«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՐԿԱՊՆԱԿԸ»` ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ

«ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՐԿԱՊՆԱԿԸ»` ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ
15.02.2011 | 00:00

Մեր թերթը հետևում է մշակութային կյանքում վերածնունդ առած մի այնպիսի նոր երևույթի, ինչպիսին նկարչական փառատոնն է ու դրան հաջորդող ցուցահանդեսը։
Հիշեցնենք, որ այսօր դրանց նախանձախնդիր կազմակերպիչներն են «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը և «Փյունիկ» հիմնադրամը։
Հերթական նկարչական փառատոնը Վայոց ձորում անցած տարվա նոյեմբերին էր, իսկ դրան հաջորդող ցուցահանդեսը այս տարի հունվարին, շարունակությունը եղավ «Աշնանային Վայոց ձոր» ցուցահանդեսի կազմակերպումը Եղեգնաձորում։ Հանդիսավոր բացումը տեղի ունեցավ օրեր առաջ տեղի երկրագիտական թանգարանում, որի բակը և հարող տարածքը մարդաշատ էին։ Ինչպես ներկաներն էին վկայում, այդքան արվեստասեր երբեք այստեղ չէր հավաքվել։ Մինչ նրանց ցուցահանդես մտնելը կազմակերպիչները կարճառոտ ելույթներով փորձում էին ներկայացնել այն, ինչ տեսնելու է արվեստասերը։
Ողջունելով ներկաներին և իսկապես այն կարևոր մշակութային իրադարձություն համարելով` «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանն ասաց, որ վերածնված նկարչական փառատոնի սկիզբը դրվել է 2 տարի առաջ Լոռվա ձորում, հետո այն հասել է Արցախ, և այժմ եկել է Վայոց ձոր։ «Ճիշտ է, այսօր Ձեզ են ներկայացվում Վայոց ձորի գույները, բայց դրանց մեջ կան և՛ Լոռվա ձորի, և՛ Արցախի, և՛ մեր մյուս տարածաշրջանների նրբերանգները,- ասաց Լևոն Սարգսյանը,- Գարնան գալու հետ նկարչական փառատոների աշխարհագրությունն անընդհատ կընդլայնվի` հասնելով Հայաստանի տարբեր տարածաշրջաններ, ինչո՞ւ չէ` նաև արտասահման` Սիրիա։ Արտասահմանում կսկսենք Դեր Զորից` ապրիլի 24-ին մեկնարկելիք փառատոնով։ Դրան էլ կհաջորդի մեկ ուրիշը` արդեն Հայաստանում, ռուս նկարիչների մասնակցությամբ, որը կմեկնարկի մայիսի վերջին կամ հունիսի սկզբին»։
Օրվա մյուս բանախոսը` «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը, շարունակելով` ասաց, որ այս քայլերն արդեն տեղավորվում են ձևավորվող «Հայկական ներկապնակ» նկարչական փառատոնի շրջանակներում։ Իսկ այն պետք է նպատակ ունենա կերպարվեստի լեզվով արվեստասերներին ներկայացնելու Հայաստանի տարբեր տարածաշրջանները, գաղթօջախները, հայոց պատմության և իրականության նկարչական անդրադարձները։ «Մենք ուզում ենք օգնել և աջակցել նկարիչներին` ստեղծելու մեր ապրած օրերի նկարչական անդրադարձները։ Եթե, օրինակ, մեր նկարչական փառատոնը կայացել է նոյեմբերի 1-10-ին, ուրեմն նկարները ստեղծվել են հիմնականում հենց այդ օրերին։ Մեր գործընկեր-նկարիչներն աշխատում են հենց տեղում, բնության գրկում կամ պատմական հուշարձանի շրջակայքում։ Ստեղծվող աշխատանքները տվյալ կոնկրետ միջավայրը և տարվա եղանակն են ներկայացնում, և պատահական չէ, որ ցուցահանդեսի խորագրերում շեշտվում է տարվա ժամանակը։ Եթե մինչև հիմա ունեցանք աշնանային ցուցահանդեսներ, ապա դրանց կհաջորդեն գարնանայինը, ամառայինը»։
