1999-ին Թբիլիսին վավերացրել է «Փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան», որով հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ է տրվում: Երեկ «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ասել է, որ ինքը դեմ է դրա վավերացմանը:
«Վրաստանում ամենակարևոր հարցը վրացերենն է: Բազմաէթնիկ երկրի համար այդ թեմայով լրացուցիչ խաղեր տալն անթույլատրելի է: Նորվեգիայի մարդու իրավունքների հարցերով ինստիտուտի տնօրենը երկու անգամ եկել է մեր երկիր, որ ինձ համոզի վավերացնել այդ խարտիան, բայց ես հրաժարվել եմ»,-ասել է Սաակաշվիլին:
Նա նաև հավելել է, որ հազարավոր կամավոր ուսանողներ են ուղարկվել Ջավախք՝ տեղի բնակիչներին վրացերեն սովորեցնելու նպատակով, և այսօր Ջավախքի երիտասարդներն արդեն խոսում են վրացերեն:
Ինչ վերաբերում է ջավախահայ հասաարակական–քաղաքական գործիչ Վահագն Չախալյանին, Սաակաշվիլին հայտարարել է, որ նա խոչընդոտելու է Ջավախքում վրացական քաղաքականության իրականցմանը: «Եթե նա բանտից դուրս գար 6 տարի անց, Ջավախքը կդառնար Եվրոպայի ամենակարևոր երկաթուղային հանգույցներից մեկը, կլիներ 10 նոր ՀԷԿ, կենսամակարդակը 2-3 անգամ ավելի բարձր կլիներ, և 6 տարի անց Ջավախքի բնակչության մեծ մասը կխոսեր վրացերեն: Ի՞նչ է, չարժե՞ր, որ նա 6 տարի նստեր բանտում՝ այդ ամենը կյանքի կոչելու դիմաց»,–ասել է Սաակաշվիլին։