«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Իրականություն և այլընտրանք

Իրականություն և այլընտրանք
28.02.2014 | 00:45

Հանուն ճշմարտության ասեմ` ես այս ամենի հետ կապ չունեմ: Կատարվեց` ինչ կատարվեց: Չկատարվեց` ինչ չկատարվեց, և հիմա ունենք` ինչ ունենք:

Այդ առավոտ արթնացա զարմանալի թեթևության զգացումով, անգամ մեջքս չէր ցավում, որ ամեն օր ցավում է: Պատճառը չգիտեի, բայց պարզվեց շատ արագ` հենց մտա խոհանոց և միացրի ռադիոընդունիչը: Վերջապես: Վերջապես պաշտոնապես հնչեց հենց այն տեղեկատվությունը, որին այդպես հետամուտ էին հայոց խորհրդարանը, հայ ժողովուրդը, և որին այդպես դիմադրում էին այլմոլորակային ուժերը` ի դեմս որոշ պաշտոնյաների կառավարման համակարգի բոլոր օղակներում: Տեղեկատվությունն այնքան կարևոր էր, որ որոշեցի ճշտել ու անմիջապես առաջին իսկ պատահած կայքը մտա: Մեջբերում եմ ամբողջությամբ. «Երեկ գիշերային նիստում ՀՀ Ազգային ժողովը 247 ձայն կողմ, 253 ձայն դեմ և ոչ մի ձեռնպահ քվեարկությամբ ընդունեց խնդրահարույց օրինագիծը, որ քննարկվում էր դեռ նախորդ գումարման խորհրդարանում ամբողջ 9 տարի: Քվեարկությունից հետո պատգամավորները անմիջապես լքեցին դահլիճը, որովհետև բոլորն ուզում էին լրագրողներին անձամբ մեկնաբանել իրենց կայացրած պատմական որոշումը: Ինքը` խորհրդարանի նախագահը, հայտնվելով լրագրողների ծանր շղթայի կենտրոնում, միանգամից ասաց. «Հանգիստ, հանգիստ, մենք հո ժողովրդի թշնամին չենք: Մենք ժողովրդի հետ չենք վիճում: Ժողովուրդն է մեզ հետ վիճում, բայց այս պատմական օրը ամեն ինչ այլևս դառնում է անվիճելի: Շնորհավորում եմ բոլորիս»: ՈՒ քանի որ խորհրդարանի նախագահը այլևս հուզմունքից բառեր չէր գտնում, լրագրողների ծանր շղթան նույն ջանադրությամբ օղակեց գլխավոր ընդդիմադիրին, բայց նա ասաց, որ ձեռնպահ է քվեարկել ու հեռացավ: Մինչ լրագրողները կճշտեին, թե ինչպես կարող էր նա ձեռնպահ քվեարկել, երբ ոչ ոք ձեռնպահ չէր եղել, գլխավոր ընդդիմադիրը հասցրեց մտնել իր աշխատասենյակ ու փակել դուռը: Իսկ մյուս ընդդիմադիրները մեկը մյուսի հետևից իրենց խորհրդավոր հարցազրույցներում արտահայտում էին խորապես խորիմաստ մտքեր և…»: Սուրճս թափվեց, և ես ստիպված ընդհատեցի ընթերցանությունն ու նորից միացրի ռադիոընդունիչը: Երաժշտություն էր: Անծանոթ: Զարմացա, որովհետև այդ ալիքով մշտապես հնչում են ռուսական երգեր: Փոխեցի ալիքը ու վերջապես լսեցի` ինչ որոնում էի, հայտնի հաղորդագրության ծանոթ տողերը ստիպեցին հենց այդ ալիքի վրա կանգ առնել: Համարյա մեկ ժամ լսելուց հետո միայն հասկացա, որ, ինչպես ընդդիմադիրներից մեկն ասաց. «Դա, ըստ էության, այնպիսի հանձնաժողովի ստեղծում է, որը զբաղված կլինի ճշմարտության թաղումով», իսկ մյուսն էլ համոզված էր, որ «իրենց մտադրությունները մեզ չպիտի հետաքրքրեն»: Երրորդն էլ ասում էր` «Մենք դեմ ենք քվեարկել, բայց աշխատանքներին մասնակցելու ենք», չորրորդն էլ պատճառաբանում էր, թե ինչու իրենք կողմ են քվեարկել, բայց չեն մասնակցելու: Հինգերորդը կոչ էր անում համախմբումի: Վեցերորդը բացատրում էր` ինչու համախմբումը չի կայանում. «Որովհետև մեր ընդդիմադիր գործընկերները դեռ չեն հասկանում, որ համախմբում հնարավոր է միայն ուժեղ առանցքի շուրջը, իսկ ուժը մենք ենք»: Ամենահետաքրքիրը յոթերորդի տեսակետն էր. «Այսօր մենք հաղթեցինք, այս ճաք տված իշխանությունն այլևս չի կարող կայացնել միայն ինքն իրեն սպասարկող որոշումներ, իշխանությունը այլևս դատապարտված է սպասարկել ընդդիմության շահերը և դա, առանց չափազանցության, մեր հերոսական ժողովրդի հաղթանակն է»: Հետո նա երկար` անուն առ անուն թվարկեց ժողովրդին ու շնորհակալություն հայտնեց բոլոր յոթանասուն հոգուն, որ հրապարակից յոթ ժամ չէին հեռացել: Մի քանի անուններ նա կրկնեց` երևի հուզվում էր, կամ էլ նույն անուն-ազգանունով մարդիկ էին իրենց համախոհները: Առավոտն իսկապես գեղեցիկ է` մտածեցի ես:

Արդեն կեսօր էր դարձել, երբ վերջապես կայքերից մեկում գտա, թե ինչ որոշում է ընդունել խորհրդարանը: Ազգային ժողովը որոշել էր հանձնաժողով ստեղծել` հանձնաժողով ստեղծելու համար, որի օրակարգում յոթ հարց կար.
Առաջին. Ստեղծել հանձնաժողով Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու համար, որի նպատակը պետական կառավարման համակարգի համապատասխանեցումն է գլոբալացված աշխարհի մարտահրավերներին և աշխարհաքաղաքական նոր իրավիճակին:
Երկրորդ. ՀՀ կառավարությունը ցրել և ստեղծել նախարարությունների թվին համապատասխան հանձնաժողովներ` պետական կառավարման համակարգի արդյունավետ գործունեությունն ապահովելու համար:
Երրորդ. Հանձնաժողով ստեղծել` վերակազմավորելու համար ՀՀ Սահմանադրական դատարանը, մեկ այլ ենթահանձնաժողով ստեղծել, որը կզբաղվի Սահմանադրական դատարանի անցած տասնամյակներում կայացրած որոշումների Սահմանադրությանը համապատասխանության հարցի ուսումնասիրությամբ: Խորհրդատվական կարգով առաջարկվում էր ստեղծել ևս մի ենթահանձնաժողով, որն ուսումնասիրելու էր առաջին ենթահանձնաժողովի կայացրած որոշումների օրինակարգությունը:
Չորրորդ. Ազգային ժողովը որոշեց հանձնաժողով ստեղծել, որը կփոխարինի մինչ այդ գործող ուժային կառույցներին և կհամակարգի ու կկանոնակարգի բանակի, ներքին գործերի ու ազգային անվտանգության համակարգերի գործունեությունը: Այս որոշման մեջ նշվում էր մեկ վերապահում. եթե այս հանձնաժողովի գործունեությունը զուգահեռվեր որոշման երկրորդ կետով սահմանված հանձնաժողովների հետ, պետական գանձարանի միջոցների խնայման նպատակով գերակայությունը տրվում էր որոշման չորրորդ կետին:
Հինգերորդ. Ազգային ժողովը որոշում էր ընդունել հանձնաժողով ստեղծել, որը կանոնակարգելու և միասնական տեղեկատվության ապահովման ու ապատեղեկատվության բացառման նպատակով բոլոր հեռուստաալիքների լրատվական ծառայությունները լուծարելու էր ու ստեղծելու էր մեկ ընդհանուր, քսանչորս ժամ գործող լրատվական ալիք, որը հեռարձակելու էր միայն ստուգված փաստերի վրա հիմնված տեղեկատվություն: Հինգերորդ կետի առաջին ենթակետով` համանման որոշում էր կայացված բոլոր թերթերի, իսկ երկրորդ ենթակետով կայքերի համար: Առանձին ենթահանձնաժողովներ այդ նպատակով չէին ստեղծվելու` բյուջեն առանց այդ էլ դատարկ է:
Վեցերորդ. Ազգային ժողովը ևս մի հանձնաժողով էր ստեղծել` կադրերի նշանակման հանձնաժողովի ստեղծման համար: Հենց այս հանձնաժողովի շուրջ տարաձայնություններն էին պատճառ դարձել, որ նախորդ կետերով սահմանված մյուս բոլոր հանձնաժողովների ստեղծման հարցը, որի շուրջ համաձայնություն ձևավորել էր դեռ նախորդ խորհրդարանը, մտնի փակուղի: Նույնիսկ իշխանական կուսակցությունները չէին կողմնորոշվում` այդ հանձնաժողովի անդամներին պետք է ՀՀ նախագա՞հը նշանակի, թե՞ ժողովուրդն ընտրի: Եթե երկու տարբերակն էլ ընդունվի, ապա ի՞նչ համամասնությամբ: Ընդդիմությունը, որ այս հարցի շուրջ իր սկզբունքային պայքարով արդեն երկրորդ գումարումն էր խորհրդարան մտնում, մեկը մյուսի հետևից բարոյական ջախջախիչ հաղթանակներ էր տանում, անհրաժեշտ պահին, սակայն, չէր կարողանում ուժերը հավաքել և քվեարկել: Քվեարկությունը կանոնակարգով փակ, գաղտնի էր, և որոշ ընդդիմադիրներ, օգտվելով գաղտնիությունից, ապահովում էին իշխանական տեսակետի հաղթանակը: Կադրերի նշանակման հանձնաժողովը համարվում էր հանձնաժողովների հանձնաժողով, որն իր գործունեությամբ կամ հաջողության էր հասցնելու, կամ տապալելու էր բարեփոխումները երկրում: Բոլորը հաստատակամ էին հանուն երկրի ու իրենց կուսակցության շահի ոչ մի զիջում չանելու չափ: Բայց հարցն անակնկալ լուծվել էր` բարեփոխումները երկրում չձախողելու համար որոշում էր ընդունվել, որ այդ հանձնաժողովի հարցով կզբաղվի հաջորդ գումարման խորհրդարանը:
Յոթերորդ. Առաջնորդվելով Ազգային ժողովի ընդունած…
ՈՒ հենց այս կետում հանկարծ համակարգչի էկրանին հայտնվեց մի գեղեցիկ եռանկյուն, որը երկար պտտվում էր: Ձանձրացած անհեթեթ պտույտներից` փորձեցի մեկ այլ կայքից պարզել յոթերորդ կետը: Բայց որ կայքը բացում էի, նույն եռանկյունին էր պտտվում: Բարկացած միացրի ռադիոընդունիչը, բոլոր ալիքներով ռուսական երաժշտություն էր, միայն մեկ ալիքով Տոտո Կուտունյոն հրավիրում էր Վենետիկ: Հեռուստացույցի բոլոր ալիքներով ռուսական հին ու նոր ֆիլմեր էին ցուցադրում, երեք ալիքով նույն ֆիլմն էր` «Պետրոս Մեծը», և միայն մեկ ալիքի վազող տողով հաղորդվում էր, որ շուտով կարևոր հաղորդագրություն կտրվի: Ասեմ անկեղծ, շատ վախկոտ չեմ, բայց վախեցա: Օրն այնքան լավ էր սկսվել, մեջքս չէր ցավում, գլուխս չէր ցավում, ոտքերս չէին ցավում, ու ահա ամեն ինչ սկսեց ցավել: Կարևոր հաղորդագրությունը տրվեց կեսգիշերն անց: Մի քանի տող էր ընդամենը. «Ի կատարումն Ազգային ժողովի ընդունած որոշման` ՀՀ նախագահը իր ձեռքն է վերցնում երկրի կառավարումը մինչև համապատասխան հանձնաժողովների գործունեության ավարտը, իսկ մինչ այդ դիտեք ֆիլմեր և լսեք երաժշտություն»:
Համակարգչի էկրանին պտտվում էր նույն եռանկյունին, բայց եռանկյան մեջ գրություն կար, որ մեծ դժվարությամբ կարդացի` «Ի կատարումն Ազգային ժողովի ընդունած որոշման` ՀՀ նախագահը իր ձեռքն է վերցնում երկրի կառավարումը մինչև համապատասխան հանձնաժողովների գործունեության ավարտը, իսկ մինչ այդ դիտեք ֆիլմեր և լսեք երաժշտություն»: Ճիշտն ասած, ուրախացա, ուրեմն այլևս ոչինչ չեմ գրելու, որովհետև համապատասխան որոշում համապատասխան հանձնաժողովը չի կայացրել, համապատասխանաբար ես էլ ազատ եմ ու համարյա երջանիկ, որովհետև ոչ մտածել է պետք, ոչ էլ գործ կա անելու, հանձնաժողովը կորոշի ու…
Արթնացա, գլուխս պայթում էր ցավից, ո՞վ էր ասում, որ ցերեկով կարելի է քնել, այն էլ այն դեպքում, երբ ռադիոընդունիչով խորհրդարանական քննարկումներն էին հեռարձակում ժամանակավոր հանձնաժողովների ձևավորման հարցի շուրջ: Նույնիսկ լացս եկավ իմ ապազգային ու ապաքաղաքական պահվածքից, բայց ի՞նչ անեմ, գիշերը չէի քնել, հիմարաբար գիրք էի կարդում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Իմ խոտելի ու պախարակելի օրինակին չհետևեք, ես գիտակցում եմ իմ արարքի ողջ պատասխանատվությունը և խոստանում եմ ուղղվել: Այնուհանդերձ, առաջարկում եմ, որ խորհրդարանը քննարկի ևս մեկ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցը, որը կուսումնասիրի և իր եզրակացությունները կներկայացնի խորհրդարանին, թե ինչպես կանխել երկրի ու պետության համար այդպիսի կարևորագույն խնդիրների քննարկման ընթացքում այդքան անպատասխանատու վարքագծի դրսևորումները: Ես սպասում եմ: Խոստանում եմ քննարկման ժամանակ չքնել այլևս: ՈՒ մեկ էլ, խնդրում եմ, շատ եմ խնդրում` օրացույցից հանեք փետրվարի 29-ը:

Դիտվել է՝ 1460

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