ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Աստղերը հեռանում են, բայց չեն մարում

Աստղերը հեռանում են, բայց չեն մարում
19.09.2008 | 00:00

Ցանկացած համալիր մարզական միջոցառման կիզակետը ատլետիկան է։ «Սպորտի թագուհու» ասպետները բոլոր ժամանակներում համարվել են օլիմպիական խաղերի գլխավոր գործող անձինք։ Ասվածը հաստատելու անհրաժեշտություն չի զգացվում։ Բոլորովին վերջերս ավարտված Պեկինի օլիմպիական խաղերի մասին հանգամանորեն պատմել ենք, և դուք հիշում եք, թե ինչպիսի ֆանտաստիկ համաշխարհային և օլիմպիական ռեկորդներ գրանցվեցին։ Պեկինից հետո քիչ չգրվեց նաև պանամացի հեռացատկորդ Իրվինգ Սալադինոյի մասին, որն 8 մ 73 սմ արդյունքով նվաճեց չեմպիոնի տիտղոսը՝ մեկ անգամ ևս ապացուցելով, որ անցյալ տարի Օսակայում անցկացված աշխարհի առաջնությունում չեմպիոնի տիտղոսը նվաճելը բոլորովին էլ պատահական չէր։
Սալադինոյի ցատկը Օլիմպոս, որը վերջին 14 տարվա լավագույն արդյունքն էր, առիթ հանդիսացավ, որ համաշխարհային լրատվամիջոցները կազմեն տիեզերական ցատկերի հիթ-շքերթը։ Այն գլխավորում է ամերիկացի Բոբ Բիմոնը։ Մարզաշխարհին բոլորովին անհայտ նախկին բասկետբոլիստը 1968 թվականին Մեխիկոյում անցկացված օլիմպիական խաղերում առաջին իսկ ցատկի ժամանակ կաթվածահար արեց մրցակիցներին, սահմանելով ֆանտաստիկ ռեկորդ՝ 8 մ 90 սմ։ 22-ամյա նյույորքցու հայտնության ցատկին, որը նախկին ռեկորդը միանգամից բարելավել էր ամբողջ 55 սանտիմետրով, ինչպիսի անվանում ասես չտվեցին. «Պատուհան դեպի 21-րդ դար», «Լուսնային ցատկ», «Հրաշք», և բոլորն էլ երիցս ճիշտ էին։ Ամերիկացի մարզիկը եկավ, տակն ու վրա արեց մարդկային երևակայությունը և, վերցնելով իր բաժին մարզական փառքը, մարեց։
Այս հիթ-շքերթում երկրորդ տեղում է Ռոբերտ Էմմիյանը։ Գյումրեցի մարզիկը 1987 թ. մայիսի 22-ին Ծաղկաձորում անցկացված համամիութենական մրցումներում առաջինն աշխարհում ընդհուպ մոտեցավ Բիմոնի ռեկորդին՝ ցատկելով 8 մ 86 սմ, որը Եվրոպայի նոր ռեկորդ էր և առայսօր մնում է չգերազանցված։
Ռոբերտ Էմմիյանի մարզական աստղը ողջ ուժով փայլատակեց 1986 թվականին, երբ նախ նվաճեց ծածկած մարզասրահների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, ապա հավասարը չունեցավ նաև Եվրոպայի ամառային առաջնությունում։ Ծաղկաձորյան պոռթկումից հետո 21-ամյա մարզիկը հաջող հանդես եկավ նաև Հռոմում անցկացված աշխարհի առաջնությունում՝ 8 մ 53 սմ արդյունքով ճանաչվելով երկրորդը։ Էմմիյանը երկրորդն էր նաև ատլետիկայի միջազգային ֆեդերացիայի «Մեծ մրցանակի» խաղարկության ընդհանուր հաշվարկում, իսկ մինչ այդ նվաճել էր նաև Եվրոպայի ձմեռային առաջնության հաղթողի տիտղոսը, առաջինը ճանաչվել Խորհրդային Միության ձմեռային, Եվրոպայի գավաթի ամառային խաղարկություններում։ Խորհրդային Միության հնգակի չեմպիոնը մեծ սպորտին հրաժեշտ տվեց 90-ականների կեսերին, իսկ ահա նրա՝ Եվրոպայի ամառային և ձմեռային ռեկորդները սպասում են իրենց նոր նվաճողներին։
Ի դեպ, ծաղկաձորյան պայթյունը կարող էր ավելի ուժգին լինել։
-Վերջին պահին այնպիսի տպավորություն ստեղծվեց, թե պետք է վայրէջք կատարեմ ցատկափոսը եզրափակող տախտակի վրա և վնասվածքից խուսափելու համար ակամա կծկեցի ոտքերս, ինչն էլ ինձ համար դարձավ ճակատագրական,- ցավով խոստովանեց Էմմիյանը...
Հաջորդ իրադարձությունը տեղի ունեցավ 1991 թ. օգոստոսի 30-ին, Տոկիոյում անցկացված աշխարհի առաջնությունում։ Օլիմպիական խաղերի իննակի չեմպիոն Կարլ Լյուիսի և աշխարհի կրկնակի չեմպիոն Մայք Փաուելի մրցավեճում վերջապես ընկավ Բիմոնի 23-ամյա ռեկորդը։
