ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Բաց նամակ Թաթուլ Կրպեյանի հարազատներից

Բաց նամակ Թաթուլ Կրպեյանի հարազատներից
27.10.2015 | 14:11

Վաղը՝ հոկտեմբերին 28-ին կկայանա մեր եղբոր՝ ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի 50- ամյակին նվիրված հուշ-հանդիսությունը: Դրանից առաջ նրա անունով դպրոց, այգի անվանակոչվեց: Բայց ամեն անգամ այս միջոցառումներից կամ Թաթուլին նվիրված հեռուստահաղորդումներից հետո մեր վիշտն ավելի է խորանում, ցավն ավելանում, երբ հեռուստաեթերից կամ մամուլի էջերից իրեն Թաթուլի այրի հորջորջող Իրինա Բարսեղյանը բեմադրած խոսքեր է ասում մեր եղբոր մասին, վիրավորելով թե՛ Թաթուլ տված գերդաստանին, թե՛ մեր ժողովրդին: Այս հայտարարության նպատակն այն է, որ թացը չորից զանազանվի, ԶԼՄ-ների ակամա աջակցությամբ Ազգային հերոսի անունն ու հիշատակը չծառայեն ոմանց անձնական նկրտումներին: Թաթուլն իր կարճ կյանքը պարզ ճակատով է ապրել ու արժանի է, որ հիշատակն ի սրտե հարգվի:
Մենք՝ Թաթուլի 4 եղբայրներն ու միակ քույրը, լռել ենք 20 տարուց ավելի , բայց այսօր որոշել ենք խոսել: Տարվա մեջ առնվազն 2 անգամ, մեր եղբորը նվիրված միջոցառումներին դստերը՝ Ասպրամին, որպես վահան օգտագործելով, իր անվանը մեր ազգանունը կցելով, Իրինա Բարսեղյանը տեսախցիկների ու հանդիսատեսի առաջ իրեն տեր է հռչակում Թաթուլի հիշատակին: Մենք լռել ենք այն ժամանակ, երբ Թաթուլի զոհվելուց շաբաթներ անց երկրպագուն նրան Կրպեյանների տուն էր ուղեկցում, լռել ենք, երբ մեր եղբոր մահվան տարելիցը չբոլորած՝ նա ամուսնացավ: Երբևէ չէինք մտածի, թե այսօր գեղեցիկ խոսքերով փաթեթավորված ու էկրաններից մատուցվող սիրո պատմությունը Թաթուլի հանդեպ՝ իրականում այդքան կարճ կյանք կունենար: Իսկ լռում էինք՝ խնայելով մեր ծնողներին, չցանկանալով հանրայնացնել Թաթուլի ընտանիքի արնածոր վերքի վրա ավելացած ցավը: Իր հանրային ելույթներում Իրինան խնամքով շրջանցում է փաստը, որ շատ վաղուց նոր ընտանիք ունի և վաղուց այլևս Կրպեյան չի:
Մեր ամբողջ գերդաստանը հեռու է այն մտքից, թե Թաթուլի այրին պետք է ամբողջ կյանքում սգավոր ու միայնակ մնար: Նրա հիշատակին հավատարմությունն առաջին հերթին շիտակությամբ պիտի լիներ. Թաթուլին ճանաչող ամեն մարդ գիտի, թե ինչքան անհանդուրժող էր կեղծիքի, ստի ու դավաճանության հանդեպ: Անգամ մեր հայրը Թաթուլի հուղարկավորությունից հետո արտասուքն աչքերին ասաց Իրինային, թե ինքը միայն հարս չէ, նաև մեր աղջիկն է և մի օր բոլորով, ծնողական օրհնանքով իրեն դեպի նոր երջանկություն կճանապարհեն: Ավելորդ է ասել, թե ինչ հոգածության էր նա արժանանում մեր կողմից: Սակայն նրա ամուսնության մասին մենք ուրիշներից իմացանք, իսկ իրենից, ավաղ, միայն սպառնալիք, որ բոլորիս կկտրի Թաթուլի միակ ժառանգ Ասպրամից: Մեր ծնողները, որ մինչ այդ շատ պինդ էին իրենց պահում ու կրում վիշտը, միանգամից կոտրվեցին. մեր հայրն անկողին ընկավ ու այլևս չապաքինվեց, նրան հետևեց մեր մայրը:
