38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Էն տարիներին ընտանեկան ալբոմը հեռախոսի մեջ չէր տեղավորվում

Էն տարիներին ընտանեկան ալբոմը հեռախոսի մեջ չէր տեղավորվում
19.07.2024 | 11:10

Մենք էլ ընտանեկան ալբոմ ունեինք։ Երևի բոլորն էլ ունեին։ Էն տարիներին ընտանեկան ալբոմը հեռախոսի մեջ չէր տեղավորվում։ Դա մեծ, հաստ թերթերով գիրք էր։ Թերթերի վրա կիսաշրջանաձև անցքեր կային, որոնց մեջ մտցնում էիր նկարի ծայրերը, ու նկարը կպնում էր էջին։ Ալբոմի թերթերը միշտ քիչ էին՝ չէին հերիքում։ Ընտանիքներ կային, որ մի քանի ալբոմ ունեին, բայց էլի չէր հերիքում բոլոր նկարների համար, ու շատ նկարներ դուրս էին մնում։ Դրա համար՝ ամենակարևորներն էին փակցնում ալբոմի մեջ։

Ես մեկ-մեկ բացում, նայում էի մեր ընտանեկան ալբոմը։ Դա գիրք կարդալու նման մի բան էր։ Առաջին երկու էջերին դեղին, խունացած նկարներ էին՝ տատս՝ քսան տարեկան, երիտասարդ պապս՝ դարասկզբի հագուստով։ Ես նրանց չէի տեսել։ Նրանց ժամանակը հեռու ու անիրական էր թվում ինձ, կարծես հունական դիցաբանության էջերից պոկված նկարներ լինեին։ Էդ տարիներին մեքենա էլ չկար, մարդիկ ձիերով ու էշերով էին երթևեկում ու լրիվ ուրիշ կյանքով էին ապրում։ Երևանն էլ փոքր քաղաք էր, երևի բոլորն իրար ճանաչում էին։

Հետո մամայի նկարն էր՝ մի տարեկան հասակում՝ մեծ, զարմացած աչիկներով, երկար սպիտակ շորով՝ էլի հրեշտակների ժամանակներից եկած։ Հետո արդեն նրա երիտասարդ տարիների նկարն էր՝ ընկերուհիների հետ՝ սիրուն մոդայիկ շորերով, ձևավոր գլխարկներով։ Էդ տարիների նկարները շատ հետաքրքիր էին։ Նկարվելն էսօրվա նման հեշտ չէր, ու նկարվելուն նախապատրաստվում էին։ Ամեն մի նկար իր սցենարն ուներ, իր պատմությունն ու նախապատմությունը։ Իսկ դեմքերը... Դեմքերը լույս էին տալիս, ասես նկարի հետևում լույս վառած լինեին։

Իսկ հետո ես էի գալիս՝ երկու-երեք ամսականում։ Էդ ժամանակն էլ էր իմ ժամանակից կտրված, որովհետև ես էդ տարիքում ինձ չէի հիշում, ու կարծես նկարով ծանոթանում էի ինքս իմ հետ՝ էս ես եմ, ա՛յ սենց եմ եղել էն ժամանակ, երբ դեռ չգիտեի, որ ես ես եմ։ Հետո՝ քույրերս՝ էլի փոքր տարիքում, բոլորիս նկարը՝ միասին, մաման՝ ավելի մեծ տարիքում, քեռին, մորաքույրը։ Հետո նորից գալիս էր իմ նկարը՝ ավելի մեծացած։ Ես արդեն հիշում էի էդ տարիները, հիշում էի, թե ոնց եմ նկարվել, ինչ եմ արել դրանից առաջ ու հետո։ Ալբոմը մտնում էր իմ ժամանակի մեջ, ու արդեն ամեն նկար ծանոթ պատմություն ուներ, ու ամեն նկար նայելիս ես կարծես վերընթերցում էի էդ պատմությունը։

Իսկ առանձին տուփի մեջ էն նկարներն էին, որոնց համար տեղ չէր գտնվել ալբոմում՝ իմ նկարներն էին՝ տանը, պիոներական ճամբարում, մամայի ու քույրերիս նկարներն էին, հեռու ու մոտիկ ազգականների, որոնց մի մասին ես չէի ճանաչում, իմ մանկապարտեզի ու դպրոցական խմբակային նկարներն էին, որ չէին տեղավորվում ալբոմի էջի վրա։ Հետո, մեկ էլ՝ մի բացիկ էի գտնում՝ սիրուն ծաղիկներ, իսկ հակառակ կողմում՝ իմ երրորդ դասարանի ձեռագրով գրված քառատող, որով մամայի մարտի ութն էի շնորհավորել։ Էլի մեծ ու փոքր լուսանկարներ էին գալիս, ու մեկ էլ՝ ռազմաճակատից իմ քեռի Աշոտի ուղարկած բացիկները։ Դրանք քառասնական թվերի բացիկներ էին՝ քաղաքային տեսարաններով, իսկ հակառակ կողմում՝ մարգարտյա ուլունքի նման սիրուն ձեռագրով գրված տողեր։ Դրանք իմ քեռի Աշոտից մնացած միակ մասունքներն էին։ Մենք անգամ նրա լուսանկարը չունեինք։ Ես միշտ երկար նայում էի նրա ձեռագրին։ Ինձ անհնար էր թվում, որ մարդկային ձեռքը կարող ա էդքան սիրուն տառեր նկարել՝ էդքան հավասար ու ներդաշնակ, ասես ասեղնագործած կտավ լիներ։ Ես էդ ձեռագրով պատկերացնում էի իմ քեռի Աշոտին՝ նրա հեռու, անհասանելի, լուսավոր կերպարը։

Նկարների խրձի մեջ էին նաև դերասանների նկարները։ Էն հեռավոր տարիներին տենց հոբի ա եղել՝ դերասանների լուսանկարներ հավաքել։ Գրետա Գարբոյի նկարը կար, Մառլեն Դիտրիխի, Ժան Գաբենի։ Ես շատ էի սիրում Կախարդուհու նկարը՝ Մարինա Վլադին՝ ուսերին թափված երկար, սպիտակ մազերով մի աննկարագրելի գեղեցկուհի։ Դրանք կադրեր էին «Կախարդուհին» ֆիլմից։

Էն տարիներին սովորություն կար՝ հյուրերին ցույց տալ ընտանեկան ալբոմը։ Դա հյուրին զբաղացնելու նման մի բան էր։ Բայց չեմ հիշում, որ մենք երբևէ մեր ալբոմն ինչ-որ հյուրի ցույց տված լինենք։ Մի տեսակ, մտքներովս չի անցել։ Պատահել ա, որ ինչ-որ բարեկամի ցույց ենք տվել իր նկարը ալբոմի մեջ, բայց ընտանեկան ալբոմը, մի տեսակ, ընտանեկան գաղտնիքի մաս էր կազմում։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 13225

Մեկնաբանություններ