«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Տեղապտույտի կլասիկա. սկսում ու ավարտում ենք նույն կետում

Տեղապտույտի կլասիկա. սկսում ու ավարտում ենք նույն կետում
13.10.2013 | 11:19

Ավարտվեց կամ համարյա ավարտվեց հերթական մի բաժակ ջրի փոթորիկը Հայաստանում: Դասական տարբերակ էր սա` իշխանության, ընդդիմության, միջազգային կառույցների, հասարակության, լրատվամիջոցների մասնակցությամբ: Դասական էր նաև ամենակարևորով` արդյունքի տեսակետից: Ավելի ստույգ` արդյունքի զրոյականության տեսակետից: Հերթական անգամ բոլոր կողմերը ստացան ինքնարտահայտման հնարավորություն և հիշեցրին, որ իրենք կան ու անգամ մտահոգ են երկրի ճակատագրով: Իսկ ե՞րբ է որևէ քայլ արժևորվելու արդյունքի տեսակետից: Այնպիսի արդյունքի, որ դրսևորվելու է ոչ թե տարիների մեջ կամ շատ լոկալ սահմաններում, այլ բոլորիս կյանքում ու հիմա: Ավելին` ինչո՞ւ այն հարցերը, որ վերաբերում են բոլորին, հետաքրքրում են քչերին, այն էլ` զուտ մասնագիտության կամ գործի բերումով: Ի՞նչ է սա կոչվում` հասարակական անտարբերությո՞ւն, օտարացո՞ւմ, թե՞ անիմաստ է որևէ քայլ, որովհետև, միևնույն է, ոչինչ չի փոխում: Այս հարցի պատասխանն առավել կարևոր է, քան բոլոր հերթական սենսացիաներն ու իրենց հանգուցալուծման մանրամասները: Սենսացիաներն օրվա հաց են, բայց աշխատանքի խնդիր չեն լուծում, մինչդեռ «Ով աշխատի, նա ուտի» սկզբունքը գործում է անխախտ:
Այնուամենայնիվ, մի բաժակ ջրի փոթորկի այս տարբերակում անթաքույց դրսևորվեցին բոլորի միայն ու միայն թույլ կողմերը: Պալատական խարդավանքների մեջ թրծված Հովիկ Աբրահամյանին կյանքն ապացուցեց, որ ամեն ինչ հաշվարկել հնարավոր չէ և ոչ մի մեղք չունենալով մեղավոր դառնալը կախված է ընդամենը մեղադրելու ցանկություն ունեցողից: Իսկ ինչո՞ւ: Արփինե Հովհաննիսյանը կանոնակարգային կամ բարոյական հարթության մեջ ոչ մի մեղք չէր գործել, իսկ հանիրավի մեղադրվեց համարյա դավադրության մասնակցելու մեջ: Ինչո՞ւ: ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը դավադրությունը կանխող, թե կազմակերպող էր` այդպես էլ պարզ չդարձավ: Եթե հարցը հնչեց` կանխելու այլ պատգամավորների կողմից հնչեցվելը, ոչինչ չէր խանգարում, որ նույն հարցը երկրորդվեր ու երրորդվեր: Վերջապես, որևէ պատվիրակության ղեկավար, ըստ աշխատակարգի, ոչ իրավասու է վերահսկել, ոչ էլ կազմակերպել պատգամավորների ելույթներն ու հարցերը: Այլ հարց է, որ ընդհանրական խնդիրները համատեղ լուծելու գիտակցությամբ միանգամայն հնարավոր է թիմով աշխատանքը` պատվիրակության կազմում ունենալով ընդդիմադիր պատգամավորներ: Դա հաստատում է ոչ միայն այլ երկրների պատվիրակությունների աշխատաոճը, այլև Հայաստանի Ազգային ժողովի նախորդ տարիների