«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Ֆավորիտի որոնումների որոգայթները

Ֆավորիտի որոնումների  որոգայթները
28.06.2013 | 01:53

Տեսնում եք` ի՞նչ է լինում, երբ Սերժ Սարգսյանը մեկնում է կարճատև հանգստի ու Հովիկ Աբրահամյանին հետը չի տանում: Ավելի ճիշտ` հասկացա՞ք` ինչու էր նախկինում տանում: Իսկ ինչո՞ւ այս անգամ չտարավ: Չցանկացավ կտրել հույժ օրենսդրական ու խիստ քաղաքական արտահերթ աշխատանքի՞ց, որ առանց ԱԺ նախագահի Ազգային ժողովը ոչ մի դեպքում չէր կարողանա կատարել: Թե՞ կառավարվող քաոսի քաղաքականությունը նաև ներքաղաքական է:

Նախագահական ընտրություններից հետո քաղաքական դաշտի սպասվող վերադասավորումը չկայացավ` խանգարեց ոչ այնքան բարևախտը, որքան ընդմիջեցին Երևանի ավագանու ընտրությունները: Հետո ամեն ինչ «մոռացվեց» կարծես, որովհետև ընտրություններն ավարտվել էին, հաղթողը հաղթել էր, իրավատերը իր խնդիրը լուծել էր, հասարակությունն էլ չցանկացավ երկար զբաղվել ոչինչ չանելով: Բայց քաղաքական դաշտում ո՞վ ով է, ո՞վ ումն է, ո՞վ ինչ է ուզում հարցերի պատասխանները այդպես էլ չտրվեցին: Պատճառը ոչ այնքան հին տիրոջ հետ հարաբերությունների պարզաբանումը կամ նոր տիրոջ որոնումներն են, որքան այն փաստը, որ դեռ պատասխան չունի գլխավոր հարցը` ո՞վ է լինելու 2018-ի ընտրությունների (ուրեմն և 2017-ի) իշխանական ֆավորիտը: ՈՒնի պատասխանների տարբերակներ` հավանական ու անհավանական, ուշադրության արժանի և ուշադրությունը շեղող, հավանական այսօր, բայց անհավանական 4-5 տարվա կտրվածքով, անհավանական այսօր, բայց հավանական նույն կտրվածքով: Խնդիրը ոչ այնքան անձանց ընտրությունն է, որքան մոդելի: Խոսքը կառավարման համակարգի մասին չէ, որ առաջարկվում էր փոխել` նախագահականից անցնելով խորհրդարանական կառավարման: Սահմանադրական փոփոխություններ Հայաստանին ակնհայտորեն առաջիկա հինգ տարում չեն սպառնում: Խոսքը «Ինչպե՞ս կառավարելու» ընտրության մասին է, որն էլ կթելադրի «ո՞վ է նախագահելու» հարցի պատասխանը: 2017-ի խորհրդարանական ընտրությունները դեռևս Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում են լինելու, այսինքն` նա բավականաչափ լծակներ ունենալու է ապագա խորհրդարանը, ուրեմն նաև գործադիր իշխանությունը կազմավորելու: Դա հարցի ձևական կողմն է, բովանդակայինը ձևակերպվում ու լուծվում է հետընտրական մեր խաղաղ օրերում, որոնք բնորոշվում են սկանդալներով ու սպանություններով, սովորական անորոշությամբ ու անորոշ առօրյայով:
Երեք նախագահների բերմուդյան եռանկյունին 2018-ին արդեն չի լինելու` Սերժ Սարգսյանը չի կարող առաջադրվել (Հայաստանը Ադրբեջանի առաջավոր փորձից չի օգտվի և սահմանադրական փոփոխություն չի անի, որը թույլ է տալիս նախագահին առաջադրվել` որքան սիրտն ուզում է իշխել), Լևոն Տեր-Պետրոսյանն ինքն է տարիքը պատճառաբանել ու ինքնակամ ստանձնել նույն այն հանգիստ ու պատվավոր գործը, որով զբաղվում էր 2008-ից առաջ ամբողջ 10 տարի: Մինչ այդ ՀԱԿ-ի կամ ՀԱԿԿ-ի ընտրազանգվածը հասցրած կլինի կողմնորոշումը ճշտել` համենայն դեպս շատ մեծ ընտրություն չունենալով Լևոն Զուրաբյանից Նիկոլ Փաշինյան: Մնում է Ռուսաստանի ոչ այնքան հյուրընկալ դարձող գրկից ԱՄՆ-ի գիրկը գերադասած ու այնտեղ նախկին դեսպանի օգնությամբ ինքնահաստատվող Ռոբերտ Քոչարյանը, որ այդ ժամանակ արդեն երիտասարդ չի լինի, բայց դեռ թոշակառու կլինի: Այստեղից խաղը սկսում է մի քիչ հետաքրքիր դառնալ. եթե Ռոբերտ Քոչարյանը մտադիր է նախագահի թեկնածու առաջադրվել նորից, գլխավոր խնդիր է մնալու ԲՀԿ-ի հնարավոր ռեսուրսների պահպանումը` քաղաքականից տնտեսական ու ֆինանսական, իսկ որ ավելի կարևոր է` կուսակցության ինքնապահպանումը և ՀՀԿ-ի հետ իրականում բարեկամական, բայց ընտրողների համար ընդդիմադիր դիրքերի ամրապնդումը:

Այսինքն` մեկ հնգամյակ մենք ունենալու ենք կեղծ ընդդիմության դասական օրինակ` ինքն իրեն այլընտրանք անվանող և ընդդիմության առանցքի հավակնություններ ունեցող: Հրաշալի կլինի, եթե ԲՀԿ-ն իրոք դառնա այդ առանցքը, որովհետև նման առանցքի շուրջ կհամախմբվի նման ընդդիմությունը, և արդեն նույնիսկ ընտրություններ պետք չեն լինի ի հայտ բերելու գեղամյանական սինդրոմի նոր մուտացիաները: Ռոբերտ Քոչարյանը, իհարկե, ամեն ինչ ունի, որ ոչինչ չցանկանա, բայց չմոռանանք, որ նա ի ծնե մեծ հայրենասեր է, և ազգի վիճակն ընդմիշտ ծանրացած է նրա քնքուշ սրտին, որ թարգմանաբար նշանակում է` նա քաղաքականություն կվերադառնա, բայց ցանկալի՞ է նրա վերադարձը: Մասնավորապես Սերժ Սարգսյանի համար: Այստեղից խաղը սկսում է ավելի հետաքրքիր դառնալ: Անցած հնգամյակի փորձը վկայում է, որ գործող նախագահը չի գնա նախորդի վերադարձի տարբերակին. նրան պետք է իր իրավահաջորդը, նրան պետք է իր վերադարձի տարբերակի ապահովումը: Ռոբերտ Քոչարյան նախագահը բոլորովին պարտավորված չի լինի վարչապետ ունենալ Սերժ Սարգսյանին: Երբ մոդելը որոշակիանում է, մնում է անձի ընտրությունը: Ներկուսակցական շրջանակներում սկսվում է «Ո՞վ է ավելի հավատարիմ, ո՞վ է ավելի հուսալի, ո՞վ է ավելի հնազանդ» մրցույթը: Երեք Հ-երի համադրումը ունեցող թեկնածու իրեն կարող է համարել ՀՀԿ-ի կեսը` խիստ նվազեցված տվյալներով: Բնական ընտրությունը ցույց կտա, թե ով ով է` այս ճանապարհով ՀՀԿ-ն երբեք չի գնացել և չի գնա: Խաղը սկսվում է հենց այստեղ` քաղաքական դաշտի վերադասավորման գործընթացը սկսվում է ՀՀԿ-ի ներսում վերադասավորումից: Սա այն դեպքն է, երբ պատահական սկսված օֆշորային բացահայտումները, Վերահսկիչ պալատի ծրագրված ստուգումները ոչ թե պատճառ են, այլ պատրվակ, որ սկսվի իշխող կուսակցության ներսում 2018-ի հարթակի ձևավորումը: Մեկ հնգամյակ Տիգրան Սարգսյան` նախագահ-Սերժ Սարգսյան` վարչապետ տարբերակը, որից հետո ևս մեկ տասնամյակ նախագահություն` Սերժ Սարգսյանի համար կլիներ իդեալական: Իսկ կյանքում իդեալական ոչինչ չկա: Այս սոցիալ-տնտեսական պատկերով վարչապետը նախագահի թեկնածուի չի ձգի ոչ հիմա, ոչ 100 տարի հետո: Նույնիսկ արևմտյան քարոզչական տեխնոլոգիաների կիրառմամբ: Հովիկ Աբրահամյա՞ն: Իսկ ի՞նչ տարբերություն Ռոբերտ Քոչարյանի և Հովիկ Աբրահամյանի միջև, ավելի ճիշտ` ո՞ւմ կընտրի Հովիկ Աբրահամյանը` Ռոբերտ Քոչարյանի՞ն, թե՞ Սերժ Սարգսյանին: Մինչև հիմա այս հարցը մեկ պատասխան է ունեցել` ով այդ պահին առավել վտանգավոր է: Իսկ դա նշանակում է, որ Հովիկ Աբրահամյանը երեք Հ-երի բանաձևում ոչ մի կերպ չի տեղավորվում: Գագիկ Ծառուկյա՞ն: Նա ընդհանրապես այս խաղի հետ կապ ունի այնքան, որքան կապ ունի ԲՀԿ-ն, որ ժամանակին Ռոբերտ Քոչարյանը ստեղծեց իշխանության մեջ մնալու նպատակով: Բայց թե անցյալում, թե հիմա, թե առավել ևս հետո հարցը արդիական է` իսկ ի՞նչ ֆունկցիա ունի Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ում: Այստեղ խաղն ավարտվում է: ՈՒ սկսվում է նոր խաղ` քաղաքական էլիտայի փոփոխություն: Սերնդափոխություն: Հաղթական քայլերթով ասպարեզ են գալիս երիտասարդները: 2012-ին նրանց տրիումֆալ մուտքը խորհրդարան չկայացավ` ՀՀԿ-ի հնաբնակները բավականին դիմադրողունակ էին և ընտրողն էլ բավականաչափ անհուսալի էր, որ հրաժարվեին խորհրդարանի ավանդական կազմից` հօգուտ իշխանատենչ երիտասարդների: 2017-ին պատկերը կարող է փոխվել` նախ նրանք արդեն այդքան էլ երիտասարդ չեն լինի, հետո հավերժական պատգամավորների թիվը կնվազի: Նրանք այսօր դեռ պատրաստվում են թռիչքի: Երկրում ու դրսում: Աներ նախագահի պարագայում նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանը և Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը հասարակական տարբեր ընկալումներ ունեցող մարդիկ են: Իրականում, հարկավ, չի փոխվել ոչինչ` ոչ պակասել, ոչ ավելացել է Միքայել Մինասյանի ազդեցության արեալը, Երևանում է նա, թե Հռոմում, նախագահի փեսան մնում է նախագահի դստեր ամուսինը: Նրա տարբերակը ևս մնում է գործունակ: Արթուր Բաղդասարյա՞ն: Նրան քաղաքական ասպարեզ վերադարձնելը շատ ավելի դժվար է լինելու, քան բացարձակապես նոր թեկնածուի շրջանառության մեջ դնելը, որովհետև ընտրությունների ամբողջ պատմությունը Հայաստանում ցույց է տալիս, որ ժողովուրդը նախընտրում է ընդդիմադիր թեկնածուին` ով էլ լինի: Կոալիցիոն «Օրինաց երկրից» երկրորդ անգամ ընդդիմադիր կերտելը անիմաստ ջանք է: Վերադասավորումները ՀՀԿ-ի ներսում ցույց կտան, թե ով է շարունակելու խաղը: Երբ ընտրվի իրավահաջորդը, նրա առանցքի շուրջ էլ կվերադասավորվի քաղաքական դաշտի իշխանական հատվածը: Ընդդիմադիր հատվածը` ևս: Համենայն դեպս, խորհրդարանում ներկայացված մասով:
Բոլորովին այլ է բուն ընդդիմության խնդիրը: Նախ` կայանալ, հետո հավաստել, որ կայացել է, հետո` հանձն առնել ու կատարել ընդդիմադիր ուժի պարտականությունները: Այդքանից հետո միայն` իրավունքները բարձրաձայնել: Ընդդիմության կայացման համար Հայաստանում չկա ոչ մի պայման, բայց կա բացարձակ ու անբեկանելի մեկ առավելություն` ընդդիմադիր է ժողովրդի մեծամասնությունը: Այդ բնական ընդդիմությունը բնավ ի ծնե-ի բնե հակաիշխանական տրամադրությունների հետևանք չէ` կենսապայմաններն են մարդկանց դարձնում ընդդիմադիր: Ինքնավերարտադրմամբ մտահոգ իշխանության ձեռքերը բավականաչափ կաշկանդված են ժողովրդի խնդիրները լուծելու համար: Պարադոքս է, բայց ընտրությունները դառնում են ընդդիմության աստեղային պահը և պարտությունը միաժամանակ: Երբ ընդդիմությունը սովորի հաղթելով հաղթանակը պահպանել ու ոչ ընտրություններից առաջ, ոչ ընտրություններից հետո ժողովրդից չհրաժարվել, կսկսվի նոր պատմություն Հայաստանում:
Պարզ է, չէ՞, որ բոլոր ընթացիկ քննարկումները` ո՞վ եկավ Հայաստան, ի՞նչ ասաց, ինչո՞ւ ասաց, Եվրասիակա՞ն միություն, թե՞ Եվրամիություն, «կամ-կա՞մ», թե՞ «և-և», ի՞նչ է կատարվում Թուրքիայում, ի՞նչ ճանապարհով կգնա Իրանը, նոր վարչապետ կունենա՞ կառավարությունը, նոր նախագահ կունենա՞ խորհրդարանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ի՞նչ ասացին ու չասացին, հենց ընթացիկ քննարկումներ են, որ կոչված են քաղաքական կյանքի առկայություն արձանագրել: Թեկուզ մինչև սեպտեմբեր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Մենք, որ անվերջ խոսում ենք ներդրումների կարևորությունից, ինչո՞ւ չենք կարևորում մեր այն ֆինանսական ռեսուրսները, որ անցած 20 տարում աշխատել են Հայաստանում, բայց դուրս են բերվել երկրից: Պատճառները շատ կարևոր են: Բայց այսօր ավելի խելամիտ չէ՞ տնտեսական համաներում հայտարարել և արտասահմանյան տարբեր հաշվեհամարներում շրջանառվող կամ արտասահմանյան ձեռնարկությունները գործարկող ֆինանսները վերադարձնել: Համաներման պայմանները քննարկման ենթակա են: Համենայն դեպս` թե քաղաքական, թե ֆինանսական պայմանները այդ ֆինանսները աշխատեցնելու բավարար չեն եղել, որ դրսում են հայտնվել: Իսկ հիմա վերադարձի ժամանակը չէ՞: Վերջապես մերկացնելու, ջախջախելու, ավերելու հարթությունից անցնելո՞ւ ենք կառուցման դաշտ: Օֆշորգեյթը ոչ միայն քաղաքական ու իրավական, այլև տնտեսական հետևանքներ պիտի՞ ունենա: Գոնե մեկ անգամ շահեկան: Ժողովրդի համար: Պետության: Այն արտագաղթողի, որ աշխատանք կգտնի իր տանը:
Ե՞րբ ենք հասկանալու, որ ֆինանսները գալիս-գնում են, գրականությունը մնում է, երաժշտությունը մնում է, նկարչությունը մնում է, ճարտարապետությունը մնում է: Մշակույթը գին չունի, բայց արժեք է: Հասկանալո՞ւ ենք` ոչ ճառասացության ու համագումարային առիթներով: Ստեղծելու կտրվածքով:

Դիտվել է՝ 1944

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