«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Եվրոպան ու ԱՊՀ-ն քամող «թերթաքարային փուչ հեքիաթներ» ԱՄՆ-ից

Եվրոպան ու ԱՊՀ-ն քամող «թերթաքարային փուչ հեքիաթներ» ԱՄՆ-ից
10.12.2013 | 00:05

Վերջին երեք-չորս տարում մի շարք երկրներում, ԱՄՆ-ի «օրհնությամբ», ճղճղան իրարանցում էր տիրում, այսպես կոչված, թերթաքարային գազի հետախուզման ու արդյունահանման թեմայի շուրջ։ Դա ներկայացվում էր իբրև մի յուրօրինակ զրահ` «էներգետիկ կախումից» Եվրոպայի երկրների «ազատագրման» համար։ Մտահղացումը նոր չէ` 19-20-րդ դարերում մասնագետներին հայտնի էր, որ լիովին հնարավոր է թերթաքարային ապարներից գազ և նույնիսկ նավթ ստանալ և արդյունահանել։ Եվ «բնական» նավթի ու գազի համաշխարհային գների բարձրացման պայմաններում, անշուշտ, հիմնավորված են էներգակիրների այլընտրանքային ակունքների որոնումները։ Սակայն այն, թե ինչ ուղղությամբ են հիմնականում փորձում զարգացնել թերթաքարային գազի «մոդան», ստիպում է մտածել, որ այստեղ անկյունաքարը ոչ թե Եվրոպայի «էներգետիկ անկախության» գաղափարն է, այլ այն հարցը, որ Եվրոպան «զերծ պահվի» հատկապես Ռուսաստանից կատարվող մատակարարումներից։ Չէ՞ որ դրա հետ մեկտեղ Արևմուտքը չի հրաժարվում Մերձավոր Արևելքի, Միջին Ասիայի և Մերձկասպյան տարածաշրջանի (TANAP և այլն) երկրներից Եվրոպա նոր գազամուղների գցման թանկ և տնտեսական առումով քիչ հիմնավորված նախագծերից։
Թերթաքարային գազի խոշորաչափ արդյունաբերական արտադրությունը «Devon Energy» ընկերությունն ԱՄՆ-ում սկսեց 2000 թ. սկզբներին, հետևաբար, մնացած աշխարհում էլ «մոդան» սկսեցին թելադրել ամերիկացիները։ Թեև գազի առաջին առևտրային հորանցքը ԱՄՆ-ի թերթաքարային ապարներում հորատվել էր 1821 թ. (Ֆրեդոնիայում, Նյու Յորք)` Վիլյամ Հարտի կողմից, որն ԱՄՆ-ում համարվում է «բնական գազի հայր»։ Դրա հանույթի կտրուկ ավելացման շնորհիվ (դա արևմտյան լրատվամիջոցների, նրանց օրհությամբ էլ ԱՊՀ երկրների մի շարք լրատվամիջոցների կողմից «գազային հեղափոխություն» անունը ստացավ), 2009 թ. ԱՄՆ-ը դարձավ գազի արդյունահանման համաշխարհային առաջատար (745,3 մլրդ խմ), ընդ որում` 40 %-ից ավելին բաժին է ընկնում ոչ ավանդական աղբյուրներին ¥ածխաշերտերի մեթան և թերթաքարային գազ)։ 2010 թ. առաջին կիսամյակում վառելիքի աշխարհի խոշորագույն ընկերությունները 21 մլրդ դոլար ծախսեցին թերթաքարային գազի արդյունահանման հետ կապված ակտիվների վրա։ Սակայն արդեն այդ պահին որոշ մեկնաբաններ կարծում էին, թե թերթաքարային գազի շուրջ ծավալված իրարանցումը, որը «թերթաքարային հեղափոխություն» է հորջորջվում, մի շարք էներգետիկ ընկերությունների բորբոքած գովազդային արշավի հետևանք է, որոնք նշանակալի միջոցներ էին ներդրել թերթաքարային գազի արդյունահանման նախագծերում և լրացուցիչ գումարների հոսքի կարիք ունեին։ Այսպես թե այնպես, համաշխարհային շուկայում թերթաքարային գազի հայտնվելուց հետո գազի գները սկսեցին իջնել։