պատվիրակության աշխատանքը: Բայց ոչ այս պատվիրակության: Ինչո՞ւ: Բնականաբար, երբ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է, որ ինքը հպարտանում է Զարուհի Փոստանջյանի պես կուսակցական ունենալով, անիմաստ է խմբակցությանը դիմել նրան փոխարինելու առաջարկով, առավել ևս, որ «Ժառանգությունը» ճոխ ընտրություն չունի խորհրդարանում: Բացի այդ` «Ժառանգությունն» ուղղակի «հակաժողովրդավարական» նոր սկանդալի կենտրոն չի կարող դառնալ, այնպես որ ուրիշի համար շագանակները իրենց ձեռքով կրակից չեն հանի: Ի պաշտոնե տեղյակ լինելով ԵԽԽՎ կանոնակարգին` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում էր Զարուհի Փոստանջյանին պատվիրակության կազմից հանել (թեպետ կար նախորդ ապարդյուն փորձը): Մի՞թե այդքան մեծ էր Սերժ Սարգսյանի զայրույթը կանխելու համար որևէ, թեկուզ անիմաստ, քայլ անելու անհրաժեշտությունը: Ինչո՞ւ:

Զարուհի Փոստանջյանի պարագան առավել խնդրահարույց է. հասարակության առաջին արձագանքը գերազանցապես մեղադրական էր, բայց բավական էր, որ ՀՀԿ-ն նրան մեղադրեր, 180 աստիճանով վերաբերմունքը փոխվեց, և երկիր, պետություն ու խորհրդարան խայտառակողից պատգամավորը դարձավ արդարության մարտիկ, անվախ հեղափոխական, համարյա Ժաննա դ’Արկ, ում խարույկից փրկելու համար (թարգմանաբար ձվահարվելուց ու լոլիկահարվելուց) աղ ու հացով, ծաղիկներով ու փուչիկներով դիմավորելու գնացին նույնիսկ նրանք, ովքեր հիացած չէին նրա պահվածքով: ՈՒրեմն` ի՞նչ կատարվեց: Ինչո՞ւ իսկապես խոտելի պահվածքով պատգամավորը հանկարծ դարձավ արատավոր համակարգի դեմ պայքարի առաջամարտիկ: Հիշեցնեմ, որ որևէ քաղաքական, իրավական ու բարոյական հետևանքներ ոչ հարցը, ոչ պատասխանը չունեին: Առավել ևս սա այն դեպքը չէր, որ ինչ-որ օգտակար գործընթացի սկիզբ դներ: Ի վերջո` հարցը իր ամբողջության մեջ ուղղված էր որքան Սերժ Սարգսյանին, նույնքան ԵԽԽՎ-ին իբրև ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած կառույցի: Ինչ նկատառումներով էլ հարցը տրվեց, ինչպես մեկնաբանվեց, ինչ եղած ու չեղած ենթատեքստեր վերագրվեցին, ակնհայտ է, որ եվրոպական մակարդակով նույնանում է ընդդիմադիր և սկանդալիստ հասկացությունը: Իսկ դա նախ և առաջ թուլացնում է ընդդիմադիր դիրքերը, ստացվում է, որ որևէ սկզբունքային, կենսական ու կարևոր խնդիր ընդդիմությունն ի զորու չէ ոչ բարձրացնելու, ոչ արժանի մակարդակով քննարկելու: Ինչո՞ւ:
