Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Հարցազրույց օրիորդ T-ի հետ

Հարցազրույց օրիորդ T-ի հետ
04.07.2008 | 00:00

Երկու խոսք մեր տասնութամյա լրագրող աղջկա մասին: Խոսքը, իհարկե, օրիորդ T-ին է վերաբերում։ ՈՒրեմն, լինում է, չի լինում, մի աղջիկ է լինում կամ չի լինում։ Էս մեր սիրած, «էղած կամ չեղած» աղջիկն ընդամենը հինգ վատ հատկություն է ունենում. առաջին և երկրորդ, որ համ լինում է, համ չի լինում (նորմալ մարդը կամ պիտի լինի, կամ չլինի, իսկ սա համ լինում է, համ չի լինում), երրորդ՝ օժտված է լինում բնածին, բայց հոգեմաշ ապուշությամբ, չորրորդ՝ սարսափելիից մի քիչ ավելի շատ տգեղ է լինում, հինգերորդ՝ սիրում է բաստուրմի ջիլ և հայկական գովազդներ… Ես նրա մասին տեղեկացա, երբ զանգեց, որ պայմանավորվենք… Նա ոչ մի թերթում չէր աշխատում ու հեռախոսով ինձ տեղեկացրեց (չնայած ես չէի հարցրել), որ տգեղ չէ ու մի քիչ ճապոնուհու է նման։ Վերջինը, ցավոք, համապատասխանեց իրականությանը… նա իսկապես ճապոնուհու էր նման, բայց ասես Հիրոսիմայի ու Նագասակիի վրա նետված բոլոր ռումբերն ուղիղ գլխին ընկելուց մի տասը րոպե հետո։ Մի խոսքով, եկավ, կանգնեց բարի ամենաբարձր աթոռին (այնպես, որ միկրոֆոնն ինձ հասնի) ու սկսեց…
-Ի՞նչ եք կարծում. մեր ազգը հիմա երկպառակտվա՞ծ է։
Ես ցնցվեցի մի պահ… բայց, տեսնելով նրա անբիծ հայացքն ու անկոտրում դանդաղամտությունը, ասացի.
-Երկպառակտությունը, սիրելիդ իմ Տոշիբա (բա ճապոնուհի է, նրան ուրիշ ո՞նց դիմես), լինում է միայն մի՛ դեպքում. երբ իրար կողքի կանգնած են երկու հայ։ Իսկ մերը (դրա մերը…) մերը բազմա-բազմա-պառակտություն է։ Multi-պառակտություն… Այսինքն՝ որքան մարդ, այնքան պառակտվածություն։ Ազգն անգամ ուրախ է դրա համար… Ավելին, կարելի է ասել՝ մեզ մոտ, բոլոր դարերում, չպառակտված մարդկանց քարկոծել են… ինչպես հիմա… ՈՒ երևի գլուխ գովալու համար նման արտահայտություններ են եղել. «Երբ ես պառակտվում էի, դու ո՞ւր էիր»… կամ հայհոյանք. «Վայ, ես քո չպառակտված մորը…»։ ՈՒ ով որ չի պառակտվում, բռնում-զոռով պառակտացնում են…
-Իսկ ըստ Ձեզ, այս պայքարի օրերին ինչ-որ բան գտա՞վ ժողովուրդը։
- Ո՞ր ժողովուրդը։
- Այս։
- Ես կաբարդինոբալկարացի ժողովրդի զավա՞կ եմ,- հարցրի տարակուսած։
-Ոչ։ Հայ եք։
- ՈՒրեմն՝ ոչ։ Ոչ միայն չգտա, այլ նաև, եթե ինչ-որ բան հասցրել էի կուտակել, դա էլ կորցրի։ Հիմա առհավետ կորել է սերը, բայց ասացվածք կա՝ եթե մի բան կորցնում ես, մեկ ուրիշն ես գտնում։
-Ո՞րն էր այդ ուրիշը։
-Եթե կորցրինք սերը, բնական է, որ գտանք ատելությունը։ Օրինակ, դարեր առաջ մենք կորցրինք ժպիտը, դա Տիգրան Մեծի մահվանից հետո էր, մ.թ.ա. 31 թվին, երբ մեր Արտավազդին փախցրեց տարավ էդ անմարդասեր Մարկոս Անտոնիոսը։ Իսկ մի քանի դար հետո ազգը կորցրեց մարդկության պայծառ ուղեղների կողմից դարերով մշակված բարոյականության մասին պատկերացումը։ Դա տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտից 24 ժամ հետո, երբ իմացան, որ բարոյական հաղթանակ են տարել։ Այդ փառապանծ բարոյական հաղթանակի ցնծալի պահից սկսած մինչև մեր այժմյան գերցնծալի պահերը ցանկացած ծեծված աբիժնիկ իրեն համարում է բարոյական հաղթանակ հասկացության անբաժանելի մասնիկն ու հիմնաքարը… Չէ՞ որ՝ «Բարին միշտ հաղթում է» (թե ի՞նչ եղանակով՝ ոչ ոք չգիտի, բայց հաղթում է)։ Կնշանակի բոլոր հաղթանակած բարիներն անբարոյական են, իսկ պարտվածները՝ բարոյական… Հուլիոս Կեսարն ու Գարեգին Նժդեհն անբարոյական են, որովհետև պարտություններ քիչ են տեսել։ Բա՞։ ՈՒ վերջ։ C'est fini…
