«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

«Համաշխարհային ժողովրդավարություն» խաղալով Վաշինգտոնը փորձանք բերեց գլխին

«Համաշխարհային ժողովրդավարություն»  խաղալով Վաշինգտոնը փորձանք բերեց գլխին
08.12.2013 | 12:01

2013 թ. դեկտեմբերի 3-ը ԱՄՆ-ի պատմության մեջ կմտնի իբրև մի օր, որից, բացառված չէ, սկսվում է արևմտյան ժողովրդավարության պատվարի նոր «մեծ լճացումը»։
Այդ օրը ամերիկյան «The wall Street Journal» թերթը հաղորդեց, որ ԱՄՆ-ի դաշնային դատարանը հաստատել է Դետրոյտ քաղաքի սնանկությունը, որի պարտքերը հասել են 18 մլրդ դոլարի։ Դետրոյտի սնանկացումը ԱՄՆ-ի զանգվածային լրատվամիջոցները ներկայացնում են որպես ամերիկյան արդյունաբերության փլուզման խորհրդանիշ։ Դա եղավ աշխարհի խոշորագույն քաղաքային սնանկությունը։ Դատարանը համարեց, որ քաղաքը սնանկ է, թեև նշեց, որ քաղաքային վարչակազմը պատշաճ ուշադրություն ու ժամանակ չի նվիրել վարկատուների հետ բանակցություններին։
Բայց ամերիկյան լրատվամիջոցները համեստություն են անում. Դետրոյտը խորհրդանիշն է ոչ միայն ԱՄՆ-ի արդյունաբերության հաջող զարգացման։ Նա առհասարակ երկար տասնամյակներ մարմնավորել է այդ երկրի սրընթաց զարգացման բուն փաստը, խորհրդանշել է «ամերիկյան երազանքի» և «ամերիկյան ապրելակերպի» հաղթանակը։ Իսկ հիմա քաղաքը, որի բնակչության թիվը, արվարձաններով հանդերձ, 4 միլիոնից ավելի էր (համեմատեք մեր երկրի հետ), դարձել է ուրվական, դժբախտությունների և մարդկային հուսալքության, մահվան և երազների անկատարության խորհրդանիշ։ Վերջին տվյալներով, Դետրոյտից արդեն փախել է 1,5 մլն մարդ, և այդ հոսքը շարունակվում և օրեցօր ուժեղանում է։
Դետրոյտի իշխանությունները սնանկության հայտ ներկայացրին 2013 թ. ամռանը։ Այդ քայլին դրդած պատճառներից նշվում էին քաղաքի բնակչության թվի անկումը և ավտոմեքենաների արտադրության ծավալների կրճատումը (ավտոարտադրությունը քաղաքի տնտեսության առանցքային ճյուղն էր), դաշնային իշխանությունների կողմից քաղաքի դժվարությունների անտեսումը և այլն։ Այդուամենայնիվ, շատերին թվում էր, թե կհաջողվի խույս տալ աղետից։ Բայց... Դաշնային իշխանությունը, ի դեմս իր դատարանի, այլ որոշում ընդունեց։ Դատարանի որոշումը վրդովմունք առաջացրեց բանվորների և արհմիությունների անդամների շրջանում. պետությունը հրաժարվեց երաշխավորելուց նրանց կենսաթոշակների լրիվ վճարումն ու արտոնությունների տրամադրումը։ Նրանց վրդովմունք է պատճառել այն, որ քաղաքն իր խնդիրները լուծելու է իրենց հաշվին։ Հասարակ, շարքային ամերիկացիների, որոնք, գոնե Դետրոյտում, ընչազուրկ են։ Անհանգստացած են նաև արվեստասերները. նրանք երկյուղում են, որ Դետրոյտի արվեստի ինստիտուտի հարուստ հավաքածուն կարող է աճուրդի հանվել պարտքերը մարելու համար։ Հիմա քաղաքային իշխանությունները պետք է ներկայացնեն պարտքի վերակազմավորման (պարտքի սպասարկման պայմանների վերանայման) պլան։ Դա կարող է քաղաքի տնտեսությանը «նոր մեկնարկ» հաղորդել, համարում են փորձագետները։ Պլանավորվում է, որ սնանկացման գործընթացը կավարտվի 2014 թ. սեպտեմբերի վերջին։
Ինչո՞ւ է ինչ-որ մեկը սնանկանում։ Որովհետև փողը չի հերիքում։ Կամ էլ փողը «հանկարծակի» ինչ-որ տեղ է «ցնդում»։ Լինի դա հետևանք ուժեղ ֆինանսատնտեսական ճգնաժամի, թե ինչ-որ ֆինանսական խարդախ գերբուրգի փլուզման։ Դետրոյտի իշխանություններն իրենց հայտում համեստություն են արել, և հարազատ քաղաքի աղետի ոչ բոլոր պատճառների մասին են հայտարարել։ Իսկ ահա ամերիկյան «Պյու կենտրոնի» ԱՄՆ-ում անցկացրած (հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 6-ը) սոցիոլոգիական հետազոտության մասնակիցները չեն թաքցրել իրենց տեսակետները։ Հարցումը կրում է «Ամերիկայի տեղն աշխարհում-2013» անվանումը, և ռեկորդային թվով (52 %) ամերիկացիներ համաձայնել են, որ լավ կլինի ԱՄՆ-ը զբաղվի իր սեփական գործերով և թույլ տա, որ մյուս երկրներն էլ իրենք լուծեն իրենց խնդիրները։ Հակառակ տեսակետին է հարցվածների միայն 38 %-ը։ Մնացած 10 %-ը ձեռնպահ է եղել պատասխանից։ Այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ն ավելի ազդեցիկ ու հզոր է դարձել վերջին 10 տարում, դրական պատասխան է տվել հետազոտության մասնակիցների սոսկ 17 %-ը։ 53 %-ը համոզված է, որ միանգամայն հակառակ իրավիճակն է։ Նման ցուցանիշը մի նոր անակնկալ է գիտնականների համար, որոնք քաղաքացիների այլ տրամադրությունների են սովոր։ Իսկ հարցվածների 70 %-ը համարում է, որ Ամերիկան հիմա առաջվա հարգանքը չի վայելում։ Այդ ցուցանիշը 2008 թ. մայիսին (Ջորջ Բուշ Կրտսերի նախագահության երկրորդ ժամկետում) արձանագրվածից 1 %-ով ցածր է եղել։ Հարցվածների միայն 26 %-ն է կարծում, որ հայրենիքն առաջվա նման մեծ հարգանք է վայելում։
Ամենամեծ վնասն աշխարհում ԱՄՆ-ի վարկին, ամերիկացիների կարծիքով, պատճառել է Սիրիայի հակամարտության կապակցությամբ Բարաք Օբամայի վարչակազմի բռնած դիրքը։ Բացի այդ, ամերիկացիների հոռետեսությունը հետևանք է Իրաքի, Աֆղանստանի և Լիբիայի տարածքում մարտական գործողություններին երկրի միջամտության։ Վերջապես, հարցվածների մոտավորապես 52 %-ը կարծում է, որ Ամերիկայի տնտեսական խնդիրներն ուղղակիորեն կապված են այլ երկրների ներքին գործերին Վաշինգտոնի միջամտության քաղաքականության հետ։
Հետևությունը պարզ է. Դետրոյտի ճանաչումը սնանկ քաղաք դառնում է ևս մեկ ապացույց այն բանի, որ ԱՄՆ-ը «համաշխարհային ժողովրդավարություն» խաղալով փորձանք բերեց իր գլխին։ Չէ՞ որ ուրիշ պետությունների կյանքին ամերիկացիների միջամտության բոլոր ակտերը կատարվել են «աշխարհում հանուն ժողովրդավարության խաչակրաց արշավանքի» դրոշով։ Բայց շարքային ամերիկացիներն այլևս ի վիճակի չեն հանդուրժելու իրենց իշխանությունների ամենաթողությունն ու անպատասխանատվությունը։
Եվ վերջում հարց Հայաստանի քաղաքացիներին. դե լավ, ԱՄՆ-ում տարբեր տեսակի դետրոյտներում տնտեսական աղետի ու մարդկային ողբերգության պատճառն այն է, որ Վաշինգտոնը չափն անցել է «ժողովրդավարության» պարտադրման ճանապարհին։ Այդ նույն Իրաքում, Լիբիայում, Սիրիայում... Բայց ինչո՞ւ է մեզ մոտ՝ Հայաստանում, ամեն ինչ ճիշտ և ճիշտ նույնը։ Մեզ մոտ նույնիսկ բնակչությունն ավելի քիչ է, քան միայն Դետրոյտում։ Դետրոյտից բնակչության զանգվածային փախուստն այսօր չի սկսվել, սակայն բացահայտորեն սաստկացավ այն բանից հետո, երբ քաղաքը սնանկ ճանաչվեց։ Բայց Հայաստանից զանգվածային արտագաղթը սովորական բան է։ Մենք արդեն սնանկ երկի՞ր ենք։ Ամո՛թ է, ամո՛թ, որ չեն կարողանում սեփական ժողովրդին արժանավայել պայմաններում պահել իր հայրենիքում։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2027

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