Այս իրավիճակում ամենախոցելի դիրքում հայտնվեց ՀՀ նախագահը: Սերժ Սարգսյանը հիմնավոր պատրաստվել էր քաղաքական ելույթի, Հայաստանի Հանրապետությունը լուրջ խնդիրներ ունի Եվրամիությանն ասոցացման, ընդհանրապես եվրաինտեգրման ապագայի առումով, իսկ Ստրասբուրգը Եվրամիության երկրորդ մայրաքաղաքն է Բրյուսելից հետո, և այստեղ ասված խոսքը հնչում է ԵՄ բոլոր մայրաքաղաքներում: ՀՀ նախագահը հանգիստ և հիմնավոր պատասխանում էր ԵԽԽՎ պատգամավորների հաճո ու անհաճո հարցերին, ամեն ինչ նորմալ էր` մինչև ՀՀ պատվիրակության ոչ մշտական անդամին հարցի համար ձայն տալը: Ընդունեք, որ, բացի հարցի սկանդալային բովանդակությունից, կա նաև մարդկայինը` պարզապես վիրավորական է: Ինչպե՞ս է հնարավոր դառնում նման իրավիճակը: Ինչո՞ւ:
Բոլոր այս հարցերը նույն պատասխանն ունեն` Հայաստանում վաղուց արդեն ոչինչ չի կատարվում, որ հասարակական կարևորություն ունենա, և այդ կարևորությունն էլ ընկալվի: Իրադարձությունների գագաթնակետը դառնում է ինչ-որ մեկի ինչ-որ միտք արտահայտելը, հետո բոլորը նետվում են այդ միտքը մեկնելու, հերքելու, հաստատելու, մերժելու` զբաղվելու և միմյանց զբաղեցնելու հնարավորություն են ստանում: Իսկ հաջորդ օրը ոչ ոք չի հիշում, թե նախորդ օրը ինչ է եղել: Այսպես ամեն օր: Տեղապտույտի կլասիկա` սկսում ենք նույն կետից ու վերադառնում նույն կետին: Կայունությունն ապահովված է: Համարյա ապահով կյանքի ենք հասնում` գաղջ մթնոլորտի մեջ մեխվելով: ՈՒրեմն` ի՞նչ է մեզ հետ կատարվում: Ինչո՞ւ է այսքան տարտղնված, համարյա մաղ դարձած մեր արժեհամակարգը: Հարցրեք ինքներդ ձեզ` ո՞ր երեք խնդիրներն ունեն առաջնահերթ կարևորություն, հետո հարցրեք ևս երեք մարդու, վստահ եմ` կունենաք չորս անհամատեղելի օրակարգեր: Հարցրեք 30 մարդու, մեկական հարցի համընկնում գուցե ունենաք, գուցե չունենաք: Իսկ խնդիրներն ընդհանուր են: Այնքան ընդհանուր, որ անհատական լուծումներ չունեն: Հայաստանում միտք չի շարժվում, շարժիչ ուժը մուտիլովկան է, խելացի մարդիկ շատ են, և այդ խելացի մարդիկ բավականին հաճախ, համարյա միշտ են արտահայտում իրենց խելացի, անհրաժեշտ ու օգտակար մտքերը, ու ոչինչ: Մեկը մի մուտիլովկա է անում, և բոլորը շարժման մեջ են մտնում, աշխուժանում են, ակտիվանում: Պատճառը բավականին պրիմիտիվ է, մի քիչ էլ պրագմատիկ` մուտիլովկան միշտ որոշակի հետևանք է ունենում, հարց է լուծում` գուցե մեկ, բայց հիմա, իսկ կարճ ու երկար վերլուծությունները, հատընտիր, խելացի, համարյա հիասքանչ մտքերի հավաքածուները ոչ մի հարց չեն լուծում հիմա, թեկուզ վաղվա բացարձակ ճշմարտություններ դառնան: Տարբերությունը զգացի՞ք: Գնացեք առաջին ճանապարհով մինչև փորձված աղվեսի պես մի օր թակարդը կընկնեք ու նույնքան փորձառու` դուրս կգաք անվնաս ու կգնաք նոր մուտիլովկաների անշեղ ճանապարհով, և համոզված եղեք, որ ձեր բացած արահետը մայրուղի է դառնալու` ձեր պահանջարկը հասարակության մեջ խփում է եղած ու չեղած ռեկորդները: ՈՒ հենց այդ պատճառով նույն այդ հասարակությունը օտարում է միտքը, վերլուծությունը բորոտության հետ մի հարթության