Իր տարածաշրջանային այցը Իրանի ԱԳ նախարարը սկսեց Բաքվից: Երթուղու ընտրությունն արդեն իսկ տուրք է տարածաշրջանում ստեղծված ուժերի նոր դասավորությանը: Բայց Բաքվում Իրանի ԱԳ նախարարը չափազանցել է դիվանագիտական իրավասությունները՝ հայտարարելով, որ Իրանն ուրախ է «ադրբեջանական տարածքների ազատագրումով»:
Եթե տեղեկությունը հաղորդեին ադրբեջանական աղբյուրները, հետո կարելի էր ասել, որ նախարարի խոսքը խեղաթյուրվել է, բայց աղբյուրը Իրանի ԻՌՆԱ գործակալությունն է: Ի՞նչ է Զարիֆն ասելու Հայաստանում, որ Իրանը տխու՞ր է հայկական տարածքների օկուպացիայից: Այլ ձևակերպում ուղղակի դիվանագիտական պարիտետի խախտում է, որը պահպանելը Իրանը համարում է իր դիվանագիտական պարտքը, պարտավորությունն ու առավելությունը:
Դե ֆակտո՝ Զարիֆը Բաքվում ակամա խոստովանել է Թեհրանի պարտությունը Արցախի դեմ Թուրքիայի հրահրած Ադրբեջանի պատերազմում, այլապես հիմա ստիպված չէր լինի Ալիևին շողոքորթել ու նրան վերագրել մի հաղթանակ, որի հայրը Էրդողանն է: Դժվար է պատկերացնել, թե այդ դեպքում ինչ հաճոյախոսություններ է նա շռայլելու Էրդողանին: Ալիևը գնահատել է հաճոյախոսությունն ու առաջարկել մասնակցել «Ադրբեջանում» տնտեսական ծրագրերին, Զարիֆն էլ երջանկացել է առաջարկից: Բայց ի՞նչ է ուզում Զարիֆը: Տրամաբանորեն՝ Արցախի հարցով Իրանի զբաղվելու գերխնդիրը իր սահմանները անվտանգ դարձնելն է: «Ձեռքը, որ չես կարողանում կտրել, համբուրիր ու դիր գլխիդ»՝ արևելյան իմաստնությունը Զարիֆն օգտագործելու է այնքան, մինչև Իրանն այդ ձեռքը կտրելու ուժ կունենա: Սահմանները՝ սահմաններ, բայց Իրանն ունի նաև Թուրքիային չեզոքացնելու խնդիր, որ հիմա արդիական է դառնում Ջո Բայդենի ընտրությունից հետո՝ ԱՄՆ-ի 2015-ի Իրանի հետ միջուկային պայմանագրին վերադառնալու հնարավորությամբ: Եթե Բայդենը վերադառնա միջուկային պայմանագրին մի ստորագրությամբ՝ ինչպես արեց ԱՀԿ ու Փարիզի Կլիմայի պայմանագրին վերադառնալու դեպքում, պատժամիջոցները կամ կմեղմացվեն, կամ՝ կհանվեն աստիճանաբար, որ Թեհրանին վերադարձնում է տարածաշրջանային գերտերություն դառնալու շանսերը, իմա՝ Թուրքիայի մրցակիցը:
Եթե հաշվի առնենք, որ Էրդողանը նաև առաջարկում էր 6-ի պլատֆորմ ստեղծել, որին նաև Վրաստանն է համաձայնել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի մակարդակով, իր վոյաժով Զարիֆը ստիպված է լուծել տարածաշրջանում Իրանի դերի ու տեղի հարցը նոր իրավիճակում: Բաքվից նա մեկնելու է Մոսկվա, հետո գալու է Երևան, Թբիլիսի ու Անկարա: Առաջին հայացքից անտրամաբանական զիգզագներ: Զարիֆը կարող էր սկսել հարևան Հայաստանից, անցնել Վրաստան, հետո՝ Ադրբեջան, Թուրքիա ու այցն ամփոփել Ռուսաստանում: Բայց Բաքվից Մոսկվա մեկնելով՝ նա փորձելու է չեզոքացնել ոչ միայն Անկարայի, այլև Թել Ավիվի ազդեցությունը իր սահմաններին, ու դա իսկապես մեծ «ուրախության» պատճառ է ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի համար, որ իր առաջին տեղակալ Աբաս Արաքչիի պատերազմի օրերին ձախողված միջնորդական առաքելությունից հետո էլ չի հասկացել, որ Արցախը Ադրբեջան չէ: Չի հասկացել, որ Իրանը պատերազմի ժամանակ ու հետո Հայաստանին «դավաճանելով»՝ դավաճանեց ինքն իրեն, իր կրավորական կեցվածքով թույլ տալով, որ իր սահմանին հայտնվեն հենց այն վարձկան մոջահեդները, որոնց դեմ տարիներով կռվել է տարբեր երկրներում ու հենց Իրանում: Ու եթե հաշվի առնենք, որ Զարիֆը նաև նախագահի հնարավոր թեկնածու է, Հայաստանում պետք է շատ լուրջ նախապատրաստվեն նրա հետ հանդիպմանը՝ նվազագույնը «ուրախության» պատճառները բացատրված տեսնելու և Իրանի հետ հետագա հարաբերությունների կառուցման նոր սխեմաները հասկանալու համար:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իրանն այդպես էլ չգնահատեց, որ իր անկախության տարիներին Հայաստանը չմիացավ Իրանի դեմ ոչ մի քայլի ու ծրագրի՝ նույնիսկ իր շահերն առաջ մղելու հաշվին՝ գնահատելով հարևանի հետ հարաբերություններն ավելի բարձր: Բայց Իրանը «ազնիվ» զայրույթ ապրեց, երբ Հայաստանը դեսպանատուն բացեց Իսրայելում, կարծես՝ Հայաստանը Իրանի նահանգներից մեկն էր: Ու եթե Իրանը հավակնում է վարել ինքնուրույն ու իր շահերից բխող քաղաքականություն, ինչու՞ նույնը չի կարող անել Հայաստանը: Թե՞ Հայաստանը այն երկիրն է, որի հաշվին իրենց հարցերը պիտի լուծեն հարևանները, հիմա նաև՝ Իրանը: Հունվարի 27-ին Երևանում սպասվում է սկզբունքային ու կարևոր հանդիպում: Եթե ոչ միայն Թեհրանը, Երևանն էլ հասկանում է իր շահերն ու նպատակները: