«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Թռիչք վարչապետի «բնի» վրայով

Թռիչք վարչապետի  «բնի» վրայով
09.05.2014 | 02:22

Հայաստանյան ներքաղաքական կյանքը բավականին գունեղ ստացվեց: Առանցքում, ինչպես միշտ, ԲՀԿ-Աբրահամյան զույգն է: Անգամ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո տանդեմը չի հանգստանում, չի դադարում զարմացնել:
Որևէ կերպ քաղաքական ասպարեզում չերևացող, նոր վարչապետին ու կառավարությանը որևէ գնահատական չտված, երբեք ԱԺ չժամանող Ծառուկյանը նախորդ օրը որոշել էր ԲՀԿ քաղխորհրդի նիստ հրավիրել, պատասխանել ոչ ավելի-ոչ պակաս` ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին: Պատասխանելիս էլ «հոխորտալ» (ինչպես «գտել» էր Հովիկ Աբրահամյանը), որ խորհրդարանական ու նախագահական ընտրություններն այլևս չեն անցնելու Մելիք-Ադամյան փողոցով: Որտեղո՞վ են անցնելու` «գաղտնապահ» Ծառուկյանը չէր ասել: Փորձենք ինքներս հասկանալ:
Քոչարյան-Ծառուկյան-Աբրահամյան «եռաֆազի» շահերն այս պահին խիստ համընկնում են: Նրանց ընդհանրացնող շահն այս պահին Սերժ Սարգսյանի դեմ պայքարն է: Պայքարը կպսակվի հաջողությամբ, եթե Ռուսաստանը կանգնի նրանց կողքին: Կկանգնի՞: Հաստատապես` ո՛չ: Հնարավոր է, Ռուսաստանը շատ էլ հիացած չէ Սերժ Սարգսյանի աչքերով, բայց ընդհանրապես հիացած չէ Ծառուկյան-Աբրահամյան տանդեմով, որն էլ ինչ-որ պահի կփորձի «խաղից հանել» ոչ միայն Մելիք-Ադամյան փողոցում նստած Սերժ Սարգսյանին, այլև Իսակովի փողոցում երկար տարիներ «դարանակալած» երկրորդ նախագահին:
Առաջին հայացքից թվում է` Ծառուկյանի «հոխորտանքը» հանուն Քոչարյանի է: Սակայն գործից հասկացողների համար ակնհայտ է` այն հանուն Հովիկ Աբրահամյանի էր: Ընդ որում, ենթատեքստն էլ բավականին անթաքույց էր. ինչո՞ւ բացառել, որ ինչ-որ «իքս» ժամի Աբրահամյանը չի միանա ԲՀԿ-ին, որպեսզի իշխանությունն անցնի ոչ թե Մելիք-Ադամյանով, այլ Մխչյանի կողմերով:
Իսկ սա Բաղրամյան 26-ում լավ են հասկացել: ՈՒ «գտել» էին, որ Ծառուկյանին պետք է պատասխանի ոչ թե Շարմազանովը, ով, մեր տեղեկություններով, պատրաստվում էր պատասխանելու (ասվել էր` «ստոպ»), այլ հենց ինքը` Շարմազանովի «մոտ խոսնակ աշխատող» Հովիկ Աբրահամյանը:
Պատասխանը, ի դեպ, նույնքան անհոդաբաշխ էր, որքան Ծառուկյանի արձանագրումը, քանզի ահավոր լղոզված էր, չէր հասկացվում, թե, ի վերջո, ինչ է ասում Աբրահամյան-խոսնակը: ՈՒ, ի տարբերություն Տեր-Պետրոսյանին և Քոչարյանին հղված կոշտ «ուղերձների», Ծառուկյանին ուղղված նրա «մտքերը» ոչ միայն «լղոզումներ», այլև ենթատեքստային խոր ռևերանսներ էին պարունակում: Ինչն էլ ապացուցում էր` «խնամոնք» խաղում են համատեղ: ՈՒ քանի որ նրանցից մեկը գրեթե չի զբաղվում քաղաքականությամբ (ինչպես նշեցինք վերևում), իսկ մյուսի համար քաղաքականությամբ զբաղվելու համար խելք պետք չէ, ունեցանք այն, ինչ ունեցանք:
Այն է` բոլորին հասկանալի դարձավ, որ Հովիկ Աբրահամյանը հիմա էլ անհամբեր է նախագահական ու խորհրդարանական ընտրությունների պահով, որոնք «չեն անցնելու» Մելիք-Ադամյանով, որովհետև երկար նստել վարչապետի աթոռին նա չի կարող ոչ միայն այն պատճառով, որ անհամբերների տեսակից է, այլև երկար նստելու դեպքում նրան բոյկոտելու են ոչ միայն չորս «հրաշալիները», ինչպես կլինի կառավարության ծրագրի դեպքում, այլև ինքը` ժամանակը, որովհետև նա այդ աթոռին չի նստել, որ հարց լուծի, նստել է, որ թռիչք կատարի դեպի նախագահի աթոռ:
Ի դեպ, «խնամիական խաղի» այսպիսի շարունակության դեպքում, կարծում ենք, Սերժ Սարգսյանն ավելի հարմար կգտնի իշխանությունը ժառանգորդաբար փոխանցելու հենց իրեն` Ռոբերտ Քոչարյանին:
Իսկ թե դա որտե՞ղ տեղի կունենա՝ Մելիք-Ադամյան, թե Իսակով փողոցներում, կորոշեն իրենք` ներկա ու նախկին նախագահները, որոնք կարևոր պահերին հաստատ միմյանց հետ են լինելու:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1971

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