Մինչև 1991 թվականը Լյուիսն անընդմեջ հաղթող էր ճանաչվել 65 մրցումներում։ Տոկիոյում այս նախանձելի հաղթարշավը կարող էր շարունակվել, եթե չլիներ Փաուելը։ Վիճակագիրները, անդրադառնալով ճապոնական առաջնությանը, նշել էին, որ նման ֆանտաստիկ մրցակցություն համաշխարհային հեռացատկը չէր տեսել։ Առաջինը պայքարին տոն տվեց Լյուիսը՝ ցատկելով 8 մ 91 սմ, սակայն ռեկորդը չհաշվեցին, քանի որ քամու արագությունը գերազանցել էր թույլատրելի նորմը։ Հաջորդ երկու ցատկերն էլ՝ 8 մ 87 սմ և 8 մ 84 սմ, կարող էին զարդարել ցանկացած առաջնություն, սակայն Լյուիսին վիճակված չէր լիովին ըմբոշխնելու իր հաղթանակը։ Այս անգամ ֆանտաստիկ արդյունքի հեղինակ դարձավ Փաուելը՝ 8 մ 95 սմ, որը երրորդ հազարամյակի համար դարձավ նոր սահմանագիծ։ Դա, անշուշտ, այդպես էլ կլիներ, եթե մրցավարների զոհը չդառնար կուբացի Իվան Պեդրոսոն։
1995 թ. հուլիսի 29-ին Իտալիայի Սեստրիերի քաղաքում անցկացված աշխարհի հերթական առաջնության ժամանակ օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոնը ցատկեց 8 մ 96 սմ, սակայն ռեկորդն այդպես էլ չհաստատեցին: Բանն այն է, որ ցատկի ժամանակ ինչ-որ մեկն անցել էր քամու արագությունը չափող սարքի առջևով, և չհաջողվեց որոշել քամու արագությունը։ Այս դավադրությունը մեծ աղմուկ բարձրացրեց մարզաշխարհում։ Ատլետիկայի միջազգային ֆեդերացիան մանրազնին ուսումնասիրեց սիրողական խցիկով արված ժապավենը, ցմահ որակազրկեց սարքի առջևով անցած մարդուն՝ Իտալիայի ատլետիկայի ֆեդերացիայի աշխատակից, նախկին ձողացատկորդ Լուչանո Ջեմելլոյին։ Անպատիժ չմնացին նաև քամու արագությունը չափող երկու մրցավարները, որոնց որակազրկեցին երեք տարով, իսկ ահա ռեկորդն այդպես էլ չհաշվեցին։
Նոր հազարամյակում ընդամենը երեք մարզիկի է հաջողվել տիեզերական ցատկ կատարել։ Աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն, ամերիկացի Դուայթ Ֆիլիպսը 2004 թ. օգոստոսի 9-ին ավստրիական Լինց քաղաքում անցկացված միջազգային մրցումներում և 2005 թ. օգոստոսի 13-ին Հելսինկիում անցկացված աշխարհի առաջնությունում հաղթող ճանաչվեց 8 մ 60 սմ արդյունքով, իսկ 2007 թ. մայիսի 24-ին հույն Լուիս Ցատումասը հարազատ հարկի տակ անցկացված միջազգային մրցումներում ցատկեց 8 մ 66 սմ։
Երրորդ մարզիկը, որն էլ դարձավ այս հեթ-տրիկի շարժառիթը, պանամացի Իրվինգ Սալադինոն է։ Վերջին երկու տարում համաշխարհային հեռացատկի նոր առաջատարը քսան անգամ հաղթահարել է 8 մ 30 սանտիմետրը՝ անհասանելի մնալով մրցակիցների համար, իսկ Պեկինում էլ առաջին իսկ ցատկի ժամանակ 8 մ 73 սմ արդյունքով հռչակվեց օլիմպիական չեմպիոն։ Այսքան հեռու վերջին 14 տարում ոչ մեկին չէր հաջողվել ցատկել...
Համաշխարհային հեռացատկն էլի շատ նշանավոր ատլետներ է ունեցել։ Այսօր չենք կարող չհիշել լեգենդար Ջեսսի Օուենսին, որը 1935 թվականին առաջինն աշխարհում ցատկեց ութ մետրից հեռու (8 մ 13 սմ), 1962 թվականին Երևանում անցկացված միջազգային մրցումներում առաջինը խորհրդային մարզիկներից համաշխարհային ռեկորդի հեղինակ դարձավ ոչ պակաս լեգենդար Իգոր Տեր-Հովհաննիսյանը։ Եվրոպայի եռակի չեմպիոնը և եռակի արծաթե մեդալակիրը մասնակցել է հինգ օլիմպիական խաղերի և դրանցից երկուսում՝ 1960 թ. Հռոմում և 1964 թ. Տոկիոյում, նվաճել է բրոնզե մեդալ, 15 անգամ արժանացել է հեռացատկի և 4 x 100 մ փոխանցավազքի երկրի չեմպիոնի տիտղոսին, 1967 թ. համաշխարհային ռեկորդը հասցրել է 8 մ 35 սմ-ի։ Ամբողջ 17 տարի նա հանդես եկավ Խորհրդային Միության հավաքականում։ Սրանք նույնպես ռեկորդներ են, որոնք մնացել են չգերազանցված։
Այս հիթ-շքերթում, թեկուզ հպանցիկ, չենք կարող չանդրադառնալ նաև գյումրեցի Հովհաննես Ստեփանյանին։ Խորհրդային Միության եռակի չեմպիոնը (1975, 1983, 1984 թթ.) 1979 և 1983 թթ. երկրորդը ճանաչվեց Եվրոպայի առաջնությունում։ Հայաստանի մարզիկներից առաջինը նա անցավ 8 մետրի սահմանագիծը՝ հանրապետության ռեկորդը հասցնելով 8 մ 12 սմ-ի։
Հովհ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5829

Մեկնաբանություններ