38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ներկայացում Մասիս քաղաքում. ողբերգությո՞ւն է, թե՞ կոմեդիա, գուցե երկուսը միասի՞ն

Ներկայացում Մասիս քաղաքում. ողբերգությո՞ւն է, թե՞ կոմեդիա, գուցե երկուսը միասի՞ն
06.05.2016 | 09:26

«Ճամփա կա՝ ծով է տանում, ճամփա կա՝ այգի»: Ապրիլյան այդ օրը ճանապարհը մեզ տարավ Մասիս քաղաք, որը թատերաբեմ է դարձել քաղաքապետ Սաշա Հակոբյանի և գործարար Օլգա Սարգսյանի հակամարտության համար: Հակամարտություն, որի դրամատիկ արարների հանդիսատեսը մասիսցիներն են, մասսայականացումը՝ «Իրատեսի» էջերը: Եվ որպեսզի բոլոր դերակատարներն իրենց խոսքն ասեն, ու խաղաղ իջնի ներկայացման վարագույրը, «Իրատեսի» մեր լրագրողական խումբը լսեց նաև հակառակ կողմին՝ քաղաքապետ Սաշա Հակոբյանին, քաղաքապետարանի իրավաբան Լուսինե Աստաբացյանին և քաղաքապետարանի աշխատակից, նախկին ազատամարտիկ Գնել Ապիկյանին:

Մեր նպատակը մեկն էր. գտնել հակամարտության արմատը, որը վտանգավոր ծիլեր է տալիս: Քաղաքապետ Սաշա Հակոբյանի խոսքի ենթատեքստն այն էր, որ ոչ մի բարի գործ անպատիժ չի մնում. ինքը բազմիցս փրկել է Օլգա Սարգսյանի որդուն, որը, ըստ քաղաքապետի, անբարեհույս մեկն է, վարքով լավ հայտնի մասիսցիներին: Այդ փաստարկը, անկեղծ ասած, մեր տարակուսանքն առաջացրեց. դա ոչ թե բարի գործ է, այլ հանցագործության հովանավորչություն: Ըստ քաղաքապետի նկարագրածի, Օլգա Սարգսյանը կարծես գրոհային լինի, որի լեզվական և անկառավարելի վարքագիծը «տեռորի» է ենթարկում մասիսցիներին. մի մասն ահաբեկված է, մյուս մասը՝ զզված նրա պարբերական ոտնձգություններից: «Այդ կինը ամբողջ քաղաքը խառնել է իրար: Կին հալով Երևանում էլ, Մասիսում էլ շատ խլած բաներ ունի: Դուրս եկեք փողոց, ում ուզում եք, հարցրեք նրա մասին, կասեն՝ էդ շառի հետ գործ չունեք: Եթե արդարադատության նախարարությանը հարցում անեք, կպարզվի, որ տարբեր դատարաններում տիկին Օլգան հայցեր ունի»,- պատկերավոր պատմեց քաղաքապետը: Բնականորեն առաջացած հարց ուղղեցինք քաղաքապետին. «Իսկ Դուք ինչո՞վ եք զբաղված այս պարագայում, ինչո՞ւ եք հանդուրժում այդ կնոջ սանձարձակ պահվածքը, եթե այդպես է»:


Գալով թիվ 1 մանկապարտեզում եղած խախտումներին, իրավաբան Լուսինե Աստաբացյանը ներկայացրեց մի շարք փաստաթղթեր և լուսանկարներ, նաև առգրավված գրանցամատյաններ և ցուցակներ, որոնցում առկա էին և՛ օրենքի խախտումներ, և՛ յուրացումներ՝ ծնողներից գանձվող առձեռն գումարներ, որ չի թույլատրվում, նախատեսվածից ավելի երեխաների առկայություն, որոնց որքան էլ քնից հանեն և թաքցնելու փորձ անեն, ննջասենյակներում առկա մահճակալներն էլ հո չէին թաքցնելու, որոնք հաշվեցինք մեզ ներկայացված լուսանկարներում, նաև առանց համապատասխան ստորագրությունների ներկայացված ճաշացուցակները և այլ մեծ ու փոքր թերացումներ, բացթողումներ, խախտումներ: Տեսանք նաև խոհանոցում ճաշող փոքրիկների լուսանկարներ: Այն դիտարկմանը, թե մանկապարտեզի անմխիթար վիճակի միակ մեղավորը տնօրենը չէ, քանի որ մանկապարտեզները վերանորոգվում են համայնքի բյուջեի հաշվին, Սաշա Հակոբյանը հակադարձեց. «Մանկապարտեզի վիճակը այնքան էլ անմխիթար չէ, պարզապես սահմանված նորմերն են խախտվել, օրինակ, ճաշել են խոհանոցում եռման կաթսաների «ուղեկցությամբ»: Սահմանվածից շատ երեխաներ է տնօրենն ընդունել, ինչի պատճառով քնելու տեղերն անգամ չեն բավարարել»:

Այս փաստը համառորեն հերքում են մանկապարտեզի աշխատողներն ու տնօրենը: Ըստ մանկապարտեզի որոշ աշխատակիցների բողոքների, քաղաքապետարանի 7-հոգանոց խումբը՝ Լուսինե Աստաբացյանի գլխավորությամբ, իր «վայրի» ներխուժմամբ և ստուգումներով վախ է ներշնչել փոքրիկներին: Մեր այս դիտարկումը կտրականապես հերքեց տիկին իրավաբանը, նաև ներկայացնելով այն փաստաթղթերը, որոնցից մեկում Օլգա Սարգսյանը շատ է համարում քաղաքապետարանի սահմանած 200000 դրամ տույժը՝ այգում ապօրինի տեղադրված մետաղյա կրպակի համար, իսկ մյուս փաստաթղթով կտրականապես հերքում է այդ ապօրինի կրպակի իրեն պատկանելը: Հավելենք, որ, ըստ քաղաքապետի, տիկին Օլգան նաև խափանել է իր խանութին կից գործող վարսավիրանոցի աշխատանքը: «Հինգ տարի է՝ այն փակել է, չի թողնում մարդիկ մտնեն իրենց տարածքը: Պահանջում է այն իրեն վաճառել իր ցանկացած գնով: Վարսավիրանոցի աշխատողներն անգամ դիմել են ոստիկանություն, որպեսզի թույլ տան իրենց բնականոն աշխատանքը շարունակել, սակայն ոստիկանությունն էլ քայլեր չի ձեռնարկել, քանի որ վախենում են այդ կնոջից»,- միաժամանակ սա պնդեցին և՛ իրավաբանը, և՛ քաղաքապետը:


Օրենքի խախտում համարվեց նաև Աննա Սարգսյանի կողմից մանկապարտեզի կնիքի բռնագրավումը և իրեն փոխարինող անձին չհանձնելը, երբ ինքը համապատասխան որոշմամբ ազատված է մանկապարտեզի տնօրենի պաշտոնից, իսկ զարկերակային բարձր ճնշմամբ մի քանի օր Աննա Սարգսյանի հիվանդանոցում գտնվելը որակվեց սիմուլյանտություն և ինքնապաշտպանական բնույթի սադրանք: Սաշա Հակոբյանը տեղեկացրեց, որ մտադիր է առաջիկայում դիմելու ոստիկանություն, որպեսզի կնիքը նախկին տնօրենից առգրավվի:
Ի դեպ, քաղաքապետարանից վստահեցրին, որ մանկապարտեզի սաների ծնողներից իրենք գրավոր դիմումներ ունեն, որտեղ ևս փաստվում է, որ տնօրենը մի շարք հարցերում խախտումներ է թույլ տվել:


Ինչևէ, որոշ վեճերից ճշմարտություն է ծնվում, սահմաններն անցած հակամարտությունից՝ զրպարտություն, մաղձ, անհանդուրժողականություն և միմյանց ոչնչացնելու, նսեմացնելու անզուսպ կիրք: Սա, կարծում ենք, վերջին տարբերակն է, և պետք է ընդհանուր հայտարարի գալով, վերջնական հանգուցալուծում տալ այս խնդրին: Ի վերջո, այս օրերին, երբ քաղաքապետն էլ նշեց, որ իրենց քաղաքը երկու զոհ է տվել սահմանային այս միջադեպում, և որոնց, ըստ պատշաճի, հուղարկավորել են և զոհվածների ընտանիքներին օգնություն ցուցաբերել, անհարմար և անպատվաբեր է այս ողջ պատմությունը: Մենք ընդհանուր թշնամի ունենք, որի մասին պետք չէ մոռանալ:


Իսկ մեր նախկին հրապարակումից խիստ վիրավորված Գնել Ապիկյանը (վիրավորվել էր որպես «ագրեսոր» ներկայացվելուց) իրեն բավականին մարտաշունչ պահեց: Մեզ պատմեցին, որ նա ղարաբաղյան պատերազմի մասնակից է, և ագրեսիան ստացած կոնտուզիայից է (հարգանք և պատիվ ազատամարտիկի անցյալին, սակայն մի՞թե կարելի է նման նյարդային համակարգ ունենալով վարչական աշխատանք կատարել):
Տարակուսանքի տեղիք տվեց նաև հետևյալ փաստը. երբ հետաքրքրվում ես, թե երեխաների ներկայությամբ կոպիտ ստուգումներ եք անցկացրել՝ վախեցնելով փոքրիկներին, պատասխանում են. «Մանկապարտեզում այդ ժամանակ երեխաներ չկային»: Իսկ եթե այդպես է, ապա ննջասենյակում քնաթաթախ կամ քնած, խոհանոցում ճաշող, միջանցքներում փախչող կամ վարագույրի հետևում թաքնվող երեխաների լուսանկարներն ինչպե՞ս են արվել:
Ինչևէ, դարձյալ տեղին և ցավալիորեն արդիական է «Դժվար թե այսքան մեծ շեղում լինի, եթե ամեն մարդ իր տեղում լինի» խոսքը:


Գայանե ԱԹԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 17984

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