Երբ 2014 թ. մարտի 18-ին աշխարհի «մեծ ժողովրդավարությունը»` ԱՄՆ-ը, խզեց դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ և սիրիացի բոլոր դիվանագետներից պահանջեց շտապ հեռանալ երկրից, երևի քչերն էին պատկերացնում, թե իրավիճակի զարգացումն ուր են տանում Վաշինգտոնի քաղգործիչներն ու Պենտագոնը։ Թեև մենք դեռ փետրվարին էինք Հայաստանի հասարակայնությանն ու ամբողջ հայկական սփյուռքին նախազգուշացնում, որ հիմա հենց ԱՄՆ-ն է գլխավորում աշխարհի այն ուժերին, որոնք տրամադրված են մոլորակը մաքրելու հայրենի հողում ապրող հայ ազգից։ Խոսքը հայկական Կիլիկիայի սիրիական հատվածի հայության մասին է։ Այն ժամանակ մենք անդրադարձել էինք հայ եկեղեցու Դամասկոսի թեմի առաջնորդ եպիսկոպոս Արմաշ Նալբանդյանի և ԱՄՆ-ի կառավարության ներկայացուցիչների վաշինգտոնյան հանդիպման փաստին, երբ վերջիններս, փաստորեն, հրաժարվեցին Սիրիայի հայերին ու մյուս քրիստոնյաներին օգնության և աջակցության երաշխիքներ տալուց։
Սա էլ հենց ինքնատիպ ազդանշան դարձավ ԱՄՆ-ի բոլոր արբանյակների համար, իհարկե, առաջին հերթին, Մերձավոր Արևելքում։ Հասկանալի էր, որ այն պայմաններում, երբ սիրիական բանակն ու տարբեր ազգային ու կրոնական համայնքներից բաղկացած ինքնապաշտպանության ուժերը ջախջախում են թշնամուն և աստիճանաբար վերականգնում իրենց արտաքին սահմանների հսկողությունը, «ժողովրդավարական հեղափոխությունների» հովանավորները պետք է մի բան ձեռնարկեն, որ գոնե փրկեն իրենց դրածոներին ու վարձկաններին։ Բայց ամենալկտի ու անխիղճ հանցագործների մտքով հազիվ թե անցներ, թե ուր են հասել ամերիկացիներն իրենց կրտսեր գործընկերների` Թուրքիայի ու Իսրայելի հետ միասին։ Մենք նկատի ունենք ամբողջ մարտի ընթացքում շարունակվող գրոհներն ու ահաբեկչական ակտերն ընդդեմ սիրիահայության։ Ինչի՞ հետ է սա կապված։ Միգուցե ամերիկացիները լարված սպասում էին, թե երբ է հայտարարվելու, որ ավարտվել է Սիրիայից քիմիական զենքի մի տարատեսակի` այսպես կոչված, «մանանեխագազի», ծծմբային իպրիտի դուրսբերումը։ Դրա վերացմամբ պետք է զբաղվեն հենց ամերիկացիները։ Մյուս կողմից, այդ գործողության ավարտի մասին Սիրիայի կառավարության և ՄԱԿ-ի մամուլի ծառայության հայտարարությունները տարածվել էին դեռ փետրվարի 26-ին։ Սակայն Սիրիայի հետ հարաբերությունների խզմանն ԱՄՆ-ը գնաց միայն մարտի 18-ին, իսկ դա այն օրն էր, երբ Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի իշխանությունների ներկայացուցիչների հետ միջպետական փաստաթղթեր էր ստորագրում Ռուսաստանի Դաշնության կազմ նրանց վերադառնալու մասին ¥մարտի 16-ի հանրաքվեի արդյունքների հիման վրա¤։
