Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Ալեքսանդր Մանթաշյանց - 180

Ալեքսանդր Մանթաշյանց - 180
03.03.2022 | 11:17

Այսօր մեծագույն հայորդիներից մեկի հոբելյանն է։ Եվ չկա մեկ այլ ականավոր հայ, որի մասին լինեին այդքան հորինվածքներ ու չեղելություններ։ Տգիտությունից և ծուլությունից ծնված այդ ամբողջ ստի ու կեղծիքի դեմն առնելու համար ես երկար տարիներ ուսումնասիրել եմ նրա կյանքն ու գործունեությունը և հրատարակության պատրաստել «Ալեքսանդր Մանթաշյանց։ Նյութեր» 600-էջանոց ժողովածու՝ հիմնված բացառապես փաստական աղբյուրների վրա։
Այդ անտիպ գրքից զետեղում եմ ընդամենը երկու նյութ։


ԱՅՑԵՔԱՐՏ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՄԱՆԹԱՇՅԱՆՑ
(АЛЕКСАНДР ИВАНОВИЧ МАНТАШЕВ, ALEXANDRE MANTACHEFF)
(3 մարտի, 1842 թ․, Թիֆլիս – 19 ապրիլի, 1911 թ․, Պետերբուրգ։
Թաղվել է Թիֆլիսի Վանքի ընտանեկան դամբանում, որն ավերվել է 1938 թ․)

Պատմական բնութագիրը – իր ժամանակի ամենախոշոր հայ ձեռնարկատեր, ազգային բարերար։


Ծագումը – բնիկ թիֆլիսցի, սերում էր ազնվականների և հոգևորականների տոհմից։
Բիզնեսը – «Թիֆլիսի առևտրային բանկի» («Тифлисский коммерческий банк») և Բաքվի «Ա․ Հ․ Մանթաշյանց և ընկ․» նավթարդյունաբերական և առևտրային ֆիրմայի (Нефтепромышленное и торговое общество «А. И. Манташев и Ко») սեփականատեր։ Այս ընկերության նավթն ու նավթամթերքները, սեփական մասնաճյուղերի կամ այլ ֆիրմաների հետ համագործակցությամբ, վաճառվել են հետևյալ վայրերում (երկրները ներկայացված են ժամանակակից անվանումներով՝ այբբենական կարգով)․
Ադրբեջան (Բաքու)
Անգլիա (Լոնդոն)
Եգիպտոս (Ալեքսանդրիա, Կահիրե)
Թուրքիա (Կ․ Պոլիս [Ստամբուլ], Զմյուռնիա [Իզմիր])
Իսպանիա (Բարսելոնա)
Իսրայել (Երուսաղեմ)
Իրան (Բանդար-Աբբաս, Բանդար-Բուշիր)
Լեհաստան (Վարշավա)
Հնդկաստան (Կալկաթա, Բոմբեյ, Մադրաս)
Հունաստան (Սալոնիկ)
Շվեյցարիա
Պակիստան (Կարաչի)
Ռուսաստան (Պետերբուրգ, Սարատով, Վոլգոգրադ [Ցարիցին])
Սուդան
Վրաստան (Բաթումի, Թբիլիսի)
Ուկրաինա (Օդեսա)
Ֆրանսիա


