38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Չեմ ցանկանում այս միջավայրում ամեն պատահական գիրք վաճառել»

«Չեմ ցանկանում այս միջավայրում ամեն պատահական գիրք վաճառել»
16.04.2019 | 02:37

Վերջին տարիներին Երևանում գրախանութային մշակույթը մի տեսակ ակտիվացել է՝ գրախանութները, անցյալ տասնամյակների համեմատ, շատացել են, թարգմանական գրքերը՝ նույնպես, ամեն ամիս արտերկրից հսկայական քանակով օտարագիր գրականություն է ներմուծվում: Երևանը, այս առումով, եզակի է դարձել նաև իր «Գրքերի շուկայով» ու քաղաքի տարբեր մասերում գտնվող ոչ ստանդարտ «գրախանութներով»: Եթե տարիներ առաջ մարդիկ միայն խոսում էին գրախանութների կարևորության մասին, արդեն դրանց գոյության պարտադրմամբ, այսօր սկսել են խոսել գրավաճառության նոր մոտեցումների ու գրախանութների ոճի մասին: Անկեղծ ասած՝ մեր գրախանութներն առանձնապես չեն փայլում իրենց նրբաճաշակությամբ ու ոճային այլընտրանքային լուծումներով: Ամենուր լուծումներն իրար նման են՝ ապակի, սալիկ, ապակի, սալիկ, ապակի, սալիկ, ուրիշ ոչինչ:
Բայց Երևանում կա մի գրախանութ, որը յոթ սարուձորով հեռու է մյուսներից թե՛ ոճով, թե՛ գրքային ապրանքանիշով: Խոսքը «Լույս» գրախանութի մասին է, որ գտնվում է Մաշտոցի 45 հասցեում: Դա Երևան քաղաքի այն եզակի գրախանութն է, որն իր ոճային անաղարտությամբ պահպանվել է մինչ օրս: Առաջին հայացքից գրախանութը հիշեցնում է բոլորիս հայտնի Հոգվարթսի կախարդական գրադարանի փոքրիկ տարբերակը: Արևելյան նրբաճաշակ զարդարվեստը միջավայրն այնքան միստիկ է դարձնում, որ, եթե պատուհանից չերևա ժամանակակից քաղաքի գռեհիկ «ճարտարապետությունը», մարդ կարող է իրեն զգալ 17-18-րդ դարերի արևելքում: Գրախանութին առանձնակի շուք են հաղորդում փայտե դարակներն ու պահարանները, որոնց հեղինակը հայտնի հայ փայտամշակող-կահույքագործ, ՀԽՍՀ նկարիչների միության անդամ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՆՂԱՇՅԱՆՆ է /1876-1968/, վերջինիս այլ եզակի աշխատանքեր կարելի է գտնել, օրինակ, Մատենադարանում, Ազգային գրադարանում և այլուր:
Գրախանութն ի սկզբանե եղել է ծխախոտի խանութ, անցյալ դարի 60-ականների վերջում դարձել է երաժշտական նոտաների խանութ, զուգահեռ վաճառվել են նաև որոշ գրքեր: Խորհրդային Միության փլուզումից հետո գրախանութի գործերով ու խնամքով սկսել է զբաղվել ԿԱՐԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ: Ներկայացնում եմ մեր փոքրիկ զրույցը։

-Գրախանութի շենքը շա՞տ հին է։
-Շենքը 1940 թ. է կառուցվել: Սկզբում ծխախոտի խանութ է եղել: Մինչև հիմա կարելի է գտնել տարեց երևանցիների, որոնք ժամանակին այստեղից ծխախոտ են գնել իրենց կամ իրենց մեծերի համար:
-Գրախանութն իսկական մշակույթի օջախ է. հայտնի մարդիկ շա՞տ են այցելում Ձեզ։
-Այո, այցելուներ շատ ունենք. աշխարհի հայագետներն այս գրախանութի տեղը գիտեն, մերոնք, բնականաբար, ոչ:
-Իսկ քաղաքական գործիչներ այցելել կամ այցելու՞մ են։
-Այո, առաջին ու վերջին նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Արմեն Սարգսյանը:
-Ձեր աշխատած տարիներին գրախանութի ամենաեզակի գիրքը ո՞րն է եղել։
-Դժվար հարց եք տալիս, դժվար ընտրության առաջ եք կանգնեցնում։ Նախ՝ որքան հին, այնքան եզակի, բայց դա էլ ճաշակի հարց է: Հին «Աստվածաշնչեր» են եղել, որոնք կարող եք համարել իրոք եզակի, որովհետև այդ գրքերի շքեղ կազմերից ոչ մեկը մյուսին նման չի եղել:
-Ինչպես հասկացա, այս գրախանութ պատահաբար ոչ ոք չի գալիս։
-Ճիշտ եք, գալիս են հիմնականում իմացող մարդիկ՝ հատուկ գրքեր ընտրելու համար:
-Տեսնում եմ, որ ժամանակակից ո՛չ հայկական, ո՛չ էլ թարգմանական գրականություն գրեթե չկա, ի՞նչն է պատճառը:
-Ձեր նշած գրքերից հաճախ են հարցնում, բայց սկզբունքի խնդիր կա, օրինակ, բիզնեսի հետ առնչվող ոչինչ չեմ ընդունում: Այդ գրքերից շատ եզակիներն են պատիվ ունենում մեզ մոտ հայտնվելու: Մեր գրախանութը թե՛ առաջ, թե՛ հիմա եզակի է նաև իր հայագիտական գրականությամբ, մեզ մոտ հնարավոր է գտնել հայագիտական գրեթե ամեն ինչ: Բայց, ցավոք սրտի, ժամանակի բերումով, երբ ամեն ինչ թվայնացվում է, նոր սերունդն էլ առանձնակի լուրջ պատկերացումներ չունի գրքի մասին, և հոսքի նվազման միտում եմ նկատում:
-90-ականներից մինչ հիմա ի՞նչ է փոխվել։
-90-ականներին գրքերի հանձնման մեծ հոսք կար, մարդիկ մեծ քանակությամբ գրքեր էին հանձնում, այնպիսի գրքեր, որպիսիք այսօր գրաշուկայում չեք գտնի: Այն ժամանակ անասելի մատչելի գներով կարելի էր ձեռք բերել այնպիսի գրքեր, որոնք հիմա մի քանի հազար դոլար արժեն: Այդ գրքերը Խորհրդային Միության փլուզումից հետո գտան իրենց նոր տերերին, վերջիններս էլ դեռ միտք չունեն դրանք վաճառելու: Ժամանակին մեր վաճառասեղանին միշտ 1700-ականների մոտ 30 գիրք էր դրված լինում:
-Պատրաստվու՞մ եք այսուհետ նույնպես չվաճառելու նոր տպագրված գրքեր:
-Ոչ, ես գրքերից չեմ խուսափում, բայց նոր տպագրված գրքերը տարբեր են, բազմազան, ես բացարձակ նախընտրությունը տալիս եմ հայագիտական ու պատմական, արժեք հանդիսացող, մարդուն բան սովորեցնող գրքերին: Եթե մեր ժամանակակից գրողների այն եզակի շնորհալի հատվածը ցանկանա իր գրքերը այստեղ վաճառել, խնդրեմ:

Պատրաստեց
Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 20414

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