Այլազան հոգեմտավոր հետաքրքրությունների տեր հարյուրավոր ընթերցողների ուշադրության կենտրոնում հաստատված մեր թերթի խմբագրատանը վաղուց
«ըմբռնումով» են վերաբերվում տարաբնույթ այցելություններին, գրավոր ու բանավոր կարծիքներին, առաջարկներին, հրավերներին և, նույնիսկ, հասցեն շփոթած անձնական դիմում-խնդրանքներին։ Բարեկիրթ համբերատարությամբ ամենքին արձագանքելուն ընտելացած` ընդունեցինք նաև Հայաստանի երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, հանրաճանաչ երգիչ-կոմպոզիտոր ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ նոր ձայնասկավառակի շնորհանդեսին մասնակցելու անծանոթ տղամարդու հեռախոսային հրավերը։ «Եթե ցանկություն ունենաք գալու, Ձեր հրավիրատոմսն ինձ մոտ է, ես կդիմավորեմ»,- իր վերամբարձ «ինկոգնիտո» խարդավալից ազդականչն ավարտեց նա։ «Եթե կասկածում եք, կաշխատեմ անպայման գալ»,- «մարտահրավերն» ընդունեցի ես և, երգահանդիսավայրում հայտնվելուն պես պարզեցի, որ «Միստր X-ը» «32 ատամ» ակումբի «գլխավոր գաղափարախոսներից» է «կարգին հումորի» գծով և, ըստ երևույթին, երբեմնի մայր թատրոնում կայանալիք «no comment» բեմադրության առաջնախաղին էր ժրաջան պատրաստվում։
Մինչ «հայկական ճշտապահությամբ» կմեկնարկեր 16-ամյա թատրոնի հիմնադիր կոմպոզիտորի հայրենասիրական 10 երգերն ամփոփած ձայնասկավառակի ծննդյան նշանավորման հանդեսը, անթաքույց զարմանքով նկատում եմ նախաձեռնության հեղինակ Մանե Գրիգորյանի սիրահոժար ընծայած սկավառակի (ոչ կոմերցիոն լինելու մասին հայտարարությունը, տեղում 2000 դրամով վաճառվելու փաստով, ի չիք դարձավ) ձևավորման բացահայտ անհամապատասխանությունը հետամտած առաքելությանը։ Հավանաբար, միջազգային ստանդարտներից (՞) ելնելով, Արթուր Հովակիմյանը ոչ մի մեսրոպյան տառ (ի պատիվ 1600-ամյակի՞...) չէր կիրառել կազմի շապիկը ձևավորելիս, իսկ «Երկու տուն, մեկ անուն` հայրենիք» խորագիրը գերադասել էր «լատինատառ հայերեն» գրել։ Հակառակ կողմում, Հայաստանի պետական դրոշի հանգույն, երգերի եռագույն հայերեն անուններին ևս կցել էր «լատինատառ հայերենները»` տեքստերի հեղինակներին, գործիքավորողներին, հնչյունային ռեժիսորին, պրոդյուսերին ու դիզայներ-լուսանկարչին ներկայացնելով միայն անգլերեն։ Այս հանգամանքը մանրամասնում եմ` դրանում տեսնելով անուղղակի հայելային անդրադարձը մասնագիտական մկրտությունն այստեղ ստացած ու արդի էստրադան գերազանցապես անհայտ ծագման ցածրարվեստ խառնաձայներով ողողած տասնյակ «աստղափայլ» երգիչ-երգչուհիների գեղագիտական, իբր, նորաոճ հավատամքի։ Ի նշան ընտանեկան համերաշխության, նրանցից շատերը հավաքվել էին հնարամտորեն ակումբահամերգայինի վերափոխված փոքրիկ դահլիճում (նախկինում ՈՒսուցիչների կատարելագործման կենտրոնի նիստերին միայն ականջալուր) մեծարելու իրենց դրոշակակրին, որին համարում են «հայկական շոու-բիզնեսի կնքահայր»։ Հեռուստատեսախցիկների պակասից դժգոհելը մեղք կլիներ։ Դահլիճի հանդիպակաց պատերի երկայնքով հայեցողի կարգավիճակով նստոտած ԶԼՄ-ների տասնյակ ներկայացուցիչներն աննախադեպ հնարավորություն ունեին էստրադային երգ-երաժշտությանը ռեստորանային հնչողություն ու բովանդակություն հաղորդած մասսայական քաղքենիության մի շարք հայտնի կուռքերին կամերային միջավայրում մոտիկից տեսնելու-ծանոթանալու։ Նաև` հետևելու, թե իրականում ինչպես են իրենց զգում այս մթնոլորտում Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի տիկնայք, ՀՀ մշակույթի նախարարուհին։
Երբ «Երևանի էստրադային երաժշտության ու երգի մշտատրոփ սրտում», ի վերջո, զրնգում է հանրահայտ «Երևանը» թատրոնի հինգերորդ սերնդի ութնյակի կատարմամբ, անգլերեն այլաոճ «ներարկմամբ», ներկաներից շատերը, ինքը` օրվա հերոսը, կարոտով մտաբերում են 1976-ին Արթուր Գրիգորյանի մուտքը երգարվեստ ազդարարած Տաթևիկ Հովհաննիսյանի հրաշալի կատարումը։ Ոմանց տեսապատկերում արթնանում է դաշնամուրային նվագով ու ձայնակցությամբ իր սերը Երևանի նկատմամբ երգչուհու նրբին զգացմունքներին հավելած կոմպոզիտոր-դաշնակահարի դեռևս չդիմազրկված մայրաքաղաքի տեսարժան վայրերով շրջապտույտը ներկայացնող տեսահոլովակը։ Տրտմության առաջին ալիքն է անցնում սրահով, չնայած «հաղորդավար-թամադաների»` Արսեն Գրիգորյանի ու Ավետ Բարսեղյանի հանրածանոթ մշտազվարթ վարույթին։ Ներկայիս ճարտարապետական խեղված տեսքին միանգամայն համարժեք էր հինգերորդ սերնդի երգած «Երևանը», նկատելիորեն սիրազրկված։ Կարծես թե ներբողվում էր ոչ թե մեր «Երևան դարձած Էրեբունին», այլ Նիկարագուայի կամ Հոնդուրասի հեռավոր ու օտար մայրաքաղաքը։ Երևի չբարձրաձայնված այս հանգամանքով, ասես իր դաշնամուրին ապավինելով, Արթուր Գրիգորյանն ի զորու չեղավ ինքն իրեն կեղծելու, իր մտահղացած մուտքով լրացնելու սիրո ձոնը «հոգեթով լույսի շող» քաղաքին, որտեղ ծնվել ու ապրում է` մեծացած լինելով «երկրորդ տունը դարձած» Ստեփանակերտում, իր ընկալմամբ, Հայաստանի երկրորդ մայրաքաղաքում։ Ավա՜ղ, թե՛ տեքստի բանաստեղծականության (հեղինակ` Անիտա Հախվերդյան) պակասով, թե՛ նորաթուխ երգիչների կոլեկտիվ ներդաշնակ կատարմանն անընտելությամբ «Ստեփանակերտ» երգը զուտ «տեսականորեն» է ջերմացնում նույնիսկ այս երաժշտաթատերական ընտանիքի անդամներից շատերի հոգիները։
Արտաքուստ երգահանդեսի տոնական տրամադրությունը թանձրանում է։ Օրինաչափ գտնելով ինքնաբուխ հանգերգումը, բրավոներն ու ծափերը, հիացական բացականչությունները, այդուհանդերձ դժվարանում ես հաղթահարել ուժեղացուցիչների անհարկի աղմուկի տհաճ ներգործությունը։ Ստացածդ հոգևոր լիցքերով անհամաչափ մատուցված «Կանաչ գոտին» ինքնին ընկալվում է «համատարած մարդկային և էկոլոգիական աղտոտվածության» ցցուն արտահայտություն, անկախ բնապահպանական հավակնություններից։
