ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Մինչև վերջին հայը» ծրագիրը, աղմկոտ լռությունը և մեր անելիքը

«Մինչև վերջին հայը» ծրագիրը, աղմկոտ լռությունը և մեր անելիքը
18.06.2024 | 17:34

Ոստիկանական նռնակների, ներքաղաքական թոհուբոհի, տեղեկատվական աղմուկի ներքո ամերիկյան պաշտոնյաներն անկեղծորեն ու հրապարակավ խոսում են մինչև վերջին հայը Ռուսաստանի (նաև Իրանի) դեմ պայքարելու իրենց ծրագրերի մասին։ Թեման զարմանալիորեն օրակարգային չդարձավ։ Տարօրինակ լռություն է։

Նիկոլ Փաշինյանը զուգահեռաբար խոսում է հանրաքվեի մասին։ Մինչև վերջերս նա այդ թեման մոռացության էր տվել, բայց հայտնի իրադարձություններից հետո լեզու առավ ու սկսեց խոսել։ Այդ հանրաքվեն նույնպես մինչև վերջին հայն այլոց ծրագրերը սպասարկելու մասին է։

Փաշինյանը սահմանադրական փոփոխություն ենթադրող հանրաքվեն փաթեթավորում է եվրոպական փայլաթղթով, սակայն իրականում թուրք-ադրբեջանական արտադրության ապրանք է առաջարկում հայ ժողովրդին։

Ինչ վերաբերում է ամերիկյան պաշտոնյաների առաջարկին, ապա նրանք ձևականությունների հետևից չեն ընկնում և, ի տարբերություն Նիկոլի, հայ ժողովրդի հետ անկեղծ են։

Ինչպես որ Բոլթոնն էր բաց տեքստով ցուցումներ տալիս Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ Օ՝Բրայանն է բացահայտորեն ասում, թե ինչ են ակնկալում նրանից, ինչ ծրագրեր են իրականացնում, ինչ է սպասում հայ ժողովրդին։ Ըստ այդմ՝

- Քանի դեռ Ռուսաստանը պատերազմում է Ուկրաինայում, պետք է շտապել Հարավային Կովկասում, որպեսզի Ռուսաստանին դուրս մղել այստեղից՝ տեղը լցնելով թուրք-ադրբեջանական ներկայությամբ:

- ԱՄՆ-ը անվտանգության որևէ երաշխիք չի տալիս Հայաստանին, բայց ամեն ինչ անում է, որպեսզի ՀՀ-ն քանդի գործող անվտանգության համակարգը (դուրս գա ՀԱՊԿ-ից, հեռացնի ռուսական ռազմաբազան Գյումրիից), ու միևնույն ժամանակ հայտարարում է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը ՀՀ-ի գործն է:

- Հակառուսական ու հակաիրանական ծրագրերիի սպասարկման համար Արևմուտքը պայքարելու է մինչև վերջին ուկրաինացին ու վերջին հայը․ Զելենսկին ու Փաշինյանը համաձայնել են դրան՝ անձնական անվտանգության երաշխիքների ու մասնավոր շահերի սպասարկման դիմաց:

- Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, բայց անունը կդրվի ճանապարհ, որպեսզի Փաշինյանը կարողանա «ինքնիշխանություն» բառն օգտագործելով խաբել իր փոքրաթիվ կողմնակիցներին:

- Եթե Ռուսաստանին Հայաստանից հեռացնելու գինը Հայաստանի վերացումն է լինելու, ապա ոչինչ, կարևորը «ինքնիշխանություն» բառը հաճախ օգտագործելն է:

- ԱՄՆ-ը դեռ գնահատական չունի Արցախում տեղի ունեցածի վերաբերյալ, բայց ողջունում է 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցածը, որի շրջանակներում Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս ու նպաստեց հայերի էթնիկ զտմանը։

Եվ այսպես, Արցախի հայաթափումից հետո եկել է երկրորդ՝ Հայաստանի հայաթափման փուլը, և այդ մասին անոնս են անում ամերիկյան պաշտոնյաները։ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը դա կանխելու նախապայմանն է։ Կարևոր է նաև հստակ այլընտրանքի ներկայացումը հանրությանը։ Շատ ժամանակ չունենք։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 7208

Մեկնաբանություններ