05.04.2013|
02:41
Մեծարգո Աքրամ Այլիսլի, երբ կարդում էի «Իրատես de facto»-ում քո (կներես այնքան հարազատ ու մտերմիկ ես-ի համար, թեպետ երբեք ծանոթներ չենք եղել, աղ ու հաց չենք կիսել, բաժակ բաժակի չենք խփել, չնայած ինչ-որ տևական ժամանակ նույն հայրենիքում ենք ապրել, նույն ինտերնացիոնալ ոգով ենք դաստիարակվել, համոզված եմ` քո «Քարե երազներ» գիրքը ասածիս վկան է, այն էլ ասեմ, որ քսանամյա այս թշնամությունը ոչ իմ և ոչ էլ քո մեջ թշնամության ծիլեր չի տվել, ուրեմն հույս կա, որ ինչ-որ ժամանակ հետո, եթե ոչ մենք, ապա մեր երեխաները բաժակ բաժակի կխփեն և կխմեն քո կենացը, որ դու դաժան ու թշնամական այս դարում քո անմահական գրչով կարողացար ասել մի պարզ ճշմարտություն, որը քո երկրի տհաս տերերի մեջ կատաղության նոպա առաջացրեց, և քեզ պես անվանի գրողին, մարդասերին զրկեցին «փառքից ու շքանշաններից», չկարծելով, որ Այլիսլիի փառքն իր հզոր, ճշմարտացի ու տաղանդավոր գրիչն է) «Քարե երազներ» անմահ գործը, ակամայից հոգիս լցվում էր հպարտությամբ, մարդկայնությամբ, և ակամա մտաբերում էի Աննա Զեգերսի հազարավոր մահեր տեսած հերոսի խոսքերը` իսկ ես փորձում էի մարդ մնալ: Ասել կուզեմ, դու ոչ թե փորձել, այլ մարդ ես մնացել` զերծ մնալով կեղծ կրոնապաշտությունից: