Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Տոն` ոչ մի բանի մասին

Տոն` ոչ մի բանի մասին
29.04.2023 | 09:59

Թավշյա խուլիգանությունը, որն ըստ տառաճանաչ մտավորականի` ավելին էր քան Արցախյան սրբազան ազատամարտը, մայիսի 8-ին նշվող Շուշիի փառապանծ հաղթանակի տոնը վերածեց նոյեմբերի 9-ի «ողբալի» կապուտուլյանտի «օրվա»:

Թավշյա խուլիգանությունը խամրեցրեց ՀՀ-ում նշվող պետական ու եկեղեցական տոները: Սեպտեմբերի 21-ի անկախությունը դարձրեց առոչինչ, երբ գոյության հույսներս մնաց ռուսի, պարսիկի, թուրքի, հնդիկի, ամերիկացու կամ հեռադիտակով եվրոդիտորդների վրա: Հունվարի 28-ը ամաչում են նշել հատկապես այն զինվորականները, ովքեր գիտեն ի՞նչ է նշանակում համազգեստի պատիվը: Այսքանն արդեն բավարար է, մյուս պատճառները չթվենք: Սահմանադրությունը տարին մի քանի անգամ անարգած «իշխանության» նշած հուլիսի 5-ը ևս վաղուց անիմաստ օր է դարձել: Նույնիսկ կանանց միջազգային տոնը փչացրեց` զոհված զինծառայողների մայրերին ոտուձեռ արած Եռաբլուրից քարշ տալով: Դա տեսնելուց հետո, միայն անինքնասեր հայ տղամարդը «կհանդգնի» խոսել կանանց նկատմամբ հարգանքի մասին:

Մեծ Բրիտանիայի հանրահայտ վարչապետ ՈՒինստոն Չերչիլը մի առիթով ասել էր. «Ցանկացած ազգին տիրելու համար անհրաժեշտ են փոքրաթիվ դավաճաններ և բազմաթիվ հիմարներ»։ Չերչիլի այս դիպուկ ձևակերպումն ունի տարբեր դրսևորումներ, որի մասին վկայում է աշխարհի մի շարք ժողովուրդների պատմությունը:

Ցավոք, մեր ժողովրդի նորագույն պատմությունը ևս այդ ցանցի մեջ հայտնվեց, երբ 2018թ. ապրիլի վերջին և դեկտեմբեր 9-ին մեծ թվով ՀՀ մոլորյալ քաղաքացիներ և փոքրաթիվ դավաճաններ կնքեցին «պայմանագիր»` անունը դնելով «քաղաքացիական պայմանագիր»:

Արևոտ օրվա պես պարզ ու տեսանելի է, թե ինչի՞ մասին է այդ «պայմանագիրը»: Այն հայ ժողովրդին թուրքական գերության տանելու մասին «պայմանագիր է»: Հետևաբար, ապրիլի 29-ին ՔՊ-ն մոլորյալ մարդկանց պարտադրելու է նշել «թրքական գերության» տանող պայմանագրի հիմնական խորհրդանիշը հանդիսացող «ՔԱՂԱՔԱՑՈՒ» «տոնը»:

Թե ի՞նչ նպատակ ունի այդ մահաբեր ու արնաշաղախ տոնը` ոչ ոք չի բացատրում:

Անշուշտ կհնչեն մոլորյալների աչքերին թոզ փչող և ականջներին լապշա կախող հեզաճկուն մեկնաբանություններ, թե ինչպես «թավշյա խեղափոխությունը» «քաղաքացուն ազատեց» կոռուպցիայից (գցելով ավելի մեծ կոռուպցիոն ճահիճի մեջ): Գեղեցիկ, հուզիչ կխոսեն նախկին տարիներին չարված կիլոմետրերով ասֆալտից (մոռանալով թե քանի հարյուրավոր կիլոմետր ասֆալտապատ ճանապարհներ են նվիրել թուրքին) ու այդպես անամոթաբար թքած կպցրած ստերի մի մեծ շարք կլինի` որի անունն է «Քաղաքացու օր»:

Ի՞նչ է ենթադրում «Քաղաքացու տոնը» իրականում: Դա 5000-ից ավելի զոհված մեր Քաղաքացիներն են, որոնք չէին զոհվի, եթե 2018թ. ապրիլին չլիներ փոքրաթիվ դավաճանների հաղթանակը:

Դա հարգանք ու պատիվ վայելած, 10 միլիոնից ավելի աշխարհասփյուռ հայերիս խայտառակ պարտությունն ու նսեմացված վիճակն է, որը չէր լինի, եթե 2018թ. ապրիլին չլիներ փոքրաթիվ դավաճանների և բազմաթիվ մոլորյալների փողոցային մահաբեր պարահանդեսը:

Դա դավաճանված ու թուրքին հանձնված Հայրենիքի հրաշալի հողատարածքներն են, որը մերը կլիներ, եթե 2018 թ. ապրիլին չլիներ Հանրապետության հրապարակում ծնված թուրք-ադրբեջանական դավադիր տանգոն: Դա Covid 19 համաճարակի բոլոր այն զոհերն են, որոնք չէին մահանա, եթե թավշյա խունտան լուրջ վերաբերվեր համավարակին և հանրաքվեի հանրահավաքներ չաներ:

Ամփոփելով այս հակիրճ դիտարկումը, մեկ նախադասությամբ հարկ է ասել, որ վաղը ոչ թե թավշյա խեղափոխության բերած «ՔԱՂԱՔԱՑՈՒ» օրն է, այլ` ՄԵԾ ՄԵՌԵԼՈՑ Է: Հայ ժողովրդի բոլոր արժեքների, սրբությունների, նվիրական երազանքների, սրբադասված հոգիների և փառապանծ հաղթանակների ՄԵԾ ՄԵՌԵԼՈՑԻ ՕՐ, որի անունը սրանք ցինիկաբար դրել են իբրև թե «Քաղաքացու օր»:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. Լուսանկարում պատկերված է, թե ի՛նչ «գնով» և ի՛նչ «նպատակով» է առաջացել «ՔԱՂԱՔԱՑՈՒ» օրը

Դիտվել է՝ 2461

Մեկնաբանություններ