր մոտեցումը, շահարկման առարկա դարձան փուլային և փաթեթային լուծման տարբերակները։ Ես համաձայն եմ այն քաղաքական գործիչների տեսակետին, որ այդ տարբերակները նույնն են, պարզապես հարցը պետք էր շահարկել, և շահարկեցին, իբր, Ղարաբաղը ծախող մարդիկ փուլային տարբերակն են առաջարկում։ Այսօր, փաստորեն, այս փաստաթուղթը հենց դրան է վերաբերում, այսինքն՝ հակամարտությունը պետք է փուլային տարբերակով լուծվի, քանի որ մադրիդյան պայմանավորվածության համաձայն՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցը դիտվելու է 10-15 տարի հետո։ Եվս մի կարևոր հանգամանք. այս ամենը կարող է ունենալ ֆորմալ ձև, այսինքն, կողմերը համաձայնության են եկել խաղաղ պայմաններում հարցը լուծելու շուրջ։ Այստեղ մեկ ուրիշ հարց էլ կա՝ միջազգային սկզբունքների առաջնահերթություն, միմյանց հետ համատեղելիություն, որոնք պարզաբանման կարիք ունեն։ Խոսքը վերաբերում է տարածքային ամբողջականությանը և ինքնորոշմանը։ Իմ այս գնահատականները նախնական են, քանի որ առաջիկայում ավելի շատ տեղեկատվություն կլինի։ Այսուհանդերձ, պետք է փաստել, որ այն ամենը, ինչի շուրջ տասը տարի առաջ խոսում էին ներկայիս իշխանության ներկայացուցիչներն ու Ռոբերտ Քոչարյանը, մի նպատակ ուներ՝ գալ իշխանության։ Հատկապես Ռոբերտ Քոչարյանը ոչինչ չարեց, որ ԼՂՀ հարցի լուծման մեր ակնկալած օգուտները տեսանելի լինեն։ Այսօր էլ պարզ չէ, թե այս հռչակագրով ինչ ենք ունենալու հետագա հինգ-տասը տարիների ընթացքում, իսկ տասը տարի առաջ շատ հստակ էր՝ ինչ ունենք և ինչ կունենանք համարժեք քայլեր չանելու պարագայում։ Այս մասին պետք է իշխող ուժերը մտածեն, իրենք իրենց մեջ պարզեն, բացթողումները ճշտեն, այլապես, եթե այս ձևով շարունակվի, ԼՂՀ հարցը ոչ մի բարենպաստ լուծում չի ստանա։ Սա պայմանավորված է նաև իշխանության որակով։ Տասը տարվա ընթացքում վարչախմբի միակ նպատակը եղել է իշխանության վերարտադրությունը, ԼՂՀ հարցի կարգավորման անընդհատ ձգձգումը, «ֆռռացնելով» հարցի լուծումը։ Բայց այդպես չի լինում։
-Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ այս հռչակագիրը դատարկ փաստաթուղթ է, որն էական դրույթներ չի ներառում։ Այդպե՞ս է։
-Մարդիկ, ովքեր այդպես են կարծում, նախ, պետք է հաշվի առնեն, թե հռչակագիրը որտեղ, ում մասնակցությամբ է ստորագրվել։ Այդպիսի մոտեցումը փաստաթղթին նշանակում է ոչ լուրջ վերաբերմունք Ռուսաստանի նախագահի, նրա արտաքին քաղաքականության հանդեպ։ Հռչակագրին հաջորդող գործողություններից էլ պարզ կլինի, թե Ռուսաստանը որքանով է լուրջ վերաբերվում այս փաստաթղթին։ Ես հակված եմ այն լուրջ գնահատելու, քանի որ ստորագրված փաստաթղթերին մի օր ինչ-որ արժեք տալու են։ Վերլուծաբանները թող ռեալ նայեն իրականությանը, գուշակություններ չանեն և սպասեն։
-Այս անգամ էլ ԼՂՀ-ին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու մասին ոչ մի խոսք չկար։ Իրատեսակա՞ն եք համարում ԼՂՀ հիմնախնդրի վերջնական լուծումն առանց Ղարաբաղի մասնակցության։
