Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Հավատարմագրում` ըստ Հովհանու

Հավատարմագրում` ըստ Հովհանու
25.08.2009 | 00:00

«ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ»
Երեկվանից սկսվել է ԱԺ-ի աշխատանքները լուսաբանող լրագրողների հավատարմագրումը: Հավատարմագրում հո չէ` «կրակի կտոր»: Զավեշտն սկսվում է հենց սկզբից։ Ըստ կանոնակարգի` գրավոր դիմում պետք է ներկայացնել խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետին, որն իրականում գոյություն չունի, քանի որ Ազգային ժողովի նախագահի «քեֆը տվել» է երկար ժամանակ դափ-դատարկ տեսնել այդ պաշտոնը: ԱԺ-ից մեզ փոխանցեցին, որ հավատարմագրվելու համար կարող ենք դիմում ներկայացնել վարչության պետի պաշտոնակատարի անունով: Բան չենք ասում, խելոք-խելոք լսում ենք: Է՜, բայց «աբրահամյանական» ո՞ր մի նորամուծությանը խելոք-խելոք դիմանաս: Լրատվամիջոցներին հղված երկարաշունչ «կարելի-չիկարելիներով» լեցուն հաղորդագրության ամենահետաքրքիր կետերից մեկի համաձայն` լրագրողի հավատարմագրումը դադարեցվում է, եթե «նա տարածել է Ազգային ժողովի և աշխատակազմի գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, ինչը հաստատվել է դատարանի վճռով»: Պահո՜, իսկ ո՞վ է որոշողը` տվյալ տեղեկությունն իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ։ ԱԺ նախագա՞հը: Հովիկ Աբրահամյանին մնում է միայն հարցնել` «ո՞ւմ հետ էիր շաշկի խաղում, կասես մի դիմում էլ նա գրի»: Կամ` ի՞նչ ասել է` «ԱԺ-ի գործունեության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություն»: Եթե առաջնորդվենք հավատարմագրման նոր կարգ «մոգոնածների» տրամաբանությամբ, այսուհետ պիտի գրենք միայն, թե Աբրահամյանն ու հատկապես ԱԺ-ի օլիգարխ պատգամավորներն օրնիբուն օրենսդրական բուռն աշխատանքով են զբաղված, բոլոր օրենսդիրները քվեարկում են միայն իրենց փոխարեն և նմանատիպ չլսված, չտեսնված բաներ։ Հետաքրքիր է, իսկ սուտ տեղեկություն տարածելու համար լրագրողին դատ չի՞ հասնում:
Հաջորդ նորամուծությունը։ Իբր քիչ էր պատգամավորներին քնած, պառկած, խումհարի մեջ կամ քիթը քչփորելու պահին «ժամով» նկարելու սահմանափակումը, այս անգամ էլ, ըստ «բարեփոխված» կանոնակարգի, լրագրողները կարող են մուտք գործել խորհրդարան «միայն նիստերի, դրանց հաջորդող ճեպազրույցների, մշտական հանձնաժողովների նիստերի, խորհրդարանական լսումների, մամլո ասուլիսների, ինչպես նաև ԱԺ-ում անցկացվող միջոցառումների» ժամանակ: Փաստորեն, զգալիորեն սահմանափակվում է լրագրողների մուտքը օրենսդիր մարմին: Այսինքն, հեռվից պետք է հետևել ԱԺ-ին, թե չէ «կէրվես, կխորովվես», եթե ներս թափանցեցիր և տեսար խորհրդարանի ողջ թշվառությունը` պսպղուն ցուցատախտակներին բազմած հայրենի օրենսդիրների «վեհապանծ» անուններով` դատարկ սենյակների պատերին։
Իսկ առջևում աշնանային նստաշրջանն է` անսահմանափակ «կուրյոզներով»:
Նյութը պատրաստ էր տպագրության, երբ լրատվամիջոցներին անակնկալ տեղյակ պահեցին, թե Հովիկ Աբրահամյանի մամուլի պատասխանատու ՆԱԻՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ասուլիս է հրավիրել` հավատարմագրման շուրջ պարզաբանումներ ներկայացնելու համար։ Գնացինք ու հերթական անգամ համոզվեցինք վերը ասվածի իսկության մեջ։ Դեռ ավելին, ԱԺ խոսնակի մամուլի պատասխանատուն հայտարարեց, որ ամեն ինչ համապատասխանեցրել են նոր կանոնակարգին։ Համարյա թե ինչ արել ենք, լավ ենք արել։ Հետն էլ բերել էր ԱԺ նախագահի «ջղային-ջղային» խորհրդական օրիորդին, որ իրավական «տեռորի» ենթարկի լրագրողներիս։ Մենք էլ «տակ» չմնացինք, ու Նաիրի Պետրոսյանը «սպառնաց», թե լրագրողների «կապրիզներին» կուլ չեն գնալու։
Վերջում փաստենք, որ լրագրողների ազատ մուտքն ԱԺ իրոք լրջորեն սահմանափակվում է։ Եթե ցանկանում ենք խորհրդարան մտնել, ապա նախօրոք «հյուրընկալող» պատգամավորի «իջեցրած» համաձայնությունը` անցաթուղթը, պիտի ունենանք։ Այսինքն, օրենքով «շպիոնություն» է ստացվում։ Լրագրողի ստորագրությամբ նյութից հնարավոր կլինի հստակ իմանալ, թե տեղեկատվության աղբյուրն ով է։ Փաստորեն, ԱԺ-ն դառնում է փակ կառույց։ Բայց այս իրավիճակից էլ ելք կգտնեն լրագրողները։ Հովիկ Աբրահամյանից պակա՞ս հնարամիտ են։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2006

Մեկնաբանություններ