Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐԸ

ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐԸ
02.03.2012 | 00:00

Մեր օրերում, ընդհանրապես, թարգմանչի ավանդը թերագնահատելուն զուգահեռ, որով հայ գրականության և հայ գրի փաստ են դառնում բազում մեծարժեք ստեղծագործություններ` դրանով իսկ խթանելով ազգային մտածողական հենքը, հավուր պատշաճի չի գնահատվում թարգմանիչների վաստակը, իսկ նրանք իրապես և ըստ ամենայնի արժանի են` ի դիմաց իրենց տքնաջանության, որ կոչվում է թարգմանություն` լեզուների և իմացականության հարաբերակցություն, որ ձեռք է բերվում «դժվար վարժությամբ»:
ԱՐԱՄ ԱՐՍԵՆՅԱՆԸ այն նվիրյալներից է, ովքեր տակավին 1970-ական թվականներին այդ «անշնորհակալ գործի» ընկալման բանիմացությամբ առաջին օրհնյալ քայլերն արեցին խորին պատասխանատվությամբ: Վկայությունը Ջեյմս Ջոյսի «Դուբլինցիները» ժողովածուի թարգմանությունն է: Այդ տարիներին երիտասարդ թարգմանչի անունն ընթերցողին անծանոթ էր. թարգմանիչները (Արտեմ և Գայանե Հարությունյաններ) հայ թարգմանական գրականության ասպարեզում, հիրավի, խիզախման հայտ էին ներկայացրել, ընդ որում, այսօր` տարիների հեռվից, չափազանց անհավատալի: Այս և հետագա տարիներին Արամ Արսենյանը հետևողականորեն պետք է լրջմիտ և խորիմաց լիներ, քանի որ ճանապարհի սկիզբը որքան էլ դժվարին կեռմաններով, բայց խոստումնալից էր, անհրաժեշտ էր նյարդերի ի գին զուտ աշխատանքային և իմացական գերլարում: Իսկ արդյունքը` իր 60-ամյակի սեմին, առկա է և պարտավորեցնող:
Ընդհանրապես, թարգմանությունը ոչ միայն երկու լեզուների գեղարվեստական ներդաշնակության պահանջ է ներկայացնում, այլև թարգմանվող լեզվի (բնագրի) և թարգմանելի լեզվի (հայերենի) լեզվական շերտերի մեջ թափանցելու ունակություն, որ ձեռք է բերվում, կարելի է ասել, դրամատիկ իրավիճակներում և պայմաններով, այլ խոսքով` այս կամ այն հեղինակին անձնավորելով ստեղծագործական-հոգեբանական կերպարանոք:
Արամ Արսենյանը թարգմանել (կերպավորել) է ամենատարբեր մտածողություն կրողների, ստեղծագործական աշխարհ` մշտապես հետևողականություն ցուցաբերելով, ընդ որում, բծախնդրորեն նրանց լեզվական-միջավայրային կենսաշխարհը անխաթար ներկայացնելու առումով. հոգածու վերաբերմունք, որ զուտ իրավ թարգմանչի մենաշնորհ է: Եվ ընդհանրապես, անհրաժեշտ չէ ամենևին բնագիրն իմանալ կամ զուգահեռաբար համեմատել. այս ամենը չափազանց նկատելի է նույնիսկ «անզեն աչքին»` համեմատորեն, երբ Վ. Սարոյանի պատմվածքների կամ Փիթըր Սուրյանի, Փիթըր Նաջարյանի լեզվական մտածողությունը դիտարկվում է նրանց ապրած իրականությունների հոլովույթում` կերպարների շեշտադիր անընդհանրականությունը միայն թարգմանչի շնորհիվ է հաղթահարելի` զերծ մնալով միօրինակությունից, միակաղապարվածությունից:
Ա. Արսենյանի թարգմանչական, հետևողական ստեղծագործական (բուն ստեղծագործական) աշխատանքի արգասիք է հայազգի մեծանուն գրող, գրականության տեսաբան Լևոն Զավեն Սյուրմելյանի «980 ըստ Ֆարենհեթի» հոգեբանական խորաշերտությամբ մասամբ անպեղելի վեպը, ինչպես նաև «Արձակի տեխնիկա. չափ և խենթություն» գրականագիտական-տեսաբանական աշխատությունը: Եթե վեպը, իբրև գեղարվեստական իրողություն թարգմանչին հնարավորություն է ընձեռել արձակ պատումը, ինչպես նաև հեղինակային խիստ ժամանակահունչ հարցադրումները ներկայացնել