Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ովքե՞ր են խառնակիչներն ու ի՞նչ են խառնակել իրականում

Ովքե՞ր են խառնակիչներն ու ի՞նչ են խառնակել իրականում
21.02.2015 | 19:26

ԲՀԿ-ՀՀԿ առճակատման համապատկերում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մտահոգված էր նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող իրադարձություններով: Համահայկական հռչակագրի քննադատությունից հետո նա բաց նամակ էր գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ առաջարկելով վերանայել հռչակագիրը, ստեղծել հանձնաժողով և հանդիպել՝ զրուցելու այդ թեմաների շուրջ: Իբրև հետգրություն հավելել էր, որ ԲՀԿ-ի դեմ սկսված խայտառակ բռնաճնշումների պարագայում հանդիպումն անհնար է դառնում: Հետգրությունից ելնելով՝ ՀՀ նախագահը կարող էր և նրա նամակին չպատասխանել, բայց այդ դեպքում հրապարակավ կհամարվեր, որ ԲՀԿ-ի նկատմամբ բռնաճնշումների փաստը ինքն էլ ընդունում է: Եվ նա պատասխանեց, որ պատրաստ է հանդիպել, թեև կտրականապես մերժեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագրի վերաբերյալ որակումները՝ «Մերժում եմ ոչ միայն այն պատճառով, որ այն անկախությունից ի վեր ընդունված առաջին փաստաթուղթն է, որը հեղինակվել է հայությունը ներկայացնող գրեթե բոլոր կառույցների և համայնքների ներկայացուցիչների կողմից՝ իսկապես դառնալով ազգային միասնականության յուրօրինակ խորհրդանիշ, այլև որ դրա մշակման գործընթացի մասնակիցների թվում բազմաթիվ են փաստաթղթում խաչվող ոլորտների լրջագույն մասնագետներ աշխարհի բոլոր ծայրերից, մարդիկ, որոնց պրոֆեսիոնալիզմին ես վստահում եմ: ՈՒստի ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կամ միջազգային իրավական փաստաթղթերի հետ հռչակագրի՝ հնարավոր հակասությունների և նման այլ հարցերի վերաբերյալ Ձեր ակնարկները հիմնավորված համարել չեմ կարող»: Սերժ Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանին առաջարկեց հանդիպում ոչ թե առաջին նախագահի հատուկ կարգավիճակով՝ այլ շարքային հայի, որ մտահոգություններ ունի. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը ստեղծման պահից գործել է բոլորին միավորելու, բոլոր կարծիքները հաշվի առնելու առաջնային սկզբունքով: Թե մինչև ապրիլի 24-ն ընկած ժամանակահատվածում, թե դրանից հետո դեռ հնչելու են բազմաթիվ ուղերձներ, մշակվելու են բազմաթիվ հայտարարություններ, գրվելու են բազմաթիվ նամակներ և իրականացվելու են ամենատարբեր նախաձեռնություններ: Եթե դեռևս կան կարծիքներ ու առաջարկներ, որոնք այս կամ այն պատճառով ժամանակին չեն դրվել միասնական քննարկումների սեղանին, ապա, միևնույն է, չպետք է դուրս թողնվեն միասնականության այդ հարթակից և պետք է հաշվի առնվեն: Այս առումով համարում եմ, որ Ձեր առաջարկները ևս պետք է քննարկվեն: Դուք նշում եք, որ դրա համար դեմ առ դեմ հանդիպման կարիք կա: Խնդիր չեմ տեսնում: Ավելին, կարծում եմ, որ իբրև նման հանդիպման անհնարինության փաստարկ Ձեր կողմից բերված պատճառաբանություններն ամենևին տեղին չեն: Երբ համարեք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շուրջ առանձնազրույցի կարիք և ցանկություն այնուամենայնիվ ունեք, պատրաստ եմ համապատասխան հրավեր ուղարկել»: «Համապատասխան հրավերից» Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվեց՝ նա բավարարված է Սերժ Սարգսյանի պատասխանով` գնահատելով այն հանգամանքը, որ նրանում հստակորեն շարադրված է նախագահի տեսակետը «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» վերաբերյալ:

«Սարգսյանը համարում է, որ հռչակագիրը հրաշալի փաստաթուղթ է և արտահայտում է համայն հայության կամքը: Մինչդեռ Տեր-Պետրոսյանը համարում է, որ հռչակագիրը Հայաստանի և Ղարաբաղի համար վտանգներով հղի փաստաթուղթ է, և որ առանց հանրաքվեի այն չի կարող արտահայտել համայն հայության կամքը: Մնացյալը հասարակության ու սերունդների դատելիքն է»՝ պարզաբանեց ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանը՝ «Քանի որ բանավեճը հրապարակային է, Տեր-Պետրոսյանն այլևս Սարգսյանի հետ առանձնազրույցի անհրաժեշտություն չի տեսնում»:
Սա հարցի հրապարակային պատմությունն է: Բայց այդ ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանի բեղուն գրիչը հրապարակ նետեց ևս մեկ «նամակ»՝ «Սրտի պարտք», որտեղ բացահայտեց «ԲՀԿ-ի ներսում գործող խառնակիչների փոքրիկ խմբակի»՝ առանց անուններ տալու: Անուններն իրենք իրենց ի հայտ եկան՝ ԱԺ պատգամավորներ Վահե Հովհաննիսյան ու Ստեփան Մարգարյան, «7 օր» կայքի խմբագիր Անդրանիկ Թևանյան և «zham.am» կայքի խմբագիր Երվանդ Բոզոյան՝ փետրվարի 13-ի Գագիկ Ծառուկյանի հայտնի պատասխանի հեղինակները: Որքանո՞վ են նրանք խառնակիչներ և ի՞նչ են խառնակել: Այս հարցի հասցեատերը Լևոն Տեր-Պետրոսյանն է, բայց նա չի պատասխանի: Չի պատասխանի, որովհետև սկսված է երկակի ու երկիմաստ խաղ: Գագիկ Ծառուկյանին այլընտրանքից ընդդիմադիր դաշտ հրելու գլխավոր «մեղավոր» որոշված է նշանակել Լևոն Տեր-Պետրոսյանին: Ռուսաստանից ժամանած հաշտարար Սամվել Կարապետյանը Սերժ Սարգսյանին, հրապարակված տեղեկություններով, բացատրել էր, որ Գագիկ Ծառուկյանը բոլորովին էլ մտադիր չէր իշխանափոխություն պահանջել, բայց նրան համարյա թե «մոլորեցրել է» Լևոն Տեր- Պետրոսյանը: Արտաքին այս խայծը շատ հարմար էր օգտագործել և ներքին դաշտում ու ՀՀԿ-ն ընդունեց իրեն առաջարկված խաղը: Իսկ ինչո՞ւ ոչ: Լևոն Տեր-Պետրոսյանին կմնա իր պայքարն «ավազակապետության» դեմ, բայց արդեն առանց Գագիկ Ծառուկյանի: Պարզվեց՝ նաև առանց Ռոբերտ Քոչարյանի: Երկրորդ նախագահը, ինչպես երրորդը, առաջինին չի ներում միամիտ ու բարի Գագիկ Ծառուկյանին «մոլորեցնելու» համար: Նրա քաղաքագիտական վերլուծությունը ուղղվում է իր դեմ՝ ոչ միայն ազգային «բուրժուա» Գագիկ Ծառուկյանը չարդարացրեց բուրժու-ադեմոկրատական խաղաղ հեղափոխության ծրագիրը, այլև իշխանությունը փայլուն հնարավորություն ստացավ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ձեռքով իշխանության համար պայքարից դուրս բերել Գագիկ Ծառուկյանին՝ իբրև քաղաքական գործիչ ու նախագահի թեկնածու, նաև նվազեցնել նրա ֆինանսական կայսրությունը, որ ավելի ուժեղ հարված է, քան կարող է լինել պատգամավորական մանդատի կորուստը, ԱԽ անդամ ու Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի խորհրդի նախագահ այլևս չլինելը: Նախագահական հավակնությունների ասպարեզում մնացին Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, որ ըստ Սահմանադրության չի կարող առաջադրվել, բայց կարող է փոխել Սահմանադրությունը:
«Խառնակչության» մեղադրանքը վերահասցեագրելով ԲՀԿ-ի ներսում գործող խմբակին՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ԲՀԿ-ին է վերադարձնում սեփական որոշում ընդունելու իրավունքը և դրա համար ԲՀԿ-ն նախ պետք է շնորհակալ լինի, հետո՝ մեղադրի առաջին նախագահին: Շնորհակալ պետք է լինի, որովհետև «խառնակիչների» փաստով Լևոն Տեր-Պետրոսյանը փրկում է Գագիկ Ծառուկյանի քաղաքական պատիվը ու հրապարակավ հաստատում, որ նա քաղաքական ինքնուրույն գործիչ է, որ այս ու այն ազդեցության չի տրվում, ինքն է իր քայլերն անում: Այդպե՞ս է, այդպես չէ՞՝ Լևոն Տեր-Պետրոսյանն այդպես է կարծում: Եվ սա շատ ազնիվ ու պրագմատիկ կարծիք է, որովհետև երբ ԲՀԿ նախագահի հետ հարցերը լուծի, ՀՀԿ-ն կարող է իրական մեղավորներ որոնել ու շատ հեռու չի գնա՝ իմանալով Լևոն Տեր-Պետրոսյանի տեղը: Ընդունեք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ պայքարը անիմաստ է՝ նա վտանգավոր չէ: Իրականում վտանգավոր չէ և Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց կարող էր վտանգավոր դառնալ՝ հավակնությունների համեմատ ֆինանսների ու հասարակական աջակցության դեպքում: Փաստորեն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Գագիկ Ծառուկյանի համագործակցությունից ամենաշահողը եղավ ՀՀԿ-ն: Խաղի այս դասավորությամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանին հիմա այլևս կամ դեռ պետք չէ Սերժ Սարգսյանին հանդիպել ու նրա հետ հրապարակավ քննարկել ինչ-որ խնդիր: Նրան պետք էր իր կարգավիճակի հրապարակային ճանաչումը և վարկի վերականգնումը, բայց Սերժ Սարգսյանն իր պատասխանով կասեցրեց այս հույսերը ու թողեց արարողակարգային մի հանդիպում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Խաղը լավ էր մտածված, բայց ապագա չուներ: Սերժ Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման իմաստ կտեսնի, երբ վստահ լինի, որ նրան խաղի մեջ մտցնելով՝ խաղից վաղ թե ուշ դուրս է բերելու Ռոբերտ Քոչարյանին: Իսկ երկրորդ նախագահը չի շտապում ոչ «այո», ոչ էլ «ոչ» ասել, նա դեռ պետք է ների առաջին նախագահին Գագիկ Ծառուկյանի հետ ԲՀԿ-ն խաղից հանելուն աջակից դառնալու համար և ընդհանրապես երկուսի միջև կա պատ՝ Մարտի մեկի տեսքով: Իհարկե, երկուսն էլ այդ պատը կարող են շրջանցել, մինչդեռ պետք է, որ պատը իրենց չխանգարի հասարակական գիտակցության մեջ: Բայց կան «խառնակիչներ»՝ մարդկանց հիշողությունները:

Դիտվել է՝ 1647

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