Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Նախագահական «թուրքական գամբիտ»

Նախագահական «թուրքական գամբիտ»
01.07.2008 | 00:00

Թուրքիան իրենից ներկայացնում է «երկրորդ աշխարհի» երկրի տիպիկ օրինակ։ Նրան առջևում սպասում է աշխարհաքաղաքական իրողությունների հետ հաշվի նստելու ոչ մեկ պահ։ Թուրքական ազգային հպարտության մեջ դեռևս զգացվում են ագրեսիվ նեոօսմանիզմի արձագանքները, ինչը ոչ մի կերպ չի համապատասխանում Եվրամիության չափանիշերին։ Եվ այնուհանդերձ, վերջնահաշվում հենց դա կարող է դառնալ այն զենքը, որի օգնությամբ Եվրոպան կապահովի կայունությունը Սիրիայում, Իրաքում և Իրանում։ Մանավանդ որ Թուրքիայի միջոցով սահմանակցում է նրանց»։
Պերագ Հաննա. «Երկրորդ աշխարհ. կայսրությունները և ազդեցությունը նոր աշխարհակարգում» գրքից։
Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ Ռուսաստանի և Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի միջև ընթանում է դիրքային պայքար այն տարածաշրջաններում, որոնք մինչ այժմ գտնվում էին Մոսկվայի վերահսկողության ներքո։ Անհրաժեշտ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ-ը, արդեն ձևավորել են շփումներ և տարաբնույթ հարաբերություններ այդ տարածաշրջանների պետությունների և մասնավորապես Հարավային Կովկասի երկրների հետ։ Եվ թեկուզ այս հանգամանքը ակնհայտ հակադրությամբ չի ուրվագծվում, սակայն «պարանի ձգման» համառ և հետևողական ջանքերը նկատելի են հատկապես Հայաստանում, որն այսօր մնացել է Մոսկվայի վերջին բաստիոնը տարածաշրջանում և մի շարք օբյեկտիվ հանգամանքների բերումով դարձել խոչընդոտ ընդհանուր ինտեգրացիայի գործընթացներում։
Այս համատեքստում Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները Արևմուտքի աշխարհաքաղաքական ծրագրերում ոչ միայն դարձել են յուրօրինակ անկյունաքար, այլև գլխացավանք հիմնական աշխարհաքաղաքական կենտրոնների համար։ Ըստ որում, անհրաժեշտ է նկատել, որ Երևանի և Անկարայի միջև կարծիքների այսպիսի ակտիվ փոխանակում, այդ թվում բարձրագույն մակարդակում, չի նկատվել վերջին մի քանի տարիներին։ Ինչպես նշում է անգլիական «Էկոնոմիստ» ամսագիրը, Թուրքիայի և Հայաստանի միջև փոխհարաբերություններում ցանկացած պահի կարող են սկսվել առայժմ ոչ պաշտոնական բանակցություններ դիվանագիտական հարաբերությունների հաստատման շուրջ։
Պարբերականը հատուկ ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ առաջիններից մեկը շնորհավորեց Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը։ Ավելի ուշ երկու երկրների վարչապետեր Տիգրան Սարգսյանն ու Ռեջեփ Էրդողանը հայտարարեցին բարիդրացիական հարաբերություններ հաստատելու առաջնահերթ նշանակության մասին։
«Բոլոր առկա խնդիրների վերջնական լուծումը Հայաստանի ու Թուրքիայի միջև և բարիդրացիական հարաբերությունների կառուցումը երկխոսության միջոցով Թուրքիայի համար առաջնահերթություն ունեցող խնդիրներից մեկն է»,- հայտարարեց Թուրքիայի վարչապետը, իսկ նրա հայաստանցի գործընկերը պատասխան նամակում վերահաստատեց հայկական կողմի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ՝ առանց նախապայմանների։ Իր հերթին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատումն անհրաժեշտ է, որովհետև հայ և թուրք ժողովուրդների ներկայիս սերունդը ծանր ժառանգություն է ստացել, և այդ քայլը պետք է նրա համար, «որպեսզի թերթվի անցյալի սև էջը։ Քաղաքական ղեկավարները պետք է մեկը մյուսին ընդառաջ գնան՝ գիտակցելով ողջ պատասխանատվությունը»։
Բոլոր այս «ռևերանսները» լրջորեն ոգևորում են ԱՄՆ-ին և Եվրոպային։ Այսպես օրինակ, ԱՄՆ պետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան այս կապակցությամբ հայտարարեց, որ արդեն այսօր կա դրական տեղաշարժ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, և որ ընդամենը մի քանի ամիս առաջ իրադարձությունների այսպիսի շրջադարձը թվում էր անհնարին։
Ստացվում է, որ այսօր ավելի քան իրական է հայ-թուրքական երկխոսության հեռանկարը, թեպետ դրա օրակարգը ընդգրկում է շատ ավելի լայն շրջանակ, քան երկկողմ և տարածաշրջանային հարցերը, իսկ այդ օրակարգի մի քանի խնդիրներն ընդհանրապես ունեն կարևոր միջազգային նշանակություն։ Եվ այս համատեքստում բավականին լայն արձագանքներ է առաջացրել Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե նա պատրաստվում է իր գործընկեր Աբդուլա Գյուլին հրավիրել Երևան՝ ֆուտբոլային խաղը միասին դիտելու։ Ավելին՝ վերհիշելով թուրքական կողմի վաղեմի առաջարկը հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, որը պետք է զբաղվի պատմական փաստերի ուսումնասիրությամբ, Հայաստանի նախագահն ընդգծեց, թե Երևանը սկզբունքորեն դեմ չէ այդպիսի հանձնաժողովի ստեղծմանը միայն այն բանից հետո, «երբ կբացվեն սահմանները երկու երկրների միջև։ Հակառակ դեպքում դա կարող է դառնալ հիշյալ խնդրի կապակցությամբ սպեկուլյացիայի միջոց»։
Կանգ չառնելով հասարակության, սփյուռքի, մի շարք քաղաքական ուժերի այս հայտարարության վերաբերյալ բացասական արձագանքների վրա, հանուն արդարության միայն արձանագրենք, որ վերոնշյալին համարժեք «հաշտեցման հանձնաժողով» հասարակական հիմունքներով մի քանի տարի առաջ ստեղծվեց ԱՄՆ հովանավորությամբ։ Այդ հանձնաժողովում ընդգրկված էին Լևոն Տեր-Պետրոսյանի համախոհները, որոնք այսօր խստագույնս քննադատում են Սերժ Սարգսյանի վերոնշյալ դիրքորոշումը։ ՈՒշադրության արժանի են նաև Բաքվից հնչող «վերլուծական» տեսակետները, թե «Սերժ Սարգսյանի սկանդալային հայտարարությունը հայ-թուրքական հարաբերությունների մասին, ըստ ամենայնի, կհանգեցնի ամենալուրջ ներքաղաքական հետևանքների Երևանի համար»։ Փորձենք միայն հասկանալ, թե որքանո՞վ է հանրապետության նախագահի վերոհիշյալ հայտարարությունն արդարացված և ոչ ժամանակավրեպ, ի՞նչ գործընթացներ և ո՞ւմ աշխարհաքաղաքական շահերն են կանգնած այդ հայտարարության թիկունքում։ Այսինքն, ի՞նչն է ստիպել ավանդաբար զգուշավոր Սերժ Սարգսյանին՝ նման գործողություններ ձեռնարկել այս պրոբլեմային դաշտում՝ առանց հաշվարկելու իր իմիջին սպառնացող նոր վտանգները, կարծես մոռանալով իր իսկ նախկին հայտարարությունները։ Մասնավորապես «Ռոսիյսկայա գազետա»-ին այս տարվա մարտին տված հարցազրույցում Հայաստանի նախագահը հայտարարել էր. «Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ցեղասպանության հարցն առաջնահերթ է։ Ամենից առաջ այն պատճառով, որ պաշտոնապես ճանաչելով 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության փաստը, միջազգային հանրությունն ապահովի ապագայում գենոցիդի կրկնության անհնարինությունը ոչ միայն հայ ժողովրդի, այլև ցանկացած այլ ժողովրդի նկատմամբ»։
Հայ-թուրքական հարաբերություններում ներկայիս միտումների հետ կապված ավելի մակերեսային հետևություններն արվում են՝ ելնելով այն փաստից, թե հատկապես ԱՄՆ-ն է շահագրգռված հայ-թուրքական երկխոսությամբ։ Այսինքն՝ Վաշինգտոնն է համառորեն խորհուրդ տալիս Սերժ Սարգսյանին՝ «իջեցնել տոնը» Թուրքիայի հետ հարաբերություններում, և վերջինս էլ որքան կարող էր, փորձել է հանդես գալ խաղաղասերի կերպարով։ Այս կարծիքը, իհարկե, կյանքի իրավունք ունի, սակայն, ամենայն հավանականությամբ, հայ-թուրքական հարաբերությունների դաշտում ծավալվող ներկա գործընթացների միակ պատճառը կամ շարժառիթը չէ։ Կա ոչ պակաս հավաստի վարկած, որ հայկական