Բայց դա` ԱՄՆ-ում։ Իսկ ինչ վերաբերում է Եվրոպային և Ռուսաստանին, ապա այդտեղ բավական թույլ արձագանքեցին ամերիկացիների ճիգերին` իրենց հերթական վառելիքաէներգետիկ նախաձեռնությունը ներկայացնելու իբրև «հեղափոխություն»։ Եվ բացատրությունը շատ պարզ է. 2012 թ. բնական գազի գները ԱՄՆ-ում թերթաքարային գազի արդյունահանման ինքնարժեքից զգալիորեն ցածր էին, որի հետևանքով թերթաքարային գազի շուկայի խոշորագույն դերակատար «Chesapeake Energy» ընկերությունը հայտարարեց արտադրությունը 8 %-ով, իսկ հորատման մեջ կապիտալ ներդրումները 70 %-ով կրճատելու մասին։ 2012 թ. առաջին կիսամյակում գազը ԱՄՆ-ում, որտեղ նկատվում էր դրա գերարտադրություն, ավելի էժան էր, քան Ռուսաստանում, որն ունի հետախուզված գազի խոշորագույն պաշարներն աշխարհում։ Ցածր գները գազարդյունահանող առաջատար ընկերություններին ստիպեցին կրճատել արդյունահանումը, ինչից հետո գազի գները բարձրացան։ 2012 թ. կեսերին, թերթաքարային գազի արդյունահանմամբ զբաղվող մի շարք խոշոր ընկերություններ սկսեցին ֆինանսական դժվարություններ զգալ, իսկ «Chesapeake Energy»-ն սնանկանալու եզրին կանգնեց։ Թերթաքարի հանքաշերտերը, որոնցից կարելի է գազ կորզել, շատ մեծ են, բայց հիմնականում մի քանի երկրներում են գտնվում. Ավստրալիա, Հնդկաստան, Չինաստան, Կանադա։ Իհարկե, էական պաշարներ կան նաև Ռուսաստանում։ Ինչպես տեսնում ենք, սրանց մեջ չկա եվրոպական ոչ մի երկիր, թեև, անշուշտ, թերթաքար բավականաչափ կա նաև Եվրոպայում։ Չի կարելի ասել, թե թվարկված երկրներում չեն մտածում ամերիկյան փորձի կրկնության մասին։ Այսպես, Չինաստանը ծրագրում է 2015 թ. արդյունահանել 6,5 մլրդ խմ թերթաքարային գազ։ Բնական գազի արտադրության ընդհանուր ծավալը երկրում, ընթացիկ մակարդակի համեմատ, կաճի 6 %-ով։ 2020 թ. ՉԺՀ-ն ծրագրում է թերթաքարային գազի արդյունահանման մակարդակը հասցնել տարեկան 60-100 մլրդ խմ-ի։
Ի՞նչ է թերթաքարային գազը։ Դա բնական գազի տարատեսակ է, որը ոչ մեծ գազագոյացությունների ձևով պահպանվում է երկրի նստվածքային ապարի թերթաքարային շերտի կուտակարաններում։ Առանձին գազակուտակարանների պաշարները մեծ չեն, բայց դրանք միասին վերցրած հսկայական են և պահանջում են արդյունահանման հատուկ և թանկ տեխնոլոգիաներ։ Ընդ որում, այդ ամենն ուղեկցվում է բնապահպանական վիթխարի ռիսկերով։ Այնպես որ, խնդիրը թերթաքարային գազի հանքավայրերի շահագործման տեխնոլոգիաների և արդյունահանման ծախսատարությունն ու գործի շահութաբերությունն է։ Հենց այդ կապակցությամբ էլ մի շարք ԵՄ անդամ երկրների և նախկին խորհրդային հանրապետությունների ձգտումը` ԱՄՆ-ի «խորհուրդ»-թելադրանքի ներքո ԵՄ տնտեսական զարգացման տևական ճգնաժամայնության պայմաններում գնահատվում է որպես Եվրասիայում Ռուսաստանի «գազային դիրքորոշմանն» ուղղված քայլ։ Իսկ ուկրաինական տարածքով դեպի Եվրոպա գազի տարանցման հարցերի շուրջ ռուս-ուկրաինական «գազային» հարաբերությունների սրումից հետո հենց թերթաքարային գազի համբավի մեծացումը, ինչպես նաև մի շարք երկրների կոնկրետ քայլերը, համառորեն մատնանշում են «թերթաքարային հեղափոխության» և դրա անխուսափելիության շուրջ բարձրացված ամբողջ աղմուկի քաղաքականացվածությունը։