Որ ամերիկացիները խորհրդանիշների մեծ սիրահարներ են, վաղուց է հայտնի։ Սիրում են այլ երկրների ու ազգերի հարվածել այն օրերին, երբ նրանց մոտ որևէ հանդիսություն է կամ սուգ։ Օրինակ, Հարավսլավիային և Սերբիային վերջնական հարված հասցրին հունիսի 28-ին. 1389 թ. այդ օրը սերբական մեծ իշխան Լազարի զորքերը պարտություն կրեցին սուլթան Մուրատի թուրքական զորքերից և հենց Կոսովոյի դաշտում։ Սերբական բանահյուսությունում համարվում է, որ այդ պարտությունը հանգեցրել է 500 տարով Սերբիայի անկախության կորստյանը։ Համապատասխանաբար, Հունիսի 28-ը նշվում է որպես ազգային սգի օր ու միաժամանակ որպես սերբերի աննկունությանը պատշաճը հատուցելու տուրք, քանի որ այդ նույն ճակատամարտում սերբ դյուցազուն Միլոշ Օբիլիչը խուժեց թուրք սուլթանի վրանն ու խողխողեց նրան։ Ինչպես տեսնում ենք արդի պատմությունից, ամերիկացիներն էլ են Հարավսլավիա-Սերբիայի նկատմամբ հաշվեհարդարի համար հունիսի 28-ն ընտրել։ ՈՒստի միանգամայն տրամաբանական է ենթադրել, որ, ՈՒկրաինայի և Ղրիմի հարցում ապտակ ստանալով մարտի 18-ին, ամերիկացիները հենց այդ օրն են որոշել «մուռ հանել» Սիրիայի ու սիրիահայերի հաշվին։
Միևնույն ժամանակ, իմ կարծիքով, մարտի 18-ը սոսկ խորհրդանիշ է։ Իրականում ամերիկացիները իրենց խամաճիկներին գործելու ազատություն էին տվել ավելի շուտ, նույնիսկ Արմաշ Նալբանդյանի ԱՄՆ մեկնելուց և այնտեղ ամերիկյան իշխանությունների հետ բանակցություններ վարելուց առաջ։ Այս բանը մեզ իրավունք է տալիս պնդելու թեկուզ և այն փաստը, որ սիրիահայերի դեմ ահաբեկչությունը վերսկսվել էր դեռ մարտի 6-ին։ «Մոտ 15 մարդ սպանվել և 12-ը վիրավորվել էին Հոմսի հայկական թաղամասում, որտեղ հիմնականում ապրում են քրիստոնյաներ ու ալավիներ»,- այն ժամանակ խոստովանեց նույնիսկ «Syrian Observatory for Human Rights» ընդդիմադիր մոնիթորինգային խմբի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը։ Սակայն Սիրիայի մյուս շրջաններում բանակն ու աշխարհազորայինները շարունակում էին հաջող մարտերը, և մարտի 14-ին ԱՄՆ-ի և Թուրքիայի խամաճիկները փախչում էին Իդլիբի և Լաթաքիայի հյուսիսային նահանգներից։ Ով ծանոթ է աշխարհագրությանը, կհասկանա, որ այդ վայրերը անմիջականորեն սահմանակից են թուրքական Հաթայի վիլայեթին` Հայկական Կիլիկիայի մեկ այլ մասին, որը 1938-39 թթ. Ֆրանսիայի դավաճանության պատճառով օկուպացվեց Թուրքիայի կողմից։ Նշեմ, որ մինչ այդ տվյալ տարածքը, այսպես կոչված, «ֆրանսիական Սիրիայի» մասն էր, իսկ արդի Սիրիան չէր ճանաչում թուրքական իրավասությունը Հաթայիի նկատմամբ մինչև 2005 թ. սկիզբը։ Բնականաբար, Հաթայիի զավթումից հետո բոլոր հայերն ու քրիստոնյա արաբները փախան Հաթայիից, և հասկանալի է, թե ուր։ Իսկ հիմա` 2014 թ. մարտին, սիրիական զորքերը և աշխարհազորայիններն ընդհուպ մոտեցել են այդ վիլայեթին։ Դրանից հետո Սիրիայի բանակը ջախջախեց ամերիկացիների խամաճիկներին Լիբանանի հետ սահմանի ամբողջ երկայնքով, նույնիսկ ահաբեկիչներին հաջողությամբ դուրս մղեց Իսրայելի հետ սահմանի շրջանում գտնվող չեզոք գոտուց։ Իսկ քուրդ աշխարհազորայինները, վերջապես, խամաճիկներին դուրս շպրտեցին Թուրքիայի հետ սահմանակից Ռաս-ալ-Այնի 9Սերեկանիե) քաղաքավանից։ Սիրիացիները նաև