Այս ամենից հետո սկսվեց Իրինայի երկակի բուռն կյանքը. իրականում՝ իր նոր անձնական կյանքով ապրող երիտասարդ, երջանիկ կին, իսկ Թաթուլի ծննդյան ու զոհվելու օրերին, տեսախցիկների առաջ ու հանդիսություններին՝ անմխիթար այրի՝ բեմադրված ելույթներով: Սակայն այսքանով Իրինան չբավարարվեց: Մեր սրտի ցավը, մեր կորուստն իր համար, ցավոք, միայն փառքի ու ճանաչման աղբյուր էին: Տարբեր միջոցառումների կազմակերպիչներին հայտարարում էր, թե ինքն է Թաթուլի հիշատակի կրողը և մենք բոլորս անգրագետ ու անկիրթ ենք, և չարժե մեզ հրավիրել դրանց: Եվ շատ դեպքերում մենք ստիպված էինք լինում հանդիսատեսի կարգավիճակով լսել ու տեսնել, թե ինչպես է Իրինան կատարում այրու իր դերը: Թերևս այնքան անկիրթ ենք, որ իր պես դերասանական վարպետության չենք տիրապետում և, լուռ ցավով ու հպարտությամբ կրելով մեր կորուստը, իր պես շքեղ ելույթներ չենք ունենում: Ժողովուրդն ասում է՝ վերքը տիրոջն է ցավ տալիս...
Ձեռնպահ ենք մնում Իրինա Բարսեղյանի շատ ու շատ քայլեր ու հայտարարություններ մեկնաբանելուց, մնալով մեր՝ Կրպեյան գերդաստանին վայել բարձրության վրա: Շատ ենք ուզում, որ ոչինչ ու ոչ մեկը երբևէ չստվերի Թաթուլի հիշատակը, ոչ մի կեղծ նոտա չհնչի նրա համար: Իսկ Իրինային մաղթում ենք երջանկություն և հորդորում զբաղվել երկրորդ ամուսնությունից ծնված հրաշալի որդու կյանքով, այլ ոչ թե պարբերաբար մղկտացնել մեր վերքը:
Մեր հայրենի գյուղն այժմ Թաթուլի անունն է կրում, որտեղ մեր տղաների ձեռքով հատիկ-հատիկ տաշված քարով շուրջ 10 տարվա ընթացքում հուշարձան է կանգնեցվել Թաթուլի շիրմին, կառավարական հանձնաժողովի որոշմամբ մեր հայրական տունը Թաթուլի թանգարանի է վերածվում, որպեսզի ամեն ոք կարողանա գալ ու զգալ այն միջավայրը, որտեղ ծնվել ու հասակ է առել Ազգային հերոսը: Այս ամենի մասին առաջին անգամ բարձրաձայնելով՝ մտովի ներողություն ենք խնդրում Թաթուլից, մեր կրտսեր ու մեծ եղբորից… նաև ընդամենը մի քանի ամիս իր կինը եղած Իրինայի փոխարեն, որ շտապում է սեփականատեր դառնալ Թաթուլի հետ կապված ամեն ինչին՝ հատկապես նյութականին. փակագծերը չենք ուզում բացել:
Այս ամբողջ պատմության մեջ մեզ համար ամենացավոտն ու խոցելին Ասպրամի հարցն է: Թաթուլի զավակը մեծացավ Կրպեյաններից կտրված, սակայն հուսով ենք, Թաթուլի գեները ամբողջ ուժով կխոսեն դեռ ու մեր խելացի, գեղեցիկ Ասպրամը արդարամիտ կլինի ու երբևէ կհասկանա մեր այս պոռթկման պատճառն ու մեր լուռ վիշտը:


Սերգո ԿՐՊԵՅԱՆ
Մինաս ԿՐՊԵՅԱՆ
Գրիգոր ԿՐՊԵՅԱՆ
Մանվել ԿՐՊԵՅԱՆ
Ռուզան ԿՐՊԵՅԱՆ
Ալբերտ ՀԱՐՈՅԱՆ

Դիտվել է՝ 3238

Մեկնաբանություններ