Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Երրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծելու Զելենսկու պլանը-2

Երրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծելու Զելենսկու պլանը-2
07.09.2024 | 16:39

(սկիզբը՝ այստեղ)

ՈՒկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ալեքսանդր Սիրսկին մեծ հարցազրույց է տվել CNN հեռուստաալիքին: Հարցազրույցի վերջում նա հնչեցրել է Կիևի ռազմաքաղաքական ղեկավարության երազանքը՝ «միասին մենք ավելի ուժեղ ենք։ Միասին մենք կարող ենք հաղթել»։
Վլադիմիր Զելենսկու թիմին այսպիսով բնավ չի անհանգստացնում, որ զինված հակամարտության մեջ կարող է անմիջականորեն ներգրավվել հավաքական Արևմուտքը, հակառակը՝ նրանք նույնիսկ շատ են ուզում դա՝ որպես միակ միջոց հաղթանակի, առավել ևս՝ պարտությունից խուսափելու, և միգուցե կարծում են, թե Արևմուտքի և ՌԴ- ի միջև պատերազմը կընթանա միայն սովորական սպառազինությամբ, կողմերից ոչ մեկը չի համարձակվի միջուկային զենք կիրառել:
Այո, նրանք բոլորը գնում են վա բանկ, և կարծում, թե դա իրենց միակ փրկությունը կարող է լինել, իսկ եթե ոչ, եթե խորտակվելու են, մտածում են բոլորին իրենց հետ խորտակել, որովհետև շատ լավ հասկանում են՝ ռազմի դաշտում պարտությունը կամ ՌԴ պայմաններով խաղաղության պայմանագիր կնքելը և հրադադարն իրենց համար նշանակելու է պաշտոնների կորուստ, ինչին հաջորդելու է խստագույն քրեական պատասխանատվությունն իշխանության եկած իրենց իսկ հայրենակիցների կողմից:
Ինչպես արդեն ներկայացրել ենք նախորդիվ, ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «հաղթանակի պլանը», որը նա ներկայացնելու կամ արդեն իսկ ներկայացրել է ԱՄՆ- ի նախագահ Ջո Բայդենին, ըստ էության, Երրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծելու պլան է: Գլխավոր հարցը՝ Բայդենն արդյոք հավանություն կտա՞ այդ պլանին…

Ինչ է ասել Զելենսկին «Ռամշտայն» ավիաբազայում
Զելենսկին Գերմանիայում գտնվող ամերիկյան «Ռամշտայն» ավիաբազայում ՈՒկրաինային ռազմական աջակցության հարցերով արևմտյան կոնտակտային խմբի (արևմտյան հանցակիցների) հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է աշնանը մարտական գործողություններն ավարտին հասնելու մտադրության մասին, անշուշտ, ոչ թե Պուտինի կողմից ավելի վաղ հայտարարված Ռուսաստանի պայմաններով, այլ իրենց՝ ՈՒկրաինայի պայմաններով, այսինքն՝ ՈՒկրաինայի հաղթանակով:
ՈՒկրաինայի նախագահն Արևմուտքից կրկին թույլտվություն է խնդրել՝ Ռուսաստանի տարածքում գտնվող օբյեկտներին արևմտյան հեռահար հրթիռներով, առանց որևէ սահմանափակման, հարվածելու, ինչը, ՈՒկրաինայի նախագահի կարծիքով, պետք է «մոտիվացնի» Մոսկվային «խաղաղություն փնտրելու»։
«Մենք պետք է ունենանք այդ հեռահար ներուժը ոչ միայն ՈՒկրաինայի տարածքի, այլև ռուսական տարածքի նկատմամբ, որպեսզի Ռուսաստանը մոտիվացված լինի խաղաղություն փնտրելու համար»,- հայտարարել է Զելենսկին:
ՈՒկրաինայի նախագահը հայտարարել է նաև, որ երկրի զինված ուժերը հակաօդային պաշտպանության, մեծ հեռահարության հրթիռների անհրաժեշտություն ունեն: Ի պատասխան, դաշնակիցները Կիևին ռազմական օգնության նոր փաթեթներ են խոստացել։
Բացի այդ, Զելենսկին հայտնել է F-16 կործանիչների «շատ ավելի ուժեղ նավատորմի» անհրաժեշտության մասին, որոնք արդեն օգտագործվում են մարտական գործողությունների գոտում և «արդյունավետորեն ոչնչացնում են հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը»: ՈՒկրաինայի նախագահն ընդգծել է, որ ինքն «առաջարկներ ունի» այս հարցի վերաբերյալ, բայց հրաժարվել է դրանք բացահայտել մամուլի ներկայությամբ:
«Այնպես կանենք, որ այս աշունը դառնա ռուսական ագրեսիայի անկման ժամանակը, որը վերջ կդնի պատերազմին և կվերականգնի անվտանգության միջազգային հուսալի կարգը,- ասել է Զելենսկին։- Մենք պետք է դա անենք»:
ՈՒկրաինայի նախագահի խոսքով ՝ կարմիր գծեր գծելու Ռուսաստանի փորձերը «չեն գործում», իսկ Կիևին ավելի շատ զենք է պետք ռուսական բանակի դեմ մարտերի համար։

