«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Ադրբեջանը՝ անդրազգային ռեպրեսիաներ իրականացնող երկրների ցանկում

Ադրբեջանը՝ անդրազգային ռեպրեսիաներ իրականացնող երկրների ցանկում
05.02.2021 | 13:55

Կառավարությունների գաղտնի գործակալները հատում են միջազգային սահմանները, գտնում են սփյուռքում ապրող կամ տեղական իշխանության կողմից ապաստան ստացած ընդդիմախոսին:

Նրան ծեծի են ենթարկում, սպանության պատվերի դեպքում ֆիզիկապես ոչնչացնում են, ահաբեկում նրա հետ ապրող ազգականներին՝ այս թեմային է նվիրված Freedom House-ի նոր զեկույցը, որի վերնագիրն է «Տեսադաշտից դուրս, բայց ոչ անհասանելի»: Իսկ ենթավերնագիրն է «Անդրազգային ճնշամիջոցը՝ աճող սպառնալիք համաշխարհային ժողովրդավարությանը»: Բռնապետերն ունեն անձին հետապնդելու բազմաթիվ մեթոդներ: Երբեմն տեղական իշխանության հետ համաձայնեցնում են նրան ապօրինի եղանակով տարհանելու հարցը, երբեմն պարզապես առևանգում են, վերադարձնում հայրենիք և դատում, կամ դիմում են Ինտերպոլին և այդ միջազգային կառույցի խողովակներով են հետապնդում:


Գործիքակազմը հարուստ է, կիրառելով թվային տեխնոլոգիաները՝ դիկտատորների գործակալները համացանցում են հալածում ընդդիմախոսին, վարկաբեկում են նրան, ահաբեկում են հայրենիքում մնացած ազգականներին: Ընդ որում, թիրախ են դառնում մարդիկ, ովքեր օրինական կարգով բնակվում են դեմոկրատական պետություններում՝ Միացյալ Նահանգներում, Բրիտանիայում, Կանադայում, Ավստրալիայում և Եվրամիության տարածքում:


«Տեսադաշտից դուրս, բայց ոչ անհասանելի» վերնագրած զեկույցում ասվում է, որ 2014-ից արձանագրվել է անդրազգային ռեպրեսիաների, այդ թվում` սպանությունների, առևանգումների, հարձակումների, կալանավորումների և ապօրինի դեպորտացիաների առնվազն 608 դեպք: 31 երկիր նմանօրինակ գաղտնի գործողություն է կատարել 79 երկրների տարածքում: Այդօրինակ գործողությունների արդյունքում ընդհանուր հաշվով ուղղակի կամ անուղղակի տուժել է 3 և կես միլիոն մարդ: Անդրազգային ճնշամիջոցների դիմող երկրների ցանկում վեց առաջատարներն են Չինաստանը, Ռուանդան, Սաուդյան Արաբիան, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան: Եվրասիական երկրներից ընդգրկված են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը: Այս բոլոր երկրները 2014-ից ի վեր դիմել են արտասահմանում ապաստանած ընդդիմախոսների նկատմամբ ֆիզիկական բռնության:


Զեկույցում ասվում է, որ Ադրբեջանի իշխանություններն ագրեսիվ եղանակով թիրախավորել են ընդդիմադիր գործիչներին և լրագրողներին: 5 անգամ իրականացվել է հալածյալներին Ուկրաինայից, Վրաստանից և Թուրքիայից երկիր վերադարձնելու գործողություն: Հինգից չորսի դեպքում խոսքը լրագրողի կամ նրա ընտանիքի անդամի մասին է: Վառ օրինակը Աֆղան Մուխթարլին է, որին 2017-ին Թբիլիսիում առևանգել են, Բաքու են փոխադրել և դատել:
Հալածելու փորձ է եղել Նիդերլանդներում ապաստան ստացած լրագրող Ֆիքրեթ Հուսեյնլիի նկատմամբ: Նրան Ադրբեջանի պահանջով Ինտերպոլի միջնորդությամբ ձերբակալել են Ուկրաինայում, ձեռքից վերցրել են անձնագիրը, ադրբեջաներեն խոսող մի խումբ տղամարդիկ հարձակվել են նրա վրա: Ի վերջո, Հուսեյնլին կարողացել է հեռանալ Ուկրաինայից:
Զեկույցի Ռուսաստանի բաժնում ասվում է, որ թիրախ են եղել արտասահմանում բնակվող նախկինում Կրեմլին մոտ կանգնած մարդիկ, իսկ առավել լկտի գործողությունների զոհ են դարձել չեչենները, ովքեր համարձակվել են արտասահմանից քննադատել Կրեմլի հովանավորյալ, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին: Freedom House-ի արձանագրած 26 մահափորձերից 7-ը կապ ունեն Ռուսաստանի հետ: Անցած ընդամենը երկու տարում Եվրոպայում երեք չեչեն է սպանվել: Սաուդյան Արաբիայի պարագայում բազում դեպքերից աղաղակողը 2018-ի հոկտեմբերին լրագրող Ջամալ Խաշոգջիի դաժան սպանությունն է Ստամբուլի հյուպատոսարանում: Իրանին առնչվող տասնյակ միջադեպերից առանձնացվում է լրագրող Ռուհոլահ Զամի առևանգումն Իրաքից, նրան բռնի եղանակով վերադարձրել են Իրան, դատել և անցյալ տարվա դեկտեմբերին մահապատժի են ենթարկել: Թուրքիայի թիրախը գյուլենականներն են: 2016-ի ձախողված հեղաշրջումից հետո 17 երկրներից առևանգվել և Թուրքիա է վերադարձվել առնվազն 58 քաղաքացի: Ընդ որում, առնվազն երեք դեպքում թուրքերը կաշառել են տեղական չինովնիկներին Աֆրիկայում, Եվրոպայում և Ասիայում:
Այդ արշավը առայսօր շարունակվում է, թուրքերը վերջերս մի ընդդիմախոս էլ Ուկրաինայից են վերադարձրել:


Անկարան հեղաշրջման կազմակերպիչ է համարում ԱՄՆ-ում ապաստանած հոգևորական Ֆեթուլահ Գյուլենին, Վաշինգտոնից պահանջում է նրան արտահանձնել, բայց ամերիկացիները մերժում են պահանջը:
«Այդ հարձակումների ծավալն ու դաժանությունը միայն ընդգծում են վտանգի աստիճանը, որին մարդիկ կարող են ենթարկվել նույնիսկ հալածանքներից փախուստի դիմելուց հետո,- ասել է Freedom House-ի նախագահ Մայքլ Աբրամովիցը և ավելացրել, - «Գաղտնալսում, հետապնդում, հարձակում, առևանգում, մահափորձ: Վտարանդիներն ամբողջ աշխարհում այդ ամենը գլխին կախված մշտական վտանգ են անվանում: Անդրազգային ռեպրեսիաներին վերջ տալը կենսական նշանակություն ունի դեմոկրատիան պաշտպանելու և դիկտատորների ազդեցությունը սահմանափակելու համար»:

Դիտվել է՝ 2458

Մեկնաբանություններ