Դրա ապացույց լիովին կարելի է համարել այն փաստը, որ եվրոպական երկրների լրատվամիջոցներում, ամերիկացիների կողմից «թերթաքարային հեղափոխություն» տերմինի գործածումից ի վեր (թեև տեղին կլիներ ասել «թերթաքարային տենդ»), սկսել են երևալ այսպիսի վերնագրեր. «Թերթաքարային գազը սպանեց «Գազպրոմի» շնաձկներին», «Սպիտակ-կապույտ-կարմիրների խողովակային իշխանության վերջը» և այսպես շարունակ։ Արևմուտքի և մի շարք այլ երկրների գործարար, հասարակական և հատկապես քաղաքական շրջանակներում լայն տարածում են գտել այն հերյուրանքները, թե «թերթաքարային հեղափոխությունը» Ռուսաստանի մենաշնորհի դեմ պայքարի հզոր միջոց է, ընդ որում, միանգամից մի քանի «ճակատներում» (ամերիկյան, եվրոպական և ասիական)։ Հյուսիսային Ամերիկայի գազի շուկայում թերթաքարային գազը ոչ միայն լիովին բավարարում է ներքին պահանջարկը, այլև պայմաններ է ստեղծում հեղուկ թերթաքարային գազի մեծածավալ արտահանության համար, և առաջին հերթին` եվրոպական շուկա։ Դրանով իսկ վճռական ճնշում կգործադրվի Ռուսաստանի վրա նաև «եվրոպական ճակատում», ուր, ի հավելում ամերիկյան հեղուկ թերթաքարային գազի (ՀԹԳ), կսկսվի սեփական թերթաքարային գազի արդյունահանումը, որի ակտիվ ջատագովներն են ԱՄՆ-ի գործարար և քաղաքական շրջանակների ներկայացուցիչները։ Նրանք ամեն կերպ ձգտում են եվրոպական կառավարություններին համոզել, որ Եվրոպայում ոչ ավանդական գազի պաշարները պակաս չեն, քան ԱՄՆ-ում, հետևաբար, արդյունահանումը տնտեսապես շահավետ կլինի։ Բացի այդ, Եվրոպայում թերթաքարային գազի արդյունահանումը նրան հնարավորություն կտա եթե ոչ լիովին ազատվելու ռուսական գազից ունեցած կախումից, ապա գոնե զերծ մնալու գնի թելադրանքից, ստիպելու Ռուսաստանին էապես նվազեցնելու արտահանվող բնական գազի գինը։ Իսկ Չինաստանում թերթաքարային գազի լայնածավալ արդյունահանումը, իբր, Ռուսաստանին պարտության կմատնի նաև «ասիական ճակատում»։
Ահա թե ինչու ամերիկացիները, սկսելով Լեհաստանից, «թերթաքարային հարձակումը» ծավալեցին արևելյան ուղղությամբ` նախկին ԽՍՀՄ-ի արևելյան տարածքներում։ Բնականաբար, առաջին հերթին ներգրավվեցին մերձբալթյան հանրապետությունները։ Այնուհետև, որքան էլ տարօրինակ լինի, Հայաստանի հերթը եկավ։ Հիմա հերթը ՈՒկրաինայինն ու Բելառուսինն է։
Մյուս պատճառն այն է, որ հենց 2000-ական թթ. «Երկնագույն հոսք» (Սև ծովի հատակով դեպի Թուրքիա) գազամուղից հետո, Ռուսաստանը հաջողությամբ կառուցել և շահագործում է նաև «Հյուսիսային հոսքը», իսկ հիմա պատրաստվում է իրացնելու «Հարավային հոսք» նախագիծը, այսինքն` Եվրոպան հյուսիսից և հարավից առնում է ուղիղ մատակարարման խողովակաշարերի մեջ, կախում չունենալով ՌԴ-ի և ԵՄ-ի միջև ընկած տարանցման երկրներից։ Ի դեպ, Բուլղարիան, Սերբիան և Իտալիան արդեն երախտագիտությամբ են ընդունել «Հարավային հոսքը», այսինքն, չեն վախենում Ռուսաստանից «գազային կախում» ունենալուց։