Կոչումները – 1-ին գիլդիայի վաճառական (1871), առևտրի խորհրդական (коммерции советник), Թիֆլիսի քաղաքային դումայի պատգամավոր (1893-1909), Ռուսաստանի կայսերական աշխարհագրական ընկերության օժանդակիչ անդամ (член-соревнователь, 1900), իսկական պետական խորհրդական (1909), Թիֆլիսի ժառանգական պատվավոր քաղաքացի։
Հասարակական դիրքը – Թիֆլիսի ռեալական գիմնազիայի պատվավոր հոգաբարձու (1881-1893), Թիֆլիսի նախագիմնազիայի պատվավոր հոգաբարձու (1894-1907), Կովկասի հայոց բարեգործական ընկերության (ԿՀԲԸ) հիմնադիր և պատվավոր անդամ, Թիֆլիսի Հայկական դրամատիկական ընկերության հիմնադիր և պատվավոր անդամ, Բաքվի հայոց մարդասիրական ընկերության (ԲՀՄԸ) պատվավոր անդամ։ Հիմնել է իր անունը կրող Առևտրային դպրոցը (Манташевская торговая школа, 1900): Առևտրի ու մանուֆակտուրայի թիֆլիսյան կոմիտեի, Պետբանկի Թիֆլիսի բաժանմունքի վարչական կոմիտեի, Արքունական պալատի թիֆլիսյան ատյանի (1903), Թիֆլիսի փոխադարձ վարկի ընկերության վարչության անդամ, կայսրուհի Մարիա Ֆյոդորովնայի անվան կույրերի հանդեպ հոգատարության Կովկասյան հոգաբարձության անդամ, «Սանկտ Պետերբուրգի հայկական խմբակի» հիմնադիրներից մեկը։ Թիֆլիսի շտապ բուժօգնության ծառայության հիմնադիրներից մեկը (1909)։ Արվեստի, գրականության, գիտության, լրագրության բազմաթիվ գործիչների մեկենաս։
Պարգևները – ռուսական «Ս․ Աննայի» 2-րդ աստիճանի շքանշան (1896), ֆրանսիական Պատվո Լեգեոնի Սպայի խաչ (1902)։
Հավատամքը – Ազգ և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցի։

Ա. Հ. ՄԱՆԹԱՇՅԱՆՑԻ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀԱՄԱՀԱՎԱՔ ՑԱՆԿ


Այստեղ ընդգրկել ենք գումարների միայն ապացուցված տվյալներ:
Քանի որ գումարները լոկ թվային արտահայտություններ են, հարմար ենք համարել, համեմատության համար, նշել նաև այլ գներ, որոնք վերաբերում են բացառապես Թիֆլիսին

1869 թ. Մանչեստրում հայոց մատուռ կառուցելու համար՝ 40 ֆունտ ստերլինգ /Հովսեփովի հետ/

1870 թ. Մանչեստրի Ս. Երրորդություն հայոց եկեղեցու կառուցման համար՝ 5 ֆունտ ստերլինգ

1878 թ. 50 ռ. վճարելով՝ գնել է Գ. Շերմազանյանի «Անեկդօտներ, զուրաճալի զրուցներ, համառօտ դէպքեր եւ առակներ մեծ մասամբ ազգային կեանքից առած» /Թիֆլիս, 1878 թ./ գրքից 100 օրինակ: 20 օրինակ նվիրել է Կարսի արական վարժարանին, 40 օրինակ՝ Կարնո երկսեռ վարժարաններին, 20 օրինակ՝ Թիֆլիսի Հովնանյան իգական ուսումնարանին
1 ֆունտ /400 գ/ տավարի և ոչխարի բարձրորակ միսը՝ 8 կոպ․,
խոզինը՝ 7 կոպ․

1881-1886 թթ. Թիֆլիսի ռեալական գիմնազիային տարեկան 900 ռ. /ընդհանուր գումարը՝ 5.400 ռ./
Ատրճանակը՝ 4 ռ․

1882 թ.
-ԿՀԲԸ գրասենյակային ծախսերի համար՝ 300 ռ.
-Թիֆլիսի Հայուհյաց բարեգործական ընկերությանը՝ 15 ռ. և 50 ռ.
-Թիֆլիսի Ուսուցչական ժողովին՝ 14 ռ.
-Հավլաբարի Ս. Հռիփսիմյան իգական ուսումնարանին՝ 100 ռ.
Գրպանի ժամացույցի ոսկե շղթան՝ 50 կոպ․

1883 թ. պոլսեցի պատանիների վերադարձի ծախսը հոգալու համար՝ 30 ռ.
Աստվածաշունչը /Կ․ Պոլսի տպագրություն/՝ 1 ռ․ 50 կոպ․

1886 թ. ԿՀԲԸ գրասենյակային ծախսերի համար՝ 230 ռ. 99 կ.
ԿՀԲԸ տարեկան անդամավճարը՝ 5 ռ․