Դաշնակիցները մեծացնում են ՈՒկրաինային ռազմական օգնությունը
ԱՄՆ- ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Գերմանիայում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է ՈՒկրաինային 250 մլն դոլարի չափով ռազմական օգնության հերթական փաթեթի մասին: Նա ընդգծել է, որ ԱՄՆ- ի նախագահ Ջո Բայդենը միջոցների հատկացման մասին կհայտարարի արդեն սեպտեմբերի 6-ին, և վստահեցրել է, որ օգնությունը կհասցվի «ռազմական արագությամբ»:
«Ինչպես ասել է նախագահ Բայդենը, Ռուսաստանը չի հաղթի այս հակամարտությունում»,- հայտարարել է Օսթինը։- Կհաղթի ՈՒկրաինայի անկախ ժողովուրդը, իսկ Միացյալ Նահանգները, մեր դաշնակիցներն ու մեր գործընկերները կշարունակեն աջակցել նրան ամեն քայլափոխի»:
ՈՒկրաինայի հետ համերաշխության մասին հայտարարել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«ՈՒկրաինային այժմ ավելի շատ ռազմական աջակցություն է պետք,- ՏԱՍՍ- ի փոխանցմանբ, ասել է նա Նորվեգիայում կայացած մամուլի ասուլիսում:- Պատերազմն ավարտելու ամենաարագ ճանապարհն ՈՒկրաինային ավելի շատ զենք տալն է»:
Մեծ Բրիտանիան ՈՒկրաինային լրացուցիչ 650 հատ «Martlet» բազմանպատակային հրթիռ կմատակարարի՝ նրա հակաօդային պաշտպանությունն ամրապնդելու համար։ Այս մասին նշված է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ Լոնդոնի կողմից Կիևին «Martlet» հրթիռների լրացուցիչ խմբաքանակի փոխանցումը նախատեսված է 2024թ. վերջին: Նշված հրթիռները կարող են կիրառվել ուղղաթիռներից, մոտորանավակներից, ցամաքային հարթակներից, գործարկումը կարելի է իրականացնել նաև «Starstreak» դյուրաշարժ զենիթահրթիռային համալիրների օգնությամբ, որոնք նույնպես մատակարարվել են ՈՒկրաինային։
Բրիտանիան ավելի քան 160 մլն ֆունտ ստեռլինգ (210 մլն դոլար) արժողության ռազմական օգնության նոր փաթեթի մասին հայտարարել է այսօր «Ռամշտայն» ավիաբազայում հիշյալ հանդիպմանն ընդառաջ:
Լոնդոնի կողմից Կիևին տրամադրված ռազմական օգնության ընդհանուր ծավալը 2022 թ. փետրվարից կազմել է 7,6 մլրդ ֆունտ ստեռլինգ (10 միլիարդ դոլար)։ Մեծ Բրիտանիան բացի «Martlet»- ից, որոնցից ավելի վաղ արդեն տվել է ՈՒկրաինային, նրան փոխանցելէ նաև ավելի քան 300 կմ հեռահարության «օդ- երկիր» դասի «Storm Shadow» թևավոր հրթիռներ, «Challenger 2» տանկեր, AS90 ինքնագնաց հաուբիցներ, M270 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, NLAW հակատանկային հրթիռային համալիրներ:
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն, իր հերթին, հայտարարել է ՈՒկրաինային ևս 12 «Panzerhaubitze 2000» ինքնագնաց հրետանային կայանքների մատակարարման մասին: Նրա խոսքով՝ ավելի քան 30 կմ հեռահարությամբ վեց ինքնագնաց հրանոթ Կիևին կհանձնվի 2024 թվականին, ևս վեցը՝ 2025 թվականին։ Բացի այդ, Պիստորիուսի խոսքով՝ Գերմանիան և եվրոպական մյուս գործընկերները ցանկանում են, որքան հնարավոր է արագ, ՈՒկրաինային փոխանցել 77 հատ «Leopard 1a5» հիմնական մարտական տանկ։
Միևնույն ժամանակ, Կանադան հայտարարել է ՈՒկրաինային ավիացիոն չկառավարվող հրթիռների համար ավելի քան 80 հազար շարժիչ և 1300 մարտագլխիկ փոխանցելու որոշման մասին:
«Կանադայի պաշտպանության նախարար Բիլ Բլերը հայտարարել է, որ Կանադան կնվիրաբերի և ՈՒկրաինա կտեղափոխի CRV-7 հրթիռների լրացուցիչ 80 840 շարժիչ և 1300 մարտագլխիկ»,- նշված է Կանադայի կառավարության մամուլի հաղորդագրության մեջ:

