ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ՀՀ իշխանությունները պետք է վարեն շատ նրբանկատ քաղաքականություն»

«ՀՀ իշխանությունները պետք է վարեն շատ նրբանկատ քաղաքականություն»
19.08.2008 | 00:00

«ՆԱՏՕ-Ն ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ»
Վրացական հարթությունում ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների սրման և այդ հարաբերություններում Հայաստանի հնարավոր դիրքորոշումների վերաբերյալ իր տեսակետն է հայտնում Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ:
-Պարոն Թովմասյան, ինչպիսի՞ք են կոմկուսի գնահատականները Վրաստանում տեղի ունեցած վերջին զարգացումների կապակցությամբ։
-Հայկոմկուսն ուշի ուշով հետևում էր Հարավային Օսիայի շուրջ ընթացող զարգացումներին։ Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է արյունահեղության հնարավորության մասին, սակայն Վրաստանի նախագահի սադրիչ գործողությունները, այնուհանդերձ, հանգեցրին դրան։ Օգտվելով ԱՄՆ-ի և որոշ եվրոպական երկրների հրահրումից ու կեղծ պաշտպանությունից՝ վրացական կողմը հարձակողական գործողություններ ձեռնարկեց, և հայտնի է՝ ինչ արդյունքի հասավ։ Մենք միանշանակ պաշտպանում ենք Ռուսաստանի գործողությունները՝ որպես խաղաղապահ գործընթացում ընդգրկված պետության, ինչպես նաև այն համատեքստում, որ Հարավային Օսիայի բնակչության բացարձակ մեծամասնությունը ՌԴ քաղաքացիներ են։ Նրանք իրավունք ունեին ակնկալելու իրենց երկրի աջակցությունը։ Ավելորդ չէ հիշատակել, որ Ռուսաստանի գործողությունները միանգամայն տեղավորվում են ՄԱԿ-ի՝ նրան տված խաղաղապահ մանդատի շրջանակներում։ Սաակաշվիլու անմիտ գործողությունների պատճառով այսուհետ ուղղակի ավելորդ է խոսել Վրաստանի տարածքային ամբողջականության մասին, որքան էլ ԱՄՆ-ը և որոշ այլ պետություններ իրենց հակառուսական կեցվածքով ինչ-որ հույսեր ներշնչեն։ Մենք միաժամանակ դատապարտում ենք հայաստանյան որոշ ԶԼՄ-ների և իրենց քաղաքական գործիչ համարող մարդկանց շուրթերից հնչած հակառուսական դիրքորոշումներն ու ձևակերպումները։
-Ձեզ բավարարո՞ւմ է Հայաստանի դրսևորած դիրքորոշումն այս իրավիճակում։
-Մեզ համար, իհարկե, շատ ծանր իրավիճակ է ստեղծվել։ Եթե Վրաստանն ԱՊՀ-ի կազմից դուրս գալով` միաժամանակ ձգտում ցուցաբերի անպայմանորեն դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, մեզ համար իրադրությունն ավելի կբարդանա։ Գաղտնիք չէ, որ հատկապես Վրաստանով են անցնում Հայաստանի տնտեսական կենսագործունեությունն ապահովող հիմնական կոմունիկացիաները։ Հայաստանի իշխանությունները պետք է վարեն շատ նրբանկատ քաղաքականություն, որը պետք է ուղղված լինի Ռուսաստանի հետ մեր վաղեմի դաշինքի պահպանմանն ու ամրապնդմանը, և միաժամանակ չտուժեն մեր դարավոր հարաբերությունները Վրաստանի հետ։ Վրացիները բազմիցս են նշել Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների անհրաժեշտությունը, և եթե դրանք դատարկ խոսքեր չեն, ապա Ռուսաստանի հետ Վրաստանի այսօրվա հակադրությունը չպետք է կապվի Հայաստանի հետ։
-Ամեն դեպքում, չե՞ք կարծում, որ Հայաստանը հարկադրված կլինի ընտրություն կատարել Արևմուտքի և Ռուսաստանի միջև, եթե Վրաստանը, իսկ այնուհետ նաև Ադրբեջանը հայտնվեն ՆԱՏՕ-ի կազմում։
-ՀԿԿ-ն միշտ համարել և միանշանակ կարծում է, որ մեր ընտրությունը Ռուսաստանի հետ ավանդական հարաբերություններն ու ռազմաքաղաքական դաշինքը պահպանելն է։ Հայ ժողովուրդը քաղաքական և անվտանգության առումով մեծագույն սխալ կատարած կլինի, եթե նույնիսկ տեսականորեն մտածի Ռուսաստանից անջատ գործելու մասին։ Այն պահին, երբ Հայաստանը կդադարի Ռուսաստանն իբրև գլխավոր ռազմաքաղաքական դաշնակից դիտարկելուց, կլինի Հայաստանի վերջը։
-Բայց Ռուսաստանը կարող է ուղղակի հեռանալ տարածաշրջանից։ Իրադարձություններն այդպես կարող են դասավորվել։
-Բացառված է։ Ռուսաստանում շատ իրատեսորեն են գնահատում Հայաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքի կարևորությունը։ Նույնը պետք է լինի մեզ մոտ։ Հայաստանի կոմկուսն իր ամբողջ ներուժը կներդնի հայ-ռուսական հարաբերությունների այսօրվա մակարդակը ոչ միայն պահպանելու, այլև այդ հարաբերություններն ավելի խորացնելու գործում։ Հայաստանը ՆԱՏՕ-ում անելիք չունի, և ՆԱՏՕ-ն էլ անելիք չունի մեր տարածաշրջանում։ Հայաստանի հայտնվելը ՆԱՏՕ-ում կնշանակի Թուրքիայի հետ լինել նույն դաշինքի կազմում և դրանով վերջնականապես թաղել Հայոց ցեղասպանության հարցը։ Մեր մեծ մտավորականները՝ Խաչատուր Աբովյանը, Ներսես Աշտարակեցին, Հովհաննես Թումանյանը և շատ ուրիշներ, իզուր չեն մշտապես կարևորել հայ-ռուսական հարաբերությունները և Ռուսաստանի մասնակցությունը հայ ժողովրդի համար ճակատագրական հիմնախնդիրներում։ Համենայն դեպս, Հայկոմկուսը վճռականապես մերժել և մերժում է Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմաքաղաքական դաշինքը քանդելու որևէ միտում։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 5032

Մեկնաբանություններ