1887 թ.
-Իր, կնոջ և դստեր ԿՀԲԸ մշտական անդամության համար՝ 900 ռ.
-Հրդեհից տուժած Զեյթունի համար՝ 350 ռ.
-Սեմիրեչենսկի մարզի /ներկայիս Ղազախստան/ Վերնի քաղաքի երկրաշարժից տուժածների համար՝ 3000 ռ.
Բժշկի առավոտյան այցը՝ 40 կոպ․, երեկոյանը՝ 60 կոպ․

1888 թ. Բաքվի հայոց մարդասիրական ընկերությանը՝ 1000 ռ.
Ա․ Արասխանյանի արդյունագործական-առևտրական դասընթացների
ունկնդիրների տարեկան վարձավճարը՝ 75 ռ․

1890 թ․ գրողներ, լրագրողներ Արփիար և Տիգրան Արփիարյան եղբայրներին՝ 1000 ռ․
2 զույգ կոշիկն ու կրկնակոշիկը՝ 20 ռ․

1894 թ.
-ԿՀԲԸ պարահանդեսին՝ 350 ռ.
-ԿՀԲԸ-ին՝ 200 ռ.
- Հօգուտ սովեալների /Թիֆլիսի Առևտրային բանկի անունից/՝ 3000 ր․
Dunlop ֆիրմայի հեծանիվը՝ 163 ռ․

1895 թ. Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի՝ Բաքու այցի առթիվ՝ 7000 ռ.
Շաբաթը 26 դասաժամ պարապող ռուսաց լեզվի և ռուսաց պատմության համալսարանավարտ ուսուցչի տարեկան ռոճիկը՝ 1200 ռ․

1896-1899 թթ. Կոմիտաս վարդապետի՝ Գերմանիայում ուսումնառության համար՝ 18.000 ռ.

1896 թ.
-Ս. Էջմիածնի տպարանին՝ 1000 ռ.
-Կ․ Պոլսի հայոց ազգային հաստատություններին՝ 800 թուրքական լիրա
Տղիբուլիի քարածխի բրիկետների 1 փութը /16 կգ/՝ 13 կոպ․

1897 թ.
-Թիֆլիսի 7-ամյա պետական գիմնազիային /տիկին Սերպինիի նախկին 3-րդ իգական գիմնազիա/՝ 10.000 ռ.
-ԿՀԲԸ-ին հայ գաղթականների համար՝ 200 ռ.
- Թիֆլիսի Առևտրային բանկի հիմնադրման 25-ամյակի առթիվ՝ դրամատան ծառայողների գանձարանին՝ 4000 ռ․, հօգուտ հայ գաղթականների՝ 5000 ռ․, ԿՀԲԸ-ին՝ 2000 ռ․, «Յապի» ընկերությանը՝ 1000 ռ․, Կույրերի հոգաբարձությանը՝ 1000 ռ․, գիշերային ապաստարանին՝ 500 ռ․, Ալեքսանդրյան մանկական ապաստարանին՝ 500 ռ․, Թիֆլիսի քաղաքային դպրոցների օժանդակիչ ընկերությանը՝ 500 ռ․, Ջրհեղձներին փրկելու ընկերության Թիֆլիսի մասնաճյուղին՝ 500 ռ․, Սոլոլակի ձրի ճաշարանին՝ 500 ռ․, Նադեժդինսկի ապաստարանին՝ 500 ռ․, Անչափահաս հանցագործների ուղղիչ ընկերությանը՝ 500 ռուբլի։ Ընդամենը 12․000 ռուբլի։
1 ֆունտ /400 գ/ բարձր որակի հացը՝ 4 կոպ․

1898 թ.
-Անդիժանում զոհված ռուս զինվորների ընտանիքներին և գերեզմանոցում ռուսական եկեղեցի կառուցելու համար՝ 1000 ռ.
-‘’Братская помощь пострадавшим в Турции армянам’’ գրքի հրատարակման համար՝ 1000 ռ.
Դեղձի, ծիրանի, սպիտակ կեռասի
պահածոների 4,5-ֆունտանոց արկղիկը՝ 1 ռ․ 20 կոպ․