Մեծերի տասնյակ, մանկական երեք մյուզիքլ, հարյուրավոր երգեր ու ներկայացումներ տեսած, երգիչ-երգչուհիների հինգ սերունդ կրթած դահլիճում շուտով քեզ զգում ես ինչպես կարաոկե-ակումբում։ Լավ է, որ այս երաժշտաընտանիքում անհոգ զվարճանալ են կարողանում, բայց տարօրինակ է, որ գինարբուքային լիցքաթափման պահանջին անսալով` այլևս չեն կարևորում, թե ինչի մասին են երգում ու երանությամբ ճոճվում են, երբ զգաստանալու, մտորելու է կոչում իրենց մայրենի լեզվով ամբողջացվող ասելիքը քնարական մեղեդու։ Մտքի սթափությունն ու երգարվեստի գնահատման բարձր չափանիշները պահպանած ունկնդիրներին հավատ չի ներշնչում, որ այսպիսով կմիավորվեն Հայաստանում և սփյուռքում ապրող 10 մլն հայերը, սերնդեսերունդ ժառանգելով սեփական պատմությունը, լեզուն ու մշակույթը, միշտ էլ հայ կմնան.
«Եվ արյունը մեր մեջ հայկական
Երբեք (՞) ջուր չի դառնա»։
Երբ երեք տղաների անհամեմատ համադաշն «Ես կգամ»-ից հետո համերգահարթակում հայտնվում է «Եվրատեսիլ»-ում հաղթած «փոքրիկ ղարաբաղցին», համատարած ցնծությունը (նրա շնորհիվ սույն թվականի դեկտեմբերի 3-ին Հայաստանի մանկական «Երատեսիլ»-ի «էպիկենտրոն» դառնալու փաստով) շուտով մարում է. երեխայի ձայնն արդեն ենթակա է տարիքային փորձություններին։ «Մեղեդի» երգի սպանդը Էմմա Ասատրյանի կողմից, չնայած Գրիգորյանի դաշնամուրային նվագակցությանը, պարզապես խոցում է ճշմարիտ երաժշտասերներին հոգեզուրկ ու բռնազբոսիկ, ընդգծված պոդիումային «մեկնաբանությամբ»։ Փառք Աստծո, որ Արթուր Իսպիրյանն ու, մասամբ էլ, Անդրեն մեղմում են մորթոտված երգասացության նյարդացունց տխրությունդ։
Երբ համարձակ ու անչար անկեղծությամբ անմիջական տպավորություններս կիսում եմ տիկին ՌԻՏԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ, որին «Միստր X-ը» ներկայացրել էր որպես նորընծա ձայնասկավառակի հովանավոր, սրտապնդվում եմ տեղի ունեցածի նրա անկեցվածք ու անաչառ գնահատությամբ. «Ես հաճախ եմ լինում նաև Երգի թատրոնում, գրեթե ամեն ամիս։ Ինձ դուր է գալիս այստեղ տիրող մթնոլորտը։ Ընդհանուր առմամբ, բարձր եմ գնահատում Արթուր Գրիգորիչի գործունեությունը և արվեստը։ Բայց այսօր ինձ համար էլ նրա երգերը հարկավոր հնչողությունը չունեցան։ Ձեր բոլոր նկատառումներին համամիտ եմ։ Անկեղծ ասած, ինձ թվում էր, թե միայն ես եմ այլ կերպ ընկալել` դատելով հավաքվածների ընդհանուր ջերմ արձագանքներից»։
Հաջորդ օրը շուկայում սակարկելիս ժպիտով լսում եմ մեզ թևանցուկ տեսած վերավաճառողի քամահրական առարկությունը. «Ամբողջ օրն իրենց հետ ջանուջիգյար եք անում, հիմա մե՞զ եք մեղադրում ապրանքների գների բարձրացման համար»։ Երանի՜ ինձ...
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ
Հ. Գ. Արթուր Գրիգորյանի հետ հարցազրույցը` առաջիկա համարներից մեկում։