Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Պուտինն իր պաշտոնավարումը չավարտեց արյունահեղությամբ»

«Պուտինն իր պաշտոնավարումը չավարտեց արյունահեղությամբ»
06.06.2008 | 00:00

Եթե հավատանք շրջանառվող լուրերին, ապա ՀՀ իշխանությունները փորձում են նորովի մատուցել ժամանակին Արկադի Վարդանյանի «մասնակցությամբ» բեմադրված սցենարը և այս անգամ ձերբազատվել ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ, նրան ընդմիշտ ուղարկելով Մոսկվա՝ երկարատև բուժման։

-Չկա նման բան, և թող ոչ ոք նման հույս չփայփայի։ Մեկնելու եմ բուժման և վերադառնալու եմ օգոստոսի վերջին,- փաստում է ՆԺԿ առաջնորդը։- Հավելեմ, որ հունիսի 4-ին ինձ ընդունեց ՀՀ գլխավոր դատախազը, և, որպես բարի կամքի դրսևորում, թույլատրեցին մեկնել Մոսկվա։ Նկատի ունենանք, որ հանրապետությունից չհեռանալու մասին ես ստորագրություն էի տվել։ Դատախազի հետ խոսել ենք իմ բուժման և քրեական գործի մասին։

Զուտ այդքանը։ Այլ հարց որևէ մեկի հետ չեմ քննարկել, չեմ խոսել, ոչ մեկն իմ թեման չի քաղաքականացրել, որևէ պահանջ երբևէ ինձ չի ներկայացվել։ Ինչպես եղել եմ արմատական ընդդիմադիր, այնպես էլ մնացել եմ։

-Ձեզ համար այսօր ո՞րն է առաջնային խնդիրը։

-Քաղբանտարկյալների ազատ արձակումը։ Այդ նպատակով ուզում եմ անել ամեն ինչ, որովհետև նման քայլը կստեղծի անհրաժեշտ ֆոն երկխոսության սկսման համար։ Ես այսօր խոսում եմ խափանման միջոցի մասին։ Քննությունը հետագայում ցույց կտա՝ մենք ճի՞շտ էինք, թե՞ սխալ, ո՞վ էր մեղավոր և ինչքա՞ն։

-Ո՞րն է Ձեր կանխատեսումը հունիսի 20-ին կայանալիք հանրահավաքի առնչությամբ։

-Իմ անձնական կարծիքը սա է. եթե իշխանությունը խոհեմ լինի և երկխոսություն սկսի, ապա կկարողանանք կատարել ԵԽԽՎ պահանջները, ինչը հնարավորություն կտա հանրապետությունում կայունացնել իրավիճակը։ Նախ և առաջ պետք է ազատ արձակել քաղբանտարկյալներին, պետք է անցկացնել անկախ հետաքննություն՝ մարտի 1-ի դեպքերի առնչությամբ, ապա և պետք է սկսվի երկխոսությունը, որը կթուլացնի առկա լարվածությունը։ Իսկ մինչև հունիսի 20-ը բավականին ժամանակ կա, ու չէի ցանկանա, որ մեր որևէ գործողություն վերածվեր նրան, ինչ կատարվեց մարտի 1-ին։

-Այնուամենայնիվ, եթե իշխանություններն արգելեն հանրահավաքը...

-Կարծում եմ, խոհեմ չեն վարվի։ Դժվարանում եմ այլ կանխատեսում անել, որովհետև շփումներս մեծ մասամբ ընդդիմադիր դաշտի հետ են։ Կրկնում եմ, այժմ ամեն ինչ պետք է արվի ԵԽԽՎ բանաձևի պահանջներն իրագործելու և երկխոսություն սկսելու համար։ Այսինքն, քաղաքական գործընթացներով պետք է կայունացնել իրավիճակը։

-Ձեր կարծիքով՝ իշխանությունից հեռացածները չե՞ն խանգարի այդ պրոցեսին։

-Իմ անձնական կարծիքը սա է. Սերժ Սարգսյանը հիմա դե ֆակտո նախագահ է և յուրաքանչյուր պահի կարող է հանգուցալուծել գորդյան այս հանգույցը։ Գրիչն իր ձեռքում է, նշանակումներն ինքն է կատարում, գործողությունների համար ինքն է պատասխանատու։

-Անդրադառնանք տիրող այն մտավախությանը, թե իշխանությունից հեռացած Քոչարյանն ամեն ինչ անելու է կրկին իշխանական լծակներին տիրանալու համար։

-Ըստ իս, չի բացառվում նման զարգացումը, ինչը շատ վատ սցենար կլինի Հայաստանի համար։ Բոլորս էլ հասկանում ենք, որ դե ֆակտո Սերժ Սարգսյանը նախագահ է, գրիչն էլ, կամքն էլ նրանն են, և որոշողն ինքն է։ Վերջին նշանակումները ստիպում են եզրակացնել, որ արդեն ինքնուրույն գործողություններ են ընթանում։

-Անդրադառնանք Ձեր այն արտահայտությանը, թե Քոչարյանի վերադարձը Հայաստանի համար վատ սցենար կլիներ։ Ինչո՞ւ։ Ռուսաստանը, օրինակ, ի՞նչ կորցրեց Պուտինի վարչապետ դառնալով։

-Պուտինն իր պաշտոնավարումը չավարտեց արյունահեղությամբ, չավարտեց բիրտ ուժի գործադրմամբ, երկրում չստեղծեց կոլապսային իրավիճակ։ Պուտինն իր պաշտոնավարումն ավարտեց գոնե մեկ դրական իրողությամբ. նա ընդունեց քանդված մի երկիր, բայց հանձնեց բավականաչափ ուժեղ Ռուսաստան։

Իմ կարծիքով, Ռոբերտ Քոչարյանը պարտավոր է մտածել. այդ ինչպե՞ս եղավ, որ իր տասնամյա կառավարման ավարտին Լևոն Տեր-Պետրոսյանը կարողացավ վերադառնալ տրիումֆով։ Այս մասին նա պարտավոր է մտորել բավականին լրջորեն։

Զրույցը՝

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 7226

Մեկնաբանություններ