Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ազգի մեծությունը չի որոշվում նրա թվաքանակով, ինչպես մարդու մեծությունը` նրա հասակի բարձրությամբ

Ազգի մեծությունը չի որոշվում նրա  թվաքանակով, ինչպես մարդու մեծությունը` նրա հասակի բարձրությամբ
11.11.2014 | 00:52

Ամեն անգամ, երբ ռուսական որևէ բարձրաստիճան պաշտոնյա գալիս է Հայաստան և այս կամ այն ակումբում (ՀՀ Ազգային ժողովն էլ, ըստ իս, ակումբ է), լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասում է այս կամ այն խելացի կամ ոչ խելացի միտքը, հաջորդ օրը մեր մամուլը ողողվում է նրա արտահայտած հիմար մտքերի շուրջ լայն մեկնաբանություններով: Այդպես եղավ Գրիզլովի` պետական այրին ոչ հարիր արտահայտությունից հետո, այդպես եղավ ռուս հայտնի լրագրող Դմիտրի Կիսելյովի ոչ պակաս...
Բայց այդ հայտնի ռուս լրագրողի մասին ասելիքս ցանկանում եմ սկսել հեռվից: Հաճույքով եմ նայում և լսում այդ գրագետ լրագրողի «Вести недели»-ի յուրաքանչյուր թողարկում։ Սակայն մեկ անգամ, ամիսներ առաջ, երբ նույն ծրագրով լսեցի նրա խոսքը ռուս և ադրբեջանցի ժողովուրդների երկուհարյուրամյա դարավոր բարեկամության մասին, ակամայից ապշեցի, նույնիսկ մի պահ չհավատացի լսելիքիս, բայց երբ լսեցի նրա հետագա խոսքերն այդ բարեկամության մասին, համոզվեցի, որ լսելիքս տեղում է, և ինքս ինձ ասացի` տեր Աստված, սա գեբելսյան դպրոցի սուպերսաներից է: Գեբելսը սրա մոտ ղալաթ է արել: Կիսելյովը շարունակում էր, ասելով, որ երկու հարյուր տարի ադրբեջանցիները կողք կողքի ռուսների հետ կռվել են Անդրկովկասի ազատագրման համար, էլ չհամբերելով, ակամայից մեկնեցի ձեռքս դեպի էկրան և բղավեցի` Կիսելյով, դու կամ լկտի սուտասան ես, կամ 200 տարի առաջ կատարված դեպքերի պատմությանն անտեղյակ, ավելի ճիշտ` այդ հարցերում անգրագետ: Նախ` «ադրբեջանցի» հասկացությունը պատմության մեջ սկսել է շրջանառվել XIX դարի երկրորդ տասնամյակում (Լենինը նրանց միշտ Կովկասի թաթար է անվանել), իսկ երկու հարյուր տարի առաջ, Ղարաբաղում հետագայում ադրբեջանցի կոչված այդ բաշիբոզուկները կռվում էին ռուսների դեմ: Եթե Կիսելյովը կարդար ռուս զինվորական պատմաբան Պոտեի աշխատությունները, որն այնպես քաջատեղյակ է վերլուծել այդ շրջանի բոլոր անցքերը, ապա կիմանար` ով էր ղարաբաղցի Վանին, այսինքն` ղարաբաղցիները, և ինչպես է նա իր իմացությամբ ու քաջությամբ փրկել ռուսական զորքը շրջափակումից և բաշիբոզուկներին գերի ընկնելուց: Այլ կերպ հնարավոր էլ չէր: Տգետ, վայրագ, մուսուլման բաշիբոզուկները, որոնք պաթոլոգիկ ատելությամբ էին լցված դեպի քրիստոնյաները, չէին կարող նրանց բարեկամը դառնալ: Այդ միայն Քրիստոսին կուռք դարձրած հայերը քրիստոնեական հավատով հավատում էին Կովկաս եկած քրիստոնյաներին և անհավանական նվիրվածությամբ կռվում էին նրանց կողքին: Վանին ինչ իմանար, որ 200 տարի հետո ոմն Կիսելյով պիտի անարգի իր արածը և այն վերագրի ռուսի դեմ կռվող բաշիբոզուկին:
Մի՞թե Կիսելյով երևույթը եզակի է: Վարշավան ազատագրած ազգությամբ լեհ խորհրդային մարշալի կիսանդրին չի դրված Վարշավայում, այլ ամերիկացի գեներալ Էյզենհաուերի: Այսօր տեսնում ենք, թե ինչպիսի վայրագությամբ են ՈՒկրաինայում ոչնչացնում իրենց երկրի ազատության համար մեռած խորհրդային զինվորների պատվին (իսկ ՈՒկրաինայում զոհվել է 3,5 միլիոն խորհրդային զինվոր) կառուցված հուշարձանները: Ինչո՞ւ: Որովհետև այդ է պահանջում այսօր աշխարհում կառավարող քաղաքականությունը: Ռուսները փրփրակալած բերաններով բարձրաձայնում են ամենուրեք ինքնորոշման իրավունքը, դատապարտում են Լենինին, Խրուշչովին, բայց կույր են ձևանում, երբ հերթը հասնում է Ղարաբաղին, Կարսի պայմանագրին:
Այսօր ոչ թե մեկ Ռուսաստան կա աշխարհում, այլ ընդամենը մի քանի օր առաջ ինքնորոշումով լույս աշխարհ եկան երկու փոքր ռուսաստաններ` Դոնեցկի, Լուգանսկի դեմոկրատական հանրապետությունները: Իսկ պուճուր Ալիևը թութակի նման սիրում է կրկնել, թե հայերն արդեն մեկ անգամ ինքնորոշվել են: Հետաքրքիր է, ռուսները քանի՞ անգամ կարող են ինքնորոշվել: Մի՞թե դրանից մենք պետք է վատ զգանք: Պիտի վատ զգանք, որ մեր ժողովրդի լավ բարեկամ Ռիժկովն ասաց, թե Ղրիմը Ղարաբաղի հետ չի կարելի համեմատել, որովհետև Ղրիմը Ռուսաստանի մաս է: Ո՞Ւր է այն հայ քաղաքական գործիչը, որ չի մտածի աթոռին մնալու մասին և կանցկացնի հանրաքվե երկու հայկական պետությունների միավորման նպատակով: Չկա: «Չկայի» գործոնը ոչ թե այն է, որ մենք փոքր ժողովուրդ ենք, ինչպես արտահայտվեց ինչ-որ կլուբում մեր հայրենակից Միհրանյանը, այլ որ մեր կառավարողները միշտ փոքր են եղել: Ազգի մեծությունը չի որոշվում նրա թվաքանակով, ինչպես մարդու մեծությունը` նրա հասակի բարձրությամբ: Չինացիք մեծաքանակ ազգ էին: Մոնղոլներից պաշտպանվելու համար չինական պատն են կառուցել: Ճապոնացիք անհամեմատ քիչ են նրանցից, բայց միշտ նվաճել և շահագործել են նրանց: Եվ ճապոնացիք հաղթել են չինացիներին առանց պատերազմի: Փող են տվել չինացուն, ափիոն են ցանել, և որը ծխել են, որն էլ ճապոնացիք են ծախել: Իսկ չինացին անտարբեր հայացքով նստել է պատի տակ, այսինքն` պարտվել է ճապոնացուն առանց պատերազմի: Չինացիները հիմա են մեծ ազգ։ Ինչո՞ւ: Այդ հարցի պատասխանը միայն նրանք կարող են տալ: Յուրաքանչյուր ազգ, եթե ճիշտ գտնի իր մեջ իր գենի զարգացման բանալին, կհզորանա: Կարճ ժամանակում Պուտինը գտավ իր գենի զարգացման բանալին, և այսօր նա ռազմականորեն հզոր է: Քիչ համարելով ցամաքային իր ունեցվածքը, իր սահմաններն ընդլայնեց (1,5 միլիոն քառակուսի կմ Հյուսիսային օվկիանոսով): Եթե Ռիժկովն ասաց, որ Ղրիմը Ղարաբաղ չէ, որովհետև Ղարաբաղը Հայաստանի մաս չէ, ես հասկանում եմ, նա մեզ հուշում էր` Ղարաբաղը դարձրեք Հայաստանի մաս:
Կիսելյովի հայկական տարբերակը` Հայաստանը չդարձավ Եվրասիական տնտեսական միության հիմնադիր անդամ, որովհետև նրա քաշը փոքր է: Ինչպիսի՞ գիտակցված ապուշություն: Ժամանակին ՄԱԿ-ում որպես մշտական խորհրդի անդամ Չինաստանը ներկայացնում էր քչերի կողմից ճանաչված Թայվանը: Հարցը քաշը չէ, այլ գործոն լինելը: Եթե միայն քաշով լիներ, սպորտում տարբեր քաշային կատեգորիաներ չէին լինի: Քաղաքականության մեջ էլ քաշային կատեգորիաներ կան, բայց ոչ մեկը չի արհամարհվում: Եթե Հայաստանը քաշ չունենար (ռազմական հարմար դիրքը նրա քաշն է), ապա ռուսներն այդքան չէին ջանա նրան Եվրասիական տնտեսական գոտի բերելու համար: Իսկ Ռուսաստանը գիտակցաբար, ինչ-որ տեղ նաև մեր քաղաքական գործիչների մեղքով, չի թողնում, որ այդպես լինի, որովհետև Ադրբեջանը դեռ պիտի բերեն իրենց ազդեցության ոլորտ, Եվրասիական տնտեսական միություն: Բա որ հանկարծ Հայաստանը վետո՞ դնի: Այնպես որ, «խելոք» քաղաքագետներն էլ կարող են գիտակցաբար հիմարություններ ասել:

Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 2514

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