38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Հնարավոր չէ ունենալ բացառապես պրոհայկական դիրքորոշում ու միաժամանակ հարաբերություններ զարգացնել Ադրբեջանի հետ»

«Հնարավոր չէ ունենալ բացառապես պրոհայկական դիրքորոշում ու միաժամանակ հարաբերություններ զարգացնել Ադրբեջանի հետ»
01.05.2009 | 00:00

«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՇԱՀՆ ԱՅՆ Է, ՈՐ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԲԱՐԵԼԱՎՎԻ»
«Կովկաս-2008» միջազգային կոնֆերանսին մասնակցելու համար Երևանում էր ռուսաստանյան ճանաչված քաղաքական փորձագետ և վերլուծաբան, «Մեծ խաղ Կենտրոնական Ասիայում. քաղաքականություն, բիզնես, անվտանգություն» ամսագրի հրատարակիչ ԻՎԱՆ ՍԱՖՐԱՆՉՈՒԿԸ։ Նա չհրաժարվեց տարածաշրջանային զարգացումների և հայ-ռուսական հարաբերություններին առնչվող որոշ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ տալուց։
-Պարոն Սաֆրանչուկ, կոնֆերանսի ժամանակ Ձեր ելույթում նշեցիք, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը վերջին շրջանում դարձել է ավելի պրագմատիկ, նույնիսկ կոմերցիոն բնույթի։ Հայ-ռուսական հարաբերություններում դա ինչո՞վ է արտահայտվում, արդյո՞ք Ռուսաստանը Վլադիմիր Պուտինի օրոք ավելի ոչ պրագմատիկ քաղաքականություն ուներ Հայաստանի նկատմամբ։
-Նախկինում Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ գերակայում էին աշխարհաքաղաքական, տարածաշրջանում ազդեցության պահպանման հիմնահարցերը։ Իսկ Հայաստանն այդ ցուցանիշով ավելի մոտիկ երկիր է։ Հիմա ավելի շատ տնտեսական խնդիրներն են առաջնային, որոնք չպետք է անպայման կապված լինեն Հայաստանի հետ և կարող են առնչվել, ասենք, Ադրբեջանին։ Հետևապես, հնարավոր չէ ունենալ բացառապես պրոհայկական դիրքորոշում ու միաժամանակ հարաբերություններ զարգացնել Ադրբեջանի հետ։ Անհրաժեշտ է գտնել ինչ-որ «բալանս», հավասարակշռություն։ Ես այսպես կբնութագրեի, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ զուտ աշխարհաքաղաքական հարցերի նշանակությունը մի փոքր նվազում է արձանագրում, իսկ տնտեսական խնդիրների նշանակությունն աճում է։
-Դրանից կարո՞ղ ենք հետևություն անել, որ Մեդվեդևի քաղաքականությունն ավելի պրագմատիկ է, քան Պուտինի քաղաքական կուրսը։
-Ես կասեի, որ այն Պուտինի պրագմատիկ կուրսի շարունակությունն է։ Բայց մի քանի տարի առաջ Ադրբեջանից գազ ձեռք բերելու հեռանկար չկար, այժմ կա։ Իհարկե, ոչ այն պատճառով, Մեդվեդևը փոխարինեց Պուտինին։ Եթե այն ժամանակ դրա հնարավորությունը լիներ, Պուտինն էլ այն կօգտագործեր։ Ինչը, ի դեպ, անում է հիմա, որպես կառավարության ղեկավար, որովհետև կառավարությունը ևս ընդգրկված է ռուս-ադրբեջանական հարաբերություններում։
-Այդ դեպքում ինչո՞ւ այդպիսի պրագմատիզմ Ռուսաստանը չցուցաբերեց Վրաստանի պարագայում։
-Համամիտ չեմ, թե նման փորձ չի եղել։ Ռուսական բիզնեսի ներդրումները Վրաստանում բավական լուրջ ծավալներ ունեն։ Թեկուզև դրանք ոչ միշտ են ձևակերպված իբրև ռուսական ներդրումներ։ Շատ անգամ այդ ներդրումներն իրականացվում են այլ երկրների, օֆշորային գոտիների միջոցով, բայց, այնուհանդերձ, դրանք ռուսական գործարարների փողերն են։ Վերջին տարիներին ռուսական բիզնեսի ներդրումները Վրաստանում բավական ակտիվ են եղել, բայց ստացվեց այնպես, որ տնտեսական ներկայությունը չվերաճեց քաղաքական ազդեցության։ Թեպետ այդ գաղափարը կար, որ տնտեսական դաշտում Ռուսաստանի դերի մեծացումը կազդի նաև քաղաքական հարաբերությունների վրա, սակայն պետք է խոստովանենք, որ այդ գաղափարը չաշխատեց Վրաստանում։
-Ինչո՞ւ։
-Կդժվարանամ լիարժեք պատասխան տալ այդ հարցին։ Կարծում եմ, առաջին հերթին այն պատճառով, որ Սաակաշվիլին առաջնային նշանակության և բարձր մակարդակում լուծվող հարցեր առաջադրեց, հատկապես Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդիրը։ Բնականաբար, Ռուսաստանը չէր կարող համախմբել իր գործարարներին ու պարտադրել նրանց, որ նրանք Վրաստանի ներսում աշխատեին այդ գործընթացի դեմ։ Այդպիսի մեծ քաղաքական նշանակություն ունեցող հարցերը նման ձևերով չեն լուծվում։ Ավելի նվազ կարևորություն ունեցող խնդիրներում միգուցե հնարավոր է այդ միջոցով հասնել արդյունքի, բայց ոչ այդպիսի գլոբալ ռազմավարական նշանակություն ունեցող հարցում։ Այդ պատճառով էլ Ռուսաստանը Վրաստանի նկատմամբ կիրառեց այլ պրագմատիկ քայլեր` տնտեսական սանկցիաների կիրառման ձևով և այլն։
-Ինչպե՞ս են ռուսական կառավարող ու փորձագիտական շրջանակներում գնահատում հայ-թուրքական հարաբերությունների ներկա գործընթացը։ Մոսկվան «ֆուտբոլային դիվանագիտության» նախաձեռնողն էր, հիմա պարզվում է, որ ամերիկացիները խլեցին նախաձեռնությունն այդ դաշտում։
-Ամեն ինչ հրաշալի է։ Որքան ես եմ հասկանում, Ռուսաստանի շահն այն է, որ իրադրությունը Հայաստանի շուրջ բարելավվի, Հայաստանն իրեն ավելի ապահով, անվտանգ զգա։ Այդ քաղաքականության գործնական իրականացումն իր մեջ պարունակում է բազմաթիվ ռիսկեր։ Այս գործընթացը բոլորովին էլ միանշանակ չէ, այս պահին դժվար է ասել, թե ամեն ինչ հետագայում ինչպես շուռ կգա, մասնավորապես, նկատի ունենալով Հայաստանում իշխող հասարակական կարծիքը։ Այդ պատճառով էլ, եթե կա ևս մեկ ուժ, պետություն, որ պատրաստ է աշխատելու այս ոչ միանշանակ իրավիճակում ու պատասխանատվություն վերցնելու իր վրա քաղաքական և բարոյական առումով, ապա դա միայն ողջունելի է։ Կլինի դա Թուրքիան, ԱՄՆ-ը, խնդիր չկա։
-Սակայն հայ-թուրքական հարաբերությունների այս ողջ գործընթացը համադրվո՞ւմ է Ռուսաստանի մոտեցումների հետ, մշտական խորհրդատվություններ կա՞ն հայկական և ռուսական գերատեսչությունների միջև։
-Ես կարծում եմ, որ Ռուսաստանը տեղյակ է, թե ինչ է կատարվում հայ-թուրքական հարաբերություններում, և զբաղեցնում է չեզոք դիրք։ Որովհետև այլ դիրքորոշում ցուցաբերելու ոչ պահանջարկ, ոչ էլ ցանկություն չկա։ Ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ Հայաստանի կողմից չկա պահանջարկ, որպեսզի Ռուսաստանն այլ դիրք գրավի։
-Չե՞ք կարծում, որ վրաց-ռուսական հարաբերությունների վատթարացումը նաև նպաստեց, որ Հայաստանը սկսեց վարել ավելի բազմավեկտոր քաղաքականություն։
-Այո, չեմ բացառում, որ այդ հանգամանքը իր ազդեցությունն ունեցել է։ Ես կարծում եմ, որ Մոսկվայում թերագնահատում են կովկասյան համերաշխության դրսևորումները տարածաշրջանում։ Ասենք` Ռուսաստանը Վրաստանի դեմ տնտեսական սանկցիաներ էր կիրառում, բայց, միևնույն ժամանակ, մենք ականատես էինք, թե ինչպես էր Քոչարյանը հանդիպում Սաակաշվիլու հետ, միասին դահուկ էին քշում, եթե չեմ սխալվում։ Ռուսաստանում շատերի համար դա տարօրինակ էր, որ դաշնակից պետության ղեկավարը նման պահվածք է դրսևորում։ Բայց, միաժամանակ, կա այդ տհաճ իրականության գիտակցումը։ Այո, ինչ-որ տեղ կարելի է այդպես համարել, որ ռուս-վրացական հարաբերություններում առաջացած խնդիրները ստիպեցին Հայաստանին, այսպես ասած, ավելի դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն վարել։
-Մյուս կողմից, կան ոչ անհիմն կարծիքներ, թե Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում բավականին թուլացել են։
-Ես այդ կարծիքին չեմ։ Մի տեղ նվազում է, մի տեղ` ավելանում։
-Սակայն Վրաստանում ռուսական ներկայությունը ռազմաքաղաքական առումով առավելագույնս սահմանափակված է։ Վրաստանի տարածքով անհնարին է ռազմական տրանզիտի իրականացումը Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի կենսագործունեությունն ապահովելու համար։
-Եվ ի՞նչ, բազան պահելու համար Ռուսաստանը պետք է զիջե՞ր Վրաստանին։
-Ո՛չ, բայց Հայաստանի գործոնը, հայ-ռուսական հարաբերությունների անհրաժեշտությունը նկատի ունենալով` վարեր ավելի հավասարակշռված, ոչ ծայրահեղ հակադրության քաղաքականություն։
-Գիտե՞ք ինչ, Վրաստանի հետ հարաբերություններում իրադրությունը «սև-սպիտակ» դարձավ ամենից առաջ այն պատճառով, որ վերջին երկու տարիներին Վրաստանին ՆԱՏՕ-ի կազմ ընդգրկելու ուղղությամբ ճնշումը շարունակաբար աճում էր։ Բուշի վարչակազմն ակնհայտորեն ուներ այդպիսի ձգտում, և այդ պատճառով Ռուսաստանը չէր կարող իրեն թուլացած պահել նման իրավիճակում։ Որովհետև, եթե մենք թուլանայինք և թույլ տայինք, երկու տարվա ընթացքում այդ խնդիրը հանրապետականների վարչակազմը կլուծեր` սկզբում անհատական գործողությունների ծրագիր տրամադրելով Վրաստանին և ՈՒկրաինային, իսկ այնուհետև նրանց ՆԱՏՕ-ի կազմ ընդգրկելու որոշում ընդունելով։ Այդ վտանգը միանգամայն իրական էր։
-Բայց վստա՞հ եք, որ նույն քաղաքականությունը չի շարունակելու Բարաք Օբամայի վարչակազմը։ Հատկապես Վրաստանի մասով դա կարևոր է, որովհետև Հայաստան-Ռուսաստան կոմունիկացիոն կապի ապահովման խնդիրը կա։
-Այն գործիչները` կոնգրեսմեններ, տարբեր պաշտոնյաներ, որ անցյալ տարվա դեկտեմբերից սկսած, որպես Օբամայի վարչակազմի ներկայացուցիչներ, այցելում են Մոսկվա, ասում են մոտավորապես հետևյալը. ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն չեն հրաժարվելու բաց դռների քաղաքականությունից։ Այսինքն, ոչ ոք պարտավորություն չի վերցնում թե ՈՒկրաինան և Վրաստանն ընդհանրապես չեն դառնալու ՆԱՏՕ-ի անդամ։ Բայց հստակ ասվում է, որ դա երկարատև գործընթաց է, կտևի գուցե տասը տարի։ Իսկ տասը տարի անց ի՞նչ կլինի, ո՞վ գիտե։ Գուցեև Ռուսաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ, գուցե ՆԱՏՕ-ն այլևս չլինի։ Ամեն դեպքում, կա հստակ ազդակ ԱՄՆ-ի նոր վարչակազմի կողմից, որ դեմոկրատները չեն փորձելու այդ խնդիրն ամեն գնով լուծել։
Մինչդեռ Բուշի վարչակազմը ճիշտ հակառակ ցանկությունն ուներ, և հենց դա ստեղծեց հայտնի իրավիճակը։ Բուխարեստի գագաթաժողովից առաջ ձևավորվել էր պաշտոնապես չարտահայտված, բայց համաձայնեցված մոտեցում, որ Վրաստանի և ՈՒկրաինայի անդամակցության հարցը չի քննարկվելու այդ գագաթաժողովում։ Եվ հանկարծ 2008-ի հունվարի վերջից Բուշը և Քոնդոլիզա Ռայսն ակտիվ քարոզարշավ սկսեցին այդ ուղղությամբ, որպեսզի հարցն անպայման դրվի քննարկման։ Օբամայի վարչակազմից կա հավաստիացում, որ նման բան այլևս չի լինելու։ Որքան հասկանում եմ, դա Ռուսաստանում դրական է գնահատվում, թուլացնում է լարվածությունը։
-Ամեն դեպքում, Ռուսաստանն ու Վրաստանը հարևաններ են։ Այս պայմաններում ինչպե՞ս եք պատկերացնում ռուս-վրացական հարաբերությունների հանգուցալուծումը։
-Ռուսաստանում հուսով էին, որ Սաակաշվիլին կհեռացվի իշխանությունից, և դա դիտարկվում էր որպես բնական հանգուցալուծում։ Եթե դա տեղի չունենա, ապա ես չգիտեմ, թե ինչպիսին է լինելու այդ հանգուցալուծումը։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2583

Մեկնաբանություններ