Հայաստանում, ինչպես հաղորդել են լրատվամիջոցները, 2010 թ. սկսած տեղի են ունեցել ամերիկյան «փորձագետների» «արշավներ», որոնք «համոզում» էին հայ հանրությանը։ Եվ, պարզվում է, դեռ 2011 թ. հոկտեմբերից ամերիկյան ինչ-որ մի ֆիրմա իրոք սկսել է թերթաքարերի պաշարներ որոնել Հայաստանում։ 2011 թ. աշնանը հայկական ղեկավարությանը «էներգիայի այլ աղբյուրներ գտնելու» կոչ է արել նաև Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին։ Եվ դա վկայում է, որ նախկին միութենական հանրապետությունները Ռուսաստանի գազից ունեցած կախումից կտրելու հարցում ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գործել են համատեղ։ Ընդ որում, ստացվում է, որ Հայաստանի իշխանությունները համաձայնություն տվել էին ամերիկացիների կողմից թերթաքարի պաշարների որոնմանը դեռ այն ժամանակ, երբ 2011 թ. հոկտեմբերի 23-25-ին նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցով եղավ Ռուսաստանում։ Ճիշտ է, Հայաստանի առումով Արևմուտքը նպատակ ուներ Երևանը «կտրել» ոչ միայն ռուսական, այլև իրանական գազից։ Ինչպես և ընդհանուր առմամբ հասնել այն բանին, որ Հայաստանի ու Իրանի հարաբերությունները գոնե «սառչեն»։
Նշենք, որ 2013 թ. մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆեռնը անուղղակիորեն հաստատեց, որ հենց ԱՄՆ-ի հովանավորությամբ է Հայաստանում տեղի ունենում «էներգետիկ ոլորտի բազմազանեցում և այլընտրանքային ակունքների որոնում»։ Եվ Վաշինգտոնը «պաշտպանում ու աջակցում է» Երևանին, բնականաբար, առաջին հերթին, մատուցելով նույն հեքիաթը «թերթաքարային գազի» մասին։ «ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության ներկայացուցիչներն անցած տարի այցելել էին Հայաստան և այստեղ համապատասխան հետազոտություններ կատարել։ Ներկայումս Վաշինգտոնում այդ հետազոտությունների տվյալները վերլուծվում են։ Երբ գործն ավարտվի, արդյունքները մենք կներկայացնենք Հայաստանի կառավարությանը և հասարակայնությանը»,- հայտարարեց Հեֆեռնը։ Սա ի գիտություն մեր այն վայ-հայրենասերների, ովքեր մինչև հիմա Հայաստանի «թերթաքարային հզորության» հույսեր են փայփայում և այլն։ Բացատրեմ կարճ` եթե թերթաքարային ապարների պաշարները և, համապատասխանաբար, դրանցից գազի կորզման հնարավորությունը հեռանկարային լինեին, ապա ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության ներկայացուցիչները վաղուց արդեն ԱՄՆ-ի պետդեպարտամենտին հուշած կլինեին «գրոհի անցնել» Հայաստանում։