-Դիմենք պատմությանը,- ասաց օրիորդ T-ն, և ես, տեսնելով, որ միկրոֆոնը փաթաթվել է նրա հետևի ոտքերին, հազիվ հանեցի, որ հանկարծ լոշ չլինի։
-Ի՞նչ ասեմ պատմության մասին։ Մի երեսուն տարի տևեց մեր հզորությունը։ Հետո Լուցիուս Լուկուլուսը ժամանեց Հայաստան և Տիգրան Երկրորդին (նույն ինքը՝ Մեծ) առաջարկություն արեց «Ս» տառը գրել նվաճված տարածքների վրա։ Լուցիուս Լուկուլուսը չգիտեր, որ հայերը դեռևս տառեր չունեն, լատիներեն են գրում (Մեսրոպ Մաշտոցը պիտի ծնվեր մի քանի դար հետո)։ ՈՒ երբ Տիգրանը լատիներեն տառերով գրեց «Սե» որը լատիներենում գրվում է հետևյալ կերպ՝ «Տ», դուրս եկավ, որ հողերն էլի Տիգրանին են պատկանում։ … Հա… Էդտեղ Լուցիուս Լուկուլուսը կարծելով, թե իր վրա ֆռռում են, հրավիրեց հռոմեական (կարծեմ տասներորդ) լեգիոնին, իսկ Տիգրանակերտի բնակիչներն էլ, լեգիոնին տեսնելով, տակները լցրին ու անցան Հռոմի կողմը… Ճիշտ է, հետո Արտաշատում Լուկուլուսին մի քիչ քացու տակ տվին (ուշադրություն դարձրեք՝ արտաշատցիները կռվել են, հայերը՝ ոչ… ու չափազանց հետաքրքիր է, թե ղարաբաղցինե՞րն ինչ էին անում այդ պահին)… հա, Հռոմը… Մի խոսքով, Հռոմն իր գործը, ի վերջո, արեց, Ծովից Ծով Հայաստանը դարձավ Ցամաքից Ցամաք ՀռոմաՊարսկաստան, և հենց էստեղ ազգի ու ժողովրդի ժպիտն անդարձ կորավ, Տիգրան Երկրորդն էլ հասկացավ, որ եթե հետագայում իրեն Տիգրան Մեծ են ասելու, միայն էն պարզ պատճառով, որ ժամանակին գլխից մեծ… բաներ է կերել։
-Կռվող հայեր չեղա՞ն,- ընդմիշտ քաղցած ոչխարի հայացքով հարցրեց օրիորդ T-ն։
-Իհարկե, եղան, բայց այն ժամանակ էլ այսօրվա նման խառնակիչ ու դավաճաններ կային, որ ժողովրդին մղում էին սեփական պետության դեմ… Բայց։ Բայց կողոպտվող Տիգրանակերտի գանձերը փրկեցին մահապարտներից բաղկացած երկու ջոկատներ… Որոնցից մեկն անպայման պիտի նահատակվեր՝ մինչ մյուսը հասցներ դուրս բերել գանձերը գրավված քաղաքից… Դրանք հայերն էին։ Մեռնելու իրավունք ունեցող հայերը, որոնց հիմա ազատության համար պայքարող ու միտինգավոր յուրաքանչյուր անձ պատրաստ է կրճտատամները խրել կոկորդների մեջ… Չսիրել պետությանը. միշտ դա եղել է մեր մեջ։ Բայց այժմ, բարեբախտաբար, մեր մեջ դեռ չէր մտել Եվրոպա-ամերիկանացման մանդավուշկան։ Հիմնականում՝ ազգը գիտեր, որ իր արարքների պատճառով այնքան էլ լավ չի նայվում համընդհանուր հելլենիստական աշխարհում։
-Իսկ ի՞նչ կասեք այսօրվա իրադարձությունների մասին։
-Այսօր նորմալ արթնացա, սուրճ խմեցի, մի քիչ Վագներ լսեցի…
-Խոսքը համաժողովրդական պայքարի մասին է։
-Համաժողովրդական պայքար… Լսի, այ… Մացուսիտա…
-Տոշիբա,- ուղղեց նա։
-Հասկացանք… Նման պայքար եղել է միայն անցած դարի սկզբին։ Սարդարապատում, այնուհետև՝ 88-ին։ Վերջ։ Մնացածը մի խումբ դրածոների սարքածն էր։ ՈՒ ցավալին այն էր, որ դրան հավատացին մի հարյուր-հարյուրհիսուն ջահել-ջիվան, անգամ գասպարյան պատանիներ։
-ՈՒ ի՞նչ են ուզում նրանք։ (Էստեղ Տոշիբայի վերին շուրթը լրիվ անկապ սկսեց դողալ)։
