Իսրայելի իշխանությունները հայտարարել են օրերս Թել Ավիվում ավտոբուսի պայթեցման համար կասկածվող անձի ձերբակալման մասին։ Նոյեմբերի 21-ին կատարված հարձակման հետևանքով 27 մարդ վիրավորվել էր։
Իսրայելի ոստիկանության հայտարարության համաձայն՝ ձերբակալվածը արաբական ծագում ունեցող իսրայելցի է, որը կապեր ունի ՀԱՄԱՍ շարժման և «Իսլամական ջիհադ» խմբավորման հետ։ Կասկածյալի անունն առայժմ չի հրապարակվում։ «Նա խոստովանել է, որ իրականացրել է ահաբեկչություն»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը։
Ոստիկանության վարկածի համաձայն՝ կասկածյալը ավտոբուսում տեղադրել է հեռակառավարվող ռումբ, ինչից հետո զանգահարել է իր համախոհներին, ովքեր էլ սարքը դրել են գործողության մեջ։