ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Իմ երեխան, երբ առավոտյան արթնանում է, պիտի ասի՝ բարի լույս, Հայաստան»

«Իմ երեխան, երբ առավոտյան արթնանում է, պիտի ասի՝ բարի լույս, Հայաստան»
19.08.2008 | 00:00

«ԱՅՆ ԱՄԵՆԸ, ԻՆՉ ՇԱՏԵՐԻՆ ԳԱՅԹԱԿՂԵՑՆՈՒՄ Է, ԻՆՁ ՀԱՄԱՐ ՈՉԻՆՉ Է»
«Հանդիսատեսին չի կարելի խաբել բերանը բացել-փակելով։ Հանդիսատեսը գալիս է լսելու քո երգը, հաղորդակցվելու քեզ հետ։ Ոչինչ, որ ձայնդ տեղ-տեղ չարդարացնի սպասելիքներդ կամ վատառողջ լինես։ Կարևորը հոգին է։ Ես երգում եմ հոգով, ձայնն ընդամենը միջոց է»,- ասում է ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ (Մրոն)։
Ժողովրդական երգը նա ներկայացնում է պրոֆեսիոնալ և ինքնատիպ մեկնաբանությամբ։ Ճանաչվել է տարվա լավագույն ժողովրդական երգիչ («Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն», «Տաշիր-2008»)։ Այսօր նա պատասխանում է «Իրավունքը de facto»-ի հարցերին։
-Սիրիայից 1987-ին, ինչպես Դուք եք ասում՝ վերադարձել եք Հայաստան, վերադարձել, որովհետև ծնվել և մեծացել եք օտար երկրում ոչ Ձեր կամքով։ Այնուամենայնիվ, սփյուռքի մեր հայրենակիցներից ոչ բոլորն են մշտական բնակության տեղափոխվում հայրենիք։ Ինչո՞վ էր պայմանավորված Ձեր վերադարձը։
-Դաստիարակության հետ է կապված։ Բացի այդ, ես ընդունվեցի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, և դա միջոց էր վերադարձի։ Խորհրդային տարիներին շատերը չունեին վերադարձի հնարավորություն, երբեմն էլ չեն համընկնում ցանկություններն ու իրականությունը։ Բոլոր դեպքերում, մեղադրել չեմ կարող։ Կա մի հանգամանք ևս։ Ես ծնվել եմ Ղամիշլի քաղաքում, որը գտնվում է Արևմտյան Հայաստանի և Սիրիայի սահմանագծի տարածքում. մոտ է հայրենիքին և եղել է առաջին հանգրվանը հայ գաղթականների։ Այդ շրջանի ժողովուրդն ուրիշ տեսակ է, նրանց համար ամեն ինչ սկսվում է հայրենիքից։
-Հայրենիքն արվեստագետի համար հոգևոր տարածք է։ Ինչպե՞ս կբացատրեք դա։
-Հայրենիքը նաև իրական տարածք է, հող, որ հազարավոր տարիներ սնվել է մեր նախնիների աճյուններով։ Հայրենիքը դու ես, քո զավակը, քո նախնիները։ Ահա այսպիսի մի շղթա է, ու եթե այն արտահայտվում է քո ապրելաձևի մեջ, ուրեմն դու հայրենիք ունես։ Առավոտյան, երբ արթնանում եմ, մտածում եմ՝ ինչ անեմ, որ արժանի լինեմ հայրենիքիս։ Երբեմն ասում են՝ Արսենը հայրենասեր է։ Ես սովորական հայ եմ։ Անսովոր են այն մարդիկ, ովքեր չեն սիրում հայրենիքը։ Պետք է այդ մասին խոսել՝ ինչո՞ւ չեն սիրում...
-Ձեր վերադարձի հնարավորությունները... հիասթափություններ չե՞ն եղել։
-Ես մանր-մունր բաների վրա ուշադրություն չեմ դարձնում, կան ավելի կարևոր հարցեր, երևույթներ։ Հնարավորություն ունեցել եմ և այսօր էլ ունեմ հաստատվելու տարբեր երկրներում, բայց այն ամենը, ինչ շատերին գայթակղեցնում է, ինձ համար ոչինչ է։ Իմ երեխան, երբ առավոտյան արթնանում է, պիտի ասի՝ բարի լույս, Հայաստան։
-Բացի երգելուց...
-Սիրում եմ սպորտը։ Զբաղվել եմ ֆուտբոլով, ձեռնագնդակով, սեղանի թենիսով, բիլիարդով։ Բացի երգելուց, կատարում եմ երգերի մշակում, գործիքավորում։ Երգեր գրում եմ, բայց քիչ։ Ավելի շատ սիրում եմ մշակել ժողովրդական, աշուղական երգերը, որպեսզի նոր շունչ տամ, վերապրեցնեմ դրանք մատաղ սերնդի համար։
-Ոմանք մշակումը շփոթում են երգն աղավաղելու հետ։