-Կազմակերպիչներն ուզում են (և՝ էին) իշխանությունը վերցնել իրենց ձեռքը, ու… Իշխանություններն էլ չափից դուրս զոռբա գտնվեցին… Բայց մարդը, ընդհանրապես, փոփոխություններ սիրող էակ է։ Հավասարություն… Օ՜, Դա՛ են մարդկանց խոստանում արհեստավիժումից ձերբազատված և գերաճ տված առաջնորդներն իրենց… Մարմնավաճառ մոր կաթի հետ դավադրության հարյուր տոկոսանոց թուրմը ծծած կասիոսներն ու բրուտոսները, գոմեշի թրիքի միջից դուրս պրծած սպարտակները… արնախում ռոբեսպիերներն ու մարատները, թերաճած չեգեվարաները, դեգեներատ էնգելսները, լեյբա բրոնշտեյն դավիդովիչ տրոցկիները, ռոզեմբլյում մակլակովսկիները, քրտնարյունաշաղախ ֆիդելները… Դրան են մղում վերջնականապես ստրկացված ամբոխների առաջին առաջնորդները… Օ՜… առաջնորդներն այդ… Առաջին առաջնորդներն այդ… շինիչ… Այսինքն՝ առաջին, առաջի՞ն անգամ հայրենիքին շինողները… Շտապում են, երևի… գոռում են՝ հիմա… Բա իհարկե, հիմա, հիմա… Tempori parce! ,Ժամանակը չի սպասում… Այո, հաստատ հիմա՛, հիմա՛… հենց հիմա, այլ ոչ օրերս… կսկսվի ջարդուխուրդը… Չէ՞ որ դուք էլի առաջնորդ ունեք… Այն էլ խիզախ ու փորձված առաջնորդ… Մի անգամ արդեն՝ առաջնորդել է նա ձեզ, չե՞ք հիշում… Չե՞ք հիշում, թե ոնց է առաջնորդել… Թե՞ տառապում եք բնածին ամնեզիայով, այ… Նա խրոխտ է, նա միշտ կռվել է՝ սկսած եգիպտախեթական պատերազմներից, անցած բյուզանդա-արաբական, անգլո-բուրական, վերջացրած հրեա-պաղեստինյան և հայա-հայկական պատերազմներով…Հա… հայկական… ՈՒ էդ պատերազմների ընթացքում, կարծեմ, հայերին առաջին անգամ բախվել է վեցերորդ դարում, Բուզանդա-Գոթական պատերազմի վերջերին, ուր, բնականաբար, լինելով Գոթերի ոգին, զորավար Տոտիլայի աջ թևն ու girlfrend-ը, միաժամանակ՝ ծանր հարվածներ է հասցրել և պարտության մատնել Վելիզարոսի զորքերին, հետո արագ անցել բուզանդական հայազգի Ներսես զորավարի կողմը… ՈՒ հիմա ի՞նչ… Սովորական ապագան ապականող… ներկայի ներկայությունը աններկայնացնող… անցյալն անցաթերթիկ դարձնող… три в одном... ... Կրայսլերի մեջ քնող զորավարն այդ…
-Բայց մարդիկ աղմկում են իրենց պահանջների ի կատար ածման համար…
-Պահանջների իրականացման համար՝ լրիվ ուրիշ միջավայր է պետք… Անկողին, լվացարան… Կատակը մի կողմ, բայց նման եղանակով չի կարելի ստորացնել մարդկանց։ Ատելություն սերմանել, համարյա թե կիսել ազգը… Բայց չէ, արի ու տես, որ պետք է էնքան բղավեն, որ սիրտները ճաք տա… ՈՒ մի ամբողջ օր գոռան՝ «Հիմա»։ (Ասա, մի օր էլ գոռացեք՝ «Վաղը չէ մյուս օրը» կամ «Օրերս»)… ՈՒ այդ աղմուկը տարածվում է ամբողջ Անդրկովկասում, հասնում է մինչև Աֆղանստանի սահմանները։ Ձեզ թվում է՝ Բեն Լադենն ինչի՞ է նորից կատաղել։ ՈՒսաման։ Ինքն անձամբ լսում է էդ ձենը, կատաղում է ու կատաղությունը թափում լրիվ ուրիշ պետությունների վրա։ Էս վերջին վրացական կաշ-կալամաշերն ինչի՞ց էղան։ Հայաստանից հնչող աղմուկից։ Երաժշտության մասին էլ չեմ խոսում»… «Վարսավիրանոցում ինչի՞ եք էդ անտեր CD-ին միացրել»՝ հարցնում ես։ «Որ կլենտը ռելաքս ըլի, հոպար»։ Պատասխանում են։ Բա՞։ Եթե դա՛ է ռելաքսը, բա չռելա՞քսը որն է՝ թաթար-մոնղոլական արշավա՞նքը... Բայց թաթար-մոնղոլները հարձակումից առաջ JVC-ով Հաբիբի չէին միացնում, Չինգիզ խանն անձամբ հետևում էր էդ ամեն ինչին։ Տաքսու վարորդին ասում ես, տղա ջան, անջատի, էլի, էդ ռադիոդ։ Ախր, դրա էլ միքս է ըլնում ծառայության դիսպետչերուհու ծղրտոցը, ու դա ուղղակիորեն դառնում է թուրքական պոռնո... Բայց էդ էլ իրենց ռևն է, էլի։ Մի խոսքով, ի՞նչ երկարացնեմ՝ գոռում են բոլորը։ Ազգային Ժողովից սկսած մինչև մորգ, որն ի վերջո՝ նույն բանն է։ ՈՒ մենք էդպես գնում ենք դեպի մորգ։
-Իսկ նոր իշխանությունների մասի՞ն ինչ կասեք։
-Թեև չեմ հավատում, թե մի լավ բան կլինի, բայց սպասում եմ… Ընդհանրապես, ես թքած ունեմ իշխանությունների վրա։ Ինձ համար Հայրենիքն ու Պետությունն են կարևոր… Ես մի իշխանություն եմ ճանաչում՝ հող, մտերիմներ, երեխաներ, ընկերներ, կանայք… Որոնց գրում էի նամակներ… Պատերազմի տարիներին...