հաջողությամբ շարունակում էին հարձակումը Լիբանանի սահմանի մերձակա ստրատեգիապես կարևոր լեռնային Կալամունի, ինչպես նաև Յաբուրդ քաղաքի և համանուն լեռնաշղթայի շրջաններում։ Այդ նույն օրերին ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները Սիրիայի «ընդդիմության» գրոհայիններին մեղադրեցին գերիների, այդ թվում՝ Հալեպի քրիստոնյաների զանգվածային գնդակոծման մեջ։ ՄԱԿ-ի հանձնաժողովի տվյալներով, գրոհայինները գրավել են Հալեպի մանկական հիվանդանոցը և այն օգտագործել գերիներին պահելու համար։ Գերիներից ոմանց ապստամբները հանել են շենքից և տարել, այսպես կոչված» «պատժավայր», ուր նրանց սպանել են, հաղորդում են ականատեսները։ Զեկույցում բերվում են այդպիսի գնդակահարությունների մի քանի այլ օրինակներ, որոնք կատարվել են «ընդդիմադիր» ջիհադականների ձեռքով։ Այսպիսով, պարզ է դառնում, որ այլևս ոչ ոքի չի հաջողվի թաքցնել ամբողջ ճշմարտությունը Սիրիայի ու քրիստոնյաների, այդ թվում՝ սիրիահայերի կրած տառապանքների մասին։
Միևնույն ժամանակ, հենց մարտի 18-ի լույս 19-ի գիշերը պատերազմի մեջ (սահմանափակ) մտավ Իսրայելը։ Իսրայելցիները մի շարք օդային հարվածներ հասցրին Սիրիայի ռազմական օբյեկտներին, մարտի 19-ին հաղորդեցին արևմտյան լրատվամիջոցները, վկայակոչելով իսրայելական բանակի ղեկավարությանը։ ՑԱԽԱԼ-ի (Իսրայելի պաշտպանության բանակի) ներկայացուցիչ, փոխգնդապետ Պետեր Լեոների հայտարարության համաձայն, օդից հարվածներ են հասցվել, մասնավորապես, Սիրիայի զինված ուժերի հրետանային մարտկոցներին, վարժական ճամբարին ու շտաբին։ Գրոհի ենթարկված օբյեկտների գտնվելու վայրը չի հաղորդվում։ Արդեն մարտի 21-ից Թուրքիան վերսկսել է Սիրիային ուղղված սպառնալիքները «սահմանափակ ռազմական գործողությամբ», իբր, հանուն Սուլեյման Շահի դամբարանի պաշտպանության։ ՈՒշադրություն դարձնենք թուրքական հայտարարության անսքող լպիրշությանը. «Սուլեյման Շահի դամբարանը Թուրքիայի սեփական սահմաններից դուրս գտնվող թուրքական հող է։ Տարբերություն չկա դամբարանի, Անկարայի կամ Սինոպի միջև։ Տարածքը, որտեղ այն գտնվում է, թուրքական հող է։ Մեր զինված ուժերը ապահովում են նրա անվտանգությունը և պաշտպանում այն»,- Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզին մեջբերում է «Hurriyet Daily News» թերթը։ ԱՄՆ-ը և ամբողջ Արևմուտքը, բնականաբար, լռելյայն վերաբերվեցին այդ «հայտին». ո՞ւր չքացավ Արևմուտքի պաթոսը «տարածքների անձեռնմխելիության» և այլնի վերաբերյալ։ Արդեն մարտի 21-ի երեկոյան թուրքական, ադրբեջանական, չեչենական և այլ վարձկանների ավազակախմբերը, «Ջեբհաթ ալ-Նուսրա», «Շամ-ալ-Իսլամ» և «Անսար ալ-Շամ» իսլամական կազմակերպությունների գրոհայինների հետ մեկտեղ, գրոհում էին սիրիա-թուրքական սահմանի մերձակա հայաբնակ Քեսաբ քաղաքի մոտ գտնվող սահմանային անցակետը։ Սիրիան, բնականաբար, Թուրքիային մեղադրեց «Ալ Քաիդային» աջակցելու մեջ։ Այնուհետև թուրքերը խփեցին սիրիական մեկ ռազմական ինքնաթիռ հենց սիրիական տարածքում։ Այդ ժամանակվանից մարտերն ընթանում էին հենց հայկական Քեսաբում։