գեղարվեստի լեզվաոլորտում` ճշգրիտ հայեցի (բայց ամերիկյան հոգեբանություն դրսևորող) երկխոսություններով և վիպական միջավայրով, ապա վերոհիշյալ աշխատությունը բոլորովին այլ է իր նշանակալիությամբ. այստեղ թարգմանիչը գեղարվեստական-թարգմանական փորձառությամբ է միայն ունակ հաղթահարելու տեսաբանական այն պատնեշները, որոնց վրա է խարսխվել Լ. Զ. Սյուրմելյանի գիտական իմացությունը: Մանավանդ որ արձակի ժանրային առանձնահատկությունները իրենց բազմակողմանիությամբ քննված, մասնահատկված են ըստ ամենայնի: Բավական է նշել Լ. Զ. Սյուրմելյանի գիտատեսական մի քանի հարցադրումներ, որոնց միջոցով ամբողջական է դառնում արձակն իբրև գրելակերպ, և ինչո՞ւ չէ, նաև ուրույն, խորքային ընդգրկումներ ունեցող մտածողություն («Տեսարան», «Ամփոփում և նկարագրություն», «Առաջին դեմք», «Երրորդ դեմք», «Սյուժե. քաոսի մարտահրավեր», «Դրամա և հակադրություն», «Գիտակցական հոսք և ներքին մենախոսություն» և այլն)։
«Սյուժե, քաոսի մարտահրավեր» բաժնում, մեկնաբանելով սյուժեի (դիպաշար) էականությունը գեղարվեստական ստեղծագործության մեջ, Լ. Զ. Սյուրմելյանը ներկայացնում է գրողական առաքելության նշանակությունը հատկապես արդիականության (ըստ իս, համաժամանակային) իմաստով և պատճառաբանորեն… «Ժամանակակից վեպը, մասնավորապես, հոգեբանական վեպը, բարդ ապրումի պատմությունն ու կազմախոսությունն է: Գրողը հերոսներին կերպավորում և կյանքի է կոչում նրանց ապրումների և մտորումների մանրամասն վերլուծության կամ դրամատիկացման միջոցով: Սահմանել ապրումը նշանակում է սահմանել այն իրադրությունը, որի մեջ ներգրավված են մեկ կամ մի քանի հերոսները… Գիտնականի նման` գրողը համընդհանուր օրենքները հետևեցնում է (ընդգծումը իմն է` Ա. Ա.) մասնավոր դեպքերից, որոնց մասին պատմում է»: Չափազանց ճշգրիտ (նաև տարողունակության առումով, ոչ միատարր) բնորոշում, ընդհանրապես գեղարվեստական խոսքի և գեղարվեստականացման առումով, մանավանդ, երբ խնդրո առարկա է ապրումի բացառիկության հանգամանքը, իսկ Արամ Արսենյան-թարգմանչի պարագային ապրումը, իրազեկվածությունը (բնագրային նրբերանգների առումով), վստահ ենք, էական նախապայման են որևէ ստեղծագործություն թարգմանելիս:
«Արվեստի մեջ մենք փնտրում ենք այն, ինչ ուրիշները չեն գտել». Լևոն Զավեն Սյուրմելյանի այս ինքնօրինակ նկատառումը բնորոշ է Արամ Արսենյանի մարդկային և մտավորական նկարագրին: Այն, ինչ նա անգլերենից թարգմանել է ցայժմ, համոզչորեն մեզ ապացուցում է, որ նա ունի ոչ թե նախընտրելի հեղինակներ (իրականում իրարից տարբեր), այլ ինքը` արձակի տարողունակությանը և «շփոթմունքներին ենթակա», փորձում է հայոց լեզվի իմացության (բացառիկ իմացության) սահմաններում ներառել հատկապես այնպիսի հայազգի անգլիագիր գրողների, ովքեր եթե մայրենիով ստեղծագործեին, ապա գրեթե կգրեին Ա. Արսենյանի թարգմանական շարադրանքով ու լեզվական պոռթկումներով: Այս նկատառումն արմատապես հիմնավոր է և արդար, առանց գերագնահատության և ոչ էլ, առավել ևս, զգացական զեղումի: Արամ Արսենյանն ամենևին դրա անհրաժեշտությունը չունի, թեկուզև սոսկ նվիրյալության առումով և գիտակցությամբ. նա «ամեն ինչ սքանչելի է գտնում արձակով» (Պ. Վալերի), անխուսափելիորեն և նպատակադիր:
Արթուր ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 2359

Մեկնաբանություններ