Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Ռուսաստանը խոր ճգնաժամի մեջ է ընկնում

Ռուսաստանը խոր ճգնաժամի մեջ է ընկնում
30.04.2020 | 13:53

Վիթխարի Ռուսաստանը շարժվում է դեպի կորոնավիրուսի տարածման պիկը: Տնտեսությունը և աշխատավարձները շարունակում են անկումը, միլիոնավոր ռուսաստանցիների աղքատություն է սպառնում՝ գրում է Handelsblatt-ը: Մոսկվայում իրավիճակը կայունանում է, ռեգիոններում պանդեմիայի տարածումը արագանում է: Երեքշաբթի նախագահը նորից դիմեց ռուսաստանցիներին, նահանգապետերի շրջանակից ստացված տեղեկություններով՝ նա, հավանաբար, կերկարացնի ոչ աշխատանքային օրերը պետական իշխանության ու տնտեսության համար մինչև մայիսի 11-ը: Պուտինը խոսում է ոչ աշխատանքային օրերի մասին, որովհետև չի սիրում նույնացվել բացասական տեղեկությունների հետ: Վատ նորությունների համար, օրինակ՝ տնից դուրս գալիս անցաթղթերի, պատասխանում են ուրիշները, այս դեպքում՝ նահանգապետերը: Ռուսաստանի տնտեսության համար նախատեսված խոր քունը երկրորդ ծանր հարվածն է: Տնտեսության աճի կանխատեսումները օրեցօր ավելի են մռայլվում: Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Լուդրինը արդեն խմբագրել է ՀՆԱ-ի անկման իր կանխատեսումը 5,5%-ից՝ 8%-ի: McKinsey կոնսալտինգային ընկերությունը սարսափազդու սցենար է կանխատեսում՝ ՀՆԱ-ի անկում 10%: Նախքան ճգնաժամը նավթի գների կտրուկ անկումը հարվածեց ՌԴ տնտեսությանը: Աննախադեպ և Ռուսաստանի համար ծայրահեղ ցավոտ պայմանավորվածությունը ОПЕК-ի հետ, որ Մոսկվային պարտադրում է նավթի հանույթը կրճատել օրական 2,5 միլիոն բարել՝ գների կայունացման համար, հազիվ թե արդյունավետ է: Նավթի գինը առաջվա նման մնում է չափազանց ցածր: Արտահանումից ստացվող ռուսական եկամուտների մեջ նավթի արտահանումը 30% է, գազի հետ, որ կապված է նավթի գներին, 60%: Բյուջեի եկամուտների 40%-ը նավթի ու գազի վաճառքից է ձևավորվում: Բյուջեն կողմնորոշված է բարելի դիմաց նավթի 42 դոլար գնով: Ավելի ցածր գինը նշանակում է, որ կառավարությունը հարկադրված է գումար վերցնել պահուստային հիմնադրամից: Ազգային բարեկեցության հիմնադրամը համալրվել է նավթային բումի տարիներին, մարտի սկզբին կար 123 միլիարդ ռուբլի: Բայց կորուստները վիթխարի են: Deutsche Bank-ը հաշվել է՝ եթե Urals նավթը շարունակի բարելի դիմաց 15 դոլար գին ունենալ (վերջերս գինն ավելի ցածր էր), ռուսական պահուստները կհալվեն երկու տարում: 30 դոլար գնի դեպքում՝ 6 տարի կդիմանան:


Այսօր գոտիները ստիպված են ձգել նաև էներգետիկ ընկերությունները: Գազպրոմից հետո մեծությամբ երկրորդ Նովատեկ ընկերությունը ստիպված էր դադարեցնել աշխատանքները Մուրմանսկում՝ պետք է օբյեկտների լիակատար ախտահանում անցկացնել՝ հաղորդել է ընկերությունն ու աշխատակիցներին ուղարկել կարանտին: Մոսկվայի Կառնեգի կենտրոնի աշխատակից Մարսել Սալիխովը ևս մեկ խնդիր է տեսնում ՝ ՕՊԵԿ-ի հետ համաձայնագրի պատճառով Ռուսաստանը ստիպված է փակել նավթի հանքահորերը, հետագա շահագործման դեպքում դժվար է վերադառնալ նախաճգնաժամային մակարդակին, որովհետև հանքավայրերը շատ հին են, տեխնիկան՝ հնացած:


