Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Իսկ նավը լողում է

Իսկ նավը լողում է
20.02.2015 | 12:37

Երեկ կայացել է ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը, մի վախեցեք՝ զինադադարը շարունակվում է, ընդամենը քննարկվել են բուռն շաբաթվա իրադարձությունները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի այցերը, որոնք իրականում Հայաստանի համար շատ ավելի կարևոր ու հեռագնա նշանակություն ունեն, քան ՀՀԿ-ԲՀԿ առճակատումն էր: ՈՒ քանի դեռ ՀՀԿ մամլո խոսնակը Վիեննայում մասնակցում է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին, լրագրողներին հանդիպել է ԱԺ մյուս փոխնախագահը: ՀՀԿ ԳՄ անդամին, սակայն, ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ոչ էլ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի այցերի մասին հարցեր չեն տրվել: Մենք սիրում ենք ապրել այսօրով, վաղը մեզ համար մի ժամանակ է, որ շատ հեռու ապագայում է գալու, մինչդեռ, թող որ տավտոլոգիա է՝ վաղը գալիս է վաղը, ու մենք այսօրվա մեջ խրված միշտ անպատրաստ ենք վաղվա օրվան:
Իսկ օրվա քաղաքական օրակարգում միայն Գագիկ Ծառուկյանն է: Եվ հայ քաղաքական իրականության համար սովորական, բայց իրականում արտառոց երևույթ է, որ ԲՀԿ-ին ու նրա նախագահին վերաբերող հարցերը ուղղվում են ՀՀԿ-ին:
Կզրկվի՞ Գագիկ Ծառուկյանը մանդատից: Իվետա Տոնոյանն ասում է՝ Գագիկ Ծառուկյանը մանդատը վայր չի դնի: Հերմինե Նաղդալյանը հարցին պատասխանում է ըստ ԱԺ կանոնակարգի՝ «Երկուշաբթի կլինի խորհրդարանի նիստ, և դուք կիմանաք»: ՀՀԿ-ն պնդո՞ւմ է Գագիկ Ծառուկյանից քաղաքական դաշտը մաքրելու իր հայտարարված քաղաքականությունը, չի՞ փոխել կարծիքը: ՀՀԿ-ի տեսակետները այս շաբաթ, իհարկե, փոխվեցին, երբ Գագիկ Ծառուկյանը չեղյալ հայտարարեց այսօրվա հանրահավաքը: Չէր կարող, չէ, ՀՀԿ-ն ընկածին խփել, ու նրանք, ովքեր խոսում էին առանց վերջակետի, հրահանգ ստացան դադար առնելու: Հերմինե Նաղդալյանը հարցին պաշտոնական պատասխան տվեց. «Հանրապետականը իր կարծիքները չի փոխում և գիտակցված և կշռադատված է ներկայացնում: Հիմնական սկզբունքը, որ ձեզնից շատերն ընդունել են իրենց հրապարակումներում ու քաղաքական ուժերի դիրքորոշումներում, այն է, որ խոշոր բիզնեսը պետք է առանձին լինի քաղաքականությունից, և կարծում եմ՝ այդ սկզբունքը ընդունելի է բոլորի համար քաղաքական դաշտում»:
Կհեռանա՞ Գագիկ Ծառուկյանը քաղաքական դաշտից հարցը, որ դարձյալ պիտի ուղղվեր ԲՀԿ-ին ու Գագիկ Ծառուկյանին, ուղղվեց ՀՀԿ-ին: «Ես չեմ պատրաստվում Գագիկ Ծառուկյանի փոխարեն իր քայլերը ներկայացնել, ինքն իր քայլերը կներկայացնի և դուք այդ քայլերը կտեսնեք»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:
ՀՀԿ ԳՄ նախորդ նիստից հետո բարձրացված ամենակարևոր հարցերից էր՝ ՀՀԿ նախագահի տեսակետները քաղաքական դաշտը մաքրելու վերաբերյալ կոնկրետ հասցեատե՞ր ունեն, թե՞ ընդհանրական են: Ավելի կոնկրետ՝ ՀՀԿ-ն ինքն իրենի՞ց կսկսի, մասնավորապես՝ Հովիկ Աբրահամյանից, Գագիկ Խաչատրյանից: «Ենթադրվում է, որ բոլորս հասկանում ենք՝ ինչ է նշանակում խոշոր բիզնես և հասկանում ենք, որ խնդիրը խոշոր բիզնեսը կառավարելու ու գործադիր աշխատանքը համադրելու մասին է: Հովիկ Աբրահամյանն այնքան զբաղված է վարչապետի աշխատանքով, որ որևէ բիզնես ղեկավարելու ժամանակ պրակտիկորեն ունենալ չի կարող: Կարծում եմ՝ տարբերում եք բաժնետեր, սեփականատեր լինելը և ուղղակիորեն բիզնեսով զբաղվելը»՝ եղավ պատասխանը:
Պարզվեց, որ Գագիկ Ծառուկյանի հարկային պարտավորությունների կատարման ստուգումները ընթացքի մեջ են, արդյունքները հայտնի կլինեն բոլորիս:
Եղե՞լ է, թե՞ չի եղել Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպում, որ ՀՅԴ-ն կազմակերպել է, ԲՀԿ-ն տեղյակ չէ, ՀԱԿ-ը համաձայն չէ, ու ընդհանրապես՝ հստակ տեղեկատվություն չի հաղորդվել: Հերմինե Նաղդալյանն անձնական հանդիպումներին վերաբերող հարցերը անձերին ուղղելու կոչ արեց ու հաստատեց, որ հանդիպումներ ու պայմանավորվածություններ եղել են: Ինչի՞ մասին: Առաջիկայում կերևա: «Այսպես»՝ կասեր Սերժ Սարգսյանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Տիկնայք և պարոնայք, պատրաստվեք երկար նավարկության: Նավը լողում է, որևէ մեկին ոչ ափ են նետել, ոչ բաց ծով, պարզապես նավապետն ասաց, որ մի թեթև ճշտումներ է անում՝ ո՞վ ո՞վ է, ո՞վ որտե՞ղ է, ո՞վ ի՞նչ է անում: Ծովային հիվանդությամբ տառապողները կարող են լքել նավը, ավելի դիմադրունակներին սպասում է մեծ նավարկություն դեպի ապագայի օվկիանոսը: Մինչև նոր հանդիպում 2017-2018-ին:

Դիտվել է՝ 2068

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