1899 թ.
-նորաստեղծ «Ա. Ի. Մանթաշև և ընկ.» ֆիրմայի վարչության 5 անդամներին և փոխանդամներին՝ 10.000 ռ. արժողությամբ 400 բաժնետոմս
-Պ. Պռոշյանի գրական գործունեության 40-ամյակի կապակցությամբ՝ 300 ռ.
-Կույրերին խնամող ընկերության Թիֆլիսի բաժանմունքի երեխաների հատուկ դպրոցի հիմնարկեքի համար՝ 2000 ռ.
-Ավճալայի անչափահաս հանցագործների արհեստանոցների ու կացարանների կառուցման և պահպանման համար՝ 40.000 ռ.
-Մցխեթի վրաց տաճարի վերանորոգման համար՝ 1000 ռ.
-Պետերբուրգի Ազնվականական ժողովում կայացած վրացական մշակույթի երեկոյի ժամանակ՝ հօգուտ վրացի ուսանողների՝ 100 ռ.
-Պետերբուրգի չքավոր հայ ուսանողներին՝ 100 ռ.
Նահանգական դատարանի դատավորի
տարեկան ռոճիկը՝ 2000-2650 ռ․

1900 թ.
-Երկրաշարժից տուժած Ախալքալաքին՝ 50․000 ռ․
-Թիֆլիսի Վանքի ավագ եկեղեցու նորոգման համար՝ 24.000 ռ.
-Թիֆլիսում Առևտրային դպրոց հիմնելու համար՝ 50.000 ռ.
-Թիֆլիսի Ժողովրդական տան կառուցման համար՝ 500 ռ.
-Ռուսաստանի կայսերական աշխարհագրական ընկերությանը՝ 1500 ռ.
1 որբ պահելու տարեկան ծախսը՝ 50 ռ․

1901 թ.
-Ալեքսանդրապոլում արհեստագործական դպրոց հիմնելու համար՝ 40.000 ռ.
1 ֆունտ շաքարավազը՝ 13 կոպ․, կարագը՝ 31 կոպ․,
հունական ձիթապտուղը՝ 20 կոպ․, կուբայական սուրճը՝ 60 կոպ․

1902 թ.
-Շամախիի երկրաշարժից տուժածներին՝ 3000 ռ.
-ԿՀԲԸ պարահանդեսին՝ 20 ռ.
-Թիֆլիսի Հայուհյաց բարեգործական ընկերության պարահանդեսին՝ 50 ռ.
-Ֆրանսիական Մարտինիկ կղզու հրաբխի ժայթքման հետևանքների վերացման համար՝ 30․000 ֆրանկ
-բանաստեղծ Ա․ Նավարյանին իր Les Sultanades վերնագրով գիրքը հրատարակելու համար՝ 800 ֆրանկ
-Փարիզի Ս․ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու և առաջնորդարանի շենքի կառուցման համար՝ 1 մլն 100 հազ․ ֆրանկ
Կախեթական գինու 1 շիշը՝ 30 կոպ․, 1 դույլը՝ 4 ռ․

1903 թ․ Շուլավերի անվճար բուժօգնություն տրամադրող մասնավոր բուժարանին՝ 300 ռ․
Սանկտ-Պետերբուրգի «Գրամոֆոն ընկ․» գրամոֆոնները՝ 30-150 ռ․

1904 թ. Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերությանը՝ 1000 ռ.
Ավ․ Ահարոնյանի «Արազը» 358-էջանոց պատմվածքների ժողովածուն՝ 80 կոպ․

1904-1906 թթ.
-ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ ռուսական նավատորմի համար՝ 15․000 ռ․
-Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերությանը՝ 15.000 ռ.
Կուբայական 100 սիգարները՝ 8-30 ռ․


1907 թ.
-Կոմիտաս վարդապետի համար «Շրեդեր» ֆիրմայի դաշնամուր՝ 800 ռ.
-Թիֆլիսի առևտրային դպրոցին՝ 10.000 ռ.
-Բաքվի հայոց կուլտուրական միության ‘’Баку’’ թերթի հրատարակության համար՝ 500 ռ. /ֆիրմայի անունից/
-Շուշվա թեմական դպրոցին՝ 500 ռ․/ֆիրմայի անունից/
«Արկադիա» ռեստորանը՝ իր ամբողջ գույքով, վաճառվում էր 500 ռուբլով