…Քեզ գրում եմ, թեկուզ անմիտ ու անհանգ՝
սա կռիվ չէ, բաժանում է տարանցիկ,
շուտով կգամ, կելնեմ դեմդ ու անհագ
կառնեմ գիրկս, կշշնջամ. «Հաղթեցինք»։

ՈՒ հիմա, իմ խայտառակ ողջ մնալուց տասնյոթ տարի հետո, երբ դու չկաս, երբ կա այս ոռնացող ամբոխը և նրանց կոտորարարները… ես… ես հիշում եմ քեզ… հիշում եմ ու նույն ռիթմն ինձ ձայնել է տալիս.

Քեզ գրում եմ հիմա անմիտ, անհրկեզ…
ո՞ւմ կռիվն էր բաժանումն այդ, դո՛ւ ասա,
ՈՒ թե գայիր դու առջևս, որ գրկես,
կհրեի, կգոռայի՝ «Վերջն է սա»…

Վահրամ ՍԱՀԱԿՅԱՆ

Հ. Գ.- Իհարկե, հարգարժան օրիորդ T-ն այս հարցազրույցը չտպեց, ես էլ վերհիշելով հավաքեցի այն ու տվեցի «Իրավունք de facto»-ին։

Դիտվել է՝ 10466

Մեկնաբանություններ