ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Քարահունջ-Կրեմլ

Քարահունջ-Կրեմլ
08.06.2012 | 00:18

Գուրգեն ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Առավոտյան եղանակն անսպասելի փոխվեց: Սարերում ամենաանշնորհակալ բաներից մեկը եղանակի կանխատեսումն է, երբեք չես կարող ճշգրիտ որոշել, թե ինչ արագությամբ կփոխվի, այն էլ մարտ ամսին: Ապարանին չհասած մեքենաս կանգնեցրի և ստիպված եղա պատսպարվել ճանապարհի կողքի պանդոկում: Ոռնացող բուքն ինձ ուղղակի պանդոկի մուտքից ներս հրեց: Սրահում, ուրախ ճայթճայթող վառարանի հարևանությամբ տեղադրված սեղանի շուրջը երեք հոգի էր նստած: Մինչ ես կըմբոշխնեի վառարանի ջերմությունը, կողմնորոշվելով` ինչպես նստեմ, որ վառարանին մոտ լինեմ, տարեց տղամարդը, բարևիս պատասխանելով, մտերմաբար ինձ իրենց սեղանին հրավիրեց.
-Մուշտակդ հանի՛ր, երիտասարդ, և միացի՛ր մեզ, մեր պատվերը շուտով կբերեն, դժվարության մեջ հայտնվածները պարտավոր են հացն իրար հետ կիսել,- լայն ժպիտը դեմքին բարեկամաբար ասաց տարեց տղամարդը` ցույց տալով կողքի աթոռը:
-Հոգաչափ շնորհակալ եմ, խոսելու բան կունենաք, չխանգարեմ,- պատասխանեցի ես` մուշտակս դիմացի աթոռի հենակին դնելով:
-Համեցե՛ք, տեսնում եք, խաշլաման արդեն բերում են,- պնդեց տարեց տղամարդը:- Ես էլ զարմիկներիս հետ գաղտնիք չունեմ կիսելու, կարող եք հանգիստ մեզ միանալ:
Ես հաճույքով ընդունեցի հրավերը և տեղ զբաղեցրի տարեց տղամարդու կողքին:
-Ծանոթանանք,- ձեռքն ինձ մեկնելով` ժպտաց նա։- Քոչինյան Անտոն Երվանդի:
-Կներեք, ընկե՛ր Քոչինյան, որ անմիջապես Ձեզ չճանաչեցի, Դուք մեր հանրապետության լեգենդներից եք:
-Դե, երիտասա՛րդ, լսի՛ր «լեգենդին» և անմիջապես անո՛ւշ արա այս պատառը,- ուրախ կատակեց Քոչինյանը` ափսեիս մեջ տավարի խաշլամայի ախորժալի պատառը դնելով:
Դրսում ձնաբքի ոռնոցն ավելի սաստկացավ: Հաստամարմին խոհարարը վառարանի կրակը բորբոքելով` դիմեց Քոչինյանին.
-Ընկե՛ր Քոչինյան, բուքը գնալով սաստկանում է, եթե նույնիսկ այս վայրկյանին այն դադարի, միևնույն է, մայրուղին մինչև վաղը հազիվ թե հասցնեն մաքրել:
-Ի՞նչ ես առաջարկում, Վանիկ,- մտազբաղ հարցրեց Քոչինյանը:
-Ընկե՛ր Քոչինյան, ամենայն հավանականությամբ, այստեղ եք գիշերելու, Քարահունջի արտակարգ օղի ունեմ, 72 աստիճան, խնամիս է Գորիսից ուղարկել, առաջարկում եմ մեկ բաժակ անուշ անել: Երկու տարի է, ինչ ամեն առավոտ մեկ բաժակ խմում եմ, խնամիս ասում է...
-Սպասի՛ր, սպասի՛ր, Վանիկ,- զվարթ ծիծաղի միջից ընդհատեց նրան Քոչինյանը,- խնամիդ Քարահունջի օղին որպես շաքարախտի դե՞ղ է քեզ ուղարկել:
-Այո՛,- զարմացած պատասխանեց Վանիկը:
-Բե՛ր Քարահունջդ, եթե օգուտ չստանանք, հաստատ չենք էլ վնասվի:
Խոհարար Վանիկը, ուրախացած Քոչինյանի դրական պատասխանից, անմիջապես գնաց օղին բերելու:
-Ընկե՛ր Քոչինյան, իսկապե՞ս Քարահունջի օղին դեղամիջոց է շաքարախտի դեմ,- հետաքրքրվեցի ես:
-Մինչ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար դառնալս մինիստրների խորհուրդն էի ղեկավարում: Այնպես ստացվեց, որ ՀԿԿ առաջին քարտուղարը գործուղման էր մեկնել ԳԴՀ, և ես Երևանում ընդունեցի Վիետնամի առաջնորդ ընկեր Հոյին: Կրեմլից հրահանգ էր իջեցված ընկեր Հո Շի Մինին հատուկ ուշադրություն դարձնել: Ընդունելությունների տանը կառավարական առաջին ճաշկերույթի ժամանակ ես տարբեր ոգելից խմիչքների հետ միասին ընկեր Հո Շի Մինին առաջարկեցի համտեսել նաև Քարահունջի օղին, ասելով, որ սա նաև դեղամիջոց է շաքարախտի դեմ: Ընկեր Հոն հետաքրքրվեց Քարահունջի օղիով: Ես նրան պատմեցի, որ մեր Գորիսի կուսակցական առաջնորդն իր շաքարախտն այս օղիով է բուժել, պատմեցի նաև Քարահունջի օղու թորման հատուկ եղանակի մասին:
-Թթի սովորական օղի չէ՞ Քարահունջը, - հարցրի ես:
-Ո՛չ, երիտասա՛րդ, Քարահունջի օղին տարբերվում է ցանկացած այլ օղուց: Թթի խմորումը կատարվում է քարերի վրա աճող, սնկային հիմք ունեցող քարաքոսով: Մի խոսքով, ընկեր Հոն բաժակը բարեկամաբար ինձ մեկնեց, որ Քարահունջ լցնեմ, ես էլ լցրի: Թարգմանչուհին թարգմանեց, որ այս անմահական օղիով ընկեր Հոն բաժակ է բարձրացնում երկու երկրների ժողովուրդների բարեկամության համար, և հետաքրքրվեց, թե ինչպես են այն խմում: Ես ասացի` Քարահունջը խմում են մեկից, և բաժակս պարպելով` նրան ցուցադրեցի: Ես չհասցրի ասել, որ օղին 72 աստիճանի է: Ընկեր Հոն, հետևելով իմ օրինակին, նույնպես պարպեց բաժակը և, աթոռով մեջքի վրա ուշագնաց պառկեց հատակին, իր երկու թիկնապահների ոտքերի տակ: Հաջորդ վայրկյանին թիկնապահները գոտկատեղերից հանելով ատրճանակները, սեղանի վրայով ոստնելով, հայտնվեցին իմ կողքին, ատրճանակների փողերը դրեցին գլխիս: Քար լռության մեջ ծերունի Հոյի խզխզոցն էր լսվում և, ամենակարևորը, նրա բավականին երկար, ցցված, ցանցառ մորուքը շնչառությանը համաչափ ցնցվում էր: Թիկնապահներն այդ ցնցումներին էին հետևում և, Աստված չաներ, որ մորուքի ցնցումները դադարեին, հաստատ այդ երկուսը կրակելու էին: Րոպեներ անց ընկեր Հոյի անձնական բժիշկը նրան գիտակցության բերեց, ծերունուն տարան ննջասենյակ, Քարահունջի «հարվածից» հետո հանգստանալու:
-Աղմուկ չբարձրացա՞վ,- հետաքրքրվեցի ես:
Խոհարար Վանիկն արդեն օղին բերել էր և, գործից հասկացող մարդու ճարպկությամբ, բքի սաստկացող վայնասունի տակ, ախորժալի կլկլոցով բաժակներն էր լցնում:
-Աղմուկն անմիջապես բարձրացավ և ավելի բարձր, քան այս բքի վայնասունն է: Հաջորդ օրն ինձ Կրեմլ հրավիրեցին:
-Բիձեն վատացե՞լ էր,- անմիջականորեն, ընկճված Քոչինյանի ապագայով, հետաքրքրվեց խոհարար Վանիկը:
-Ո՛չ, նրան արագ ոտքի կանգնեցրին, բայց Անվտանգության կոմիտեի «բարեկամներս» զեկուցել էին Մոսկվա, որ ընկեր Հոյին մի կերպ են այն աշխարհից հետ բերել: Առավոտյան կանուխ ինձ Կրեմլ հրավիրեցին, և դժվար չէր կռահել, թե ինչու:
-Կուսակցական նկատողություն պետք է հայտարարեին,- փորձեցի կռահել ես:
-Եկեք Քարահունջի օղիով խմենք` բարով հանդիպեցինք, և համտեսենք Վանիկի պատրաստած խաշլաման, այս գործը նա լավ է անում,- ասաց Քոչինյանը խաշլամայից մեկ պատառ վերցնելով:
Իրոք, խոհարար Վանիկի պատրաստած խաշլաման շատ համով էր, բայց ես անհամբեր Անտոն Երվանդիչի պատմության ավարտին էի սպասում: Քոչինյանը, կռահելով մեր լռության պատճառը, շարունակեց իր անավարտ պատմությունը։
-Վանի՛կ, ապրե՛ս, շնորհակալություն համով խորտիկների և ավելի համով-հոտով խաշլամայի համար: Եկեք խմենք մեր Վանիկի կենացը, - ասաց Քոչինյանը, բարձրացնելով օղու բաժակը:
-Շնորհակալ եմ, ընկե՛ր Քոչինյան, աշխատանքիս գնահատական տալու համար, Ձեզ հետ շփվելուց ամեն անգամ մի նոր բան եմ սովորում,- հուզմունքով պատասխանեց Վանիկը:
-Դե ինչ, ավարտեմ Քարահունջի օղու պատմությունը,- ասաց Քոչինյանը` օղու բաժակը սեղանի վրա պտտեցնելով:- Օդանավակայանում շատ բան է երևում, հատկապես այն ժամանակ, երբ ղեկավար ես և ենթականերդ քեզ ճանապարհում են Մոսկվա: Որպես կանոն, երբ սովորաբար քեզ քծնողներն աշխատում են լռել, պատեհ-անպատեհ այլևս չեն ժպտում երեսիդ, խոսքի գլխին ու տակին քեզ չեն գովում, նշանակում է` գործերդ վատ են, բարեկամս: Առանց այդ նշանների էլ ես գիտեի, որ Մոսկվայում ինձ բավականին ծանր խոսակցություն է սպասում, ինչը, ամենայն հավանականությամբ, կավարտվի պաշտոնանկությամբ։ Կամ էլ, լավագույն դեպքում, մի կորած-մոլորած երկիր դեսպան կուղարկեն, որ լուռումունջ քեզնից պրծնեն: Մոսկվայի օդանավակայանում հաստատվեց, որ շրջապատիս քծնողները չեն սխալվել. ինձ աշխատանքից ազատելու որոշումը կայացրել էին:
-Ինչպե՞ս երևաց, ընկեր Քոչինյան,- չհամբերեցի ես:
-Մոսկվայի օդանավակայանում ինձ դիմավորեց միայն մեր ներկայացուցիչը, նույնիսկ ռուս ընկերներս օդանավակայան չէին եկել: Հաջորդ օրն ինձ Կրեմլ հրավիրեցին` կենտկոմի քարտուղարներից մեկի մոտ: Նա ինձ բավականին չոր դիմավորեց և հրավիրեց նստելու: Ես համառոտ պատմեցի Քարահունջի օղու պատմությունը, վերջում ավելացրի, որ այդ օղուց հետս բերել եմ, որ պարզ դառնա, թե ինչ խմիչք եմ հյուրասիրել ընկեր Հո Շի Մինին: Չնայած իրենք էլ գիտեին, որ ընկեր Հոյին թունավորելու միտք անգամ չեմ ունեցել և ունենալ չէի կարող:
-Որտե՞ղ է այդ չարաբաստիկ օղին,- հետաքրքրվեց ԽՄԿԿ քարտուղարը:
-Մեքենայի մեջ է,- պատասխանեցի ես:
Սեղմելով կոմուտատորի կոճակը, քարտուղարը կարգադրեց, որ մեքենայի միջից օղու շիշն իր մոտ բերեն: Մինչ օղին կբերեին, ես ավելի հանգամանալից պատմեցի Քարահունջի օղու պատմությունը, դրան նորանոր առավելություններ վերագրելով: Երբ օգնականն օղու շիշը ձեռքին ներս մտավ, քարտուղարը կարգադրեց, որ ես անկյունում դրված սեղանիկի վրայից ջրի բաժակները բերեմ: Արդեն քաջալերված նման հաջողությունից, անմիջապես բաժակների մեջ մոտ 20 գրամ օղի լցրի, որը 200-գրամանոց բաժակի տակին հազիվ երևում էր:
-Վերցրու կոմունիստական շարժման առաջնորդներին վերացնելու թույնդ,- կատակով ասաց քարտուղարը և մեկ շնչով բաժակը պարպեց: Քարահունջի 20 գրամը քարտուղարի վրա անջնջելի տպավորություն թողեց։ Նա հասկացող, գնահատող մարդու նման աջ հոնքը վեր բարձրացնելով` վերցրեց լսափողը և հրավիրեց գյուղատնտեսության ոլորտը սպասարկող քարտուղարին: Հարյուրական գրամ Քարահունջի օղին խմելուց հետո քարտուղարների տրամադրությունն այնքան բարձրացավ, որ նրանք սկսեցին բարձրաձայն, մեկը մյուսին խանգարելով մի պատմություն պատմել վիետնամական օդաչուների մասին, որոնք մեր «Միգ»-երով թռչել չեն կարողացել, թռիչքի պահին ուշաթափվել են: Պատճառը բավականին պարզ է եղել, ուղղակի լավ սնված չեն եղել: Նրանց լավ կերակրելուց հետո, «Միգ»-երում ուշաթափությունները դադարել էին, միմյանց խանգարելով պատմում էին քարտուղարները և լուռ զուգահեռ տանում ընկեր Հոյի հետ: Մենք հանկարծակիի եկանք, երբ առանձնասենյակում լսվեց Լեոնիդ Իլյիչի թավ ձայնը:
-Ի՞նչ եք այդպես ուրախացել, արդեն կենտկոմի առաջին քարտուղարի՞ն էլ չեք նկատում,- բարեկամաբար ասաց նա: Մի խոսքով, բարեկամներս, երբ Լեոնիդ Բրեժնևն էլ փորձեց Քարահունջը, իմ վրայից ամեն տեսակի մեղադրանքները հանվեցին, ինձ խնդրեցին կրկին պատմել, թե ինչպես էի հետևում ընկեր Հոյի մորուքի ցնցումներին ատրճանակների փողերի ներքո:
-Ընկե՛ր Քոչինյան, երբ հաղթանակած վերադարձաք Երևան, օդանավակայանում այն քծնողները Ձեզ դիմավորեցի՞ն, նրանց չպատժեցի՞ք,- հարցրի ես:
-Իհարկե, դիմավորեցին, քծնեցին և, բնականաբար, ցանկացած խոսքովս հիացան ու ժպտացին:
-Նրանց չպատժեցի՞ք,- կրկնեցի հարցս:
-Իհարկե ոչ, ուղղակի ավելի զգուշացա: Անիմաստ է նրանցից ազատվելը, քանզի նորերը նախկիններից չեն տարբերվելու: Միտք չունի, երիտասարդ, նրանց երբեք ավելի լավով չես փոխելու: Տարօրինակ է, բայց փաստ է, երբ իշխանություն ունես` չափավոր քծնանքը նույնիսկ դուրեկան է, ինչն էլ հետագայում քեզ կործանելու է,- դառը ժպիտը դեմքին պատասխանեց Քոչինյանը:
Դրսում բուքը դեռ տարերքի մեջ էր, այս անգամ գայլի ոռնոցը վերածվել էր բորենու մահազդու կաղկանձի:

Դիտվել է՝ 3616

Մեկնաբանություններ