1908-1910 թթ.
-Ս․ Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման համար՝ 40 հազ․ ռ․
-Թիֆլիսի Ներսիսյան հոգևոր դպրանոցի նոր շենքի կառուցման համար՝ 250 հազ․ ռ․
-ԿՀԲԸ-ին՝ 20.000 ռ.
-Բաքվի հայոց կուլտուրական միությանը՝ 15.000 ռ.
-Թուրքահայ գաղթականներին հայրենիք վերադարձնելու համար՝ 300 ռ․ /ֆիրմայի անունից/
-Հայաստանի սովյալներին ի նպաստ՝ 975 ղուրուշ /ֆիրմայի անունից/
Մանթաշյանց Առևտրական դպրոցի ուսման տարեկան վարձավճարը՝ 30 ռ․

1909 թ.
-Ս․ Էջմիածնի կաթողիկոսական վեհարանի կառուցման համար՝ 250 հազ․ ռ․
-Թիֆլիսում շտապ բուժօգնության ծառայություն հիմնելու համար՝ 1000 ռ.
-Թիֆլիսի արհեստավորների վարչությանը՝ 1000 ռ.
-Թիֆլիսի համքարների ավագ Կ. Սերոբյանին՝ 200 ռ.
-Թիֆլիսի Հայուհյաց բարեգործական ընկերությանը՝ 100 ռ.
-Երկրաշարժից տուժած իտալական Մեսինայի երաժշտական դպրոցի վերակառուցման համար՝ 50 հազ․ ռ․
«Կավկազ» հյուրանոցի համարի օրավարձը՝ 50 կոպ․

1910 թ.
-հօգուտ ձրի և էժանագին աշակերտական ճաշարանի, ի հիշատակ հանգուցեալ ճարտարագետ Ա. Բերեժանովի՝ 50 ռ. /ֆիրմայի անունից/
-Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերությանը՝ 12.000 ռ.
-Թիֆլիսի Նորաշենի Ս. Աստվածածին հայոց եկեղեցուն՝ 5000 ռ.
-Կարմիր խաչի Նադեժդինյան գթության քույրերին՝ 500 ռ.
-Թիֆլիսի ձրի և էժանագին ճաշարանների ու թեյատների ընկերությանը՝ 2000 ռ.
-Թիֆլիսի Մանթաշյան առևտրային դպրոցի կառուցման համար՝ 50.000 ռ.
-վրաց բեմի դերասան Մեսխիի հոբելյանական հանդեսին՝ 500 ռ.
-Թիֆլիսի Հայոց Առաջնորդարանում զետեղելու նպատակով հայոց կաթողիկոսների և թեմի առաջնորդների պատկերների պատրաստման համար՝ 500 ռ․
Թիֆլիսի քաղաքագլուխ Ալ․ Խատիսյանի տարեկան ռոճիկն էր 7000 ռ․


1911 թ.
-Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերությանը՝ 6000 ռ.
-Կտակով բարեգործությանը հատկացրել է 200 հազ․ ռ․

Կնոջ շրջազգեստը՝ 2 ռ․

Համարժեքներ
1704-1897 թթ․ Ռուսական կայսրությունում դրամաշրջանառությունը կատարվել է արծաթե ռուբլով․ 10 ռ․= 7,7 գ ոսկու, 15 ռ․= 11,6 գ ոսկու։
1897-1899 թվականներից արծաթե ռուբլուն փոխարինել է ոսկե ռուբլին․ 1 ոսկե ռուբլին = 0, 77 գ ոսկու, 1 ֆունտ ստերլինգը = 7, 3 գ ոսկու, 1 ֆրանսիական ֆրանկը = 0, 29 գ ոսկու։
Ներկայումս 1 ունցիան = 31, 1 գ ոսկու = 133, 208 ռուբլու։

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 47572

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