-Դա ոչ թե աղավաղում է, այլ հանցագործություն։ Երբ փորձում ես փոփոխել մեր ընդհանուր երգարվեստի շտեմարանի մեկ երգը, դու գործ ունես ամբողջ ազգային մշակույթի հետ։ Երբ երգը մշակում ես էմոցիաների հիման վրա, դու կվնասես այն, մշակումը պիտի լինի գիտակցաբար, պիտի իմանաս երգարվեստի բոլոր օրենքները, իմանաս ինչ է նշանակում հայկական հնչերանգ, ձայներանգ, պետք է առաջին հերթին հայերեն իմանաս։ Նոր միայն կարելի է որոշակի փորձեր անել։ Փորձերը կարող են լինել ճաշակով կամ անճաշակ, բայց դա արդեն չի վնասի գործին։
-Ինչպիսի՞ն եք ընտանիքում, խի՞ստ հայր եք։
-Խստությունս հարաբերական է, նայած թե ինչի հետ է կապված։ Ես չեմ ասում, որ պետք է շարունակ «է»-ով խոսել, բայց կան արտահայտություններ, որ չի կարելի կիրառել։
-Հովհաննես Բադալյան, Հայրիկ Մուրադյան... անուններ, որ հաճախ են ընդգծվում Ձեր և շատերի կողմից։ Ի՞նչ եք կարծում, տարիներ հետո նոր սերունդը ո՞ւմ է օրինակ ունենալու։
-Չգիտեմ ինչ կլինի մի քանի սերունդ հետո, բայց ես աշխատում եմ որքան հնարավոր է, համենայն դեպս, իմ սաների մոտ բարձր պահել այդ անունները, հարգանքի տուրք տալ՝ գիտակցելով, որ այսօր շատ հարցերի համար պարտական ենք իրենց։
-Եվրոպականացում, նորացում... կյանքում և արվեստում...Ո՞նց եք վերաբերվում, մանավանդ որ շատ դրականի հետ այն իր հետ բերում է նաև վատը:
-Եթե կարողանանք նրանց քաղաքակրթությունից տարրեր քաղել, դա նորմալ է, բայց երբ առերես ինչ տեսնում վերցնում ենք, առանց քննարկելու դրանք ընդունում իբրև զարգացման ցուցանիշ, իհարկե, անընդունելի է։ Եվրոպան այսօր գիտակցում է ընտանիքի կարևորությունը, փորձում վերագտնել այն, իսկ մենք ուզում ենք կորցնել մեր ունեցածը։ Նույնը՝ արվեստում։ Դա ավելի շատ ամերիկյան ալիք է, փողոցի լեզուն բերվել է արվեստ։ Մինչդեռ երգարվեստն ունի որոշակի պահանջներ։ Բեմն ամենաքիչը 20 սմ բարձր է գետնից, և դու պետք է արժանի լինես այդ բարձրությանը։
-Ի՞նչ կասեք երիտասարդների մասին։
-Ես հավատում և վստահում եմ մեր երիտասարդներին, գիտակցում եմ, որ մեծ ներուժ ունեն նրանք, մնում է ուղղորդել նրանց դեպի ճիշտ նպատակը։ Վստահ եմ, որ գնում ենք դեպի պայծառ ապագա։
-Սակայն, շատերի կարծիքով, երկրում մթնոլորտն անառողջ է, իսկ հեռանկարները երիտասարդների համար հուսադրող չեն։
-Դա կախված է նրանից, թե ինչ ես փոխանցում երիտասարդներին՝ բարություն, վստահություն, սեր։ Իմ խմբում 25 երեխա կա, և բոլորն էլ համերաշխ են։ Առաջնորդվում են Ջիվանու գաղափարով՝ «խեղճ բլուրս բարձր սարիդ վնաս չէ»։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր ձայնը, իր տեղը և իր նշանակությունն է ունենալու կյանքում։ Երկու տարում տեսանք, թե ինչ վերելք ապրեց ժողովրդական երգարվեստը։ Համոզվեցինք, որ երիտասարդները շնորհալի են, և որ ամեն ինչ կորած չէ։ Ես ընդհանուրի մեջ եմ։ Ամեն մեկը պիտի մտածի, որ առողջն ու անառողջն իրենից է կախված։ Ես իմ բաժինն ունեմ դրանում։ Մեր պարտքն է երիտասարդներին դաստիարակել որպես Հայ առաքելական եկեղեցու արժանի զավակ ու նաև փոխանցել Նժդեհի գաղափարը՝ ազգը նպատակ է, իսկ անձը՝ միջոց։
-Ի՞նչ ծրագրեր ունեք մոտ ապագայում։
-Կշարունակենք «Հայոց բանակ» ծրագիրը, շրջելու ենք 80 զորամասերով։ Մինչ այժմ գործընկերներիս՝ Արամոյի, Էմմա Պետրոսյանի, Ֆորշի, Շուշան Պետրոսյանի և ուրիշների հետ համերգներով հանդես ենք եկել 22 զորամասում։ Նոյեմբերի 9-ին ես և Լեյլա Սարիբեկյանը պատրաստվում ենք ելույթ ունենալու ԱՄՆ-ի «Ալեքս» թատրոնում։ ՈՒնեմ նոր երգեր, ուզում եմ դրանք վերածել տեսահոլովակների։
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 5500

Մեկնաբանություններ