Ահա այս վիճակն է հիմա Քեսաբում, և թե ում կողմն է գերակշռությունը, դժվար է ասել։ Սիրիայում էր գտնվում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը, երևի պատվիրակության անդամ պատգամավորները կկարողանան ավելի մանրամասնորեն պատմել ամեն ինչ։ Ի վերջո, նրանց ընդունել է նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադը (մարտի 27-ին), ով բարձր է գնահատել Հայաստանի իշխանությունների սկզբունքային դիրքորոշումը սիրիական ճգնաժամի և հատկապես Քեսաբի իրադարձությունների հարցում։ Հուսով եմ, որ հայ խորհրդարանականներին հաջողվել է ոչ միայն լինել Լաթաքիայի նահանգում, այլև անմիջական շփում ունենալ թե՛ Քեսաբի, թե՛ Հալեպի հայերի հետ։ Թշնամին մեր թշնամին չէր լինի, եթե մեկ անգամ ևս ցույց չտար իր գազանաբարո էությունը. Քեսաբում տեղի ունեցած մարտերի ժամանակ «ընդդիմադիրների» ու վարձկանների մյուս մասը փորձեց մարտերը վերսկսել նաև Հալեպի մատույցներում, սակայն երբ այդ փորձերը ձախողվեցին, նրանք հրթիռային և ականանետային հարվածներ հասցրին Հալեպի հայաբնակ Նոր Գեղ շրջանին, ընդ որում՝ որպես թիրախ ընտրել էին, դե իհարկե, մեր հայկական եկեղեցին։ Ո՞վ է սրան կասկածում. ես նկատի ունեմ այն հարցը, թե ով է հիմա Սիրիայում պատերազմում թե՛ նախագահ Ասադի, թե՛ ալավիների, թե՛ հայերի դեմ։ Անշուշտ, ֆաշիստները, անշուշտ անաստվածները, և այն բանից, որ նրանց աջակցում է Արևմուտքը, Սիրիայի և հայերի թշնամիների էությունը չի փոխվում։ Իսկ Քեսաբը կարծես մաքրվել է թուրքերից, վկայում են սիրիական աղբյուրները։
Հայկական «ստեղծագործ» մտավորականության ծախու մասն ինձ հաստատ կցանկանա առարկել։ Իսկ այդ հանրության «թյուրքահակ» մասը ¥որ նաև ամերիկահակ է¤ իբրև «հակափաստարկ» կհայտարարի. չե՞ս տեսնում, Թուրքիայում «ակցիաներ են տեղի ունենում ի պաշտպանություն Քեսաբի տուժած հայերի» և «ի նշան բողոքի ընդդեմ «Արդարություն և զարգացում» կառավարող կուսակցության ու նրա առաջնորդի` երկրի վարչապետ Էրդողանի դիրքորոշման, որոնք աջակցել են գրոհայիններին, կազմակերպել վերջին գրոհները» Քեսաբի վրա։ Իբր, հո բոլոր թուրքերը վատը չե՜ն։ Առհասարակ, ո՞վ է ասել, թե բողոքողները թուրքեր են եղել։ Այնտեղ արաբներն էլ քիչ չեն. նույն Հարբիա քաղաքավանում կամ Անտիոքում ¥Հաթայիի վիլայեթ¤, ուր տեղի էին ունենում բողոքները, բնականաբար մեծ թիվ են կազմում ալավի արաբները, քրդերը, վերջապես։ Կասեն, իբր, թուրքական կառավարությունը հերքել է իր կապը թաղամասը գնդակոծած զինյալների հետ։ Վերջապես, երևանցի թյուրքահակները և ամերիկամետ հայերը կարող են ձեռնածել նաև Անկարայի այն հայտարարությունը, թե իր «հասարակական ու գիտակցական» պատասխանատվության շրջանակներում Թուրքիան ՄԱԿ-ի համապատասխան մարմիններին ծանուցել է, որ Քեսաբում ապրող սիրիահայերը