-Փաստն այն է, որ, ինչպես տասը տարի առաջ, Ղարաբաղը դուրս մնաց բանակցություններից, այնպես էլ այսօր փաստաթուղթը ստորագրվեց վերստին առանց Ղարաբաղի։ Այսօր էլ հստակ չէ՝ Ղարաբաղը համաձա՞յն է այս փաստաթղթի հռչակած մոտեցումներին, թե՞ ոչ։ Ամենակարևորը՝ այս ամենն իրականացվում է ԼՂՀ-ի համար, բայց հռչակագիրը ստորագրվում է միայն Հայաստանի կողմից։ Եվ հիմա արդյոք Ղարաբաղի ղեկավարությունը, ժողովուրդն այս սկզբունքները, մոտեցումներն ընդունո՞ւմ են, թե՞ ոչ։ Այսօր ես այս հարցի պատասխանը չունեմ, որովհետև Արցախի ղեկավարության կողմից որևէ գնահատական չեմ լսել։ Անցած տասը տարիների ընթացքում Ղարաբաղի ղեկավարությունը միշտ էլ երկրորդական դերում է եղել, նրանց ասել են՝ դուք ընդհանրապես մի խառնվեք գործին։ Իսկ եթե հիշում ենք՝ մինչև 1998 թիվը Ղարաբաղի գործոնը կար։ Իհարկե, այսօր մեզ կարող են ասել, որ Մինսկի խմբի եռանախագահները եղել են նաև Ղարաբաղում, բայց նույն այդ համանախագահներից ես չեմ լսել գնահատականներ, որ այդ հանդիպումների արդյունքում ԼՂՀ-ի ղեկավարությունը կողմնակից է եղել, ասենք, «մադրիդյան սկզբունքներին»։ Եվ եթե Ղարաբաղն այսօր էլ չմասնակցեց բանակցություններին, դա արդեն վատ է։ Ղարաբաղի շահը միայն ԼՂՀ-ի ղեկավարությունը կարող է ներկայացնել։
-Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքում նշեց, որ Ղարաբաղին սպառնացող վտանգով է պայմանավորված հանրահավաքների դադարեցումը։ Սակայն ակնհայտ է, որ Ղարաբաղի շուրջ զարգացումները, թերևս, որոշակի ժամանակով կերկարաձգեն հիմնախնդրի լուծումը։ Այս պարագայում հնարավո՞ր է, որ ՀԱԿ-ը վերանայի իր մարտավարությունն ու վերսկսի հանրահավաքները։
-Չեմ կարող այդ հարցին պատասխանել, քանի որ լիազորված չեմ՝ կոնգրեսի անունից հանդես գալու։ Համոզված եմ, որ փաստաթուղթը լուրջ քննարկումների առիթ է դառնալու, և մինչև շաբաթվա վերջը կոնգրեսի կողմից կլինեն գնահատականներ։ Ինչ վերաբերում է մարտավարությանը և հանրահավաքների վերսկսմանը, ապա մեզ համար հանրահավաք անելն ինքնանպատակ չէ։ Հանրահավաք կկազմակերպվի այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունն իսկապես կլինի։ Դա կարող է լինել վաղը, մեկ շաբաթ կամ մեկ ամիս հետո։ Այն, ինչ կատարվում է այսօր ԼՂՀ-ի շուրջ, մեզ պարտադրում է առայժմ սպասել։ Իսկ որ նշում եք, թե բանակցությունները երկարաժամկետ գործընթացներ են ենթադրում, ես այդպես չեմ կարծում ու համոզված չեմ դրանում։ Եթե արտգործնախարարներին հանձնարարվել է փաստաթուղթ պատրաստել, ու տեղեկություններ կան, որ, պաշտոնապես ներկայացված փաստաթղթից բացի, եղել է նաև ոչ պաշտոնական պայմանավորվածությունների հիման վրա ընդունված մեկ այլ փաստաթուղթ, ապա չեմ կարծում, որ սա երկարաժամկետ գործողությունների ծրագիր է։ Պետք է հիշենք նաև վրացական դեպքերի ժամանակ Մեդվեդևի ելույթը, որում նա փաստեց, թե մինչև դեկտեմբեր սառեցված հակամարտությունները պետք է լուծում գտնեն, իսկ սա վերաբերում էր Մոլդովային և ԼՂՀ-ին։ Էական հանգամանք է նաև այն, որ և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ՀՀ արտգործնախարարը խոսել են խաղաղապահ ուժերի տեղաբաշխման մասին, ինչը քննարկվող կարևոր հարցերից մեկն էր։
