Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Քառյակի 13-րդ կետը

Քառյակի 13-րդ կետը
07.10.2014 | 00:47

Այս նույն վերնագրով հոդված էի գրել հունիսի 13-ին՝ ոչիշխանական քառյակի հայտնի 12 առաջարկություններից 10 օր անց: Նորից կարդացի: Համարյա չեմ վրիպել: Միակ վրիպումս՝ քառյակն այսօր եռյակ է: ՈՒ դա ակնհայտ է դարձնում, որ ինչ-որ կետից խաղը գնաց ուրիշ ուղղությամբ: Մնացածը այսօր էլ կարող էի գրել: Քառյակը իշխանությանը ժամկետ էր տվել մինչև սեպտեմբերի 30-ը, հոկտեմբերի 1-ին կառավարության կայքում հայտնվեց 11-էջանոց պատասխանը: Կետ առ կետ: Հունիսի 3-ին իր 12 կետերը հրապարակող քառյակը մի «աննշան» վրիպում էր արել՝ պրեամբուլայում թվարկել էր այլ խնդիրներ, լուծման համար կառավարությանն առաջարկել էր 12 բոլորովին այլ խնդիրներ: Նույն «աննշան» վրիպումը կրկնել է կառավարությունը՝ իր պատասխանի պրեամբուլայում նշելով, որ 12 առաջարկների մի մասը քննարկել է գարնանը և արդեն իրագործել է հունիսին, մի մասը վերցված է իր ծրագրից, սակայն ոչ թե առաջարկվում է իրատեսաբար՝ միջին ժամկետում կատարում, այլ դրվում է անմիջապես իրականացման անհնարին և կատեգորիկ պահանջ, մնացած դրույթներն էլ կամ առաջարկում են պետական բյուջեն անմիջապես դնել աննախադեպ ծախսերի տակ, կամ էլ բազմիցս քննարկվել են և հակասում են միջազգային իրավական ստանդարտներին, կամ դուրս են գործող սահմանադրական շրջանակից և այլն: Իսկ հետո քառյակին բարոյափիլիսոփայական շրջանակ է տանում՝ «Թեև հանրային քաղաքական օրակարգին գաղափարական հստակ հենք չունեցող բարի ցանկությունների և անիրատեսական ու կատեգորիկ պահանջների անկանոն միահյուսման միջոցով մասնակցության ձևը միշտ էլ նվազ արդյունավետ է, քան ընդդիմադիր, սակայն գործընկերային հարաբերություններով հանրությանը հուզող հարցերի մշակմանը ձեռնամուխ լինելը, մենք, այնուամենայնիվ, ողջունում ենք ԱԺ ընդդիմադիր և այլընտրանքային խմբակցությունների առավել առարկայական հետաքրքրությունը կառավարության գործունեության կոնկրետ ոլորտների նկատմամբ»: Այսինքն՝ ի՞նչն են ողջունում: Անկանոն միահյուսո՞ւմը: ՈՒ ինչո՞ւ: Եվ տալիս են մի պատասխան, որ բնավ պատասխան չէ՝ «փաստաթղթի ծրագրային բաղադրիչի բացակայությունն անիմաստ է դարձնում հայտարարության՝ որպես միասնական քաղաքական փաստաթղթի անդրադառնալը»: Մնացած էջերը կարող եք չկարդալ ¥կարդացել եմ, որ ասում եմ¤, ի սկզբանե կառավարությունը հայտարարում է, որ նշելու է միայն առաջարկված 12 կետերի և իր ծրագրի առնչությունները: Ի սկզբանե կառավարությունն ասում է՝ ոչինչ չեմ ընդունելու իմ ծրագրից դուրս: Իշխանությունը ես եմ՝ ես կատարում եմ իմ ծրագիրը, դարձեք իշխանություն, կատարեք ձեր ծրագիրը: Մնացածը «փաստաթղթավորում» է, որ այնպես սիրում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կարճ ու կոնկրետ կարելի էր ասել՝ չեմ ընդունում ու վերջ: Ինչը և արձանագրել են ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, «Ժառանգության» անդամները, իսկ ՀՅԴ-ն չի կարդացել կառավարության պատասխանը: Սկզբունքորեն: Ինչո՞ւ կարդա, եթե արդեն քառյակում չէ: Եթե արդեն հունիսը չէ: ՈՒ` ընդհանրապես, ՀՅԴ-ն սահմանադրական փոփոխություններ է ուզում, իսկ նախկին համախոհները՝ ոչ:
Իսկ պատմությունն այնքան լավ էր սկսվել՝ 12 առաջարկներ նոր վարչապետին, որ գոնե երախտագիտությունից ելնելով կեսը պիտի կատարեր, ու կառուցողական ոչ իշխանության հետ քայլեր դեպի համապետական փառահեղ ընտրություններ: Ոչ, չեղավ: Ըստ առասպելի՝ անիվը հնարել են հիքսոսները, նրանց ոմանք համարում են հայերի նախանախանախապապերը, բայց երևի հայերի նախանախանախապապերը եղել են հայերն իրենք, որ մինչև հիմա չեն սովորել անիվն անարգել գլորելու արվեստը: Սիրում են արանքը փայտեր խրել, հետո բողոքել՝ սխալ է գլորվում, ճիշտ տեղը չի հասնում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Քառյակի, թե եռյակի բոլոր կետերն էլ պարապ ժամանակը լցնելու միջոց էին: Լցրին: Այլևս ո՞վ է հիշում: Թե իշխանությունը, թե ոչ իշխանությունը գործում են նույն մեթոդներով, սնվում են նույն աղբյուրից ու ժողովրդին վերաբերվում են սոսկ իբրև ընտրողի: ՈՒ ծնվում է 13-րդ, ոչ, առաջին ու միակ կետը՝ հայտարարել կորած ընդդիմության որոնում: Գտնողին համարել պետության անձեռնմխելի սեփականություն: Մեկ էլ՝ պարգևատրել: Ժողովրդին՝ համբերության համար:

Դիտվել է՝ 1254

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