Զուգահեռ Ռուսաստանի իշխանության մեջ վեճ կա տնտեսության վերականգնմանը դրամական օգնության հարցում: Միջոցների թվում է անտոկոս վարկերի տրամադրումը և վարկերի վճարումների հետաձգումը ընկերությունների ու ոլորտների համար, որ հատկապես տուժել են կորոնավարակից, նաև գործազրկության նպաստի ու բնակչության առանձին խմբերի կենսաթոշակների ժամանակավոր բարձրացումը: Մակրոտնտեսական վերլուծության ու կարճաժամկետ կանխատեսումների կենտրոնի աշխատակից Իգոր Պոլյակովի հաշվարկներով՝ մեկ տարում բնակչության ռեալ եկամուտները կարող են պակասել 12%-ով: Այս կորուստները շատ ավելին են, քան ռուսները ունեցել են վերջին տարիներին Ղրիմի ու Ուկրաինայի ճգնաժամի հետևանքով: Այդ պատճառով՝ ևս մի քանի միլիոն մարդ կարող են աղքատության մեջ հայտնվել; Սպառման մակարդակի կտրուկ անկումը ևս հարված է տնտեսությանը, հատկապես փոքր ու միջին բիզնեսին: «Շատերն այլևս չեն արթնանա տնտեսական խոր քնից»՝ կանխատեսում է «ԱնդերՍոն» սրճարանների ցանցի տեր Անաստասիա Թաթուլովան: Պուտինի ու ձեռնարկատերերի հետ հանդիպման ժամանակ, որ հեռարձակվել է հեռուստատեսությամբ, Թաթուլովան նրանից շտապ օգնություն է խնդրել: Ապարդյուն: Այդ ժլատությունը կարող է տհաճ հետևանքներ ունենալ: Բանկերը նախազգուշացնում են վարկային վիթխարի փուչիկների մասին: Պետական ВТБ բանկի տնօրեն Անդրեյ Կոստինը զգուշացնում է 30 միլիարդ դոլարի չվերադարձնելու մասին: Այդ ժամանակ պետությունը ստիպված է լինելու փրկել նաև բանկերը:
Անդրե Բալեն, Մաթիաս Բրյուգման, Handelsblatt


Հ.Գ. Կորոնավիրուսը բնավ չէր մտնում ՌԴ նախագահի ծրագրերի մեջ: Գուցե այդ պատճառով նա երկար հերքում էր երկրում վարակի գոյության հնարավորությունը: Իսկ հետո ստիպված եղավ թե ապրիլի 22-ին նշանակված սահմանադրական հանրաքվեն հետաձգել, թե հայրենական պատերազմում հաղթանակի 75-ամյակի շքերթը Մոսկվայում, որին մասնակցության համաձայնություն էին տվել այլ երկրների վարչապետեր ու նախագահներ: Չեղարկվեց Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովը՝ քաղաքական ու տնտեսական այս կորուստները ոչինչ են, եթե կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով՝ նա ստիպված լինի վճարովի արձակուրդում պահել երկիրը ևս մեկ ամիս: Ուստի մայիսի կեսերից Ռուսաստանը ևս դուրս կգա կարանտինից, և համաճարակի կառավարումը կարող է դառնալ անվերահսկելի: Այդ դեպքում արդեն առողջապահական համակարգը Մոսկվայից դուրս պայթելու է, և դժվար է ասել՝ ինչ վիճակում կհայտնվի Ռուսաստանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 14011

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