կարող են ապաստան գտնել Թուրքիայում։ Բացի այդ, հայ համայնքի ներկայացուցիչներն այդ մասին տեղեկացվել են պաշտոնական խողովակներով։ Այդ հարցի շուրջ շփումները շարունակվում են։ Անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն սիրիահայերի կարիքները հոգալու ուղղությամբ, ինչպես արվել է Սիրիայի մյուս բոլոր բնակիչների պարագայում»,- իրոք, ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Հարգելի հայրենակիցներ՝ Հայաստանում, Արցախում և ամբողջ աշխարհում, քույրեր և եղբայրներ։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ ազգին հասցված հերթական թուրքական հրապարակային ապտակ։ Մեկ անգամ ևս կրկնում եմ. հակակառավարական հանրահավաքներն ու Քեսաբի տուժած հայերին աջակցությունը թուրքերից չեն եկել։ Իսկ Անկարայի առաջարկությունները Սիրիայում երկուսուկես տարվա ընթացքում զոհված բոլոր հայերի հիշատակի անարգումն են։ Եվ համոզվելու համար Թուրքիայի ու նրա կառավարիչների երկերեսանիությանը, ինչպես և Անկարայի հերթական հակահայ քայլերի առնչությամբ ԱՄՆ-ի հանցավոր թողտվությանը, բավական է միայն իմանալ, որ ամբողջությամբ վերցրած Սիրիայի հյուսիսում տեղի ունեցած վերջին մարտերի, կոնկրետ Քեսաբի մարտերի ընթացքում սիրիական բանակն ու աշխարհազորայինները սպանել են 200-ից ավելի վարձկան թուրքերի, ադրբեջանցիների, չեչենների, նույնիսկ ղրիմցի թաթարների։ Որտեղի՞ց են նրանք բոլորը թափանցել Սիրիա։ Իհարկե, Թուրքիայից։ Ես չեմ ուզում բառացի կրկնել Հաագայում Հայաստանի արտգործնախարարության և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունները Քեսաբի իրադարձությունների մասին։ Չեմ կրկնի նաև Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարությունների հայտարարությունները Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների ընդլայնման անթույլատրելիության մասին։ Վերջապես, չեմ մեկնաբանի Հայ Հեղափոխական Դաշնակցության խիստ ժամանակին արած կոչն այն առնչությամբ, որ Հայաստանը պետք է աջակցի սիրիահայերի ինքնապաշտպանության կազմակերպմանը և միջազգային մակարդակով բարձրացնի հայ համայնքի իրավունքների պաշտպանության հարցը, և որ հենց Թուրքիան է համակարգել զինյալների հարձակումը սահմանամերձ հայաբնակ Քեսաբի վրա։ Պարզապես ասեմ. ի զարմանս և ի տարբերություն Հալեպի 2012-13 թթ. ոչ պակաս արյունալի իրադարձությունների, հիմա Հայաստանը որպես պետություն, թերևս, առաջին անգամ բացահայտ հանդես է գալիս արտասահմանում ապրող հայերի կյանքի ու անվտանգության պաշտպանությամբ։ Ես միայն կցանկանայի, որ իշխանության մեջ գտնվող տարբեր անձինք հիշեին, որ իրենք թիկունք են կանգնում ոչ թե «սիրիական» մի ինչ-որ Քեսաբ քաղաքի, այլ նույնքան հայկական հողի մի մասնիկի, ինչպիսիք են, ասենք, Շիրակը, Սյունիքը, Արցախը կամ Նախիջևանը։
