38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Որքան ավելի տաղանդավոր է գրող-վաճառականը, այնքան ավելի վտանգավոր է»

«Որքան ավելի տաղանդավոր է գրող-վաճառականը, այնքան ավելի վտանգավոր է»
02.06.2009 | 00:00

«ՆՐԱ ՑԱՎԸ ՄԻՇՏ ԶԳԱՑԵԼ ԵՄ ԶԻՆՎՈՐԻ ԲԱՑԱԿԱ ՈՏՔԻ ՊԵՍ»
«Ճշմարիտ գրողը ժողովրդի ձայնալարն է, նրա խոսափողը, նրա ենթագիտակցության ու գիտակցության, տառապանքի ու երազի խտացումը»,- ասում է ամերիկաբնակ գրող, բժիշկ-հոգեբան ՍՈՆԱ ՎԱՆԸ: Նրա համար հայրենիքը մշտական տոն է, ընթացք, կենդանություն և երբեք չի կապակցվում ողբերգական տարածքի հետ: Թեև հիշեցնում է, որ կամքին հակառակ է հայտնվել օտար ափերում ու պիտի հակված լիներ բողոքի, կարոտի շեշտադրության, բայց, պարզվում է, հայրենիքն աննկատ լուծվել է նրա արյան մեջ ու նրա հետ էլ արտագաղթել… մասամբ: Իրեն համարում է փոքրիկ Հայաստան օտար հողի վրա:
-Հայաստանյան իրականությունն ինչպե՞ս կբնորոշեք հեռվից նայողի աչքով` որպես հոգեբան և որպես գրող:
-Հայրենիքին հեռվից նայողի հայացքը ենթադրելու համար ժամանակ ու երևակայության լարում է պետք: Ես այդպես երբեք չեմ նայել: Նրա ցավը միշտ զգացել եմ զինվորի բացակա ոտքի պես: Իրակա՛ն: Նրա թերությունների մասին մտածելիս առաջին ցանկությունս դրանցից ամեն կերպ ազատվելն է, ինչպես սեփական երեխայիդ դեպքում, կամ քողարկելը, որ ուրիշները չնկատեն… մինչև ճարը գտնես: Որպես հոգեբան` ինձ տխրեցնում է մայր թերությունը, որով պայմանավորված են համարյա բոլոր մյուսները: Իմիջիայլոցությունը: Մոտավորապեսությունը` որպես լինելաձև, համարյա ամեն հարցում: Վերաբերմունքի պակասը: Սեփական պատասխանատվության պակասը: Ինձ հիացնում է նոր սերունդը: Վերջերս մի շարք հանդիպումներ ունեցա համալսարանականների հետ և վստահ եմ, որ ամեն բան փոխվելու է: Նրանց մեջ ավելի շատ իդեալիզմ եմ նկատում, քան իմ սերնդի: Ինչ-որ բան փոխվելու վրա է աշխարհի մասշտաբով: Ինչ-որ բան հասնում է կրիտիկական կետին, որից հետո դրվում է լինել-չլինելու հավերժական հարցը` նոր ձևով: Նայելով նոր սերնդին` կարծում եմ, որ լինելո՛ւ ենք:
-Եթե մեծ տերություններն են որոշում «իրավիճակը» աշխարհում, ուրեմն, Եղեռնի ճանաչման համար «աշխարհի դռները թակելն իզո՞ւր է»: Հետ նայելով` հաճախ ենք ասում` այս կամ այն կետում սխալվել ենք: Ըստ Ձեզ` ո՞րն է մեր սխալն այսօր:
-Ընդհանրապես, «աշխարհի դռները թակողի» կարգավիճակն այս պարագայում ինձ, նախ, ցավ է պատճառում, ու եթե պիտի թակեի անպայման, ապա կուզեի լոկ ասել` հա՛յ եմ, ապտակել ու հեռանալ: Այլապես թվում է, թե ասում եմ դուռը բացող օտարականին` լսի՛ր ինձ, խնդրում եմ, և ընդունիր, հավատա, որ ինձ, մորս, տատիկիս անցյալում մորթել են, բռնաբարել, ջուրը նետել… Ինչ անամոթ է, չէ՞, աշխարհը, որ ստիպում է ապացուցել այնպիսի բան, որը պիտի ջանայիր պահել, ցույց չտալ պրոթեզդ, վերքդ: Իսկ ես կնախընտրեի սգալ լռության մեջ զոհերի համար ու այն ավազի, որ վաղո՜ւց հանճարեղ է… ակամայից: ՈՒ թքա՜ծ, թե ինչ են մտածում մեծ ու փոքր տերությունները: Ի՞նչ բառ կօգտագործեն կամ չեն օգտագործի: Թող չթվա, թե թերագնահատում եմ Հայ դատը: Փա՜ռք նրա զինվորներին բոլոր, որովհետև իրականում նրանց շնորհիվ է, որ մեծ ու փոքր տերությունները առանց բացառության իրենց հոգու խորքում արդեն գիտեն ճշմարիտ պատմությունը, և մնում է միայն հարցի օրինականացումը, որը ժամանակի խնդիր է լոկ ու քաղաքական շահերի: Հարց, որի բարոյական ու օրինական ճշմարիտ լուծումն այսօր ավելի շատ աշխարհին է անհրաժեշտ, քան մեզ: Երազում եմ այդ օրվա մասին միայն մեկ պատճառով, որ այսուհետ կարողանամ սգալ ինքս իմ մեջ: Առանց մեկ ուրիշին ինչ-որ բան ապացուցելու։ Առանց ավելորդ դրամատիկության: Այնպես, ինչպես հարազատի համար են սգում հյուրերի հեռանալուց հետո:
-Ե՞րբ է ծնվում տողը: Ո՞րն է պոետի ամենակարևոր զգացողությունը:
-Երևի խզումը: Խզումը պարտադրված, անկենդան թվացող իրականության և ենթադրելի մի այլ իրականության միջև, որն առավել մեծ կենսականություն է խոստանում… այդ պահին: Այդ ժամանակ եմ միայն առանց ալարելու, օդ որոնողի պես, համարյա ապրելու բնազդով հայտնվում ստեղծագործության պայմանական տարածքում` որպես իրական ճակատագիր ունեցող մարդ, որը ձոներ է փնտրում: Երբեմն` կույրի պես: Շոշափելո՛վ:
-Եվ հաճա՞խ է հաջողվում Ձեզ գտնել ճիշտ դուռը:
-Դա ի՛մ հարցը պիտի լիներ:
-Խոսենք աշխարհի համար առավել ընդհանուր հոգսերից: Այսօրվա ֆինանսական ճգնաժամից: Պոետի տեսանկյունից ինչ-որ բան պատգամո՞ւմ է այս ճգնաժամը:
-Իհարկե: Պատգամը հստակ է: Ճգնաժամը սկսվում է նախ` մարդու սրտի, հոգու ու գիտակցության մեջ և ապա տարածվում դուրս, դեպի շոշափելի ու ֆինանսական աշխարհ, մի ավելորդ անգամ հաստատելով հոգուց դուրս` զուտ շահի ոլորտում գործող բոլոր հարաբերությունների անհուսալիությունը:
-Ի՞նչ անելիք ունի այստեղ գրողը:
-Բառը վերադարձնել իր նախնական ոլորտը, որտեղ այն ամենաազնիվն է ու ամենամիանշանակը: Դա պոետական տարածքն է, որից հեռացած բառը ևս հայտնվեց շահի տարածքում` քաղաքագետի շուրթերի վրա, նախապես դատապարտված խոստումների մեջ, գովազդային հոլովակներում, որոնք շահադիտաբար արժեզրկեցին ոչ միայն բառը, այլև բառի հետ եկող այն զգացումը, որը պիտի տաներ իրականությունից վեր մի այլ, առավել մաքուր տարածք: Երջանկության, առնականության երազի չափանիշը դարձավ տվյալ մակնիշի մեքենան, և ջահել տղան շոյում է մերսեդեսն ավելի մեծ քնքշությամբ, քան երբևէ կշոյի որևէ կնոջ։ ՈՒ պատահական չէ, որ երջանկության իրական տարածքին անտեղյակ այս նույն մարդը մեքենան վարում է իր ես-ի և առնականության շարունակության պես, այլ ոչ որպես պարզ փոխադրամիջոց: Ամեն բան հանուն կարճատև ցնցումի, հանուն վաճառվող ապրանքն առավել ցանկալի դարձնելու, ընդհուպ մինչև երջանկության, արականության, ասպետականության զգացողությունների կորուստը, մեր իսկ զավակների` մի օր իսկապես երջանիկ զգալու հնարավորությունը: Ամեն բան հանուն շահի, հանուն փողի, հանուն բանկային հաշվի զրոների շատացման: Սա զրոների քաղցկեղ է, որը սպառնում է մարդուն ավելի շատ, քան մարմնական քաղցկեղը: Սա ուտում է մարդու հոգին և մարդկային բոլոր հարաբերությունները` վերջնահաշվում իմաստազրկելով հենց կյանքը: Ճշմարիտ գրողի դերն այս աղետի գիտակցումն է և այդ մասին այնպիսի գրականություն ստեղծելը, որն ուշքի կբերի վազքի պտույտի մեջ ճշմարտության զգացումը կորցրած մարդուն:
-Իսկ եկեղեցու, քրիստոնեության դե՞րը։
-Գուցե չափազանցված թվա ասածս, բայց այսօր գրողն ավելի մեծ դեր ունի մարդու հոգու փրկության հարցում, քան կրոնը երբևիցե: Վաճառականի հոգեբանությամբ գրականություն մտած գրողն ավելի մեծ վնաս կարող է հասցնել մարդուն, քան որևէ աղանդավոր: Ի դեպ, որքան ավելի տաղանդավոր է գրող-վաճառականը, այնքան ավելի վտանգավոր է: Նոր հերոս է պետք, նոր սրտով մարդ: Ես չեմ ուզում անտեսել ճշմարիտ հոգևոր հոր դերը, բայց այստեղ ևս, ինչպես գրողի պարագայում, կարևոր է այդ «ճշմարիտ» լինելը: Ի դեպ, այս դեպքում սրանք միայն օգնում են միմյանց, արձագանքում են իրար` առավել հզորացնելով պատգամը, որովհետև իրականում երկու դեպքում էլ օգտագործվում է միևնույն զենքը` խոսքը: Քրիստոնեությունը միակ կրոնն է, որն առավելագույնս հենված է բառի վրա: Աստված ցանկացավ բան ասել մարդուն, և այնքան մեծ էր ցանկությունը, որ մարդացավ: Քրիստոսը եկավ խո՛սք ասելու` ճշմարիտ, հրաշագործ, կարեկից, բուժող խոսք: ՈՒրիշ բան արե՞լ է Քրիստոսը: Խոսքով չբուժե՞ց նա Սիմոնի տենդը: Այսպիսի խոսք է ակնկալվում այսօր առաջնորդից, գրողից, մարգարեից: Ճշմարիտ ու բուժիչ խոսք:
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 2340

Մեկնաբանություններ