Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Մարդկանց հոգիների ու սրտերի տիրակալը

Մարդկանց հոգիների ու սրտերի տիրակալը
24.06.2023 | 21:38
Ռազմական և պետական գործիչ, 2-րդ կարգի զինվորական կոմիսար, զինվորական հետախույզ, դիվանագետ Վլադիմիր Քրիստափորի Թաիրովը (իսկական անունը Ռուբեն Արտեմի Տեր-Գրիգորյան, կեղծանունները` Թաիրով, Տեր, Տերունի) ծնվել է 1894 թվին, Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի Լեռնային Ղարաբաղի Իսպահանջուկ գյուղում (Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջան), գյուղացու ընտանիքում։
Մոր վաղաժամ մահը պատճառ է դառնում, որ եղբայրների ու քույրերի հետ տասը տարեկանից հայտնվի Բաքվում բնակվող մորեղբոր խնամակալության տակ։ Հենց այստեղ էլ, 1914 թվին, ավարտում է ուսումն առևտրային ուսումնարանում, 1915-ին ընդունվում Կիևի առևտրային ինստիտուտը, որն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին էվակուացվում է Սարատով: Այստեղ երկու ամսով ձերբակալվում է սոցիալ-դեմոկրատական շարժմանն ունեցած մասնակցության համար, բանտից ազատվելուց հետո տեղափոխվում է Մոսկվա, ընդունվում ներկայումս Գ. Ա. Պլեխանովի անունը կրող ժողտնտեսության ինստիտուտը։
Ինստիտուտից հետո պատասխանատու պաշտոնի լինելով Մոսխորհրդի ֆինանսական բլոկում (եղել է Մոսկվայում գործած չորս բանկի պետական կոմիսար)՝ 1918-ին զինվորագրվում է Կարմիր բանակին, մասնակցում քաղաքացիական պատերազմին, ստեղծում զինվորականի փայլուն կարիերա։ 1919-1922 թվականներին եղել է դիվիզիայի, տարբեր բանակային միավորումների զինկոմ, շտաբի կոմիսար, արիության ու խիզախության համար երկու անգամ արժանացել Կարմիր դրոշի շքանշանի։
Վ․ Թաիրովի անունը սերտաճած է խորհրդային լեգենդար զորահրամանատար Սեմյոն Միխայիլովիչ Բուդյոննու հետ, ում ղեկավարած բանակի քաղաքական կոմիսարն էր։
Բարձրագույն զինվորական կրթություն ստանալու նպատակով Վ․ Թաիրովը նույն թվականին հեռանում է գործող բանակից, ընդունվում Մ. Վ. Ֆրունզեի անվան զինվորական ակադեմիա, ավարտելուն պես աշխատանքի անցնում Չինաստանում։ Այստեղ շուրջ երեք տարի (1924-1927) գործել է Տերունի ազգանվամբ, եղել է ԽՍՀՄ գլխավոր զինվորական խորհրդականի օգնականը, խորհրդային զինվորական խորհրդականների հարավչինական խմբի շտաբի կոմիսարը։ Չինաստան ունեցած գործուղումից հետո Վ․ Թաիրովին զինվորական խորհրդականի նշանակումով փոխադրում են Ֆրանսիայում ԽՍՀՄ դեսպանատուն։
Հետախույզի ու դիվանագետի հմտությունները մեկտեղած հայազգի ռազմական գործչի հերթական ծառայությունը Հեռավորարևելյան հատուկ կարմրադրոշ բանակում էր։ 1929թ․ հուլիսից նա ՌԿԿԱ-ի գլխավոր շտաբի չորրորդ վարչության (հետախուզություն) պետի տեղակալն էր, միաժամանակ առանցքային երկրորդ բաժնի (գործակալներ) պետը։
1932-1935 թվականներին նա հիմնական աշխատանքին զուգահեռ Հեռավորարևելյան առանձին կարմրադրոշ բանակի ռազմահեղափոխական խորհրդի անդամ էր (1933-1935), այս որակում էլ համատեղ գործունեություն է ծավալել խորհրդային մեկ այլ լեգենդար հրամանատար, մարշալ Վ. Կ. Բլյուխերի հետ։
ԲԳԿԲ-ի (բանվորա-գյուղացիական կարմիր բանակ) գլխավոր շտաբի չորրորդ վարչության պետի տեղակալի-գործակալական բաժնի պետի պաշտոնում ծառայության ընթացքում հայազգի հետախույզն իրեն դրսևորել է որպես փայլուն կազմակերպչական ունակություն, ռազմավարական մտածողության անձնավորություն, ում հզորագույն զենքերից էին ոչ միայն ծով գիտելիքներն ու մարդկային անանց հմայքը, այլև շրջապատի հետ հարաբերվելու նրբագույն արվեստը, նրանց համախոհության հակելու կարողությունը։
Բավական է միայն նշել, որ Վ․ Թաիրովը եղել է խորհրդային հանրահայտ հետախույզ Ռիխարդ Զորգեին, ԱՄՆ-ում Խորհրդային Միության ռազմական անլեգալ հետախուզության (1938-1946) ռեզիդենտ Արթուր Ադամսին, 1934 թվից Գերմանիայում և եվրոպական մի շարք այլ երկրներում անլեգալ հետախուզության ռեզիդենտ Յան Չեռնյակին հետախուզական գործունեության հակած անձը, մեծագույն դեր ունեցել նրանց կայացման գործում։ Ի դեպ Ռիխարդ Զորգեն դարձել է Խորհրդային Միության, Արթուր Ադամսն ու Յան Չեռնյակը` Ռուսաստանի Դաշնության հերոս։
Աշխատանքային գործունեության այս փուլում Վ․ Թաիրովը բազմիցս է արտասահմանյան գործուղումներով եղել արևմտյան ու կենտրոնական Եվրոպայի երկրներում, դրանցում իր էական դերն է ունեցել մասնավորապես ֆրանսերենի, անգլերենի, իտալերենի նրա փայլուն իմացությունը։ Ի դեպ մայրենից ու ռուսերենից զատ նույնքան կատարյալ տիրապետել է պարսկերենին, թուրքերենին, չինարենին ու վրացերենին:
1935 թվականին Վ․ Թաիրովը Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետությունում նշանակվում է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, աշխատում երկու տարի։ Ինչպես կյանքը ցույց տվեց, դա նրա վերջին աշխատատեղն էր: 1937-ի հունիսին նրան հետ են կանչում Մոսկվա, սակայն անգամ Կազանի կայարան չհասած` կնոջ հետ ձերբակալում։ Դրության ողջ անհեթեթությունն այն էր, որ նույն այդ 1937 թվականին, ձերբակալումից հինգ ամիս առաջ, պարգևատրվել էր Լենինի շքանշանով, որը Կարմիր դրոշի երկու շքանշանից հետո նրա կառավարական երրորդ մեծ պարգևն էր։
Կեղծ ցուցմունքով ձերբակալված Վ․ Թաիրովը մահվան դատապարտվեց, վճիռն ի կատար ածվեց 1938թ․ օգոստոսին։ 1956 թվականին հետմահու արդարացվել է Զինվորական կոլեգիայի կողմից:
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ
Դիտվել է՝ 4825

Մեկնաբանություններ