Արևմուտքի փաստաբանները կասեն ինձ. չե՞ս տեսնում, որ մարտի 27-ին Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Քրիստեան մամուլի ասուլիսում Բրյուսելի անունից հայտարարեց, որ Եվրամիությունը դատապարտում է Սիրիայում հայաբնակ Քեսաբի շրջանի վրա կատարված հարձակումը։ Պատասխանեմ. ինձ համար Տրայան Քրիստեան չի գալիս փոխարինելու ո՛չ Քեթրին Էշթոնին, ո՛չ նույն Բառոզուին, ո՛չ էլ Արևմուտքի պետությունների ղեկավարներին, սկսած ԱՄՆ-ից։ Իսկ ահա նրանք միասին լռում են։ Այսինքն, հավանություն են տալիս հայերի ցեղասպանությանը Սիրիայում, հավանություն են տալիս Թուրքիայի ու նրա «կրտսեր եղբայրների» գործողություններին։ Օրինակ, Լիբանանում Սիրիայի դեսպան Ալի Աբդել Քարիմ Ալին օրերս հայտարարել է, որ իրենց ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, Թուրքիան ոչ միայն սոսկ խրախուսել է գրոհայինների հարձակումը հայկական Քեսաբի վրա, այլև նրանց ծանր սպառազինություն է տրամադրել։ Այնպես որ, ամոթ Արևմուտքի և Թուրքիայի փաստաբան հայերին։
Որքան էլ տարօրինակ լինի, վերջում ուզում եմ բոլորիս համար օրինակ բերել... քրդերին։ Սիրիացի քրդերի հիմնական զինված կառույցի` «Ժողովրդական պաշտպանության կոմիտեի» (YPG) հրամանատարությունը և՛ Սիրիայի, և՛ արտասահմանի քրդերի բոլոր խմբավորումներին կոչ է արել մոռանալ տարաձայնություններն ու կատարել իրենց ազգային պարտքը Սիրիայի քրդական բնակավայրերի վրա իսլամիստական զինյալների հարձակման պայմաններում։ Ինչպես հաղորդում է քրդական «Firat» գործակալությունը, հայտարարությունը հրապարակվել է վերջին շաբաթների ընթացքում Կոբանիի շրջանում քրդերի վրա կատարված մի շարք հարձակումներից հետո։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ իսլամականների այդ հարձակումների և Թուրքիայի սահմանի մոտ Թել Աբյադի ու Ռակիի մերձակա քրդական գյուղերի էվակուացման նպատակն է իրենց վերահսկողության տակ առնել Ռիմելանի շրջանի նավթահանքերն ու մասնատել քրդական ուժերի կողմից վերահսկվող տարածքները։ YPG-ի հայտարարությամբ քննադատվում են զանգվածային լրատվության արաբական ու միջազգային միջոցները և նրանց լռությունը տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ։ «Այդ հարձակումներն ուղղված են քրդական հողերի, քրդական մշակույթի և պատմության, ինչպես նաև բոլոր համայնքների դեմ։ Քաղաքական կարճամտություն է մտածել, թե հարձակումներն ուղղված են միայն մեկ կողմի դեմ»,- ասվում է քրդերի հայտարարության մեջ։ Մեկ անգամ ևս ընդգծեմ. YPG-ի դիմումը վերաբերում է ոչ միայն սիրիացի քրդերին, այլև Թուրքիայի, Իրաքի, Իրանի, ինչպես նաև Եվրոպայի երկրների քրդերին։
Սիրիայի քրդերը հասկացել են, թե ինչ խաղ են խաղում Թուրքիան և ԱՄՆ-ի նրա խնամակալները։ Իսկ մենք` հայերս, Սիրիայի քրդերից կարճատե՞ս ենք... ՈՒրեմն, հայկական քաղաքական կուսակցություններից ո՞րը ամբողջ ազգը կկոչի միասնության, ազգային պարտքը կատարելու պատրաստակամության։ Թե՞ մենք կշարունակենք «բաժանել» ու «բաժանվել»։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