Ռուսաստանում հայտարարել են՝ Զելենսկին, «ի պատասխան, կստանա այնպիսի «նվեր»,
որից հետո ՈՒկրաինան ընդհանրապես կդադարի գոյություն
ունենալ»
Ռուսաստանում դատապարտել են ՈՒկրաինայի զինված ուժերին Ռուսաստանի տարածքին հարվածելու թույլտվություն հայցող Զելենսկու կոչերը՝ ուղղված Արևմուտքին: ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը «Лентой.ру»- ի հետ զրույցում հայտարարել է, որ «նորմալ քաղաքական գործիչը» նման բան երբեք չէր առաջարկի։
«Նա հասկանում է, որ, ի պատասխան, կստանա այնպիսի «նվեր», որից հետո ՈՒկրաինան ընդհանրապես կդադարի գոյություն ունենալ։
Խաղաղության ուղիներ փնտրելու և բանակցություններին համաձայնվելու փոխարեն, նա արևմտյան դաշնակիցներին, առաջնորդներին կոչ է անում թույլ տալ մահացու հեռահար զենք օգտագործել Ռուսաստանի տարածքին հարվածելու համար»,- ասել է Ջաբարովը։
Նա միաժամանակ ընդգծել է, որ «ոչ ոք այլևս չի խոսում որևէ կարմիր գծի մասին» և հույս է հայտնել, որ ՈՒկրաինայում կգտնվեն առողջ ուժեր, որոնք կկանգնեցնեն Զելենսկուն։
Դե, կկանգնեցնեն՝ կկանգնեցնեն, չեն կանգնեցնի, ինչպես ասում են, մեղքն իրենց վիզը… Եթե ՈՒկրաինայում և Արևմուտքում «ոչ ոք այլևս չի խոսում որևէ կարմիր գծի մասին», ապա Ռուսաստանում էլ չեն խոսի, ՌԴ- ի համար էլ որևէ կարմիր գիծ չի լինի: Նշելով, որ հեռահար հարձակողական սպառազինությամբ Ռուսաստանի տարածքին հարվածելու դեպքում, Զելենսկին, «ի պատասխան, կստանա այնպիսի «նվեր», որից հետո ՈՒկրաինան ընդհանրապես կդադարի գոյություն ունենալ», հիշյալ կոմիտեի փոխնախագահը, կարծում ենք, ակնարկել է ՈՒկրաինայի համապատասխան թիրախներին մարտավարական միջուկային զենքով հարվածելու մասին:
Վերոնշյալի առումով հարկ է ուշադրություն դարձնել նաև Ռուսաստանի միջուկային դոկտրինը խմբագրելու, փոխելու, միջուկային զենքի կիրառման շեմն իջեցնելու ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարության մեկը մյուսին հաջորդող հայտարարություններին, որոնք սթափեցնող ահազանգ պետք է լինեն ՈՒկրաինայի և ողջ Արևմուտքի համար, և, չենք կասկածում, հենց այդ նպատակով էլ հայտարարվում են:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 17583

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