-Անդրադառնանք նաև ներքաղաքական խնդիրներին և հատկապես ՀԱԿ-ի մասնակցությանը փաստահավաք խմբի աշխատանքներին։ Որոշակի վերապահումներով կոնգրեսն իր ներկայացուցիչն ունի այնտեղ։ Եթե Ձեր պայմանները չբավարարվեն, հե՞տ եք կանչելու կոնգրեսի ներկայացուցչին։
-Իհարկե, այո։ Այն հարցադրումները, որոնք ներկայացված են, իսկապես տեղին են։ Անշուշտ, լուրջ խնդիրներից մեկը Սերժ Սարգսյանի հակասահմանադրական քայլն է։ Սահմանադրությամբ հստակ նշված է ՀՀ նախագահի լիազորությունների շրջանակը, որից դուրս նա այլ իրավասություններ չունի։ Սերժ Սարգսյանն իր լիազորությունները գերազանցել է։ Կոնգրեսն առաջարկել է, որ այդ հարցը ներկայացվի Սահմանադրական դատարան։
-Այնուամենայնիվ, նշված բացթողումներով հանդերձ, որոշել եք մասնակցել։
-Մեզ այսօր դեստրուկտիվիզմի մեջ են մեղադրում, որն անհիմն է։ Այն հանձնաժողովը, որ այսօր կա, և որի աշխատանքներին մենք չենք մասնակցում, ապացուցեց, որ անկախ հանձնաժողով չէ։ Նրանում ընդգրկված մարդիկ նախ և առաջ շահագրգիռ են իրենց պաշտպանելու, քան իրականությունը բացահայտելու։ Քանի որ փաստահավաք խմբում հավասարակշռությունը որոշակիորեն ապահովված էր, մենք որոշեցինք մասնակցել, թեև սկզբունքորեն դեմ ենք անօրինական հրամանագրով կամ կարգադրությամբ ստեղծված կառույցի աշխատանքներին մասնակցելուն։ Չենք կարող լավ բանի հասնել օրենքի խախտմամբ։ Այնպես որ, չի բացառվում, որ եթե մեր նշված ժամկետում այդ պայմանները չկատարվեն, կարող ենք հրապարակավ հրաժարվել մասնակցությունից ու բացատրել՝ ինչու։ Ի՞նչ է նշանակում՝ մարտից մինչև հիմա նյութեր են հավաքում, ու այժմ էլ այլ խումբ են ստեղծում, երբ որ գիտեն, թե ով պետք է այդ նյութերը տա։ Այս ամենը ձև է, և պարզ է, թե ինչի համար է արվում. կա եվրոպացիների ճնշումը։ Մենք էլ մեր քայլերն ենք անում և օրինական ձևով ստեղծված խմբում ենք ուզում աշխատել։ Օրինական ձևով չե՞ք անի, մենք ձեզ հետ չենք աշխատի, այլ կաշխատենք մեր ձևով։ Թող Շոթա Վարդանյանը (ՀՀ առողջապահության նախարարության փորձաքննությունների գիտագործնական կենտրոնի տնօրեն- Ռ. Խ.) հերթական անգամ ասի, որ մարտի 1-ին հեղվածն իրականում մարդկային արյուն չէ, և հերթական անգամ խայտառակ լինեն, ու բոլորն էլ համոզվեն, որ ՀՀ-ում իշխանություններն ամեն ինչ անում են մարտի 1-ը չբացահայտելու համար։ Բայց վաղ թե ուշ մարտի 1-ն էլ, հոկտեմբերի 27-ն էլ կբացահայտվեն։
-Այս իշխանությունների օրո՞ք եք սպասում այդ բացահայտումներին։
-Ոչ, քանի որ այս իշխանությունները շատ լավ հասկանում են, թե ինչ են արել մարտի 1-ին, և այն բացահայտելն ինչ է նշանակում։ Իրենք շատ լավ գիտեն, որ օրենքը խախտվել է առաջին իսկ վայրկյանից, ու մինչև հիմա դատական գործընթացներում այդ ամենը շարունակվում է։ Մենք կօգտվենք օրենքի շրջանակներում մեզ ընձեռված հնարավորություններից՝ ներկայացնելու ճշմարտությունը և ապացուցելու, որ իշխանության գործողությունները, սկսած փետրվարի 19-ից, եղել են հակասահմանադրական և հակաօրինական։ Ընդդիմության նկատմամբ իշխանության իրականացրած գործողությունները հետապնդել են միմիայն քաղաքական հաշվեհարդարի նպատակ։ Ինչքանով կհաջողվի, ժամանակը ցույց կտա։
Հարցազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4099

Մեկնաբանություններ