Հունվարի 15-ին և փետրվարի 1-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» և «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» միջպետական գանգատները։ Հայցվորները պնդում են 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում Մարդու իրավունքների կոնվենցիայի լայնատարած խախտումների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, քաղաքացիական և հանրային գույքի վրա հարձակումների, զինվորականների և քաղաքացիական անձանց մահապատիժների, խոշտանգումների և նրանց նկատմամբ վատ վերաբերմունքի, ռազմագերիներին չհանձնելու, մարտական գործողությունների շրջաններից քաղաքացիական բնակչության բռնի տեղահանման մասին։
Բացի այդ, Ադրբեջանը պնդում է նաև, թե Հայաստանը պատասխանատու է 1992 -ից Լեռնային Ղարաբաղում ու շրջապատող տարածքներում Կոնվենցիայի խախտումների, այդ թվում՝ հարյուր հազարավոր ադրբեջանցիների բռնի տեղահանման, ադրբեջանցիների անհետացման և նրանց նկատմամբ վատ վերաբերմունքի, մշակութային և կրոնական սեփականության ոչնչացման համար։
ՄԻԵԴ-ը հիշեցնում է, որ երկու պետությունները պատերազմի օրերին դատարանին էին դիմել նաև միջանկյալ միջոցներ կիրառելու համար։ Եվրադատարանը երկու երկրներից, ռազմագերիների հարազատներից դիմումներ է ստացել գերիների վերաբերյալ։ Մինչ այժմ ստացվել է 241 անձի վերաբերյալ դիմում, որոնցից 228-ը՝ հայեր, 13-ը՝ ադրբեջանցիներ։ ՄԻԵԴ-ը կառավարություններից տեղեկատվություն է պահանջել այդ անձանց վերաբերյալ։ Դատարանը նախ և առաջ ուսումնասիրելու է միջպետական գանգատները քննության ընդունելու հարցը, ասված է հաղորդագրությունում։ Որպես առաջին քայլ՝ ՄԻԵԴ-ը գանգատներն ստանալու մասին ծանուցել է պատասխանող կողմերին։