38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մեր հայրենիքը շենացնողն էլ, քանդողն էլ մենք ենք

Մեր հայրենիքը շենացնողն էլ, քանդողն էլ մենք ենք
20.08.2024 | 16:49

Յուրաքանչյուր ժողովրդի պատմություն հաղթանակների և պարտությունների, վերելքների և վայրէջքների, ինքնազոհության և դավաճանության ժամանակագրություն է:

Աշխարհում իրենց արժանի տեղն են գրավում այն հասարակությունները, որոնք դասեր են քաղում պատմությունից, հնարավորինս խուսափում են անցյալի ճակատագրական սխաները կրկնելուց, գնահատում են սեփական պատմությունը՝ ինքնաքննությամբ և առաջ նայելով, և ամենակարևորը, սերունդներին չեն փոխանցում կեղծված պատմություն:

Ժողովրդի ինքնակազմակերպման բարձրագույն ձևաչափը պետականության առկայությունն է:

Հայոց պետականությունը հզորացել է, երբ առաջնային է եղել միասնականության գիտակցումը և կործանվել է հիմնականում երկպառակությունից:

Միշտ չէ, որ մենք կորցրել ենք պետականությունը միայն օտարների ձեռամբ և միջամտությամբ:

Գրեթե բոլոր դեպքերում պատմությունն արձանագրել է, որ մենք ինքներս ենք օժանդակել թշնամուն անառողջ բաժանումներով :

Այսպես, Արտաշեսյան թագավորությունը (Ք. Ա, 189- 1թ.) ավարտվեց, երբ արքունական էլիտան Էրատոյի գլխավորությամբ հրաժարվեց գահից՝ վերջ դնելով դինաստիային:

Արշակունիների թագավորության (66-428 թթ.) առնվազն վերջին հարյուրամյակը երկապառակության պայքար է՝ արքունական և իշխանական տների միջև, որի արդունքում հայոց իշխանները հասան վերջին արքայի՝ Արտաշես Արշակունու գահընկեցությանը՝ գերադասելով օտարի տիրապետությունը:

Ցավոք, Ամենայն Հայոց կաթողկոս Սահակ Պարթևի միասնականության հորդորն ուղղված աշխարհիկ կառաարիչներին, մնաց որպես «ձայն բարբառո հանապատի»:

Այս իրադարձություններին է նվիրված Պատմահայր Խորենացու «Ողբը», որից հետագայում էլ դասեր չքաղվեց:

Պառակտման մասին է վկայում նաև Բագրատունյաց Հայաստանում (885-1045թթ.) պայքարը Արծրունիների և Բագրատունիների տների միջև։

Գործը հասել էր նրան, որ Գագիկ Արծրունին դաշինք կազմեց արաբների հետ ընդդեմ Սբմատ 1-ին Բագրատունի արքայի, որն ի դեպ Գագիկի մոր՝ Սոֆյա Բագրատունու եղբայրն էր։

Հետագայում պառակտումն ավելի սրվեց պետականամետների՝ սպարապետ Վահրամ Պահլավունու առաջնորդությամբ և բյուզանդամետ արծաթասեր Վեստ Սարգիս Սյունեցու և նրա կողմնակիցների միջև, ինչը դժբախտաբար ավարտվեց դավաճանների հաղթանակով և 1045-ին Անիի անկումով։

Արդյունքում մայրաքաղաք Անիի բանալիները հանձնվեցին Բյուզանդիային:

Նույնիսկ սրանով չավարտվեց անընդհատ կրկնվող պատմության տխուր շրջապտույտը:

Հայկական բարձրավանդակից անդին՝ հայ ժողովուրդը ստեղծեց նոր պետականություն Կիլիկիայում (1080-1375 թթ.), որը բզկտվեց ոչ միայն աշխարհիկ իշխանության, այլ նաև ոգևոր իշխանության պառակտումով:

Կիլիկյան հայկական թագավորությունում ճակատագրական ջրբաժանն ունիթորների (կաթոլիկ եկեղեցու հետ միության՝ ունիայի կողմնակիցներին) և հակաունիթորների բախումն էր (14-րդ դար):

Հետևանքը դարձյալ նույնն է՝ պետականության կորուստ

(1375 թ.):

Եթե պատմական այս սխալները նորագույն ժամանակաշրջանում ապրող ՀՀ քաղաքացիներիս համար կարող են հեռավոր լեգենդի պես բան թվալ, ապա նշեմ, որ այն, ինչ կատարվում է Հայաստանում վերջին տարիներին, կրկնությունն է մեկ դարյա վաղեմության տխրահռչակ քաղաքական իրադարձությունների:

Տեսեք՝ 1918 թ. Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում հերոսական հաղթանակ տված ժողովուրդն ընդամենը 2,5 տարի անց հայ բոլշևիկների ապազգային թևի պետականաքանդ քարոզչության արդյունքում, թե «թուրքը այլևս նախկինը չէ», առանց մի կրակոցի հանձնեց Կարսի անառիկ բերդը:

Ադրբեջանից Իջևան թափանցած Հայաստանի Հեղկոմն ամեն ինչ արեց Հայաստանի Առաջին Հանրապետության կործանման համար:

Երկու տարեկան պետությունն անզոր էր միաժամանակ պատերազմելու ընդդեմ հայենիք ներխուժած թուրքի եւ «հայ» պառակտիչների։

Արդյուքնում հայ ժողովուրդն ունեցավ իր պատմության ամենախայտառակ պայմանագրերից մեկը՝ Ալեքսանդրապոլի պայմանագիրը (դեկտեմբերի 2, 1920 թ.):

Բայց Հայաստանի հեղափոխական իշխանության մեղքերը սրանով չսահմանափակվեցին. գլխատվեց հայկական զինուժը՝ բանտարկվեցին մայիսյան հերոսամարտի փառապանծ գեներալներ՝ Թովմաս Նազարբեկյանը, Դանիել Բեկ-Փիրումյանը, Մովսես Սիլիկյանը և 1400 սպաներ, իսկ Վրացյանը, Նժդեհը և Առաջին Հանրապետության ղեկավար կազմի մի մասը ստիպված էին հեռանալ հայրենիքից:

Չե՞ք կարծում, որ պատմական համընկնումները չափից շատ են:

Եթե բոլշևիկները մերժեցին մայիսյան հաղթանակների հերոսներին, ապա այսօր՝ նեոբոլշևիկյան ռեժիմը կասկածի տակ դրեց Ապրիլյան հաղթանակը և Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս՝ լուռ հետևեոլով նրա հայաթափմանը։

Նիկոլիզմի ռեժիմը նվաստացրեց գեներալների և սպաների դերակատարումը՝ անխնա վարկաբեկելով վերջիններիս, բերեց պատերազմ ու խայտառակ կապիտուլյացիա, որն այսօր էլ շարունակվում է։

Նրանք պայքարեցին ու պայքարում են ոչ թե Հայաստանի սպառնալիք Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ, այլ ոչ վաղ անցյալում արտաքին թշնամուն ծնկի բերած ազգային գործիչների ու ինստիտուտների դեմ։

Պատմությունը դաժան և անաչառ ապտակներով մեզ սովորեցրել է, որ կրկնակի դժբախտ է այն ժողովուրդը, որը չի գնահատում իր հաղթանակները, և այդ հաղթանակները կերտած հերոսներին:

Պատմական այս փաստերը ներկայացնելու նպատակը մեկն է՝ ցույց տալ, որ մեր հայրենիքը շենացնողն էլ, քանդողն էլ մենք ենք։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Դիտվել է՝ 3787

Մեկնաբանություններ