Մոտավորապես նույն տարիներին «մշակվում» էին ՈՒկրաինան, Մերձբալթիկան և Բելառուսը։ Այսպես, 2010 թ. ՈՒկրաինան թերթաքարային գազի հետախուզման արտոնագիր տրամադրեց «Exxon Mobil» և «Shell» ընկերություններին։ 2012 թ. մայիսին հայտնի դարձան Յուզովկայի (Դոնեցկի մարզ) և Օլեսկոյի (Լվովի մարզ) գազահրապարակների շահագործման մրցույթի հաղթողները։ Դրանք էին, համապատասխանաբար, «Shell»-ը և «Chevron»-ը։ Սպասվում է, որ այդ տեղամասերում արդյունահանումը կսկսվի 2018-19 թթ.։ 2012 թ. հոկտեմբերի 25-ին «Shell»-ը սկսեց կոշտ ավազուտներում գազի որոնման առաջին անցքի հորատումը Խարկովի մարզում։ Յուզովկայի տեղամասի թերթաքարային գազի արտադրանքի բաժանման մասին «Shell» և «Նադրա Յուզովյան» ընկերությունների միջև համաձայնագիրը ստորագրվեց 2013 թ. հունվարի 24-ին, Դավոսում, ՈՒկրաինայի նախագահի մասնակցությամբ։ Ճիշտ է, դրանից հետո, փաստորեն, անմիջապես Խարկովի ու Դոնեցկի մարզերում սկսվեցին բնապահպանների, կոմունիստների և մի շարք այլ ակտիվիստների պիկետները, որոնք ուղղված էին թերթաքարային գազի շահագործման և, մասնավորապես, արտասահմանյան ընկերություններին նման հնարավորություններ ընձեռելու դեմ։ Սակայն թե որքանով են հաջող ամերիկացիների որոնողական աշխատանքները ՈՒկրաինայում և Հայաստանում, լայն հասարակայնությանը չի հաղորդվում։ 2013 թ. ապրիլի 4-ին Մինսկում հրավիրված մամուլի ասուլիսում Բելառուսի բնական պաշարների և շրջակա միջավայրի պահպանության նախարարության երկրաբանության դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Վարաքսան հայտարարեց, որ Շվեյցարիայում գրանցված մի ընկերություն Բելառուսում թերթաքարային գազի որոնման աշխատանքներ է կատարում` արդյունահանման հեռանկարով։ Իսկ վերջին մի շարք հրապարակային հայտարարությունները թույլ են տալիս ենթադրել, որ Արևելքում «թերթաքարային տենդի» տարածման հարցը հովանավորում է անձամբ ՈՒկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Տեֆտը։
Բայց այն փաստերը, որ «Թերթաքարային նախաձեռնությունը» Լեհաստանում սկսել է տեղապտույտ տալ, իսկ նույն «Shell»-ը հիմա արդեն հանկարծ խոսակցություն է սկսել Լվովի մարզում հետախուզական աշխատանքներ չսկսելու և Դոնեցկում աշխատանքները դադարեցնելու հավանականության մասին, ստիպում են մտածել, որ «Ամեն ինչ չէ, որ հարթ է թերթաքարային թագավորությունում»։ ԱՄՆ-ն արդեն բացասական արդյունքներ է ստանում։ Դեռ գարնանը Լեհաստանում թերթաքարային գազի հանքավայրերի հետագա որոնման աշխատանքներից հրաժարվել էին երկու հզոր ֆիրմաներ` ամերիկյան «Marathon Oil» կոնցեռնը և կանադական «Talisman Energy»-ն։ «Մանրամասն վերլուծությունից և Լեհաստանի տարածքում ընկերության որոնողական գործունեության գնահատումից, ինչպես նաև ածխաջրածինների շերտեր գտնելու անհաջող փորձերից հետո, որոնք կարելի լիներ առևտրային շահագործման ենթարկել, «Marathon Oil»-ը որոշում ընդունեց դադարեցնել իր գործունեությունը Լեհաստանում»,- այսպիսին է ամերիկյան կոնցեռնի պաշտոնական դիրքորոշումն իր վերջին եռամսյակային հաշվետվության մեջ։ Մյուս կողմից, անգլիական «Lane Energy Exploration» ընկերությունը փակում է Գդանսկից ոչ հեռու բացված փորձնական հորանցքը։ Իտալական «Eni» ֆիրման 2013-14 թթ. հորատման շարունակում չի ծրագրում։
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2210

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