կողմի նոր կեցվածքը պայմանավորված է Մոսկվայի դիրքորոշմամբ։ Այսինքն, Հայաստանի իշխանությունների հետ ինտենսիվ համագործակցող ռուսական կառույցներն են այս գործընթացի հրահրման հեղինակները։ Հատկապես այն համատեքստում, որ վերջին շրջանում նկատելի է ոչ միայն Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունների ջերմացում, այլև որոշ ռուսական վերլուծաբաններ արդեն իսկ ենթադրություններ են անում Մոսկվա-Բաքու-Անկարա հնարավոր առանցքի ձևավորման մասին։ Այս իրողությունից կարելի է հանգել եզրակացության, որ Հայաստանի նախագահի մոսկովյան խորհրդատուները, անշուշտ, գործել են առաջին հերթին ռուսական շահերից ելնելով, միաժամանակ կրկին ապացուցելով հայաստանյան իշխանությունների կառավարելիությունը։ Այն իրողությունից, որ հիշյալ «սցենարը» հնչեցվեց հենց երկրի նախագահի և ոչ թե ավելի ցածր կարգավիճակ ունեցող գործչի կողմից, միայն հաստատում է այդ ենթադրությունը։
Միաժամանակ պարզ է, որ Հայաստանի իշխանություններն Անկարայի համար փորձում են ստեղծել այնպիսի իրավիճակ, ուր Թուրքիայի կողմից ձեռնարկված ցանկացած քայլ կանխավ բերելու է բացասական արդյունքի։ Նկատի ունենանք, որ հենց անելանելի դրություններ ստեղծելու սկզբունքով էր Հայաստանի դեմ աշխատում թուրքական դիվանագիտությունը։ Համատեղ հանձնաժողով ստեղծելու Անկարայի առաջարկի ամբողջ վտանգավորությունը կարող է չեզոքացվել միայն Հայաստանի այնպիսի դիրքորոշմամբ, իբր մենք պատրաստ ենք առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման։ Այս քայլի պրագմատիզմը կայանում է նրանում, որ հայկական կողմը մինչև վերջերս, հնարավոր է և այսօր, հաստատապես վստահ է. Թուրքիան չի գնա որևէ շփման, որովհետև այդ դեպքում կվարկաբեկվի Ադրբեջանի աչքում։ Բաքուն իր հերթին ծայրահեղ խանդով է հետևում հայ-թուրքական ներկա երկխոսության նախերգանքներին, քանի որ Թուրքիային համարում է իր ամենակարևոր գործընկերը, և Անկարայի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող շրջափակումն ադրբեջանական հանրության աչքում ունի ոչ միայն տնտեսական, այլև շատ կարևոր բարոյական նշանակություն։
Եվ այնուհանդերձ, Անկարայում նստող քաղաքական գործիչները թերևս մինչև վերջ չեն հաշվարկել այն միտումները, որոնք կապված են տարածաշրջանում նոր ուժերի՝ ԱՄՆ-ի և Եվրամիության «մուտքի» հետ և այն, որ հայկական հարցը լայնորեն կարող է ընդգրկվել արևմտյան քաղաքականության զինանոցում։ Ավելին՝ Հայաստանի հետ բոլոր հարաբերությունները խզելով՝ Թուրքիան ոչ միայն կորցրել է նրա վրա ազդելու որևէ լծակ, այլև նկատելիորեն նվազեցրել իր ազդեցությունը Հարավային Կովկասում ընդհանուր առմամբ։ Սակայն այս ողջ գործընթացում ընդգրկված, մասնակից և նախաձեռնող ուժերի հանրագումարը նկատի ունենալով՝ առաջանում է հարց, թե որքանո՞վ է Հայաստանը պատրաստ իրադարձությունների այսպիսի զարգացման։ Ցավոք, կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ Հայաստանն ընդունակ չլինի կտրուկ և սթափ գնահատել իրավիճակը Թուրքիայի հետ բաց քաղաքական երկխոսություն սկսելու առումով։ Եվ այդ պայմաններում զուգահեռ կիրառված միջազգային ճնշումը Հայաստանի համար կվերածվի արջի ծառայության։ Հայ-թուրքական հարաբերությունների պատը չկառուցված՝ կարող է փլվել տարածաշրջանից դուրս գտնվող ուժերի ճնշման ներքո։ Եվ այդ դեպքում՝ «հարաբերություններ առանց նախապայմանների» ձևակերպումը Հայաստանի համար կարող է վերածվել չար կատակի, որովհետև բաց խաղաքարտերով խաղը հայ-թուրքական քաղաքական սեղանի շուրջ կսկսվի շատ անսպասելի և անհավասար ուժերի պայմաններում։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 7260

Մեկնաբանություններ