մեջ է դնում ու իր իշխանության պես ապրում է օրվա խնդիրներով, իսկ վաղը կգա վաղը: Կյանքը մեկ անգամ է տրվում` ո՞նց մեղադրես: Իսկ եթե գտնվում են այնքան անմիտ ու անխելք մարդիկ, որ ապրելու փոխարեն մտածում են, իրենց պրոբլեմն է: Թող մտածեն, որոնեն, առաջարկեն, բարեփոխեն, երբ սկսեն վտանգավոր դառնալ կամ խանգարել, երբ համընդհանուր երանելի գորշության մեջ աչքը քերծելու չափ նկատելի դառնան, կա փորձված ու պարզության մեջ հանճարեղ միջոցը նրանց դեմ` մուտիլովկա: ՈՒրիշ ի՞նչ կարող է գույնին հակադրել գունազրկումը: Շատ հին անեկդոտ կա, երբ հոռետեսն ասում է` ավելի վատ այլևս չի լինի, լավատեսը զվարթ առարկում է` ոչ և նորից ոչ, կլինի: Հենց այսպես է հասարակությունը ինքն իրենից օտարվում, կասկածելի, անորակ որակները դնում իր արժեհամակարգի հիմքում ու պրոկրուստյան այդ չափանիշներով մկրատում իր հանդերձները, որպեսզի շատ արագ մնա մերկ: Բայց երբ մերկ են բոլորը, անպատշաճ է հագուստ կրելը: Մտքի վնասների ազգային դասագիրքը գրել-հրատարակել ու սեղանին օրացույցի պես ունեն բոլորը, այնուամենայնիվ կան մարդիկ, որ այդ օրացույցը չեն թերթում ու այդ օրացույցի կարիքը չունեն ժամանակի հետ առնչվելու համար: Աբորիգենների ազգային հավաքականն անդադրում է, ինչպես հավերժական շարժիչը, որ այդպես էլ չհնարվեց, բայց շատ հավանական հեռանկար է: Իսկ գուցե հավերժական շարժիչն էլ մուտիլովկա է` ծույլ և ալարկոտ մարդկանց, ովքեր ամեն ինչ անում են ոչինչ չանելու համար: Սկանդալները քաղաքական ասպարեզում որպես հարցերի լուծման ուղիղ ճանապարհ եղել են, կան ու լինելու են: Ժամանակային համեմատությունը ցույց է տալիս, որ ամեն սկանդալի բովանդակություն ու պատմություն բնութագրում է ժամանակը և ցույց տալիս հետագա զարգացումների հնարավորությունները: Բայց քանի դեռ աբորիգենների ազգային հավաքականը խաղում է` առանց հակառակորդ ունենալու, գոլ խփելը իմաստազրկվում է, որքան էլ ստադիոնը ոգևորի, մեկ հավաքականի խաղը վերածվում է հրապարակային մարզումների: Իսկ երբ անվերջ մարզվում ես, բայց չես խաղում, կորցնում ես մարզավիճակդ, ինքնահաստատման շանսդ, ժամանակդ, հավարտ` ինքդ քեզ: Նույնիսկ աբորիգենների ազգային հավաքականի կազմում: Նույնիսկ առանց մուտիլովկայի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ.- Իսկ գուցե ՀՀԿ-ն հրաժարվեց լոլիկով ու ձվով քաղաքական հարցեր լուծելուց, որովհետև իմացան քաղաքական այդ «փաստարկների» վաճառքի գնե՞րը: Թեպետ հրաշալի ու բարեբեր աշուն է: Հայաստանում ու աշխարհում: Նաև` Լյուքսեմբուրգում: Եվ միայն Ռուսաստանում է, որ ամռան կեսից վարարել են գետերը, ու հազարավոր մարդիկ մնացել են անտուն:

Դիտվել է՝ 2071

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