Վայոց ձորի մարզպետի համոզմամբ` «Աշնանային Վայոց ձոր» ցուցահանդեսը ինչպես Երևանում, այնպես էլ Եղեգնաձորում ճանաչողական կարևոր նշանակություն ունի։ «Անկեղծ ասած, ինձ համար նոր մոտեցումներ կային` ասելիքի և գույների տեսակետից, մեր պատմական հուշարձանների, բնաշխարհի հետ կապված,- ասում է Սերգեյ Բագրատյանը,- ինձ ավելի հետաքրքրեց այն իրողությունը, որ նկարիչները գնացել էին մեծն Մոմիկի հետքերով և վրձնել բոլոր հուշարձանները, որոնք առնչվում են մեր մեծ հայրենակցին` հանրահայտ Նորավանքից սկսած մինչև ՈՒլգուր եկեղեցի, ուր, ավանդության համաձայն, թաղված են Մոմիկը և իր հարազատները։ Հուսով եմ, որ այցելուների համար հետաքրքիր կլինի այստեղ հետևել այս կարևոր պատմական իրողությանը։ Իսկ ինչ վերաբերում է բնությանը, ապա այստեղ ուրիշ է. նկարչի աչքը տեսել է այն, ինչ դժվար է երբեմն հասկանալ սովորական հայացքով»։
Ցուցահանդեսը քննարկումների և երկխոսությունների հետաքրքիր հարթակ է դարձել, քանի որ այստեղ հանդիպել են արվեստասերները և արվեստագետները։ Արվեստասերները բազմաթիվ հարցեր ունեն` ինչո՞ւ են այսքան վառվռուն եկեղեցիների գույները, ինչո՞ւ շատ դեպքերում խամրած են աշնան գույները, ինչո՞ւ ավելի քիչ են մարդկային կերպարները, ի՞նչ է եռանկարը և ինչո՞ւ է նկարիչն ընտրել հենց Նորավանքը, Գնդեվանքը և Թանահատի վանքը։ Ոչ մի հարցադրում անպատասխան չի մնում։ ՀՀ վաստակավոր նկարիչ Հրանտ Թադևոսյանի կարծիքով` որևէ տարածաշրջանի գույները կամբողջանան, եթե ունենանք տարվա տարբեր եղանակների գույները, առնվազն նաև գարնանը։ Նկարիչ Գագիկ Ավետիսյանն արվեստասերներին խոստովանում է, որ այնքան հարուստ նյութ էր տալիս Վայոց ձորի միջավայրը, որ նկարիչները չէին հասցնում այդ ամենը կտավին հանձնել։ Արմեն Հարությունյանն էլ ասում է, որ բացօթյա նկարչությունն անհատնում ստեղծագործական լիցքեր է բերում, որը շատ երկար ժամանակ բավականացնում է արվեստասերին։
«19 նկարիչ եկավ Վայոց ձոր,- ասում է նկարիչ Գագիկ Ավետիսյանը,- և մենք ամեն օր տարբեր երթուղիներ էինք ընտրում Արփայի հովտից մինչև լեռներում գտնվող Սմբատաբերդ և Սպիտակավոր։ Օրինակ, Սպիտակավոր եկեղեցին, որտեղ ամփոփված է մեծ Նժդեհի աճյունը, նկարիչ Լորիկ Մինասյանը հասավ ոտքով, երկար ճանապարհ կտրելով։ Հեշտ չէր նաև Վարդան Ավետյանի համար դեպի ՈՒլգուր տանող ճանապարհը, ուր մեծ Մոմիկի ընտանեկան գերեզմանն է։ Բայց նրանք գնացին, հասան և ձմեռնամուտի ցուրտ օրերին մեկ ամբողջ օր անցկացրին այնտեղ»։
Մեկ է բոլորի կարծիքը` «Աշնանային Վայոց ձորը» կայացած ցուցահանդես է` ինքնատիպ և հետաքրքիր գույներով։ Ավելի քան 10 օր վայոցձորցիները հնարավորություն կունենան Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում ծանոթանալու իրենց իսկ աշխարհի նկարչական անդրադարձներին ու մեկնաբանություններին։
Մարգարիտ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 2827

Մեկնաբանություններ