Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ԲՀԿ-ն՝ լուրջ փորձության առջև

ԲՀԿ-ն՝ լուրջ փորձության առջև
31.10.2014 | 15:45

Ժամանակին քանիցս անդրադարձել ենք, որ «Բարգավաճ Հայաստանը» այստեղից-այնտեղից հավաքված, մի քանի կուսակցություն փոխած գործիչների, գործարարների կուսակցություն է, և երբ նա կանգնի փորձության առջև, նրան շատ արագ սպասվում է հայաստանյան ընդդիմադիր կուսակցությունների ճակատագիրը, որոնք մի քանի մասի են տրոհվել:

Մամուլում այս օրերին արդեն լուրեր են սպրդել, որ վերջին հանրահավաքներից հետո, երբ Գագիկ Ծառուկյանն ու նրա ղեկավարած կուսակցության հայտնի գործիչները ելույթներ են ունենում Ազատության հրապարակում, ԲՀԿ-ական քաղաքապետերից ոմանք պատրաստվում են վերանայել իրենց կուսակցական պատկանելությունը՝ ավելորդ խնդիրներից խուսափելու համար: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան ՈՒրիխանյանն էլ կայքերից մեկին տված հարցազրույցում նշել էր, որ կուսակցության ներսում անպայման կքննարկվի դժգոհ ԲՀԿ-ականների դիրքորոշումը:
Դեռ անցյալ շաբաթավերջին հայտնի դարձավ, որ Հայ ազգային կոնգրեսի գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը ներկայացրել էր իրազեկում Երևանի քաղաքապետարան՝ շաբաթը մեկ հանրահավաքներ և երթեր կազմակերպելու համար, որն էլ քաղաքապետարանի լիազոր ներկայացուցչի որոշմամբ` ընդունվել էր ի գիտություն: Եվ շատերն էին սպասում, որ հոկտեմբերի 31-ին կկայանա ոչ իշխանական եռյակի հաջորդ հանրահավաքը: Օրեր անց պարզվեց, որ եռյակի ուժերը դեռ զբաղված են ոչ միայն սպասվելիք հանրահավաքների ժամանակ գործողությունների իրենց պլանները քննարկելով, այլև դեռ որոշված չէ հանրահավաքի օրը:
Դատելով այս անորոշությունից՝ կարելի է եզրակացնել, որ ԲՀԿ շարքերում հասունանում են խմորումներ, և այն մարդիկ, ովքեր պատրաստ չեն կրելու հայաստանյան ընդդիմադիրի ծանր խաչը, ստիպված են լինելու նահանջել: Ինչ-ինչ, բայց ՀՀ ցանկացած քաղաքացի լավ է պատկերացնում, թե ինչ է նշանակում Հայաստանում լինել ընդդիմադիր և հայտարարել, թե պատրաստ է օգտվելու պիկետներ, նստացույցեր անցկացնելու իր սահմանադրական իրավունքից, Ազատության հրապարակում քարը քարին չթողնելով քննադատել տնտեսության ծանր վիճակը: Եվ հիմա ԲՀԿ-ականներին սպասում են նույն փորձությունները, որոնց միջով տարիներ շարունակ անցել են ՀԱԿ-ի և «Ժառանգության» իրենց գործընկերներն ու նրանց շարքային համակիրները:
Կդիմանա՞ ԲՀԿ-ն այդ փորձությանը՝ ժամանակը ցույց կտա:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 26925

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